Բացառիկ հարցազրույց ԱՍԱԼԱ-ի ներկայացուցիչ
Արամ Հայկազյանի հետ

Հայաստանի հետպատերազմական իրավիճակի, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության մարտահրավերների և ՀՀ-Սփյուռք համատեղ ծրագրերի մասին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) տեղեկատվության բաժանմունքը զրուցել է ԱՍԱԼԱ-ի քաղաքական դիվանի ներկայացուցիչ Արամ Հայկազյանի հետ, որը հրապարակում ենք:

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ


Հարցում. Սկսենք ամենավերջին զարգացումներից՝ պատերազմից։ Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը և հետպատերազմական հայկական իրավիճակը։
– Նախևառաջ, պետք է սրբագրել քիչ թե շատ տարածված այն սխալ միտքը, որ մենք պարտվել ենք Ադրբեջանին։ Հայաստանը չի՛ պարտվել Ադրբեջանին։ Ադրբեջանը Հայաստանին հաղթող պետություն չէ։ Հայաստանի դեմ պատերազմել է ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ ցամաքային բանակը ունեցող Թուրքիան, իր ամենաարդիական ապառազինությամբ։ Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների պատերազմում մասնակցել են թուրքական բանակի էլիտար ստորաբաժանման 2 հազար 783 զինծառայող։ Ավելին, Թուրքիան պատերազմի առաջնագծում, որպես թնդանոթի միս է օգտագործել հազարավոր վարձկանների։ Ադրբեջանը հաստատում է, որ իր զոհերի թիվը, առանց անհայտ կորածների, 3000 է։ Բնականաբար, զոհերի իրական թիվը շատ ավելի մեծ է, մանավանդ, որ հայտարարված թվում չեն ընդգրկվում սպանված թուրքերը, օտրաերկրացիները և առաջնագծում օգտագործվող հազարավոր վարձկանները։
Էական է, և չպետք է մոռանալ նաև Իսրայելի գործոնը, թե՛ սպառազինման և թե՛ փորձագետների առումով։ Չանտեսենք նաև, Պակիստանի քաղաքական և ռազմական աջակցությունը, մինչ Հայաստանը պատերազմել է, մեն մենակ։ Ձեզ վստահեցնում եմ, որ տարածաշրջանի, 30, 40 միլիոն և դեռ ավելի բնակչություն ունեցող երկրները, մեզանից ավելի փայլուն պատերազմ չէին կարող մղել։ Ադրբեջանը, հակառակ իր միլիարդավոր սպառազինության, իր սեփական կարողություններով ոչ միայն չէր կարող հաղթել Հայաստանին, այլ նույնիսկ չէր համարձակվելու պատերազմ սկսել։ Ալիևը եթե հաղթել է, ապա ոչ իր պատերազմում։
Այս հարցի ճիշտ ընկալումը էական և առաջնային նշանակություն ունի մեր ժողովրդի հավաքական գիտակցության և հոգեբանության վրա թողած ազդեցության առումով։ Ենթադրել, թե մենք պարտվել ենք Ադրբեջանին, դա մեր ժողովրդի համար հիասթափեցնող է, մինչ թուրք-ադրբեջանական ճակատի դեմ մեր Բանակի հերոսական պատերազմը, ոչ միայն հիասթափեցնող չէ, այլ խոր մտորումների տեղիք տվող հարց է, և հպարտության առիթ։ Պատմությունը խոշոր տառերով է արձանագրելու, և մեր գալիք սերունդները հպարտանալու են, Արցախյան և՛ առաջին և՛ երկրորդ պատերազմների համար։
Այլ հարց, որ մենք պետք է դժգոհ լինենք մեզանից, մեզ վայել արդյունք չունենալու համար։
Չմոռանանք, որ այս պատերազմով «լուծվել» են նաև աշխարհաքաղաքական հարցեր, այդ պատճառով էլ Թուրքիայի կողմից իրականացված միջազգային հանցագործությունը՝ ահաբեկիչների օգնությամբ պետական սահմաններ գծելը, չպատժվեց, և կցկտուր բառերից բացի, չդատապարտվեց միջազգայնորեն։ Ընդհակառակը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Հայաստանի բարձրացրած հարցը, խոչընդոտվեց, թուրք-ադրբեջանական ճակատին զորակցող պետությունների, այդ թվում Մեծ Բրիտանիայի կողմից։

Հարցում. Արդյոք հայ ժողվուրդը պետք է հաշտվի՞ պատերազմի արդյունքի հետ: Եթե ոչ, ստեղծված իրավիճակում՝ ուժերի բացահայտ դիսբալանս, աշխարհաքաղաքական գործոններ, միջազգային հանրության, մեղմ ասած անտարբերության պայմաններում, Հայաստանը և հայ ժողովուրդը ինչպե՞ս պետք է վերաբերվեն այս հարցի հետ։

– «Միջազգային հանրության» կեցվածքը միանշանակ չէ։ Նրանց որոշ ներկայացուցիչների դիտանկյունից, Արցախը ի սկզբանե Ադրբեջանին է պատկանել, սկսած այն օրից՝ երբ նույնիսկ Ադրբեջանը գոյություն չի ունեցել, ըստ նրանց Դադի վանքն էլ, Տիգարակերտն էլ, Շուշին էլ հայկական չեն։ Հայ ժողովուրդը ինչպե՞ս կարող է հաշտվել նման անհեթեթության հետ, երբ նշյալ ուժերը առաջնորդվում են ոչ թե իրավունքի և արդարության, այլ ընդհակառակը, դրանց անտեսելու և ոտնահարելու սկզբունքով։
Հետևաբար, մենք պարտավոր ենք անել յուրովի եզրակացություններ և առաջնորդվել մեր օրակարգի թելադրանքով։ Եթե ընդունենք, որ սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի ծրագրողներն ու նախաձեռնողները պատերազմը սկսեցին իրենց համար աշխարհաքաղաքական «բարենպաստ պայմաններում և ժամանակահատվածում», ապա մենք, որպես պետություն և ազգ, մեր իրավունքներին տեր կանգնելու համար մեզ իրավունք ենք վերապահում հակադարձել նույն տրամաբանությամբ։

ՄԱՍՆԱՏՎԵԼՈՒ Է ԿԱ՛Մ ԹՈՒՐՔԻԱՆ, ԿԱ՛Մ ԻՐԱՆԸ

Հարցում. «Հայաստանը պետք է խելք հավաքի։ Հայ քաղաքական գործիչները, սփյուռքը իրենց ժողովրդին հասցրել են դժբախտության։ Եթե հայ ժողովուրդը կարողանա դասեր քաղել Ղարաբաղյան պատերազմից, ապա տարածաշրջանում կսկսվի նոր դարաշրջան», 2020թ. դեկտեմբերի 10-ին, Բաքվի զորահանդեսի ժամանակ հայտարարեց Թուրքիայի նախագահ Էրդողանը և հավելեց, որ «ադրբեջանական հողերի ազատագրումը չի նշանակում, թե պայքարն ավարտված է»։ Իսկ Ալիևն իր ելույթում նույնիսկ Զանգեզուրը, Սևանը և անգամ Երևանն Ադրբեջանի պատմական տարածքներ անվանեց։ Հարցը հետևյալն է, որ Արցախում ռուս խաղաղապահների ներկայության և ՌԴ-Հայաստան ռազմավարական դաշինքի առկայության պայմաններում, այսօր Հայաստանն ու Արցախը որքանո՞վ են անվտանգ, պատերազմը ինչպե՞ս է ավարտված, երբ Էրդողանը ճիշտ հակառակն է պնդում, իսկ ուժերի անհամաչափության ներկա պայմաններում, Հայաստանն ու հայությունն ի՞նչ միջոցներով են դիմակայելու թուրք-ադրբեջանական սպառնալիքներին, առավել ևս՝ ինչպե՞ս է իրականանալու հայկական կողմից «հակադարձ» պատասխանը։

– Քանի Թուրքիան գոյություն ունի, մշտապես հավակնություններ է ունենալու Հայաստանի տարածքների հանդեպ, դա կարող է լինել ուղիղ սպառնալիք կամ հերթական հռետորաբանություն։ Սակայն Թուրքիան սպառնում է ոչ միայն Հայաստանին այլ բացահայտորեն հողային պահանջներով է հանդես գալիս Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի և հարևան այլ երկրների նկատմամբ, իսկ քրդերին՝ սպառնում ցեղասպանությամբ։
«Ռուսաստանը, իր 25 միլիոն մահմեդականներով կմասնատվի ներսից», ընդամենը ամիսներ առաջ հայտարարեց Էրդողանի խորհրդականը, իսկ Բաքվի ձեր նշած զորահանդեսի ժամանակ, Էրդողանը չսահմանափակվեց Հայոց ցեղասպանության պատասխանատու երիտթուրք Էնվերին մեծարելով, այլ քմծիծաղով բանաստեղծություն արտասանեց՝ Թավրիզ քաղաքը ադրբեջանական հողամաս համարելով, ուղիղ սպառնալով Իրանի տարածքային ամբողջականությանը, և դա երբ իրանական զորքերը դիրքավորվել էին Արաքսի հարավային ափում:
Իրանը մասնատելու Թուրքիայի վաղեմի երազանքը ունի միջազգային քաջալերողներ և հովանավորներ։ Իրանը մասնատելու համար Թուրքիան փորձում է, քրդական հարցը լուծել ի վնաս Իրանի, օգտվելով Իրանում թուրքախոսների լուրջ գործոնը, որ թուրք- ադրբեջանական մեծ ֆինանսավորումներով վերջին տարիներում աննախադեպ ծավալներով աշխուժացել է, մինչ Թուրքիան ինքը ունի եռապատիկ և ավելի քուրդ բնակչություն։ Մեր համոզմաբ, երկու բազմաէթնիկ՝ Իրան կամ Թուրքիա երկրներից մեկը անպայման մասնատվելու է և դա ընդամենը ժամանակի հարց է։
Իրանի հյուսիս արևելյան շրջանի մասնատվելու դեպքում, մեծ վնաս է հասցվելու ոչ միայն Իրանին և Հայաստանին, այլև խախտվելու է ողջ տարածաշրջանի անվտանգության համակարգը, իսկ համաթուրանականությունը թուրք ծայրահեղականների հավակնությունից վերածվելու է տարածաշրջանի ճակատագիրը տնօրինող ուժի, և ապա սկսվելու է Ռուսաստանի քայքայման գործընթացը, որը նույնպես միջազգային հարթակներում ունի «հաճախորդներ» և աջակիցներ, և այսպես հողային պահանջները շարունակվելու են Վրաստանից, Իրաքից, Սիրիայից և այլ երկրներից։
Ադրբեջանը ոչինչ է առանց Թուրքիայի, սակայն Ալիևի հայտարարությունը, որ ամենևին էլ նոր չէր, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, ստանում է նոր բնույթ, որը մարտահրավեր է նաև Ռուսաստանին, ում միջնորդությամբ իբր թե խաղաղության գործընթաց է սկսվել, բայց մենք տեսնում ենք, թե Ադրբեջանն ինչպե՞ս է պատկերացնում այդ խաղաղությունը։
Սակայն, «Միջազգային հանրության» գլխավոր հատվածի կողմից Թուրքիայի դեմ պատերազմող քրդական շարժումի աննախադեպ սպառազինումն ու զորացնելու քաղաքականության ի հայտ գալը, ամենևին էլ պատահականության արդյունք չէ։ Պատահականության արդյունք չէ նաև, 50 տարի «այո-ոչ» խաղալուց հետո, ընդամենը 43 օրերի տարբերությամբ, ԱՄՆ Ներկայացուցիչների տան (30 հոկտեմբերի 2019թ.) և ապա ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերի միաձայն քվեարկությունները (12 դեկտեմբերի 2019թ.)։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունները անցնող 4 տարիների ընթացքում միաձայն չեն քվեարկել որևե բանաձևի օգտին։
Մինչ այդ արաբ-իսրայելյան հակամարտության հարաբերական մեղմացման հետևանքով, հզոր և մանավանդ անկառավարելի Թուրքիան այլևս անբաղձալի և խանգարիչ տարրի է վերածվել, իսկ մենք, Թուրքիայի և Ադրբեջանի գործոնները պետք է տարանջատենք, որքանով էլ որ իրենք «եղբայրություն» են խաղում։
Իսկ Թուրքիայի մասնատման հեռանկարը, ոչ միայն անհավանական չէ, այլ հետապնդվող նպատակ, որի պատճառներից մեկը, թուրքերի համեմատ քրդերի բնակչության անհամեմատելի աճն է Թուրքիայում։
Թուրքիայի մասնատումով, կղզիացված Նախիջևանը կադրբեջանաթափվի։ իսկ Ադրբեջանի հանրապետությունը ամբողջովին կմեկուսանա, Իրանից տարածքներ պահանջելու իր ախորժակները կամլանա, և Հայաստան-Իրան սահմանը կմնա պաշտպանված թուրք- ադրբեջանական ոտնձգություններից։
Փաստորեն, Հայաստանի անվտանգությունը և Արցախի ու Նախիջևանի ամբողջական ազատագրումը պայմանավորված է Թուրքիայի, ներքին ազգամիջյան և դավանանքային առճակատումների հետևանքով առաջացող, քայքայումով և մասնատումով, որից մենք անբաժին չենք մնալու։
Տարածաշրջանի մեր հարևան երկրների, և առաջին հերթին Իրանի, հողային ամբողջականության դեմ ուղղված էական վտանգի վերացումը, նույնպես պայմանավորված է Թուրքիայի քայքայումով, և այստեղ մենք բարեկամ Իրանին և հարևան այլ երկրներին համոզելու կարիք չունենք, որովհետև Անկարան և Բաքուն իրենք իրենց ամենօրյա հայտարարություններով, գործունեությամբ և հատկապես իրենց գործակալների գրգռիչ քայլերով, հուշում են այդ սպառնալիքի մասին։
Հայաստանի Հանրապետությունն իր ներկա աշխարհագրական դիրքով, ծայր աստիճանի խոցելի և կղզիացված է։ Նույնիսկ Արցախի և Նախիջևանի ազատագրումը մեզ չի փրկելու այդ իրավիճակից և թուրք-ադրբեջանական ամենօրյա ոտնձգություններից։ Հայաստանի ներկա աշխարհաքաղաքական իրավիճակով, որևէ քաղաքական ուժի, որևէ իշխանության չի՛ հաջողվելու ապահովել ո՛չ ինքնիշխանություն, ո՛չ քաղաքացիների բնականոն կյանք և ո՛չ անվտանգություն։ Միայն Թուրքիայի մասնատումը և դեպի միջազգային գաղձ ջրեր հասանելիությունը կարող են երաշխավորել ինքնիշխան և անվտանգ Հայաստանի գոյությունը։

ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հարցում.
Ի՞նչ փոփոխություններ է կրել ԱՍԱԼԱ-ի գործունեությունը վերջին տարիներին և հատկապես Հայաստանի անկախացումից հետո։ Որքանո՞վ է իրատեսական և իրագործելի ձեր առաջադրանքները։

-1975 թ.-ին մենք կարծում էինք, որ մեծ երազանքներ ունենք, իսկ հիմա պարզվում է, որ դրանք այնքան էլ մեծ չէին: Պետք է երազել մեծի մասին, որքան մեծ լինի երազանքը, այնքան մեծ բաների կհասնեք:
Հավատացեք հայության դեմ ցեղասպանություն իրականացրած և մեր երկրի գոյությանը սպառնացող Թուրքիան այն հզոր պետությունը չէ, որ ձևացնում է։ Թուրքիան հակառակ իր ծայրահեղ ծավալապաշտական հավակնություններին, տնտեսապես և բազմազգ և բազմադավանանք լինելու առումով չափազանց խոցելի և անկայուն երկիր է, իսկ ապագայում ներքին և արտաքին գործոնների հետևանքով այն դառնալու է ավելի անկայուն և ներքնապես խոցելի այլևայլ գործոնների հետևանքով։
Ժամանակին, երբ աշխարհի գրեթե ոչ մի պետություն, ի բացառյալ բարեկամ Ուրուգվայից, չէր ճանաչել և չէր դատապարտել Հայոց ցեղասպանության իրողությունը, մեր կազմակերպության քաղաքական և ռազմական պայքարը հիմնականում կրում էին քարոզչական բնույթ։ Իսկ այսօր, պայքարի 46-ամյակին, երբ մեր բարեկամ երկների կողքին, աշխարհի գրեթե բոլոր մեծ պետությունները նաև հաստատում են, որ Թուրքիա կոչված պետությունը ստեղծվել է ցեղասպանության ոճիրի և հայության քանիհազարամյա բնօրրանի բռնազավթումով, մեր պահանջների համար միջազգայնորեն ապահովում է իրավական և քաղաքական հիմք և մեր պայքարը որակային այլ բնույթ է ստանում։
Եթե Թուրքիա կոչված պետությունը մերժում է քաղաքակիրթ երկրների օրինակին հետևելով հայության վերադարձնել իր հայրենի հողը, սփյուռքահայությանը չի մնում այլնտրանք, բացի Անկարայի հետ խոսելու այն լեզվով, որին արդեն ծանոթ է ավելի քան չորս տասնամյակ։
Հարցում. Այդ հարցում ի՞նչ դերակատարություն է վերապահվում Հայաստանի Հանրապետությանը։
Մեր պետությունը կանգնած է մեծ մարտահրավերների և դժվարությունների առջև։ Հայաստանը պետք է ուժեղանա։ Բոլորս պետք է աշխատենք, որ պետությունը հզորանա տնտեսապես, բնակչության թվով և բոլոր այլ առումներով։ Պետությունն է մեր ազգի և քաղաքակրթության գոյատևման գրավականը։ Սփյուռքը պետք է կարևոր պատասխանատվություն ստանձնի հայրենի պետականությունը հզորացնելու գործում։ Հետևաբար, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պետք է հիմնովին վերակառուցվեն։ Մեր ազգը ունի մեծ ներուժ և այդ ներուժը պետք է օգտագործվի հանուն պետականության ամրապնդման և ազգային իղձերի իրականացման։
Հայաստանը պետք է պատրաստվի վերը նշված մեր համար «բարենպաստ պայմանների» հասունացմանը։ Եվ ոչ այնքան ուշ կգա ժամանակը, որ Թուրքիայի վարչական տարածքում նոր սահմանների ձևավորելու հարցում, մեր և մեր բարեկամ պետությունների շահերը կհամընկնեն։ Այդ գործընթացում, մենք, որպես պետություն ունենալու ենք առիթ նվազագույն կորուստով տիրանալու մեր պատմական բնօրրանին։
Մինչ այդ Հայաստանն իր ներկա կարողություններով, Թուրքիայի հետ ո՛չ արկածախնդրական և ո՛չ էլ չսերտված և երևակայական բարեկամական քայլերի դիմելու անհրաժեշտություն չունի։ Հայաստանը պետք է խուսափի մանավադ «Ցուրիխյան արձանագրություններ»-ի նման խայտառակ փաստաթղթեր ստորագրելու թուրքական մի նոր ծուղակից, որը կարող է խոչնդոտել մեր իրավունքների հետապնդման հարցը։

Հարցում. Ի՞նչ հանգամանքներ խոչընդոտեցին պատերազմում ավելի դրական արդյունքներ ունենալուն:

– Հնարավորությունների գերագնահատումը դեպի պարտություն տանող ճանապարհ է: Անհաջողությունների պատճառները կարող են լինել բազմաթիվ, քաղաքական իրավիճակների, սպասվող պատերազմի ծավալների և ժամանակագրության մասին անհստակությունները, մեր և հակառակորդների սպառազինության մասին սխալ կամ անբավարար գնահատականները, ողջ ազգաբնակչության և Բանակի գործնական և բարոյական պատրաստության աստիճանը, կադրային և բազմաթիվ այլ գործոններ կարող են պատերազմական գործողություններում վճռորոշող դեր խաղալ։ Խոսվում է նաև այլ բացասական երևույթների մասին, որոնք պետք է հետաքննվեն։ Վստահաբար, այս ուղղությամբ ավելի ուշ և հանդարտ մթնոլորտում կատարվելու է հետաքննություն, ու անվտանգության նկատառումներից մեկնած, այդ անհրաժեշտ հետաքննությունը մեծավ մասամբ կլինի ոչ հրապարակային։

Հարցում. Անցնող տարիներում, որո՞նք են եղել մեր կորուստների պատճառները։

– Մեր պատմության ընթացքում մենք անգամներ կորցրել ենք մեր անկախությունը և դարեր է տևել, վերանկախանալ։ Անցնող տարիներում ՀՀ պետական այրերի մոտ բարոյականության պակասը, քաղաքացիների նկատմամբ հոգատարության բացակայությունը, սեփականաշնորհման անվան տակ երկրի թալանը, հանքերի կողոպուտը, ռազմավարական նշանակության «օբյեկտների» օտարացումը… ծանր վնասներ են հասցրել մեր երկրին և մեր ժողովրդի հավատքին։ Մենք ճիշտ չենք արժևորել Խորհրդային ժամանակաշրջանում մեր ժողովրդի նվաճումները և անկախության տարիներին ինքնուրույնությունը ավելի ևս արմատավորվելու փոխարեն, մեր մոտ աճել է ագահությունն ու օտարամտությունը։
Անկախության և Արցախի ազատագրումի մեծ նվաճումից հետո, մենք ունեցել ենք 25-ամյա նահանջ։ Անուս, և անգրագետ պետական գործիչների մի ամբողջ հույլ հուսահատության և հուսախաբության է մատնել մեր ժողովրդին և կործանարար արտագաղթը այս բոլորի հետևանքն է։ Հայաստանի վերջին տասնամյակների վերնախավը ձախողել է իրեն վստահված առաքելության մեջ, և մեր ժողովուրդը իրավացիորեն դատապարտում է նրանց, հույսը կապելով նոր սերնդին։ Այդուհանդերձ, մեր նոր սերունդը չպետք է կրկնի իր նախկինների սխալը։ Չպետք է բոլորովին անտեսել անցյալ 30 և ավելի տարիների լավ ու վատ փորձը։ Պետք է հարգել և հոգատար լինել սեփական ժողովրդի նկատմամբ, լինել բարոյական և օրինակելի։ Հայաստանը պետք է վերածվի օրենքի երկրի, որը առաջանորդվում է ինստիտուտներով և ոչ թե հերթական ազգի ինքնակոչ փրկիչներով։ Ինքնուրույնությունը և ինքնիշխանությունը Հայաստանում պետք է դառնա բացարձակ համոզմունք և արժեք։

ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՐԸ

Հարցում. Հայկական ներուժը ընդհանրապես ինչպե՞ս վերակառուցել և որո՞նք են ՀՀ- Սփյուռք հարաբերությունների անարդյունավետության պատճառները։

-Պատերազմի կարճատև օրերի ընթացքում Սփյուռքը Հայաստանին նվիրաբերոց 200 միլիոն ԱՄՆ դոլար։ Թեև այդ նվիրատվությունները պատերազմի և պետականության այլ կարիքների առումով չնչին գումար է կազմում, այդուհանդերձ այն գերազանցում է, անկախության օրվանից սկսյալ մինչ օրս «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով սփյուռքի ողջ օժանդակությանը։ Հայրենիքին օժանդակելու համար Սփյուռքը ունի և ֆինասական և մասնագիտական հսկայական կարողություն, սակայն այս բոլորը իրականացնլու համար և՛ Հայաստանում և՛ Սփյուռքում պետք է կատարվեն կարևոր փոփոխություններ։ Նշենք, մի քանի սկզբունքային կետեր, թեև այս հարցը պետք է հիմնովին քննարկվի Սփյուռքի և Հայաստանի այս ոլորտի մասնագետների մասնակցությամբ։
– Հայաստան- Սփյուռք հարաբերությունները, մինչև այն ժամանակ, որ շարունակում են մնալ «պալատական» և վերնախավային, շարունակելու են մնալ ամուլ և անարդյունավետ։
– Սփյուռքը պետք է դառնա պետականամետ։ Սա սկզբունքային հարց է։ Անկախ նրանից, թե հայրենի ժողովուրդի ազատ կամարտահայտությամբ, որ քաղաքական ուժն է ստանձնում երկրի իշխանությունը, Սփյուռքը ՀՀ իշխանություններին պետք է աջակցի անվերապահորեն և առանց նախապայմանների։ Մինչ Անկախությունից ի վեր առկա «պալատական» հարաբերությունների հետևանքով, Սփյուռքում ոմանք օժանդակելու փոխարեն մրցակցում և պայքարում են Հայաստանի օրվա իշխանության հետ, եկեղեցին գործածելով, որպես սեփական ինքնաֆինասավորման աղբյուր, իսկ կղերականներին, որպես քաղաքական գործիչներ կամ առարկաներ։

– Անկազմակերպ Սփյուռքը չի կարող լիարժեք օգնել Հայաստանին։ Հայաստանի հետ օրգանական կապի համար Սփյուռքը նախ ինքը պետք է կազմակերպվի։ Հայաստանը, իր դեսպաններով, անկախ օրվա իշխանությունից այս հարցում պետք է ստանձնի բարոյական օժանդակության դերակատարություն։ Մինչ ՀՀ դեսպանները, բացառությունները հարգելով, իրենք ամենամեծ խոչընդոտներն ու խանգարողներն են Սփյուռքի առողջացման և ինքնակազմակերպման հարցում։

Հարցում. ԱՍԱԼԱ-ն ներկայացուցիչ ունի՞ Հայաստանում:

– Ո՛չ, մենք որևէ պաշտոնական ներկայություն չունենք Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մենք այս մասին հայտարարել ենք, դեռ ՀՀ անկախության առաջին տարիներին, բացատրելով, որ մենք կտրականապես դեմ ենք, որ այս ժամանակահատվածում Հայաստանը որպես պետություն ներքաշվի ազատագրական պայքարի դաշտ։
Մեր կազմակերպության հիմնադրման 46 ամյակի առիթով, մի անգամ ևս հայտարարում ենք, որ ՀԱՀԳԲ-ը Հայաստանի Հանրապետության տարածքում չունի ոչ մի պաշտոնական ներկայություն, և ոչ մի համակիր, նախկին անդամ, կամ զորակցող կազմակերպություն չի ներկայացնում ՀԱՀԳԲ-ը և իրավասու չէ խոսելու կամ հանձնարարություններ ստանձնելու կազմակերպության անունով։


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert