Թե հանկարծ մի օր կյանքից բողոքես,
Էլ ապրել չուզես,
Հոգնես, հանձնվես,
Կյանքին չժպտաս ու հուսահատվես,
Այդ պահին հիշի´ր,
Քոնը՝ հոգսեր են, այն էլ՝ լուծելի,
Մարդ կա ոտք չունի,
Զույգ ձեռքեր չունի,
Մարդ կա աչքի լույս ու լեզու չունի։

Դու մտածե՞լ ես,
Մարդն ի՞նչպես կապրի առանց ձեռքերի,
Ինչպե՞ս լվացվի,
Ինքնուրույն սնվի,
Գրի՛, նկարի,
Իրեն պաշտպանի,
Կամ երեխային գրկի՛, գուրգուրի:
Դու մտածե՞լ ես,
Ոտք չունեցողը, ինչպե՞ս կվազի,
Երբ ճանապարհին իր որդուն տեսնի,
Ում, ինչ որ ստահակ ծեծի ենթարկի,
Ականջը ձգի, հայհոյանք անի:
Դու մտածե՞լ ես,
Անլեզու մարդը ինչպե՞ս հասկացնի,
Որ ցավեր ունի,
Կամ չլսողին, ինչպե՞ս բացատրես,
Որ զգույշ լինի:
Իսկ նա, ով՝ լույսը երբեք չի տեսել,
Կարծու՞մ ես օրը հեշտ է ավարտել,
Եթե փորձել է անգամ շարժվել,
Մեկը հրել է,
Մյուսը հայհոյել,
Ծաղրել են հաճախ,
Մեկ-մեկ էլ ստուգել,
Տեսնում է արդյո՞ք, թե ձև է արել,
Հաճախ խղճացել,
Հաճախ ցավացրել,
Եկել գնացել, բեռ են անվանել,
Մեկ քաշքշել են,
Մեկ արհամարհել,
Անլույս աչքերը արցունքով լցրել։
Տեսնու՞մ ես կյանքում ինչեր են լինում,
Իսկ դու ասում ես. «Ապրել չեմ ուզում»…
Նման մարդկանցով միշտ եմ հիացել,
Հպարտացել եմ նաև զարմացել,
Որ այդուհանդերձ,
Կարողացել են ծիծաղել անկեղծ,
Իսկ մե՞նք…
Ամենաչնչին, աննշան հոգսից,
Հուսահատվել ենք, դժգոհել կյանքից։
Սա թող դաս լինի բոլոր բոլորիս,
Որ ամեն անգամ հոգս ունենալիս,
Հիշենք այն մարդկանց,
Ովքեր՝ դեռ սրտանց բարև են տալիս,
Եվ ամենամեծ հոգսն ունենալիս
Մնացած կյանքը տանուլ չեն տալիս,
Ու եթե անգամ հոգով են լալիս,
Արդ մեկ է կյանքին ժպիտ են տալիս։

Լիլի Շակրին

споделяне в социални мрежи

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.