Սխալներիս մեջ ես եմ մեղավոր,
Երբե՛ք չեմ փնտրի քավության նոխազ,
Դուք էլ մի՛ դարձեք գլխիս դատավոր,
Խրատներ պետք չեն ինձ` ավել֊պակաս։

Իմ սխալները դասեր են դարձել,
Ցավոտ ապտակ են եղել շա՜տ հաճախ,
Կյանքի դասերը շատ հեշտ եմ կարծել,
Բայց սովորել եմ երկար ու դանդաղ։

Ինձ հետ չեք կրել իմ ծանր բեռը,
Անցածս ճամփից` չեք պոկել փշեր,
Իզուր մի զատեք ուղիղն ու կեռը,
Ես ձեռնափայտս ուղիղ եմ տաշել։

Սխալներիս մեջ ե՛ս եմ մեղավոր,
Սակայն չեմ գործել մեղքեր մահացու,
Ձեր կյանքով ապրեք` մոտ ու մերձավոր,
Իզուր մի կարծեք ձեզ սուրբ տիրացու։

15.09.2020
Աննա Հովհաննիսյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert