«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Իրանում բնակվող փաստաբան Ժոզեֆ Ամիրյանը։
–Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում Սփյուռքի հինգ տասնյակից ավելի կառույցներ: Իրանահայության անունից նույնպես այդպիսի հայտարարություններ եղան։ Որքանո՞վ է դա իրանահայության և որքանո՞վ Դաշանակցության տեսակետը։
– Թույլ տվեք ասեմ, որ Սփյուռքը ո՛չ իրավական և ո՛չ բարոյական դիտանկյունից բացարձակապես իրավունք չունի Հայաստանի կամ Արցախի համար իշխանություն ձևավորելու հարցում միջամուխ դառնալ։ Օգնե՞լ՝ այո, բոլորիս համար ճանապարհը բաց է, բայց այլ երկրում նստած Հայաստանի համար իշխանություն ընտրել՝ ոչ։ Այդ և այլ բոլոր իրավունքների համար պետք է ապրել հողի վրա, ինչպես բոլորը՝ ծառայել բանակում, ստանձնել բոլոր պարտականություններն ու, հետևաբար, ունենալ բոլոր իրավունքները, այդ թվում՝ իշխանություն ձևավորելու իրավունքը։
Սփյուռքից Հայաստանի ներքաղաքական առճակատումներին մասնակցելը վնասելու է թե՛ Սփյուռքին, թե՛ Հայաստանին և թե՛ Հայաստան-Սփյուռք հարաբերություններին։ Իշխանություն ձևավորելու իրավունքը միմիայն պատկանում է հայրենի հողի վրա արարող ժողովրդին։ Բնականաբար, սփյուռքից, մենք ևս կարող ենք այս կամ այն հարցում դրսևորել տեսակետներ, բայց այդ տեսակետները պետք է դրսևորել շատ զուսպ և զգուշավոր։
Ձեր նշած հինգ տասնյակ անուններին չպետք է լուրջ վերաբերել, դրանց մեծամասնությունը կամ գոյություն չունեն կամ գրանցված չեն, կամ էլ նույն կուսակցությունն է տարբեր անուններով։ Որքան գիտենք Հայստանում էլ գրանցված են գոյություն չունեցող քանի տասնյակ կուսակցություններ:
Սփյուռքից, միայն ՀՅԴ-ն է, որ նման հարցեր է հարուցում։ Հիշեցնեմ, որ 1993-ին ՀՅԴ-ն Իրանում հայտարարություն հրապարակելով դատապարտեց Արցախի հերոսական ազատագրումը, իսկ հիմա՝ նույն հողերի մեր ցավալի կորստի համար դավաճաններ է փնտրում։
Սփյուռքի երեք ավանդական կուսակցություններից երկուսը՝ Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ) և Ռամկավար ազատական կուսակցությունը (ՌԱԿ), իսկ ոչ ավանդականներից՝ Հայկական ժողովրդային շարժումը (ՀԺՇ), Եվրոպայի հայերի համագումարը (ԵՀՀ) և տարբեր երկրներում բազմաթիվ այլ հասարակական, հետազոտական և մշակութային կազմակերպություններ նման արկածախնդրություններին մաս չեն կազմակում:
ՀՅԴ-ի նման ծայրահեղական մոտեցումները, մեղմ ասած, չի ողջունվում Սփյուռքում, և դա Սփյուռքին վերագրելը շատ մեծ սխալ է։
– Հայաստանում ստեղծված իրավիճակում ինչպիսի՞ լուծում եք տեսնում։
– Հայաստանը դիմագրավում է երկու մարտահրավեր, մեկը՝ արտաքին և մյուսը՝ ներքին: Առկա են նաև այժմեական կամ անհետաձգելի բազմաթիվ հարցեր, ինչպես զոհվածների, գաղթականների և գերիների և այլն։ Բոլոր հարցերի, այդ թվում՝ արտաքին ճակատում բազմաթիվ և բազմաբնույթ մարտահրավերին դիմագրավելու համար անհրաժեշտ է երկրի լիակատար կայունությունը։
Ներկա պայմաններում անկայունացնող ցանկացած գործունեություն, ոչ միայն վնասակար, այլ վտանգավոր է։ Հայաստանի նոր պայմաններում յուրաքանչյուր հարց լուծելու համար առկա է օրինական դաշտ։ Հավելեմ, ամենավատ օրենքը, գերադասելի է անիշխանական վիճակին։ Հետևաբար, Հայաստանյան այն քաղաքական կազմակերպությունները, որ պատերազմում մեր բոլորի պատասխանատվությամբ արձանագրված ձախողությունների համար՝ իրենց համարում են սրբեր, իսկ մյուսներին դավաճաններ, նրանք կրքեր բորբոքող էժանագին ամբոխավարներ են։ Օրենքի երկրում կրքեր բորբոքելով հեղաշրջման, հեղափոխության, քաղաքացիական պատերազմ, եղբայրասպանության կոչեր անողները երկրի կայունությանը սպառնացող տարրեր են։
Նման քաղաքական կազմակերպությունները, վստահաբար, գիտակցում են, որ չեն վայելում ՀՀ քաղաքացիների աջակցությունը և օրինական ճանհապարով չեն կարող հասնել իշխանության, իսկ Հայաստանի ներկա իշխանությունները, ես կարծում եմ, պատերազմական վիճակին հաջորդող կայունությունից հետո կգնա ժողովրդի կողմից իր մանդատի վերահաստատման, վաղահաս ընտրությունների։
–Պարոն Ամիրյան, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է զարգանան հայ–իրանական հարաբերությունները։
– Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը Թուրքիայի հետ մարտավարական բնույթ են կրում, իսկ նրանց հակասությունները Թուրքիայի հետ ունեն մնայուն ռազմավարական բնույթ։ ՌԴ- Թուրքիա հարաբերություններում, դա ակներև դարձավ նույնիսկ պատերազմի օրերին և պատերազմի ավարտից առաջ, երբ խզվեց նրանց պայմանավորվածությունները։ Թուրքիան ամեն միջոցի դիմեց տապալելու Ադրբեջանի վարչական տարածքում ՌԴ-ի ռազմական ներկայությունը, չմոռանանք Թուրքիայի կողմից նոյեմբերի 9-ին ռուսական ուղղաթիռի խոցվելու համարձակ քայլը։
Հայաստանը նոր իրավիճակում Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված սահմանների վերականգնումի աշխատանքի կողքին, պետք է հետևողականորեն լծվի երկրի տնտեսական և ռազմարդյունաբերության զարգացման աշխատանքին, եկող հավանական սպառնալիքներին դիմակայելու համար և այստեղ Սփյուռքը ունի անելիք։ Հայաստանի հզորացումը բացի Թուրքիայից և Ադրբեջանից չի մտահոգելու մեր մյուս հարևաններին։ Հայաստան- Իրան հարաբերությունները, անկախ իրենց ապրած ելևէջներից հակված են զարգանալու:
Իսկ Իրանի մասով, իրանի վերջին ժամանակահատվածի դանդաղկոտ և պասիվ քաղաքականությունը և իր անմիջական հարևանությամբ Թուրքիայի, Իսրայելի աննախընթաց ակտիվացումը, ավելի շեշտակի դարձրեց, Հայաստանի տարածաշրջանային դերակատարությունը թե՛ անվտանգության և թե՛ առևտրատնտեսական առումով։ Նույնիսկ Իրանում աննկատ չանցավ ՀՀ-ի կողմից թուրքական ապրանքները բոկոտելու պարագան։
Իրանը, որ վերջերս ողջունեց Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ռազմական գործողությունները, արդեն չի թաքցնում իր մտահոգությունները, այդ թվում Նախիջևան-Ադրբեջան ճանհապարային ուղի ստեղծելու հետևանքների, Իրանի հավանական շրջանցման, ընդհուպ մեկուսացման և անվտանգության առումով այլ մտահոգությունները։ Իրանում չեն անտեսվում նաև Կասպից ծովի վրայով Միջին Ասիայի գազային պաշարներ հասնելու Թուրքիայի ախորժակը, ինչը կրկին շրջանցելու է Իրանին։ Այս բոլորը և Անկարայի և Բաքվի Իրանի տարածքային ամբողջականության դեմ մերթ ընդ մերթ, իսկ վերջերս հաճախ երևացող գռեհիկ քաղաքականությունը, որին մինչ օրս Իրանը հակադարձում է խիստ ինքնազսպվածությամբ, խոսում է այն մասին, որ մեր խնդիրները նոր սկսում են, ուստի և Երևանը, այս կամ այն ձևով պետք է ապահովի, շուտափույթ ներքին կայունություն և անցնի գործի։
- Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան