Արդարությո՜ւն, որ շատ անգամ
Անարդարի զոհն ես դառնում…

Տառապում ես ու խորթանում,
Հեռանում ես ու մոռանում,
Մերկանում ես ու որբանում,
Քարանում ես ու պապանձվում…

Որբացել ես ու չես ասում,
Որ աշխարհն է անտեր մնում,
Խորթացել ես ու չես հիշում,
Որ հարուստը խեղճ աղքատի հա՜ցն է ուտում:

Հացը՝ ոչինչ,
Հացի համար դեռ հասկ է պետք,
Ախր եթե չեն վճարում,
Անգամ գետից ջուր խմելն է դառնում անեծք:

Ջրի համար փող են ուզում՝ չեն ամաչում,
Փոխարենը ծակ գրպանով մարդն է շիկնում,
Արդարությո՜ւն, քե՛զ եմ կանչում, ինձ չե՞ս լսում,
Ախր աղքատն իր քրտի՜նքն է արդեն խմում:

Դառը քրտինք, աղի արցու՜նք…
Խառնվում են ու հեղեղվում,
Խեղճ աչքերը դառնում ակունք՝
Աղմկում են ու լայնանում,
Լայնանում է նաև մեղքի խավար ճամփան,
Փոխարենը՝ արդարության
Ճանապարհն է դառնում կածան:

Էլ ի՞նչ անեն արդարները,
Եթե ինքդ լաց ես լինում,
Էլ ի՞նչ անես, եթե ինքդ
Ելք ես փնտրում ու չես գտնում…

Նեղ է, նե՜ղ է ուղին՝ տանող ճշմարտության,
Եվ մարել է փոքրիկ ճրագն արդարության,
Մարդիկ ծնվում ու չեն ապրում,
Ամբողջ հոգով մա՛հ են տենչում…
Արդարությո՜ւն, աչքերդ բա՛ց,
Մարդուկները Մա՛րդ են հեծնում:

Խեղճին բռնում՝ շուրջ բոլորը
Պար են պարում ու ձեռք առնում,
Էլ չեն ասում՝ ախր մարդը զավակ ունի՝
Պատուհանից ցած է նայում ու արտասվում:

Անհասի պես ծիծաղում են ու քրքջում,
Երբ փողոցում թափառական մարդ են տեսնում,
Բայց ո՞վ գիտի, որ այդ մարդը հոգու խորքում
Այս աշխարհի ողջ գանձերն է լայնքով փռում:

Ա՜խ, այսքանը այս անարդար կյանքի համար
Դեռ ինչ գրում, վերնագիր եմ միայն դնում,
Ասելիքս լուռ պահում եմ Աստծո համար,
Թեև գիտեմ, որ երկնքում
Լռությո՜ւնն է անգամ գրվում…

Արդարությո՜ւն, էլ ինձ չասես,
Թե աշխարհում գործել գիտես,
Դու նեղանալ ու հեռանալ,
Կամ էլ պարտվել միայն գիտես,
Մարդկանց հոգին անվերջ տանջել,
Անգամ սպանել- թաղել գիտես
Եվ շատ անգամ մահից հետո՛
Վերադառնալ միայն գիտես:

Արդարությո՛ւն, դե ե՛տ արի,
Քանի խիղճս չի մահացել,
Քանի սիրտս չի քարացել,
Քանի հոգիս չի՜ չարացել…

* * *

Ե՛վ կանչում եմ, և՛ մտորում,
Մի՞թե զուր չեմ ես բողոքում,
Ախր ինքս՝ անարդարս,
Աստծո առաջ մեղք եմ գործում:

Տե՜ր իմ Աստված, աղաչում եմ, ների՛ր , ների՜ր
Գլուխս կախ, կուրծքս ծեծող մեղավորիս,
Որ շատ անգամ հաց եմ կերել ու կշտացել,
Բայց սովածին աղոթքով եմ միայն հիշել…

Արմեն Երիմյան


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert