«Երիցս ճշմարիտ էր Կարեն Դեմիրճյանը, և այսօր միանշանակ է, որ մեր ազգային հիմնախնդիրները լուծելի կլինեն, եթե յուրաքանչյուր հայի համար ազգային ինքնության պահպանումն իմաստավորված անհրաժեշտություն դառնա ու հիմք՝ ապավինելու մեր միասնական ուժին ու հավաքական կամքին,
եթե ազգի ու ժողովրդի համար պատմական պահի բախտորոշության գիտակցումն ամեն մի հայի համար գործողության ազդակ ու իր ազգային պետության կայացման ուխտին հավատավոր մասնակից դառնալու պահանջմունք թելադրի: Սրանք չպետք է ընկալվեն որպես չարչրկված ու նաև տեղի-անտեղի էժանագին գործածության առարկա դարձած հանգեր այլ պետք է դառնան մեր ազգային տեսակի բանական գոյի ինքնահաստատման ու լինելիության այբուբենը:Այն, ինչ արդեն պատմություն է, Աստվածն անգամ փոխել չի կարող: Եվ ինչպես սիրում էր շեշտել Կարեն Դեմիրճյանը, մեր հայացքներն այսօր ապագային պետք է հառենք։ Ժամանակակիցներիս է վիճակվել լուծել ազգային այնպիսի գերխնդիրներ, որոնք ապագա սերունդներին այլևս լինել-չլինելու երկընտրանքի առջև չեն կանգնեցնի։ Դա, իր հերթին, մեր համահավաք ներուժի գործադրման բոլորովին նոր որակ է պահանջում։ Պահանջում է դաս քաղել մեծն Րաֆֆու մտահոգությունից․ «Ձգեցեք հային մենակ, նա արժանավորապես կպաշտպանի իր գլուխը։ Բայց խմբեցեք մի քանի հայերի միասին, և նրանք՝ պաշտպանվելու կամ հարձակվելու փոխարեն կսկսեն խորհել, մտածել, հակաճառել և վերջապես թշնամուն թողած՝ միմյանց միս ուտել»: Պահանջում է դաս քաղել Դերենիկ Դեմիրճյանի պատկերավոր ընդհանրացումից, երբ «Հային» բնութագրելով՝ շեշտում է․ «Թվով ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը…Այս չաղոթող ցեղի Նարեկացու շուրթերից թռավ աղոթքի ամենաբարձր թռիչքն առ Աստված։ ․․․Ինչպե՞ս ճանաչես նրան, ինչպե՞ս չափես։ Իր չափը չափազանց է․․․» Հիշատակի խոսք #տնիցթանգարան#Կարեն_Դեմիրճյանի_թանգարան