Սերովբէ Եպս. Իսախանեան (Գերմանահայոց Թեմի Առաջնորդ)
Իշխանության կամ Փաշինյանի կողմնակիցներն իրենց համարում են ժողովուրդ, ընդդիմադիրներին ու նրանց կողմնակիցներին` աղբ։ Ընդդիմության կողմնակիցներն իրենց համարում են ժողովուրդ, իսկ Փաշինյանի կողմնակիցներին` ժեխ։ Եւ երկու կողմերն էլ փոխադարձաբար իրար գլխին են թափում աշխարհի լսված ու չլսված լուտանքներն ու հայհոյանքները։ Այսինքն՝ մեզնից շատերը հա՛մ ժողովուրդ ենք, հա՛մ էլ՝ ժեխ ու աղբ, նայած թե քամին որտեղից է փչում։ Եւ հենց այսպես էլ ապրում ենք։
Ուրախանում ենք, գուցե նաեւ հպարտանում, որ իշխանությունը կամ ընդդիմությունը մեզ բանի տեղ են դնում եւ ժողովուրդ կոչում։ Ցասումով ու ատելությամբ ենք լցվում, երբ նույն այդ իշխանությունն ու ընդդիմությունը մեզ կոչում են ժեխ ու աղբ։ Համացանցում էլ մրցում ենք իրար հետ, թե որ կողմը մյուսին կկարողանա ավելի վարկաբեկել, հայհոյել, նսեմացնել, բարոյապես ոչնչացնել։ Եւ այսպես ո՞ւր ենք հասնելու։ Յո՞ երթանք։ Հայրենասեր ու դավաճան խաղը, որ խաղում ենք եւ մեկս մյուսին մեղադրում ու բանադրում՝ հայրենիքը ծախելու մեջ, մեզ ո՞ւր է տանելու։Ասում են, երբ վերջանում է փաստերի ու փաստարկների պաշարը, բացվում է հայհոյանքի ու փոխադարձ վիրավորանքների պարկը։ Չգիտե՛մ, մենք իրար հետ գաղափարապես վիճելու կարողություն ու պաշար ունե՞նք, բայց, մանավանդ վերջերս, շատ լավ վարպետացել ենք իրար հայհոյելու մեջ։ Եւ այդ մեծագույն վարպետությամբ էլ բոլորը բոլորին հայհոյում են։Այո՛, Հայաստանի նորագույն պատմության ամենաբախտորոշ եւ միեւնույն ժամանակ ամենածանր շրջաններից մեկն ենք ապրում։ Վտանգված է մեր անկախությունը, ապահով չեն մեր սահմանները։ Այսպես շարունակել չի՛ կարելի։ Լուծումներ են պետք։ Ինչքան էլ դժվար լինի, ինչքան էլ իրարամերժ լինեն ներկա պահին մոտեցումները, միշտ էլ հնարավո՛ր է գտնել գոնե նվազագույն ընդհանուր հայտարարը։ Երկուստեք բացարձակ մերժողականությունից լավ հոտ չի գալիս։ Հետեւաբար, իշխանության ու ընդդիմության ղեկավարնե՛ր, մի՛ լարեք ժողովրդին միմյանց դեմ, այլ փոխադարձ ընդունելի ելքեր գտեք։ Եթե ձեր նպատակը Հայաստանի գերագույն շահն է, մեր մի բուռ մնացած հող հայրենին է, մեր պետությունն ու անկախ պետականությունն է, ոչ թե ձեր անձնական դիրքն ու աթոռը, իշխանության մնալու կամ իշխանության գալու մարմաջը, ուրեմն կգտնեք այդ ելքը։Կա՛նգ առեք, մարդի՛կ։ Մի փոքր լռե՛ք։ Լռության մեջ լսե՛ք Աստծոյ ձայնը, որ մեզ հաշտության է կոչում։ Մեզ հանրային հաշտություն է պետք։ «Միմյանց հետ եղե՛ք քաղցր, գթած՝ ներելով միմյանց, ինչպես որ Աստված ներեց մեզ Քրիստոսով» (Եփս․ Դ 32)։