BBC-ի HARDtalk-ի միակողմանի և շեշտված կերպով հակահայ հարցազրույցի կապակցությամբ սույն բողոքագիրն առաջարկում ենք փոխանցել ձեր շրջապատին։ Այսու, ընդառաջելով մեր հայրենակիցների փափաքին, վաստակաշատ կանադահայ հայտնի լրագրող Ժիրայր Թութունջյանի գրությունը՝ ուղված BBC-ի HARDtalk-ի խմբագրության ու անգլիախոս հասարակության, ներկայացնում ենք արևելահայերենով, որպեսզի այն ավելի մատչելի լինի առավել լայն շրջանակների համար։ Մենք կարևորում ենք այս քայլը, քանի որ սա երկրորդ անգամն է, ինչ BBC-ի HARDtalk-ը հարձակվում է Հայաստանի կառավարության վրա և համարձակվում է երգիծել մեր ազատագրական պայքարն ու հարցականի տակ դնում սահմանի վրա հայ բանակի տարած հաղթանակը։ Հարցազրույցի կատարածու Ստեֆան Սակուրը, ըստ երևույթին, «օրինակելի» հակահայ է: Վստահ ենք, որ նա մի կոկիկ «շնորհակալություն» ստացավ Ադրբեջանի նախագահ Ալիևից:

Այս պահին մեր նպատակը չէ գնահատել կամ քննարկել  Վրչ.  Ն. Փաշինյանի պատասխանն ու ներքին  կամ արտաքին  քաղաքականությունը:

Պր. Ժիրայր Թութունջյանն ապրում է Տորոնտոյում և keghart.org-ի խմբագրության երիցագույն անդամն է։ Թարգմանությունը՝ Մինաս Գոճայեանի, Լոս Անջելոս

Keghart.org-ի խմբագրություն

 

————————————————————-

14 օգոստոսի, 2020 թ

Բողոքների Բաժին BBC
Լոնդոն, Մեծ Բրիտանիա

Հարգելի պարոն / տիկին,

Ես կցանկանայի դժգոհությունս հայտնել Պր. Ստեֆան Սակուրի (HARDtalk) հարցազրույցի կապակցությամբ, որը վերաբերում է Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ կատարված հարցազրույցին։

Պր. Սակուրը համբավավոր է որպես «կոշտ» (hard) հարցազրույց վարող լրագրող (դա երևաց նաև նախորդ հարցազրույցի ընթացքում ՀՀ Արտգործ նախարար Պր. Զ. Մնացականյանի հետ)։ Դա փաստվեց նրա վարքագծից, երբ կտրուկ կերպով խանգարեց Պր. Փաշինյանի պատմական կարճ ակնարկը։ Նա «կոշտ» էր և զինված էր Հայաստանի հանդեպ թշնամանքով և այն հարցադրումներով, որոնք պատրաստել էին նրա արտադրողն ու խմբագիրները:

Նա , պարզ ասած, կոպիտ էր, երբ ակնհայտորեն նախընտրում էր իր հարցազրույցի եղանակին կառչել: Վստահ եմ, որ միևնույն Պր. Սակուրը Պր. Նեթանյահուի հետ կվարվեր մանկական ձեռնոցներով ՝ վախենալով աշխատանքը կորցնելուց: Բայց Հայաստանի հետ, որը «փոքր», աղքատ և շրջափակված երկիր է, հեշտ է ունենալ հարձակողական ոճ, մանավանդ որ Հայաստանի ղեկավարը չունի կամ դեռևս չի ունեցել անգլերենի բարձր մակարդակ, մի բան, որ Պր. Սակուրը վայելել է ձեր հանրային դպրոցներից մեկում:

Դեռևս հարցազրույցի սկսվելուց առաջ, Պր. Սակուրը բացահայտեց իր հակահայ և հակա-փաշինյան կողմնակալությունը, երբ նա հարցազրույցը «վերնագրեց» հետևյալ հարցով. «Արդյո՞ք Հայաստանը զբաղված է հին մարտեր մղելով», մի բան, որը ոչ մի արհեստավարժ (պրոֆեսիոնալ) լրագրող պետք չէ ներկայացնի առանց ապացույցների կամ հարցազրույցից առաջ: Ո՞րն է հարցազրույցի իմաստը, երբ արդեն ունեք պատասխանները…։  Հռետորական հարցի նպատակն էր, հեռուստադիտողներին ասել, որ «Հայաստանը վատ տղա է» և հղի է հետևյալ ծածկամտություններով.-

Ա) Հայաստանը հետադիմական երկիր է (ռեակցիոն)
Բ) Հայերն ու նրանց կառավարությունը հետամնաց են
Գ) Հայերը ոչ միայն ռազմատենչ են, այլև իրենք պետք է սկսած լինեն Ադրբեջանի հետ վերջերս տեղի ունեցած մարտերը
Դ) Հայերը վրեժխնդիր են
Ե) Հայերը խնդիրներ են առաջացնում
Զ) Հայերը ճկուն չեն և համառ են
Է) Հայերը ռևանշիստ են
Ը) Եթե Հայաստանի և Ադրբեջանի կամ Թուրքիայի միջև պատերազմ սկսվի, մենք (Անգլիան) պետք է չեզոք մնանք, քանի որ Հայաստանն իրավունք չունի մեր օգնության։

Երբ Փաշինյանը փորձեց բացատրել արցախա-ղարաբաղյան հակամարտության պատճառը, Պր. Սակուրը փութաց ընդմիջել նրան: Նա չցանկացավ Պր. Փաշինյանին հնարավորություն տալ բացատրելու հակամարտության բուն պատճառը:  Այսպես, երբ վարչապետը սկսեց հին հույն պատմիչներից, թէ Արցախը եղել է հայկական տարածք դեռևս մ.թ.ա. 6-րդ դարում և տարածքի անունը այն ժամանակ եղել էր Արցախ, Պր. Սակուրը փորձեց երգիծել, որ հայ ազգայնականներն են իբր փոխել Լեռնային Ղարաբաղի անունը (ի դեպ, գաղութարարական քաղաքականության արդյունքում Արցախը կոչվել էր Ղարաբաղ)։ Պատմությունից ոչինչ հասկացող Պր. Սակուրը չի իմանում կամ չի ուզում ընդունել, թե հայերը պարզապես վերականգնել են պատմական բուն անունը:

Արցախը Հայաստանի մաս էր կազմում այն ​​ժամանակ, երբ ադրբեջանցիները, այսինքն թուրքերը նույնիսկ գոյություն չունեին աշխարհի այդ տարածքում: 1918 թ.-ին Ադրբեջանը հօրինվեց բոլշևիկյան Ռուսաստանի կողմից: Թուրք-ազերիական կեղծիքը պնդում է, թե Հայաստանը Ադրբեջանի մաս է և պետք է կոչվի Արևմտյան Ադրբեջան…

Ես զարմացած չեմ Պր. Սակուրի մակերեսային գիտելիքների վրա: Այսպես կոչված «աստղային» շատ լրագրողներ նախ և առաջ կատարողներ են (աւելի ճիշտ՝ կատարածու), ապա լրագրողներ: Պր. Սակուրը իսկական նմուշ է այսպիսի լրագրողների։ Նա նույնքան խորն է, որքան զուգարանի թուղթը և, ըստ երևույթին, ունի ձկնիկի հիշողություն:

Վերջապես, Արցախը (որի բնակչության 90 տոկոսը հայ է եղել) Լենին / Ստալինը հանձնեցին Ադրբեջանին՝  Թուրքիայի բարեհաճությունը վաստակելու համար, քանի որ ԽՍՀՄ-ը ցանկանում էր իր կողքին ունենալ Աթաթուրքի Թուրքիան: Նրանք նաև ադրբեջանցիներին տվեցին ևս մեկ հայկական շրջան՝ Նախիջևանը: Ադրբեջանի կողմից կառավարման 70 տարիների ընթացքում Ադրբեջանը փորձեց փոխել Արցախի ժողովրդագրությունը `այնտեղ տեղավորելով ադրբեջանցիներին: Երբ Խորհրդային Միությունը քայքայվում էր, արցախահայությունը քվեարկեց զատվելու օգտին ազրբեջանական ճնշող, փտած (կոռումպացված) և խորթ պետությունից: Բաքուն պատերազմ հայտարարեց և սանձազերծեց Ադրբեջանում ապրող հայերի ջարդերը: Դա այն ժամանակ էր, երբ Հայաստանը հասավ արցախահայության փրկության: Ի դեպ, երբ ԽՍՀՄ փլուզվեց, Նախիջևանի հայկական շրջանում մնացել էր 17 հայ: Նախորդ տասնամյակների ընթացքում ադրբեջանական հետապնդումների արդյունքում հայերը ստիպուել էին տեղափոխվել Հայաստան:

Հ. Գ.

Առ ի օգուտ Պր. Սակուրին , [հիշեցնում եմ], թե «հարցազրույց» նշանակում է կարծիքների փոխանակություն, մինչ նա իր տեսակետներն ամուր էր պահում իր գրառման պահոցում: Նրան չէր հետաքրքրում Պր. Փաշինյանի տեսակետները, կամ թե արդյո՞ք նրա հեռուստադիտողները հետաքրքրված կլինեին, թե ինչ պիտի ասեր Պր. Փաշինյանը:

https://keghart.org/tutunjian-bbc-kojayan-translation/

 

 

 

 

 


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert