Թող մերօրյա դաշնակցական վերնախավը եւ բոլոր նրանք, որքեր անամոթաբար կեղծել ու դեռ փորձում են կեղծել պատմությունը, կարդան այս փոքրկի փաստի կտորը եւ ամեաչեն՝ «Հայրենքի փրկության կոմիտե»-ի հայրենակործան արարքից.-(Ն.Խ)
Seyran Grigoryan-ը գրել է.
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԵԿԶԱԴՅԱՆ
Շուշիում ծնված արցախցի այս բոլշևիկը, ի հեճուկս «զոոհայրենասերների», որպես Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի ժողկոմ 1921 թ․ մարտին Մոսկվայում փորձում էր կանխել մեր հայրենազրկումը։ Թե ինչու դա չհաջողվեց, Ալեքսանդր Շիրվանզադեին պատմել է ինքը՝ Բեկզադյանը, 1922 թ․ Ջենովայում։ Հանդիպման մասին Շիրվանզադեն գրել է «Մի տեսակցություն» հոդվածը․
«․․․․Մի ընդարձակ և բուրժուաորեն կահավորված հյուրասենյակում, խրոխտ քայլերով առաջ գալով, ինձ դիմավորեց մի բավական բարձրահասակ երիտասարդ խոհուն դեմքով: Մեկն այն առողջ դեմքերից, որոնց ճակտին դրոշմված է գաղափարի համառության և կամքի անդրդվելիության կնիքը և որոնք սակայն առաջին իսկ հայացքից հավատ են ներշնչում դեպի իրանց բարձր, թեև միակողմանի, աշխարհայեցողության անկեղծությունը:
Նոր չեն այդ դեմքերը հայ մտավորականության մեջ և ավելի քան երեսուն տարի է ես նրանց ճանաչում եմ, բայց այժմ նրանք լիովին կաղապարվել են ու կազմակերպվել: Ալեքսանդր Բեգզադյան էր այդ երիտասարդը, որին Կովկասում երբ և ուր տեսած լինելս լավ չեմ հիշում: Մեր տեսակցությունը տևեց մոտ մեկ ժամուկես:
Պ. Բեգզադյանը իմ բոլոր (գուցե երբեմն ձանձրալի) հարցերին պատասխանեց կատարելապես քաղաքակիրթ մարդու պատրաստակամությամբ և սիրալիր:
-Այժմյան Սովետական Հայաստանը, – ասաց նա, – չի կարող բարգավաճել իր սահմանների ներկա սղության մեջ: Մենք շատ ենք ճնշված երկրի տարածության տեսակետից: Այժմյան Հայաստանն ունե մոտ մեկ միլիոն երկու հարյուր հազար ազգաբնակչություն, որից 300 հազարը թուրքահայ փախստականներ են, որոնք մի ծանր բեռ են մեր գյուղացիության համար: Մեր ամենագլխավոր հոգացողությունն է առայժմ կարելվույն չափ թեթևացնել ժողովրդի տնտեսական կացությունը: Սով իր բուն իմաստով այժմ չկա, բայց չկա և հացի առատություն: Ամերիկյան Նպաստամատույց ընկերությունները մեզ շարունակում են օգնել նախկին եռանդով ու չափերով, և մենք մեր կարողության չափ աջակցում ենք նրանց գործին: Այս տարի ցանքեր բավականաչափ եղել են, և, եթե հունձքն աջող լինե, առաջիկա ձմեռ ժողովուրդը կունենա գոհացուցիչ պաշար:
-Կփափագեի գիտնալ` ինչպե՞ս է վերաբերվում Մոսկվայի կենտրոնական կառավարությունը դեպի Սովետական Հայաստանը, ուզում եմ ասել դեպի հայ ժողովուրդը:
-Ամենայն համակրությամբ կարող եմ ձեզ հավատացնել, – պատասխանեց Պ. Բեգզադյանն զգացված: – Ապացույցներ շատ կան, և ես կհիշատակեմ նրանցից միայն մեկը.
Անցյալ տարի, երբ ես նոր հայտարարված Սովետական Հայաստանի կազմից իբրև պատգամավոր ուղարկված էի Մոսկվա, խնդրելու, որ Ալեքսանդրապոլի դաշնագրությունը վերաքննվե, ամենուրեք հանդիպեցի կենտրոնական կառավարության բոլոր շրջանների անկեղծ համակրությանը: Ես լիովին հավատացած եմ, որ այսօր Ղարսն էլ իր շրջանով և Նախիջևանն ու Սուրմալուի գավառներն էլ կցված կլինեին Սովետական Հայաստանին, եթե տեղի չունենար դժբախտ դեպք: Երևակայեցեք, ճիշտ այն օրը և այն ժամին, երբ ես Չիչերինի մոտ էի և գրեթե ստացել էի նրա հավանությունը` Ղարսը և հիշյալ նահանգները մեզ վերադարձնելու, կրկնում եմ, ճիշտ այդ վայրկյանին ստացվեց նախկին հանրապետության վարչապետ Պ. Վրացյանի չարաբախտ հեռագիրը:
Այդ հեռագրի մեջ, որ Չիչերինը կարդաց ինձ, Վ. Վրացյանը գրում էր. «Հայ ժողովուրդը տապալեց բռնավորների կառավարությունը, Բեգզադյանը չունե իրավունք որևէ բանակցություն վարելու Մոսկվայի հետ»: Բռնավորները, Պ. Վրացյանի ասելով, մենք` բոլշևիկներս էինք, ուրեմն և Չիչերինը:
Կարո՞ղ եք երևակայել այդ մարդու վրդովմունքը, որի աջակցությունն այնքան էլ կարևոր էր մեզ համար: Ես, իհարկե, համոզված էի, որ կատարված դեպքը մի արկած է, և Պ. Վրացյանի իբրև թե «վերահաստատված» կառավարությունը չի կարող երկար տևել և պիտի նորեն տապալվե: Ինչպես գիտեք, շուտով այդպես էլ եղավ: Սակայն այդ վայրկյանին ես այլևս ոչինչ չէի կարող անել և ստիպված եղա վերադառնալ Կովկաս ձեռնունայն»։
Ալեքսանդր Շիրվանզադե, Մի տեսակցություն «Ապագա», Փարիզ, 1922, թիվ 23