Ծանր և անորոշ այս ժամանակներում, երբ յուրաքանչյուր օր արթնանում ենք արդեն իսկ տագնապի զգացումով, երբ ամեն օր լսում ենք, կարդում ենք լուսավոր, խոստումնալից ապագայով երիտասարդների ծանր կորստյան բոթեր, դժվար է խոսել որևէ ձեռքբերման, որևէ հաջողության մասին: Սակայն իրենց կյանքի գնով մեր այսօրը կերտած հերոսները, որ այլևս անմահների երկնային զորքին են պատկանում, չէին ցանկանա մեզ տեսնել ընկճված, հուսաբեկ և թևաթափ։

Կազմել և հրատարակել եմ «Հակոբ Պարոնյան. կենսամատենագիտություն» փոքրիկ գրքույկ-ուղեցույցը։ Պարոնյանի կենսամատենագիտությունն առաջին անգամ է լույս տեսնում․ ի դեպ այս տարի լրացավ Հակոբ Պարոնյանի 177-ամյակը: Հանճարեղ երգիծաբանը, ով համաշխարհային երգիծաբաններին գերազանցող, այո՛, գերազանցող տաղանդով ի դերև հանեց ազգային ջոջերին, մեծապատիվ մուրացկաններին, իր ապրած կարճատև կյանքի ընթացքում շարունակ պախարակեց մեր ազգային (և ոչ միայն) այպանելի կողմերը, երգիծանքով փորձեց դասեր տալ, խրատել, քանզի սրտացավ էր իր ազգի հանդեպ, այդպես էլ անտեսված մնաց, չարժանացավ այն ուշադրությանն ու հարգանքին, որին արժանի էր։ Կարդացինք, ծիծաղեցինք, մտքում ասացինք՝ հանճարեղ է, դիպուկ է, և անցանք առաջ։ Մոռացանք կամ պարզապես չցանկացանք դասեր քաղել․․․ և ծնվեցին նոր ազգային ջոջեր, նոր երեսփոխաններ ու մեծապատիվ մուրացկաններ, սակայն, ավաղ, այլևս Պարոնյան չծնվեց․․․Առաջիկա ամիսներին լույս կտեսնեն նաև Հակոբ Պարոնյանի՝ «Մեղու» և «Թատրոն» երգիծաթերթերում դերանուն-ծածկանուններով հրապարակված երկերը, որոնք ընդգրկված չեն եղել նրա որևէ հատորյակում։ Գրքույկն արդեն առկա է ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանում, Ավ․ Իսահակյանի անվան թիվ 21 գրադարանում, շուտով հասանելի կլինի նաև Ազգային և մարզային բոլոր գրադարաններում։ Սիրով կնվիրեմ բոլոր իսկապես հետաքրքրված անձանց (խնդրում եմ գրել անձնական նամակ՝ պայմանավորվելու համար) Շնորհակալ եմ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ, ում ամենաթանկ նվիրումի շնորհիվ դեռ կարող եմ զբաղվել սիրած մասնագիտությամբ, Շնորհակալ եմ գիտական ղեկավարիս՝ Ալբերտ Մակարյանին, գրքույկի կազմման գաղափարը ողջունելու և քաջալերելու համարՇնորհակալ եմ Էդիթ Պրինտ Հրատարակչություն/Edit Print Publishing House – ին որակյալ և սեղմ ժամկետներում տպագրությունն իրականացնելու համար

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert