Սփյուռքի համակիր ընկերների աջակցությամբ լույս է տեսել Վլադիրմիր Պետրոսյանի «1921 Թվականի փետրվարյան խռովության անատոմիան» երկու հատորով մենագրությունը։ Առաջին հատոր 598 էջ, երկրորդ հատոր՝478 էջ։
Մենագրությունը կարելի է ստանալ Գեղամ Խաչատուրի Գալստյանի մոտից Հեռ. 58 45 22,  58 45 23
Ստորև ներկայացվում է մենագրության «Հեղինակի կողմից» և «Վերջաբանի փոխարեն» հատվածները։
«Էլ դաշնակ չենք։ Հիմա ի՞նչ եղանք-դարձանք հայ» (Ավետիք Իսահակյան. Աֆորիզմներ, Երևան, 2001, էջ 52)»
ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ

Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող աշխատությունում քննարկվող 1921 թ. տեղի ունեցած իրադարձությունները հայ ժողովրդի հազարամյակների պատմության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում իրենց բախտորոշ նշանակության պատճառով։ Ինչպես Սովետական Հայաստանի պայմաններում, այնպես էլ դրանից հետո 1921 թ. տեղի ունեցած բախտորոշ իրադարձությունները մնացել են համընդհանուր ուշադրության կենտրոնում։ Եվ դա բնական է։ Բնական է, որովհետև այսօր Հայաստանում կատարվող շատ իրադարձություններ իրենց արմատներով ուղղակի առնչվում են նաև 1921 թ. տեղի ունեցած իրադարձություններին։ Այսօր հանրային գիտակցության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում այն հարցը, թե ինչ հանգամանքների արդյունք է տեղի ունեցող այս կամ այն իրադարձությունը, ինչ աղերս ունեն անցյալն ու ներկան։ Այդ հարցերին պատասխանելու համար առաջին հերթին հարկավոր է նկատի ունենալ, որ պատմական փաստերը գլխավորապես գնահատվում են իրենց թողած հետևանքներով։ Բայց նաև պետք է նկատի ունենալ, որ գնահատել էլ կա, գնահատել էլ։ Կարևոր է ղեկավարվել օբյեկտիվ պատմականության պահանջներով։
Դա նշանակում է առաջին հերթին այդ իրադարձությունները ներկայացնել այնպես, ինչպես եղել են, ինչպես ու ինչով ղեկավարվել են այդ իրադարձությունների մեջ գործող դեմքերը։ Երբ օբյեկտիվ պատմականության պահանջները մերժվում են և տեղի ունեցած իրադարձությունները գնահատվում են ժողովրդի կենսական շահերից վեր կանգնող կուսակցական, կորպորատիվ դիրքերից, ապա այդպիսի դեպքում իրադարձությունների գնահատականը կատարվում է սուբյեկտիվ դիրքերից՝ այս կամ այն խմբի կորպորատիվ շահերին համապատասխան, չխորշելով իրադարձությունները խեղաթյուրել, ճշմարտությունը թաքցնել, նույնիսկ ստել։ Այլ խոսքով ասած՝ կոծկվում է իրականությունը։ Եվ եթե նկատի ունենանք, որ այդ բախտորոշ իրադարձությունները մեծապես վնասել են ժողովրդին, ապա դրանց հեղինակներին պաշտպանության տակ վերցնելը, իրողության կեղծելը նույն ժողովրդի համար հետևանքներն ավելի ծանր են լինում։ 1921 թ. տեղի ունեցած իրադարձություններին անդրադարձել են բազմաթիվ հեղինակներ, որոնք իրենց տեսակետն արտահայտել են ըստ իրենց պատկերացումների՝ դատապարտումից մինչև հիացմունք։ Հիացմունք արտահայտող հեղինակները, որոնք հիմնականում դաշնակցության հին ու նոր գաղափարախոսներն են, կարելի է ասել, առանց բացառության, գերազանցապես հենվել են իրադարձությունների ընթացքում դերակատարություն ունեցած անձանց հետագայում գրած հուշերի, վկայությունների վրա։ Նրանք, այդ հին ու նոր գաղափարախոսները, որոնց մեջ կան ակադեմիկոս, պատմագիտության դոկտոր ու թեկնածու և, պարզապես շարքային գաղափարախոսներ, չեմ սխալվի, եթե ասեմ, որ գիտակցաբար կեղծում են ճշմարտությունը։
Նրանք, այդ գաղափարախոսները, գիտակցաբար թաքցնելով տեղի ունեցած իրադարձությունների մասին ճշմարտությունը, սուտ ու անհիմն փաստեր շրջանառության մեջ դնելով, 1921 թ. դաշնակցության կազմակերպած բացահայտ խռովությունը ներկայացնում են որպես Հայաստանի ազատությունն ու անկախությունը վերականգնելու ապստամբություն։ Դրա հետ միասին, այդ գաղափարախոսները խնամքով թաքցնում են, թե ինչու էին դաշնակցության կազմակերպած խռովության հաղթանակով շահագրգռված քեմալական Թուրքիան ու մենշևիկյան Վրաստանը և, որն էր այդ երկու երկրների նպատակը, որոնք զավթել էին Հայաստանի կենսաբեր տարածքները։ Բայց դա բոլորը չէ: Դրա հետ միասին, նրանք այդ գաղափարախոսները խուսափում են և որևէ ակնարկ չեն անում, թե այդ երկու երկրներն ինչու էին աջակցում դաշնակցության կազմակերպած խռովությանը։ Նրանք, այդ գաղափարախոսներն այդպես են վարվում, որպեսզի կոծկեն, լռության մատնեն Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ քեմալական Թուրքիայի ու մենշևիկյան Վրաստանի դավադրության նպատակը, որն իրականացվում էր խռովության կազմակերպիչ դաշնակցության միջոցով։ Նրանց, այդ գաղափարախոսների նպատակը շատ թափանցիկ է Որովհետև, եթե համարձակվեն այդ մասին նույնիսկ ակնարկել, ապա հօդս կցնդի նրանց ստեղծած ու ահա մոտ 100 տարի կրկնվող անկախության մասին հնարած սուտը։
Բայց, ինչպես ասում են, ճշմարտությունը անհնար է կոծկել։ Եթե քեմալական Թուրքիայի օգնության մասին իրականությունը բացահայտվի, ապա, ամեն մի օբյեկտիվ ընթերցողի համար պարզ կլինի, թե այդ ինչ անկախության մասին է խոսքը, եթե այդ անկախությունը վերականգնվում է… հայ ժողովրդի ոխերիմ թշնամի Մուստաֆա Քեմալի գիտությամբ ու օգնությամբ։
Վերոհիշյալը նկատի ունենալով, կամենում եմ իրական, պաշտոնական ու արխիվային փաստաթղթերի միջոցով բացահայտել 1921 թ. դաշնակցության ղեկավարությամբ կազմակերպված խռովության անատոմիան։ Փետրվարյան խռովության անատոմիան բացահայտելու համար անհրաժեշտ է ամբողջությամբ բացահայտել Հայ հեղափոխական դաշնակցության ամբողջ պատմության մութ էջերը, որոնք նրա հին ու նոր գաղափարախոսները խուսափում են ջրի երես հանել։ Իհարկե, այդ մութ էջերի բացահայտման համար կպահանջվի հարյուրավոր էջեր, որը չի մտնում սույն աշխատության համար նախատեսված ծավալի մեջ։ Ուստի անհրաժեշտ եմ համարել 1921 թ. փետրվարյան խռովության անատոմիան բացահայտելու համար ընթերցողի ուշադրությանը ներկայացնել միայն այդ խռովության նախօրյակին, ավելի ստույգ 1920 թ. կեսերից տեղի ունեցած մի շարք կարևոր իրադարձությունների ընթացքը։
1921 թ. փետրվարյան խռովության ընթացքում տեղի ունեցած փաստերն ու իրադարձությունները մեկնաբանելու համար փորձել եմ թափանցել դրանց ժամանակի արժեքների ու մշակույթի աշխարհը, ներսից հասկանալ ժամանակաշրջանի գործիչների արարքները։ Ահա, թե ինչու, որպես հետազոտող հեղինակ, դուրս եմ եկել իմ կոնկրետ սոցիոմշակութային միջավայրի շրջանակներից։ Այլապես բարոյական իրավունք չէի ունենա գրել անցած ժամանակների, տվյալ դեպքում 1921 թ. գործած մարդկանց մասին։
Ընդգծեմ նաև, որ փորձել եմ այսօրվա շատ հարցերի պատասխանը որոնել անցյալում, տվյալ դեպքում 1921 թ. տեղի ունեցած իրադարձությունների վերլուծության միջոցով։ Կամենում եմ նաև ասել, որ անցյալի ու նրանում գործած անձանց հետ հաշիվ չեմ մաքրում։ Այդ անցյալին դիմել եմ, նկատի ունենալով մեր ժողովրդի, մեր մշակույթի, պետության տեղը մարդկության ընդհանուր շարժման մեջ։ Ղեկավարվել եմ այն սկզբունքով որի համաձայն անցյալի մասին օբյեկտիվ դատողությունը նպաստում է, որպեսզի պատմական փաստերն ու իրադարձությունները գնահատվեն օբյեկտիվ պատմականության դիրքերից։ Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող սույն աշխատությունը գրելիս նաև ղեկավարվել եմ հանրահայտ ճշմարտությամբ՝ պատմությունից սովորելու համար անհրաժեշտ է ոչ թե գնահատել հեռացած մարդկանց անձը, նրանց արժեզրկել կամ մյուսներին գերագնահատել, այլև վերլուծել վերանձնական արդյունքը, որը ստացվել է անցյալում գործած մարդկանց սոցիալական փոխգործունեության արդյունքով։ Նկատի ունեմ նաև հասարակական կարգը, քաղաքական ռեժիմը, հոգևոր մթնոլորտը, ճաշակը և այլն։
Հին հույները լավ և ուսանելի սովորույթ են ունեցել։ Նրանք երբեք չեն ոչնչացրել իրենց հուշարձանները, այդ թվում նաև գրավոր ու բանավոր։ Հույները պաշտպանել են իրենց մարդկանց պատմությունը, գիտակցելով, որ առանց դրա չկա ժողովուրդ, այլ գոյություն ունի միայն բնակչություն։ Ահա, թե ինչու հույների պատմությունը շարունակվում է դարերով։ Իսկ այժմ, մեր օրերում, քաղաքական կոնյուկտուրայից ելնելով, անցյալի, հատկապես սովետական ժամանակաշրջանում ստեղծված արժեքների մեծ մասը, ինչպես նաև պետական, արվեստի, գրականության, գիտության շատ գործիչներ այնպես հախուռն են մերժվում, որ դրանով մեր պատմությունը զրկվում է ամենավառ գույներից։
Այս կապակցությամբ տեղին եմ համարում հիշել հատկապես 1990 թ. հետո ստեղծված այն իրավիճակը, երբ որոշ հեղինակներ ամեն կերպ փորձում են վարդագույն ներկայացնել Հայաստանի հանրապետության գոյության երկու տարիները, իսկ Սովետական Հայաստանի 70-ամյա ժամանակաշրջանը ենթարկում անզսուսպ ծաղրալի քննադատության և միանգամից սկսում փառաբանել 1990 թ. ստեղծված Հայաստանի հանրապետությունը։ Այսպիսի մոտեցումը ոչ միայն հակագիտական է, այլև վտանգավոր է մի շարք կողմերով։ Ամենից առաջ ընդհատվում է մեր ժողովրդի պատմության ընթացքը։ Սա հատկապես զգացվում է արդի պատմագիտության ասպարեզում, որտեղ ուսանողական դիպլոմային աշխատանքից մինչև թեկնածուական ու դոկտորական ատենախոսություն և մենագրություն հիմնականում նվիրված են 1918–1920 թթ. գոյություն ունեցած Հայաստանի հանրապետությանը, որով էլ… ավարտվում է հայ ժողովրդի պատմությունը։ Եվ այս ամենի հետևանքով պատմագիտության մեջ առաջացած դատարկությունը լցվում է օբյեկտիվ պատմականության պահանջները խախտող գրվածքներով, որոնց հեղինակների գլխավոր նպատակն է կեղծել ու վարկաբեկել, ինչպես նաև մոռացության մատնել հայ ժողովրդի պատմության սովետական ժամանակաշրջանը։ Իհարկե, չեմ պատրաստվում այստեղ ընթերցողի ուշադրությունը զբաղեցնել այդպիսի հեղինակների գրվածքները ներկայացնելով։
Միայն իլյուստրացիայի նպատակով կամենում եմ հիշեցնել դեռևս 2009 թ. հունիսի 16-ին ռուսական «Комсомольская правда» թերթում հրապարակված դաշնակցության լիդերներից մեկի ընդարձակ հարցազրույցը։ Այդ թերթի թղթակցի հարցին վերոհիշյալ լիդերը տվել է հետևյալ պատասխանը. «Հիշո՞ւմ եք, թե ինչ պատահեց 1920 թվականին։ Այն ժամանակ Լենինը և Աթաթուրքը ստորագրեցին Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի նման մի պայմանագիր (նկատի ունի 1921 թ. մարտին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագիրը – Վ.Պ.)։ Հայաստանը բաժանեցին, արևմտյան մասն անցավ Թուրքիային, արևելյանը՝ Սովետներին։ Հետո Հայաստանի արևելքը նորից բաժանեցին՝ մի կտորը տալով Ադրբեջանին, որպեսզի մենք չկարողանանք դուրս գալ ՍՍՀՄ-ից։ Մենք պահեցինք Ադրբեջանը, Ադրբեջանը՝ մեզ»։ «Այս բաժանման գինը,- շարունակել է վերոհիշյալ լիդերը,- եղավ եղբայրությունը Թուրքիայի հետ, որը հայտարարեց. Մենք գնում ենք դեպի համաշխարհային հեղափոխություն։ Համաշխարհային հեղափոխության համար, իհարկե, Թուրքիան ավելի կարևոր է, քան փոքրիկ Հայաստանը։ Մոսկվայից բոլշևիզմի լույսն արևելք էր գնում Թուրքիայի միջով դեպի մահմեդական ճնշված երկրներ։ Հենց որ Թուրքիան ստացավ Հայաստանից մի հատվածը, լույսը դադարեց ընթանալ։ Թուրքերը թեքվեցին դեպի Եվրոպա, կնքեցին Լոզանի պայմանագիրը և գնացին թփութների մեջ։ Խաբեցին, գցեցին և այժմ էլ կգցեն»։ Վերը հիշատակված հեղինակները հենց այս դիրքերից են ներկայացնում 1918–1920 թթ., ինչպես նաև 1921 թ. տեղի ունեցած իրադարձությունները։
Դրանց բոլորին առանձին-առանձին անդրադառնալու կամ պատասխանելու փոխարեն, կամենում եմ ընդհանրացված ընդգծել հետևյալը. Առաջին. Վերոհիշյալ մեջբերման հեղինակը և դաշնակցության մյուս՝ հին ու նոր գաղափարախոսներն ի՞նչով են բացատրում կամ էլ արդարացնում 1918 թ. հունիսի 4-ին Բաթումում երիտթուրքական հանցագործ իշխանության հետ, իսկ 1920 թ. դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում քեմալական Թուրքիայի հետ Հայաստանի հանրապետության անունից դաշնակցության ղեկավարների կնքած ստորացուցիչ ու խայտառակ պայմանագրերը, որոնցով ոչ միայն մոռացվել է Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի կենսաբեր տարածքները հանձնվել են Թուրքիային։ Այսօր էլ, դժբախտաբար, դաշնակցության հին ու նոր ղեկավարներին ու տեսաբաններին ձայնակցում են նրանց երիտասարդ հետևորդները և կրկնում են ռուս-թուրքական և սովետաթուրքական հարաբերությունների մասին գոյություն չունեցող հակահայ «դավադրության» մասին առասպելը։ Երկրորդ. Մի պահ ենթադրենք, թե դաշնակցության գաղափարախոսներն իրավացի են դատապարտելով Սովետական Ռուսաստանի ղեկավար Լենինին Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները Հայաստանի հաշվին լուծելու համար։ Բայց ի՞նչ գնահատական կարելի է տալ դաշնակցության հին ու նոր գաղափարախոսներին, որոնք նույնիսկ «մոռանում են», թե Հայոց ցեղասպանության իրականացման մեջ ինչ ցավալի ու անուղղելի սխալ է գործել դաշնակցությունը 1908 թ. համագործակցելով երիտթուրքական կուսակցության հետ։ Ընդգծելով այդ իրողությունը, կամենում եմ դաշնակցության նորօրյա գաղափարախոսներին հարցնել, թե երիտթուրքական 1921 հանցավոր կուսակցության և իշխանության հետ համագործակցելով, դաշնակցությունը ո՞ւմ հաշվին և ի՞նչ էր լուծում։
Երրորդ. Կարելի է մի պահ հավատալ դաշնակցության հին ու նոր գաղափարախոսներին, երբ նրանք դատապարտում են Լենինի և Մուստաֆա Քեմալի համագործակցությունը։ Բայց դրա հետ միասին պետք է նրանց հարցնել, թե այդ ինչպե՞ս պատահեց, որ երեկվա «թշնամի» երիտթուրքական իշխանությունների հետ 1918 թ. հունիսի 4-ին Բաթումի պայմանագիրը կնքելով, Հայաստանի հանրապետության պատվիրակության ղեկավարներ Ավետիս Ահարոնյանն ու Ալեքսանդր Խատիսյանը Կոստանդնուպոլսում հայ ժողովրդի դահիճներ Էնվերին, Թալեաթին ու թուրքական սուլթանին երախտագիտություն էին հայտնում Հայաստանի հանրապետությունը ստեղծելու համար։ Նրանք նույնիսկ պատրաստ էին ընդունել Էնվերի պահանջը՝ Հայաստանը մտցնել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կոնֆեդերացիայի մեջ։ Չորրորդ. Ուղղակի հրամայական պահանջ է՝ դաշնակցության հին ու նոր գաղափարախոսներին հարցնել, թե ինչու 1921 թ. փետրվարին դաշնակցության կազմակերպած խռովությունն անվանում են անկախության ու ազատության համար մղված ապստամբություն, երբ այդ խռովության առաջնորդ Ս. Վրացյանը, վկայակոչելով 1920 թ. դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում կնքված ստորացուցիչ ու խայտառակ պայմանագիրը, օգնություն էր խնդրել հայ ժողովրդի դահիճներ Մուստաֆա Քեմալից ու Կարաբեքիր փաշայից։ Պետք է նաև նրանց հարցնել, թե հայ ժողովրդի դահիճներ Քեմալից ու Կարաբեքիրից օգնություն խնդրելով, խռովության կազմակերպիչներն ո՞ւմ հետ և ի՞նչ հաշիվ էին լուծում։ Հինգերորդ. Դաշնակցության նորօրյա գաղափարախոսները հաճոյանալով ու կրկնելով եվրոպական կեղծարարներին, Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը համարում են հանցավորություն։ Բայց մոռանում են, որ Ստալինն այդ պակտը կնքել է ելնելով իր երկրի շահերից։
Այդ «մոռացկոտներին» ուզում եմ հարցնել. Իսկ, ի՞նչ է, թուրքական դահիճների հետ կնքած Բաթումի և Ալեքսանդրապոլի պայմանագրերը բխում էին երկրի ու ժողովրդի շահերի՞ց։ Դաշնակցության հին ու նոր գաղափարախոսները կեղծելով իրական փաստերի պատմությունը, վախենալով ճշմարտությունից, այդ ճշմարտությունը թաքցնում են դաշնակցության շարքային անդամներից, որոնք անկեղծորեն դեռ շարունակում են հավատալ դաշնակցության գաղափարախոսների հորինած հեքիաթներին, երբ ուղղակի կատարված դավաճանությունը ներկայացնում են որպես ազգին ծառայելու անձնազոհություն։ Վեցերորդ. Վերջին երեք դարերի ընթացքում մեր ժողովրդի ձեռք բերած ազգային արժեքների մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը։ Այսօր էլ ի դեմս Ռուսաստանի դաշնության ու ռուս ժողովրդի՝ ունենք հավատարիմ ստրատեգիական դաշնակցի, որի զորքերը պաշտպանում են մեր Հայրենիքի արևմտյան սահմանների անվտանգությունը։ Այժմ դաշնակցության նորօրյա գաղափարախոսները միացել են Ռուսաստանի դեմ մղվող ինֆորմացիոն պատերազմին և Հայաստանի լրատվական միջոցներով անվանարկում են մեր հանրապետության ստրատեգիական դաշնակցին։ Եվ ցավալին այն է, որ մեր միակ ստրատեգիական դաշնակցի դեմ հանդես եկող այդ անզուսպ քարոզիչ դոկտոր-քաղաքագետներին պատասխանելու համար ոչ միայն չի լսվում իշխանությունների մաս կազմող պաշտպանության, կրթության, մշակույթի նախարարությունների և մյուսների ձայնը, այլև Հայաստանի և Ռուսաստանի դաշինքը պաշտպանելու դիրքերում կանգնածների համար արտահայտվելու հնարավորություն չի ստեղծվում։
Ինձ մնում է Հայաստանի ստրատեգիական դաշնակից Ռուսաստանի դեմ ինֆորմացիոն պատերազմին մասնակցող քարոզիչներին պատասխանելու համար հիշեցնել հետևյալը։ Առաջին. Հովհաննես Թումանյանի հանրահայտ գնահատականը. «Ով ելել է Ռուսաստանի հաջողության դեմ, նա ելել է Հայկական հարցի հաջողության դեմ»։ Երկրորդ. Երբ դաշնակցականներից մեկը Սփյուռքի նշանավոր ազգային-հասարակական գործիչ Անդրանիկ Ծառուկյանին մեղադել է, գրելով, թե «Ծառուկեանն ալ դարձեր է Մոսկուայի սրինգը, թութակը», նա պատասխանել է՝«Աղեկ է, միշտ պիտի նախընտրեմ Հայաստանի պաշտպան Մոսկուայի սոխակը ըլլալ, քան թէ թուրքերու զէնք տուող Ամերիկայի թութակը» (Հակոբ Վարդիվառեան, «Հանդիպումներ-2», 2007 թ. Նիու Ճըրզի, էջ 49: «Սփիւռք», թիվ 95, 2008 թ., Բեյրութ, էջ 30)։ Երրորդ. Հայ մեծ բանաստեղծ ու փիլիսոփա Ավետիք Իսահակյանը գրել է հետևյալը. «Մի ռուս կարմիր զինվորի ներկայությունը Հայաստանի հողերի սահմանի վրա արժե հազար Ազգերի լիգա, հազար Մակդոնալդ, և Էրրիո, հազար Լլոյդ Ջորջ և Վիլսոն։ Սա կատարյալ ճշմարտություն է» (Ավետիք Իսահակյան, Աֆորիզմներ, Երևան, 2001, էջ 82–83)։ Չորրորդ. Սփյուռքի նշանավոր հասարակական-ազգային գործիչ Նազարեթ Սրմաքեշյանը գրել է. «…Ամէն ազգ, իր աշխարհագրական, պատմական, տնտեսական և ռազմավարական ապահովութեան շահարկումներէն մեկնելով, ստիպուած է կողմերէն մէկուն յարելու։ Մեր պարագային՝ դարերու փորձառութեամբ, ճակատագրականօրէն կապւած ենք Հիւսիսի մեր դարաւոր բարեկամին՝ Ռուսիոյ։ Ան ինչ վարչաձեւ ալ ունենայ՝ միեւնոյնն է, Ռուսիա և Հա- յաստան ազգային ապահովութեան մտահոգութենէ մղուած, իրարու բնական զինակիցներ են, երկու երկիրները, մեծ կամ փոքր՝ ունին հասարակած նոյն թշնամիները։
Անհեռատեսութեան ու ազգայնամոլական պատճառներով եթէ իրարու դավեն, երկուսին ալ վախճանը եկած կրնանք համարել։ Թուրքին սադայելական նպատակն է, նախ՝ մեզ բաժնել Հիւսիսի զինակիցէն, եթէ կարելի է՝ նոյնիսկ մեզ թշնամացնել անոր սուտերով, զրպարտութիւններով կամ տնտեսական շահաւէտ սին խոստումներով, անշուշտ՝ միշտ Ամերիկայի զօրակցութեամբ» (Նազարէթ Սրմաքեշեան, «Ազգովին զգաստանանք», Երևան, 2011 թ.: «Նայիրի», Բեյրութ, 19.09.1998)։ Հարկ եմ համարում նշել, որ Հայաստանի ստրատեգիական դաշնակից Ռուսաստանի հասցեին ուղղված քարոզների հեղինակները սնունդ են առնում նաև 1921 թ. փետրվարին կազմակերպված խռովությունից, որը քեմալական Թուրքիայի աջակցությամբ նույնպես ուղղված էր Ռուսաստանի դեմ։ Վերոհիշյալ հեղինակների նպատակը հետևյալն է. Սովետական իշխանությանը մեղադրելով արդարացնել Հայաստանի առաջին հանրապետության դաշնակցական կառավարության գործունեության կործանարար հետևանքները։ 1990-ական թվականներին իշխանության եկած դաշնակցության գաղափարախոսությամբ ոգևորված անձինք իրականացրած ռեֆորմներով ավերեցին շեն ու հզոր Հայաստանի տնտեսությունը, գիտությունը, մշակույթը, կրթությունը, առողջապահությունը և այլն։ Այդ ռեֆորմների արդյունքով ժողովուրդը նետվեց աղքատության գիրկը, զրկվեց տասնյակ սերունդների աշխատանքի արդյունքով ստեղծված սոցիալական բազմաթիվ ձեռքբերումներից։ Եվ իրենց գործունեության տխուր հետևանքներից նոր սերնդի ուշադրությունը շեղելու նպատակով ձախողված «բարեփոխիչները» ամբողջ ջանքերն ուղղել են սովետական ժամանակաշրջանի անզուսպ սևացմանը, ամեն տեսակ լուտանք թափելով Սովետական Հայաստանի, Սովետական Միության հասցեին։ Լրատվության բոլոր միջոցներով նրանք քարոզում են կապիտալիզմ, շվայտ կյանք, գովազդային շքեղ ավտոմեքենաներ ու առանձնատներ, իսկ սոցիալիզմը ներկայացնում են փշալարերով, համակենտրոնացման ճամբարներով, կոլեկտիվացման ժամանակ կատարված աղավաղումներով և այլն։
Այսօրվա երիտասարդ սերնդից նրանք թաքցնում են, որ Սովետական Հայաստանում կրթությունը, բժշկությունը, բնակարան ստանալն անվճար էր, պահպանվում էին բարոյական արժեքները, կար հայրենասիրական դաստիարակություն, որ չկային գործազրկություն, կազինո, կոռուպցիա, կազմակերպված հանցագործություն, պոռնկություն և բազմաթիվ այլ սոցիալական արատներ, որոնք այսօր այնպես հյուծում են ու ամայացնում երիտասարդ մարդու հոգեկան ներաշխարհը։ 1990 թ. ի վեր, մինչև այժմ, նրանք ոչ մի մնայուն արժեք չեն ստեղծել, բայց դրա փոխարեն պորտաբույծ կյանք են վարում՝ կռվելով սովետական, արդեն անցած խորհրդանիշների դեմ։ Այժմ Սովետական Հայաստանի հասարակական կարգը քննադատվում է ոչ թե անցյալի սխալներից խուսափելու, դրանք չկրկնելու համար, այլև ներկա ժամանակաշրջանի արատներից ուշադրությունը շեղելու համար։ Նրանք, այդ միավորված թզուկները մոռանում են, որ սովետական տարիներին Հայաստանը դարձել էր համատարած գրագիտության, զարգացած մշակույթի, առաջնակարգ գիտության ու տեխնիկայի, հզոր ինդուստրիայի երկիր։
Նրանք մոռանում են, որ երկրում վերացել էր գործազրկությունը, ստեղծվել էին հարյուրավոր առաջնակարգ արդյունաբերական ձեռնարկություններ, գեղարվեստական կոլեկտիվներ, Գիտությունների ակադեմիա, օպերայի ու բալետի թատրոն, դրամատիկական թատրոններ և այլն։ Նրանք չեն ուզում հիշել Սովետական Հայաստանի այնպիսի անվիճելի նվաճումներ, ինչպես օրինակ, չորս ամսով տրվող հիվանդության վճարովի բյուլետենը, արհմիութենական կազմակերպությունը, առանց որի համաձայնության ոչ ոք իրավունք չուներ մարդուն աշխատանքից ազատել, հանգստյան տների ու առողջարանների սիմվոլիկ գներով ուղեգրերը և այլն և այլն։ Նրանք վախենում են հիշել, թե սովետական տարիներին աշխատավոր մարդն ինչպիսի հարգանքով ու հոգատարությամբ էր շրջապատված։ Հանրային գիտակցությունը հոշոտող, պետական և հասարակական կամքի ուժը քայքայող նրանց ավերիչ աշխատանքը դեռևս դիմադրության չի հանդիպում։ Բայց այդպիսի վիճակը չի կարող երկար շարունակվել։ Հայաստանում դաշնակցության գաղափարախոսության համաձայն պետականորեն իրականացվում էր հակասովետական քաղաքականություն, որին հարկավոր է վերջ տալ և լրջորեն զբաղվել կատարված «բարեփոխումների» հետևանքների վերացմամբ։ Այլապես անհասկանալի է, թե ինչի համար էին այն անհամար զոհողությունները, որ մեր ժողովուրդը տվեց 20-րդ դարի 70 տարիների ընթացքում` շենացնելով ու զարգացնելով երկիրը։ Իհարկե, Սովետական Հայաստանում եղել են սխալներ։ Հայաստանի երրորդ հանրապետությունը նույնպես ունի իր սխալները։
Այդ սխալներից ո՞րն է վատն ու ճակատագրականը։ Դա կարող են ճշտել ապագա սերունդները։ Մարդկանց թյուրիմացության մեջ գցող հեղինակների առաջին շարքերում են գտնվում դաշնակցության, նժդեհական ու հհշական գաղափարախոսները և նրանց հետևորդները, որոնց հանապազօրյա հացը գնալով ավելի է քարտու դառնում։ Կարելի է շարունակել հարցադրումները։ Բայց բավարարվեմ ասվածով և ընդգծեմ հետևյալը. Դաշնակցության ղեկավարները հայ ժողովրդին պատճառել են ոչ միայն ահավոր դժբախտություններ, այլև անուղղելի վնաս են հասցրել մեր ազգային շահերին։ Կամենում եմ հատկապես ընդգծել, որ իմ, որպես պատմաբանի վերաբերմունքը դաշնակցության գործունեության նկատմամբ թելադրված չէ անձնական մղումներով, որովհետև երբեք դաշնակցության հետ անձնական հաշիվներ չեմ ուեցել և չունեմ։ Իմ վերաբերմունքը թելադրված է միայն մի գործոնով, այն է, թե դաշնակցության ղեկավարությունը տարբեր ժամանակաշրջաններում վարած իր քաղաքականությամբ ու գործունեությամբ որքանով է ծառայել հայ ժողովրդի ազգային շահերին ու նպաստել նրա անվտանգության ապահովմանը։ Ինչպես ամեն մի հայ, ես նույնպես, իրավունք ունեմ այդ դիրքերից հարցադրում անել։ Նաև, որպես պատմաբան, իրավունք ունեմ դրանք գնահատել իմ տեսակետով, իրադարձությունները վերլուծելիս պահպանելով օբյեկտիվ պատմականության անբեկանելի պահանջը՝ ոչ մի սուբյեկտիվ մոտեցում, միայն փաստերն ընթերցողին ներկայացնելով, նրան հնարավորություն տալ դրանց շուրջ խորհել ու եզրակացության հանգել։ Ասվածից ելնելով, կամենում եմ ընթերցողի ուշադրությանը ներկայացնել հետևյալը։
Համոզված եմ, որ ընթերցողն անպայման նկատել է, որ այսօր բոլոր կողմերից՝ հարվածն ուղղված է Սովետական Հայաստանի 70-ամյա պատմության դեմ։ Մի կողմում Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարությունը ստանձնած դաշնակցություն կուսակցությունն է և նրա հին ու նոր հետևորդներն ու գաղափարախոսները։ Այս ուղղության կրողները, ի սկզբանե, որդեգրել են սովետական իշխանության նկատմամբ ատելությունը և նրա դեմ ամեն միջոցով պայքարելը։ Սովետական Հայաստանի դեմ մղված պայքարում նրանք համագործակցել են արտասահաման հեռացած վրացի մենշևիկների, ադրբեջանիցի մուսավաթականների և հատկապես ֆաշիստական Գերմանիայի հետ։ Դաշնակցության նորօրյա գաղափարախոսները նույնպիսի կրքոտությամբ այժմ էլ շարունակում են պայքարը Աովետական Հայաստանի պատմության դեմ, այն ներկայացնելով ամենավատ գույներով։ Սովետական Հայաստանի պատմության դեմ պայքարը մղվում է Հայաստանի երրորդ հանրապետության հաստատումից ի վեր։ Այդ մասին են վկայում լրատվության միջոցների, առօրյա հրապարակախոսության հրապարակումները, պատմության դպրոցական դասագրքերը, պատմության վերաբերյալ գրքերը, ինչպես նաև գիտության, մշակույթի ասպարեզի գործիչների, բազմաթիվ և ամեն տեսակի քաղաքագետների ելույթները։ Մտավորականության մի հատվածը, ինչպես նաև իշխանության մեջ գտնվողներից շատերը համոզված են նրանում, թե ինչքան շատ հայհոյեն սովետական անցյալը և նրա թողած վիթխարի ժառանգությունից ինչքան շուտ հրաժարվեն և հետո մոռացության մատնեն, ապա դրանից ավելի կշահեն։ Իհարկե, այսպես մտածողները խոր մոլորության մեջ են։
Այսպիսով, երկու կողմից Սովետական Հայաստանի դեմ քաղաքացիական պատերազմի արշավը չի դադարում։ Երկու կողմից էլ Սովետական Հայաստանի գոյության տարիները ներկայացվում են բացասական գույներով, որևէ հարգանք չդրսևորելով այդ իշխանության օրոք ապրած ու ստեղծագործած սերունդների նկատմամբ։ Վերոհիշյալ երկու կողմն էլ սևացնելով Սովետական Հայաստանի գոյության պատմությունը, վառ գույներով են ներկայացնում առաջին և երրորդ հանրապետությունները։ Երկու կողմն էլ Սովետական Հայաստանի նկատմամբ այդպիսի վարկաբեկող ու մերժողական գաղափարախոսությամբ ավելի են խորացնում քաղաքացիական պատերազմը մարդկանց մտածողության մեջ։ Այդ երկու կողմերի ջանքերով մեր ժողովրդի վերջին հարյուր տարվա պատմության մեջ խաթարվել է հաջորդայնության բնական ընթացքը։ Սովետական Հայաստանի պատմությունը մերժող գաղափարախոսության կրողների ջանքերով ստեղծված անջրպետը մեծապես վտանգում է մեր ժողովրդի գոյությունն ապահովող կարևորագույն կռվաններից մեկը՝ պատմական հիշողությունը, նախորդ սերունդների նկատմամբ երախտագիտությունն ու հարգանքը։ Մինչդեռ հարկավոր է ուշադրությամբ իմաստավորել ու հասկանալ Սովետական Հայաստանի պատմությունը և այնտեղից վերցնել նրա փորձը և ոչ թե նրա նկատմամբ ատելություն սերմանել։ Մեկ հարյուրամյակի ընթացքում մեր ժողովուրդն անցել է պետականության երեք փուլով։
Ապագա սերունդները կարող են գնահատել, արդյոք, դա եղե՞լ է շռայլություն, նկատի ունենալով պետականության փոփոխությունից հասցված վնասներն ու ձեռքբերումները։ Հիմա, համոզված եմ, ճիշտ ժամանակն է, որպեսզի մի կողմ դնենք կուսակցական ու գաղափարախոսական հակասություններն ու տարբերությունները և ամենայն լրջությամբ, անկողմնակալությամբ քննարկենք, համեմատենք, վերլուծենք, արժևորենք ու վերաիմաստավորենք մեր երեք հանրապետությունների ձեռք բերած փորձը, հաջողությունները, թույլ տված սխալները, յուրաքանչյուրի ընտրած ուղու դրական ու բացասական կողմերը և 21-րդ դարում ընթացող քաղաքակրթությունների համառ ու դաժան պայքարի պայմաններում, մշակել մեր ժողովրդի անվտանգ գոյության ընթացքի հիմնահարցը։ Սա է, իմ համոզմամբ, մեր ժամանակի գլխավոր հրամայականը։
* * *
Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող սույն աշխատությունը միայն պատմություն չէ, նաև պատմաքննական հետազոտության փորձ է՝ լուսաբանել 1921 թ. տեղի ունեցած իրադարձությունները, նկատի ունենալով 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին առաջացած խնդիրները հասկանալու և 1921 թ. թույլ տված սխալները չկրկնելու կարևորությունը։ Այս կապակցությամբ արտահայտելով իմ տեսակետը, բնավ նպատակ չեմ հետապնդում դա պարտադրել ընթերցողին, այլ հույս ունեմ եմ, որ կարժանանա նրա օբյեկտիվ գնահատականին։
1921 * * *
Սույն աշխատությունը գրելու համար օգտագործվել են Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի բազմաթիվ արխիվներում պահվող փաստաթղթերը, որոնց մի մասն առաջին անգամ են դրվել գիտական շրջանառության մեջ։ Օգտագործվել են նաև ժամանակի լրատվության միջոցներում հրապարակված նյութերը, փաստաթղթերի ժողովածուները, ինչպես նաև մի շարք հեղինակների աշխատություններն ու մենագրությունները։
Վլադիմիր Պետրոսյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert