Էդուարդ Երիցեան

Անկախ ամեն ինչից, անկախ նրանից որ պատերազմի և պարտութեան համար ով կամ ովքեր են մեղաւոր, Հայաստանը այս երկու տարիների ընթացքում ձեռքբերումներ է ունեցել, որոնց պահպանումը էական և նոյնիսկ ճակատագրական նշանակութիւն ունեն։
Հիմա Հայաստանը ժողովրդավարական երկիր է, պետութեան գործունէութիւնը թափանցիկ է կայ խօսքի և ցոյցերի ազատութիւն և համարեա թէ բացակայում է կաշառակերութիւնն ու պետական միջոցների իւրացումը։
Մամուլի ազատութեան օրինակով կարելի է խօսքի ազատութիւնը տեսնել։
Հեռուստաալիքներից հետևեալները ընդդիմութեանն են պատկանում, Արմենիա, Շանթ, Երկրորդ Ալիք, Արմնյուզ, Երկիր Մեդիա, Կենտրոն, Ա թի վի, 5-րդ Ալիք, Շողակաթ։ չեզոք կարելի է համարել Ար-ին և Դար 21-ին, իսկ մասամբ իշխանամետ Նոր Հայաստանն ու հանրային հեռուստաընկերութիւնը։ Տպագիր մամուլի մեծ մասը ևս ընդդիմութեան վերահսկողության տակ է։
Յեղափոխութիւնից յետոյ առարկութիւն չի եղել և ոչ մի ընտրութեան նկատմամբ։
Կապանում և Աբովեանում պարտւել են իշխանամետ թեկնածուները և ընդդիմադիր թեկնածուներն են ընտրւել որպէս քաղաքապետ։
Ցոյցերի ազատութիւնը նոյնիսկ ծայրայեղութեան է հասնում։ Այն հանգամանքը որ ցոյցը իրազեկւած չի քաղաքապետարանի մօտ, որ օրէնքի պահանջ է, արգելք չի հանդիսանում որ այն կայանայ։ Նախկինների ժամանակ չէր թոյլատրւում ցույցի վայրում վրաններ տեղադրել, հիմա թոյլատրւում է։ Առաջ այն ժամանակուայ ընդդիմադիրների ցոյցերի ժամանակ ոստիկանութիւնը փակում էր Երևան հասնող ճանապարհները, հիմա չեն փակւում։
Պետական ծառայողների աշխատավարձերն են բարձրացել, մինչև 18 տարեկան երեխաների բուժումը, սրտի և ուղեղի կաթուածների բուժումը պետութեան հաշվին են, նորածինների համար միանւագ վճարը կրկնապատկել է ։ Գիւղատնտեսութեան և արդիւնաբերութեան զարգացման համար պետական ֆինանսական օգնութեան բազմապիսի ծրագրեր են իրագործւում։ Ճանապարհներ են կառուցւում, բարեկարգւում և արտօնութիւններ են ստանում սահմանամերձ գիւղերը։ Անտառները չեն հատւում։ Բանտարկեալների թիւը մօտ 40 տոկոսով պակասել է։ Եւ այսպէս շարունակ։
Այս ամեն, անցեալի համեմատ լրացուցիչ ծախսերը հնարաւոր է եղել կատարել, օրէնքի համապատասխան հարկեր գանձելով և պետական միջոցների իւրացման առաջն առնելով։
Ինչու է այս ամենի պահպանումը ճակատագրական։ Անցեալում երկրից արտագաղթում էր տարեկան 30-ից 40000 մարդ, հիմա` շատ աւելի քիչ։ Եթէ նորից անցեալին վերադառնանք, 20 տարի յետոյ հնարաւոր չի լինի պետականութիւնը պահպանել։

Եթէ արտահերթ ընտրութիւնները կազմակերպեն Վազգէն Մանուկեանի թիկունքում կանգնած 16 կուսակցութիւնները` մենք կրկին կունենանք չընտրուած խորհրդարաններ և չընտրուած վարչապետեր, թերկատարւող հարկահանութիւն և պետական միջոցների համատարած թալան, կաշառակերութիւն և դատական անարդարութիւն։ Այլ թեկնածու, որ ուզի ժողովրդավարութիւնը պահպանի ընտրուելու շանս չունի։

Հետևաբար անկախ ամեն ինչից այս իշխանութիւնը պիտի մինչեւ արտահերթ կամ հերթական ընտրութիւններ գործի, այլ ելք չկայ։

www.yerepouni-news.com

Հ.Գ. Էդուարդ Երիցեանը հայրենիք տեղափոխված մտավորական, ՀՅԴ Իրանի «Ալիք» օրաթերթի երբեմնի գլխավոր խմբագիրն է. (Ն.Խ.)

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert