Հրանտ Տէր-Աբրահամեան .սա իմ առաջին գրառումն է մեր մեծ պարտությունից հետո: Եվ սրանով սկսում եմ հետպատերազմյան գրառումների շարքը, որն ավելի ուղղված է համախոհներին ու համախոհներ գտնելուն, քան բանավիճելուն ու ինչ որ բան ապացուցելուն այլ կերպ մտածողներին: Ես ասել եմ ու հիմա էլ հաստատում եմ՝ ինձ պես մտածողների խոսելու ժամանակը դեռ նոր է գալիս, դեռ նոր՝ ազատ ու լիարժեք պետք է ձևակերպենք մեր ասելիքներն ու անելիքները:

Նախ՝ պարտվել է ամբողջ հայկական քաղաքականությունը իր բոլոր տարատեսակներով՝ սկսած 1994-ից ցայսօր: Պատերազմը ստուգել, կշռել է դա ու գտել է շատ թեթև ու անպիտան: Նախ՝ էս էջը պետք է փակենք: Մանրամասն իմաստավորենք, բայց դրանից առաջ էլ՝ առանց վարանելու փակենք, շրջենք, դեն նետենք: Այնտեղ չկա այլևս ոչ մի կենդանի բան: Չպետք է որևէ կերպով թույլ տանք, որ մեզ վերադարձնեն դեպի այդ անցյալը՝ որևէ անվան ու գույնի: Կուսակցական պայքարի ճահիճը: Հիմա իրենց ժամանակավոր դրախտն է՝ մեկը մյուսի վրա մեղքը գցելով, փորձելու են նորից մեզնից խլել մեր պատմության համարժեք իմաստավորման հնարավորությունը: Իրենց մանր, թունավոր, անբովանդակ՝ բա տեսակ ես էի ճիշտ, չէ, ես էի ճիշտ «վեճերով»: Թող մեռելները թաղեն իրենց մեռելներին:

Այսօր չկա Հայաստանում որևէ թիմ, որն իրապես նոր ասելիք ունենա ու նոր անելիք: Այդ թիմերը դեռ պետք է ձևավորվեն՝ խոսքի շուրջ, գործի շուրջ: ….Ի՞նչից պետք է սկսենք: Միայն ճիշտ հարցեր ձևակերպելուց կարող են ծնվեն ճիշտ նպատակները: Գլխավոր հարցն է՝ ինչպե՞ս անել, որ մոտակա տասնամյակների կտրվածքում Հայաստանը մնա հայկական (Արցախի մնացորդի հարցը սրա մեջ է):Այո՝ սա է հարցը: Եվ ով զգում է վտանգը, նա պետք է այս հարցի շուրջ միավորվի: Վերջ անհոգությանը, վերջ երջանիկ ապուշուությանը, վերջ պատրանքներին, վերջ վարդագույնին:

Հայաստանի գոյությունը երաշխավորված չէ: Մենք էլ՝ վերջին կայազորն ենք: Ուզո՞ւմ ենք Հայաստան թողնենք մեր սերունդներին: Այսօրվանից դրա շուրջ պետք է մոբիլիզացվենք: Ու պետք է վերջապես այս կետից սկսած՝ ձևակերպենք մեր իրական խնդիրները, որոնք բխում են հենց մե՛ր, այլ ոչ թե ուրիշների կյանքից և այդ հիմքով՝ իրական լուծումները, որոնք դասագրքային չեն, այլ կյանքից են բխում: Ահռելի, մարդկային ուժերը գերազանցող գործ ունենք այստեղ: Իմաստավորում՝ պարտադիր ու համարժեք իմաստավորում մեր հետ տեղի ունեցածի, մեր ապրած մեծ միջավայրի:

Լուծումների փաթեթ: Ու իրական լուծումների՝ ոչ թե «բարեփոխում», «զարգացում», «հզորացում» և այլն «տինդիրիտ», հնչեղ բառեր, այլ իրական խնդիրներ ու իրական լուծումներ՝ դեմոգրաֆիայից մինչև ռազմական դոքտրին, անվնտանգության համակարգ, արտաքին հարաբերություններ…:

Ոչ մի հին ճանապարհ: Համախմբում, կազմակերպում, թիմեր, շարժումներ:

Ոչ մի կուսակցականություն: Իրական, կենդանի, ժողովորդական թիմեր: Նոր տիպի դաշնակիցների փնտրտուկ աշխարհում: Ոչ թե պետությունների մասին է խոսքը, այլ խմբերի, հոսանքների: Սովորել թշնամուց: 20 տարի ռևանշի ծրագիր մշակելով, նա հասավ հաջողության ճիշտ պահին:

Մենք պետք է գծենք մեր վերածննդի ծրագիրը: Մեր հենքը՝ հայ ժողովրդի առողջ բնազդը: Իրական բանականությունը, ռացիոնալզիմը, որը կապ չունի գրքային, կեղծ ռացիոնալիզմի հետ: Գերմանական փիլիսոփայությունը մեզ ապավեն այս հարցում: Ամենա դժվարը՝ նորից ու նորից, նախևառաջ հաղթահարել բոլոր այն կարծրացած պատկերացումների, մոդելների գերիշխանությունը, որը մեզ 26 տարվա մեջ բերեց այս օրվան:

Մենք չունեք մեր կյանքի մասին և ոչ մի համարժեք, սեփական կոնցեպցիա, գաղափար: Բոլորը կիսատ-պռատ, մաշած հնոտիներ են: Նորոգում: Ամեն ինչի մասին դեռ մանրամասն կգրվի, կխոսվի, սա առաջինն է: Միայն թե շատ խոսել էլ պետք չի: Կեղծ բանավեճերի մեջ կորել: Մանր բաների մեջ խորանալ: Ով հավատացել է հայկական հաղթանակին, նա ամաչելու բան չունի: Հակառակը՝ նա իրեն հիմա պետք է զգա ապագայի մաս ու կերտող: Կարճաժամկետ լուծումներ չկան: Երկարաժամկետ ջանքն ու պայքարն է իրական լուծումը: Քաջութիւն հասցէ ձեզ ի քաջէն Վահագնէ ամենայն հայոց աշխարհիս: (Ընդգծումները՝ Ն. Խ.)

***

Վերջին կայազորը 2:

Պարտության չափ սարսափելին այն է, որ կարող է այնպես ստացվել, որ հիմա էլ մենք ոչինչ չհասկանանք, թե ի՛նչ տեղի ունեցավ մեզ հետ: Դրա վտանգը շատ մեծ է, քանի որ որպես հասարակություն չունենք «հասկանալու» ո՛չ ինստիտուտներ, ո՛չ էլ ավանդույթներ: Իսկ պարտույթունն էլ իր հերթին անջատում է մարդու բանականությունը: Օդի ու ջրի պես անհրաժեշտ է, որպեսզի հանրության գոնե մի մասն իր մեջ ուժ գտնի հասկացող դառնալու համար: Այդ միջուկը հետագայում պետք է կարողանա փրկել Հայաստանը: Այդ միջուկը պետք է լինեն մարդիկ, որոնք մինչև վերջ հավատացել են իրենց երկրին, ժողովորդին: Հիմա փորձենք հասկանալ գոնե կարճ՝ քառամյա շղթան իրադարձությունների:

2016-ի ապրիլը մեզ համար պետք է ազդակ լիներ, վերջին նախազգուշացում, որ Ղարաբաղի շուրջ 94-ից եղած գեոպոլիտիկ ստատուս-քվոն ավարտվել է: Եվ հարցը մենակ Ադրբեջանի ռեևանշի ձգտումը չէր՝ դա քիչ էր:

Այն պահից, երբ 2015-ին ռուսները մտան Սիրիա, և ձևավորվեց ռուս-թուրքական հարաբերությունների հերթական ցիկլը, Ղարաբաղի ստատուս քվոյի ժամկետն ավարտվեց: Մենք չուզեցանք տեսնել կապը մեր ու Մերձավոր Արևելքի միջև, կարծես, մենք Նոր Զելանդիայում ենք ապրում: Չուզեցանք նաև տեսնել, որ 90-ականների աշխարհակարգը ճգնաժամի մեջ է, որ «պատմության ավարտի» աշխարհն այլևս չկա, ու որ հետևաբար բոլոր ստատուս-քվոները փոխվում են: 2016-ի պատերազմի իմաստավորումը թաղեցինք մեզ համար սովորական ներքաղաքական «ռազբորկեքի» մեջ: Մինչդեռ ներքին քաղաքականությունն ավարտվել է Հայաստանում 2016-ի ապրիլի մեկից: Կա միայն արտաքինը, այդ թվում ներքինի տեսքով:

2018-ին ուրախացանք հեղափոխությանը: Լավ արեցինք, բայց չհասկացանք, որ դա հնարավոր եղավ միայն 2016-ի պատճառով: Որ արտաքին խոչընդոտում չեղավ միայն այն պատճառով, որ սպասում էին, որ նոր իշխանությունը պետք է համաձայնություն տա Ղարաբաղյան «կարգավորման» պլանին՝ ռուսական զորքի մուտքով Ղարաբաղ: Դե տարածքների հանձնում և այլն որպես սրա պարտադիր մաս: Մենք չուզեցինք տեսնել, որ 2018-ի մայիսից մի բան ունեինք անելու: Կամ պատրաստվել պատերազմի, կամ պատրաստվել համաձայնագրի: Էլի մեր ուժերը վատնեցինք Աստված գիտի ինչի մասին խոսակցությունների վրա: Պատերազմին պետք է պատրաստվեինք, ինչը միայն ռազմական պատրաստություն չի: Երկրի ներսում հարցեր պետք է լուծվեին: Երկու տարբերակ կար: Կամ ներքին համերաշխություն՝ նախկին ու ներկա խաղաղություն, գոնե մասնակի, որն ինձ պես մարդիկ ենթադրում էին 2018-ին, 19-ին, բայց մեղադրանքներ ստանում: Կամ եթե ոչ՝ գոնե էդ դեպքում տոտալ ճնշում ներքին ուժերի, որը նույնպես չարվեց: Երրորդ տարբերակը՝ կիսատն ամենա վատն էր: Պետք էր նաև հայ-թուրքական խնդիրների լուծման ռազմավարություն: Դա գուցե կանխեր պատերազմը, գուցե՝ ոչ: Գուցե ոչինչ էլ չստացվեր, բայց չփորձելն ամենա վատ տարբերակն էր: Պետք էր հայկական անվնտանգության կառույցների ձևավորում, թեկուզ սաղմնային, ու հենց 18-ի մայիսից, բայց ոչ թե օրը մեջ ԱԱԾի պետ փոխել: Պետք էր համաժողվրդական շարժման կառուցում՝ ամբողջ Հայաստանով մեկ հայ ժողոցորդը պետք է կազմակերպված լիներ: Էլի շատ բան էր պետք, որի մեծ մասի մասին գոնե ակնարկվել է ժամանակին հրապարակային, և ոչ միայն: Այսքանով հանդերձ կարող է էլի պատրաստ չլինեինք պատերազմի: Երկու տարին շատ քիչ է: Բայց ունեինք, ինչ ոնեինք: Ու գոնե ավելի ուժեղ կլինեինք, և նույնիսկ, եթե հաշվարկվեր, որ հնարավոր չէ պատերազմել՝ գոնե ամեն ինչ գիտակցված կլիներ, ոչ թե մութ սենյակի մեջ մենք էլ չէինք հասկանա ինչ ենք անում:

2020-ի ապրիլից արդեն ակնհայտ ազդակներ սկսեցինք ստանալ՝ ռուսներից, Ադրբեջանից, ապա՝ Թուրքիայից: Նաև՝ երկրի ներսում իրավիճակի սրումից: Ոչ մի ազդակ համարժեք չթարգմանեցինք: Ամեն ինչի անունը դրեցինք «կոնսպիրոլոգիա»՝ լավ է էդ բառը սովորել ենք՝ հազար ամոթ ինձ որ ժամանակին այդ բառն այդքան գովազդեցի ՀԺ-ի իմ հոդվածներում: Ինչ իմանայի հետո քաղաքական վերլուծության դեմ է ֆռալու: Լավ, անցանք այս բոլորը՝ ավելի մանրամասն հետո կգրվի: Հիմա: Չի ավարտվել այս ամենը: Ռուս-թուրքական հարաբերությունների նոր ցիկլը ուժի մեջ է: Մերձավորարևելյան ճգնաժամը կա ու չի վերանալու: Կարևորը՝ աշխարհը, որում կայացել է անկախ Հայաստանն ու Ղարաբաղյան ստատուս քվոն էլ չկա: Ու ավելի ու ավելի չի լինելու:

Պատմության ավարտի լիբերալ ուտոպիան ավարտվեց: Եվրոպական ճանապարհը փլուզվում է: Էլ չկան էն մեծ համաշխարհաին պայմանները, որում հնարավոր էր Հայաստանի համեմատաբար կայուն գոյատևումը վերջին 30 տարվա մեջ: Վերջ: Բոլոր հին կոնցեպցիաները, գաղափարները, պատկերացումները էլ չեն աշխատելու: Ոչ թե որովհետև Հրանտը վատն է ու չուզող, այլ որովհետև էդպես է համաշխարհային պատմությունը՝ չի հարցնում ոչ մեկսի, երբ իր հերթական ցիկլը ավարտի: Հանգիստ կյանք չի լինելու այլևս:

Առայժմ այսքանը գոնե փորձենք հասկանալ, որքան էլ բարդ է՝ հին աշխարհը չկա, նախկինն այլևս հետ չի գալու: Հասկանալուց հետո, պետք փորձենք գտնել մեզ նոր աշխարհում: Հարցը, կրկնեմ՝ կլինի՞ Հայաստանը հայկական մոտակա տասնամյակներու թե ոչ: Եթե ուզում ենք լինի, պիտի պատրատս լինենք ամենա բարդ խնդիրները ձևակերպենք: Ու դա չի լինելու սովորական՝ «տնտեսական զարգացում», «բարեփոխում», «լավ կրթություն», «վեթինգ»: Լինելու է՝ դեմոգրաֆիա, ռազմական դոքտրին, հայկական անվնտանգության կառույց, և շատ այլ նման բաներ: Բայց կրկնեմ՝ եթե չհասկանանք ինչ եղավ, չսերտենք, անգիր չանենք գոնե 2016-ից սկսած շղթան, բան չի ստացվի:

***

Վերջին կայազորը 3

Ինչի՛ ես չեմ հավատում մեր կուսակցական համակարգին:

Ուշադիր եղեք՝ այսքան քաղաքական ուժ ունենք, բայց ոչ ոք այս պահին չի ուզում հայ ժողովորդին ասի, բացատրի հետևյալ իրողությունները

1. 20 տարուց ավել Ալիևը նախապատրաստվեց ռևանշի, ու հասավ իր նպատակին, իսկ մենք յուղ վառեցինք էդ ամբողջ ընթացքում:

2. Ի՛նչ տեղի ունեցավ 2016-2020 թթ։-ին՝ ինչպես միջազգային իրավիճակի փոփոխությունը Հայաստանի շուրջ բերեց երկու պատերազմի, հեղափոխության ու պարտության: Պարտիզանի պես լռում են սրա մասին: Որ կարողանան հրամցնեն իրենց միակողմանի, մեկը մյուսի վրա գցող, մի քայլանի, միաբջիջ «ճշտերը»:

3. Պարտիզանի պես լռում են նրա մասին, թե այդ ինչ խաղաղության մոնիթորինգի ռուս-թուրքական կենտրոնի մասին է խոսքը, չկա էդպիսի թեմա (յանի չկա):

4. Չեն ասում, որ Ղարաբաղով հարցը չի ավարտվում, որ նույն միջազգային իրավիճակի փոփոխությունը հարցի տակ է դնում Հայաստանի իսկ գոյությունը որպես հայկական տարածք: Որ մենք կարող ենք հայերի վերջին սերունդը դառնալ մեր մի կտոր հայրենիքում:

5. Առաջ չեն քաշում հայրենիքի փրկության որևէ ծրագիր մոտակա տարիների համար: Կոնկրետ կետերով, թեկուզ շատ կարճ, ու իրավիճակից բխող, ոչ թե տեսական դոգմաներից ու սիրուն կարգախոսներից:

Չեն անում այս ամենը, որովհետև

1. Չունեն այդ կարողությունը

2. Այն դեպքերում, երբ գուցե ունեն, իշխանության հոտ են առել, տենդերի են մասնակցոմ, թե ով ավելի լավ գուբերնատոր կաշխատի, ու չեն կարողանում ոնց որ թե դեռ իրար մեջ պայմանավորվել, թե շահողն ով է:

Դրա համար ասում եմ՝ հայ ժողովուրդ քո փրկությունը միայն դու ես: Սկսի մտածել, թե ինչպես ես ինքնակազմակերպվում: Ինձ մի հարցրեք, ես չունեմ, պատրաստի ռեցեպտներ: Չի կարող մի հոգին ունենալ դա: Բայց ես ասում եմ, սկսեք մտածել: Թող լինեն տարբեր խմբեր, թող լինեն իրավիճակի տարբեր գնահատականներ, թող լինեն տարբեր լուծումներ՝ պարտադիր չի բոլորս մեկ մտածենք: Բայց ինքնակազմակերպվեք, հավաքվեք, քննարկեք, հարթականեր ստեղծեք, ռեսուրսներ ճարեք:

***

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert