Սիրտս եկել է կանգնել կոկորդիս,
Ո՛չ կուլ է գնում, ո՛չ էլ դուրս գալիս,
Հոգիս ծանրացել՝ նստել է շնչիս,
Ո՛չ խեղդում է ինձ, ո՛չ էլ շունչ տալիս…

Կոպերս՝ մռայլ ամպերի նման,
Իջել են թախծոտ ու խեղճ աչքերիս,
Բիբերս՝ մի կույր ծերունու նման,
Խավարում լույսի շող են ման գալիս…
Իսկ հո՜ւյսս, հո՜ւյսս անհույսի նման,
Իր ամբողջ ուժով գոռո՛ւմ է, լալի՛ս,
Խավար մտքերիս լաբիրինթոսից՝
Իմ ազատության դո՛ւռն է ման գալիս…
Ա՜խ, ճկռել եմ ծանր ցավերից,
Բայց չե՛մ ՉԱՐԱՑԵԼ այս դառը կյանքից,
Եվ, եթե անգամ հո՛ւյսն էլ ինձ չօգնի՝
Ես չե՛մ կործանվի,
Իմ համբերության ճաքած բաժակը՝
Երբեք չի՛ լցվի…

Ա. Երիմյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert