Երկար, ծանր գրառում եմ անում, որից եզրահանգման պիտի գանք բոլորս…

Երբեք չէի մտածել, որ Արցախ կգնամ նման պայմաններում…քայլս խիստ մազոխիստական էր, գոնե ինձ համար, ու եթե տարիներ առաջ ուխտ արած չլինեի գնալ Դադիվանք, վստահաբար, չէի գնա (քանի անգամ էի էդ ուղղությամբ գնացել Արցախ, բայց չէի կարողացել 3 կմ շեղվել` դեպի սուրբ վանական համալիր)։

Մենք` մեր տանը նստած, պատերազմ չենք տեսել իրականում (կապ չունի, որ առավոտից գիշեր ապրում էինք պատերազմի քրոնիկոնով),
իսկ ի՞նչ է պատերազմը, հպանցիկ հասկանում ես երբ, պատերազմական թեթև շունչը սկսում ես զգալ Վարդենիսից. զինվորականները շատանում են։

Հասնում ես Սոթք, տեսնում ես, թե ոնց են խփված և նոր տանկերը բերում Հայաստան. Արցախը զինաթափում են։

“ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱՐՑԱԽ” ցուցանակի մոտ օդը երբևիցե էսքան տխուր ու հեղձուցիչ չի եղել. մի պահ կանգնում ենք անձայն ու նոր սկսում գիտակցել, թե դեպի ուր պիտի գնա մեր հայրենիքն այսուհետ։

Կամավորականներով լի ավտոբուսներն են գալիս Հայաստան, ուշադրություն ես դարձնում բոլորը տխուր են, բայց մեզ ոգևորելու համար լուսամուտներից ասում են` անպայման շուտով հաղթելու ենք։

Բեռնատարներն են ճամփին շատանում, վրան` բարձված հին ու հնամաշ իրեր…
Հասկանում ես, որ տեղից էլ չարչրկված մի ժողովուրդ նորից բռնել է տեղահանման ճամփան։

Ճամփեքին ամենուր զինվորականներ են. հասնում ես առաջին գյուղ, տեսարանը` հուզիչ, անտանելի։

Նայում ենք` մի պապի իր 5 տարեկան թոռան հետ ոչխարներին ու գառներին ոտքով Հայաստան է բերում, դա առավոտյան ժամը 11֊ին։ Էդ պապ ու թոռանը մենք էլի կհանդիպենք մեր վերադարձի ճամփին` ժամը 17֊ին, որ էդ ընթացքում դեռ չէին հասցրել 3 կիլոմետր էլ իրենց կենդանիներին մոտեցնել ՀՀ սահմանին։

Մարդիկ իրենց տներն են վառում…էն տները, որ 20 տարվա մեջ հազիվ կառուցած լինեին։
Մարդիկ իրենց տների պատուհաններն են հանում, անգամ քարերն են քանդում` հուսալով իրենց օջախն այլ տեղ կկառուցեն։

Էս տպավորություններով հասնում եմ եկեղեցի։ Եկեղեցում անտանելի ճնշող պատկեր, եկեղեցին` լի զինվորականներով։

“Մենք մեր զենքով պահեցինք Քարվաճառը, մի գրամ հող չզիջեցինք, մի գրչով զիջվեց էս տարածքը”- գլխիկոր պատասխանում են նրանք։

Եկեղեցում հոնգուր֊հոնգուր տղամարդիկ լացում են։

Ու ես, որ փորձել էի հնարավորինս վերջին 4 օրերին ինձ պինդ պահել, էդտեղ ինձ էլ չեմ կարողանում զսպել…տապալվում եմ։

Եկեղեցու ամբողջ տարածքում մասնագետներն են աշխատում…Գիտենք` ինչ ճակատագիր պիտի ունենան խաչքարերը, որմնագրերը, ստիպված նախաձեռնել են կրկնօրինակման աշխատանքներ։

Դադիվանքի վանահայրը` Տեր Հովհաննեսը` հաղթանդամ, զորեղ մի մարդ, զգում եմ լացում է` առանց արցունքների։ Հեռվից նկատում է ինձ ու աչքերով հասկացնում` արի ինձ մոտ։ Գրկում եմ էդ հսկա մարդուն ու էլի լացում։

Դե իսկ վերջում ամենատխուրը` Արցախն այլևս ազատ չէ…
Ռուս խաղաղապահների շարասյունը տեղակայվում է երբեմնի ազատ ու անկախ Արցախում…

Ինչու՞ եմ սա գրում…սա իմ զգացումների ու էմոցիաների 2֊%ն էլ չի արտահայտում, ինչ ես եմ երեկ զգացել մի քանի ժամում, ես ոչ էլ լրագրող կամ բանասեր եմ, որ ուզում էի ճոխացնել կամ հոդված գրել դիտումների համար։

Սա մեր ազգային աղետն է, որից շատ շուտ, ժամ առաջ դուրս պիտի գանք։

Սա հետևանքն է նրա, որ տարիներ շարունակ ԾԱՂՐԱՆՔԻ են ենթարկվել ԱԶԳԱՅԻՆ արժեքները, սա մեր պետության վերջին 25 տարիների ապիկար քաղաքականության, գոռոզամտության և անգործության արգասիքն է։ Ընդ որում, պատասխանատու են անկախ Հայաստանի բոլոր իշխանությունները։

Վերջին օրերին, հայտնվում են տարատեսակ զազրելի գրառումներ, հատկապես իշխանությանը սատարողների կողմից, մոտավոր էս բովանդակությամբ` “Հայաստանը հազիվ շունչ կքաշի` Արցախի մասին չմտածելով”, մոտավորապես նույնն էին մտածում դարեր առաջ Այրարատ նահանգի իշխանները, երբ Վասպուրականի նահանգը գրավվում էր։
Նման մտածելակերպով մարդկանց դուռը մի օր էլ թուրքը ծեծելու է Լոռու և Կոտայքի մարզերում։

Պարտությունն ընդունելը մեղք չէ, պարտությունից դասեր չքաղելն է մեղք, հասարակությանը կեղծ օրակարգերով խաբելն է մեղք, ժողովրդին հաջորդ հաղթական պատերազմներին չպատրաստելն է մեղք…

Ու մենք ՀԱՂԹԵԼՈՒ ենք, բայց էդ հաղթանակը մեզ չեն բերելու վերջին 30 տարիների ապազգային ուժերը և նրանց հետ կապակցված մարդիկ, ովքեր ամեն ինչ արել են, բացի հայրենիքը շենացնելուց։
Հաղթանակը կերտելու են ազգային մտքով ու մտածելակերպով մարդիկ, որոնց ժամանակաշրջանը գալու է, ես հավատում եմ։

Hrachuhi Turvandyan

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert