Կուզեմ գնալ, հեռու գնալ,
Կուզեմ մի քիչ մենակ մնալ,
Թողե՛ք գնամ, հանգստանամ,
Եվ միգուցե անկեղծ ժպտամ…
Գուցե ժպտամ, այնպե՛ս ժպտամ,
Որ ինքս ինձ չհավատամ,
Ա՜խ, գուցե և դառը ողբամ,
Այնպե՛ս ողբամ, որ հավատամ…
Չէ՞ որ ձայնով ողբի համար
Մի ողջ կյանք եմ արդեն սպասում,
Այդ կեղծավոր ժպի՛տն է որ՝
Դանդաղ մահով ինձ է սպանում…
Ոչ կին գտա առաքինի,
Որ գլուխս դնեմ կրծքին ու հեկեկամ,
Ոչ էլ ընկեր հավատարիմ,
Որ գաղտնիքս բաց անեմ ու հանգստանամ..
Շատ եմ հոգնել կեղծիքներից,
Շատ եմ տուժել ու ցավ ապրել
Իմ կեղծավոր ընկերների
Հուդայական համբույրներից…
Ու զզվել եմ կին ասվածից,
Որ համբույրով շուրթ է այրում,
Որ անկողնում հրեշտակից,
Ա՜խ, գրեթե չի տարբերվում.
Սողոսկում է օձի նման
Ու աննկատ ծոցդ մտնում,
Սիրում, սիրվում, հետո թույնում,
Հեռանում ու դավաճանում…
Մենություն եմ հիմա ուզում,
Ոչ մարդկություն, ոչ բնություն,
Անապատ եմ միայն ուզում՝
Անծայրածի՜ր ամայություն…
Թողեք գնամ ես իմ բեռով,
Ես իմ ծանր ծանրությունով,
Թողեք գնամ ես իմ ճամփով
Ու տապակվեմ իմ խոր ցավով…
– Անգութ մարդի՛կ, թե ուզո՛ւմ եք
Ձեր ցավերն էլ մեջքիս դրեք,
Չե՛մ տրտնջա, լո՜ւռ կտանեմ,
Թեև գիտեմ, որ կծնկեմ…
Ե՛ս էլ գիտեմ, դո՛ւք էլ գիտեք,
Որ չեք խղճա ու կբարձեք,
Աններելի ձեր մեղքերն էլ
Պարանոցիս կփաթաթեք…
Լավ է ինքս խելոք կանգնեմ,
Հնազանդվեմ ու համբերեմ,
Մինչև բեռս ամուր կապեք,
Ա՜խ, միայն թե ազատ թողնեք…
Լավ է լինեմ
Խոնարհ ծառան ազատության,
Քան իշխանը
Ազատազուրկ ողջ պետության…
Լավ է քնեմ ու չարթնանամ,
Քան արթնանամ ու չքնեմ,
Լավ է մեռնեմ ու էլ չապրեմ,
Քան ապրեմ ու հոգի սպանեմ…
Ախր նման
Խղճուկների վերջն էլ գիտեմ,
Որ ապրում են,
Բայց ապրելու կարգ չգիտեն…
Երկրից երկինք
Օրենքներ են թելադրում,
Իսկ երկնքի
Սահմանածը զանց են անում…
Օրենքները կարծես տաբատ՝
Կար անողի մոտ են տանում,
Հպարտորեն հագնում, կանգնում,
Փորը չափում ու պահանջում,
Որ կարողը իջնի ծնկի,
Պիտի բոյն էլ չափի, գծի,
Գծի, կտրի, հետո կարի,
Փողով այսօր ի՞նչ չի արվի…
Օրենքներ են գրում – ջնջում,
Արդարների գլուխ ուտում,
Օրենքներ են հորինում ու
Մարդասպանին արդար հանում…
Բարությունը չարության դեմ
Միշտ է ծնկի եկած ապրում,
Ախր ե՞րբ չեն անմեղները
Մեղավորի զոհը դառնում…
Որբի հացը խժռում են,
Եկեղեցու քարտեզ գծում,
Ծերանոցը անտեսում են,
Տաճարների հիմքեր գցում…
Ու վերջում էլ հավաքվում են
« Խեղճ ու կրակ » հարուստներով,
Գառներ մորթում, մատաղ անում,
Աղքատներին անտեսելով…
Խրախճանք են կազմակերպում,
Գինի լակում, զվարճանում,
Անկուշտի պես ո՜նց են լափում,
Մռութներն էլ թաթով մաքրում…
Քրքջացեք, հռհռացեք,
Ախր ինչքա՞ն պիտի ապրեք,
Մեկին այսօր, մյուսին վաղը,
Ցույց կտան իր գերեզմանը…
Բայց մեռնողը, այն քեֆ անող
Առյուծ կտրած խեղճ մեռնողը,
Էլ չի լսի իր դավաճան,
Սուտ ընկերոջ քրքջոցը,
Ով թաղմանը մի հաստավիզ
Մեկի կողքից ամուր կպած,
Գործերից է ասում – խոսում
Իր աճյունից հեռու կանգնած,
Կամ գերեզման գնալ – գալուց
Անեկդոտ է կամաց պատմում,
Իսկ սեղանին՝ սգո դեմքով
Ողջ բազմություն մխիթարում…
Ցա՜վ եմ ապրում, հավատացե՛ք,
Մեռնելու չափ ցավ եմ ապրում,
Այս աշխարհի օրենքները
Նետ են դառնում, սիրտս խոցում,
Երբ տեսնում եմ, թե ինչպես են
Աղքատները կույր ձևանում,
Թե ինչպես են փողն ու շահը
Հարուստների աչքը կապում…
Էլ ո՞նց մնամ, էլ ո՞նց ապրեմ,
Ո՞նց պապանձվեմ ու չխոսեմ,
Ոչ հարուստ եմ շահից խաբվեմ,
Ոչ էլ աղքատ, որ հարմարվեմ…
Ոչ շատ տաք եմ, որ ջերմացնեմ,
Ոչ էլ սառը, որ հովացնեմ,
Դեռ պատանի՝ վշտից ծնկել,
Գոլացել եմ ու ծերացել…
Թեև գիտեմ, որ գոլով են
Տաքն ու սառը զանազանում,
Բայց դառնացած հոգուս խորքում
Արտասվում եմ ու սուգ անում,
Չէ՞ որ Աստծո խոսքն էլ գիտեմ,
Որ գոլերին միշտ է փսխում..
Ա. Երիմյան