Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի խնդիրներից մեկը եղել է «բանակցային մենաշնորհը»։ Այսինքն հանրությունը շատ քիչ է տեղյակ եղել, թե ինչ է քննարկվում։

Հայտնի «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածում Լևոն Տեր֊Պետրոսյանը ասում է, որ 90-ականներին չհաջողվեց հրապարակային բանավեճ ծավալել «հայ ժողովրդի առջև ծառացած ամենակնճռոտ խնդրի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների շուրջ» և հետո փաստում, որ նման հրապարակային բանավեճի բացակայությունը «գուցեև մասամբ բացատրվում է անտեղյակությամբ, որ բնական է, քանի որ Ղարաբաղում և Հայաստանում հակամարտության կարգավորման գործընթացին փորձագիտական մակարդակով տիրապետում են ընդամենը վեց հոգի»։ Շատ վատ է, որ կարգավորման գործընթացի մասին ընդդիմությունը այնքան քիչ բան գիտեր, որ բանավեճ չէր ստացվում, իսկ եթե գիտեր էլ, ապա հանրության չիմանալու պատճառով իրեն թույլ էր տալիս ձևացնել, թե չգիտի։

Հետագա տարիներին այս «բանակցային մենաշնորհը» ավելի խորացավ։ Սա լավագույնս կարելի է ի ցույց դնել Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի երկու դրվագներով։ Հարցազրույցի ինչ-որ պահի նա ասում է․ «2011 թվականի հունիսի 11-ին մենք Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ստորագրությամբ նամակ էինք ստացել, որ բանակցությունները ավարտված են, տեքստը վերջնականապես համաձայնեցված է, և հունիսի 24-ին Կազանում առաջարկվում էր ստորագրել այս տեքստը։» Սերժ Սարգսյանը ասում է, որ ինքը պատրաստ էր ստորագրել այդ տեքստը և որ Իլհամ Ալիևն է հրաժարվել ստորագրել այն։ Ես համոզմունք ունեմ, որ այդ ժամանակ հանրությունը չգիտեր ո՛չ բանակցային գործընթացի մասին, ո՛չ էլ նախապատրաստվող փաստաթղթի, որովհետև Սերժ Սարգսյանը հույս ուներ, որ Իլհամ Ալիևը կհրաժարվի ստորագրել փաստաթուղթը, ինչը և եղավ։

Հարցազրույցի մեջ՝ քիչ ավելի ուշ՝ 2018 թվականի մասին խոսելիս՝ Սերժ Սարգսյանը ասում է․ «Ես ոչ մի այն պատրաստ էի ստորագրելու, այլ ես բացառապես համաձայնել եմ մնալ Հայաստանի Հանրապետության վարչապետ, որ իրականացնեմ այդ տարբերակը։ Եվ ես այն ոչ թե պիտի գաղտնի ստորագրեի, այլ բնականաբար, երբ որ հասնեինք նրան, ինչին ձգտում էինք, ապա այդ տարբերակը, ես չեմ ասում հանրաքվեի կդնեինք և այլն, բայց շատ մեծ և բուռն քննարկման առարկա կդարձնեինք հասարակությունում։»

2011 թվականին Կազանում պատրաստ էր ստորագրել, իսկ 2018-ին մեծ և բուռն քննարկման առարկա կդարձներ։

Կարծում եմ՝ մեր կառավարման ընթացքում ևս չհաջողվեց կոտրել այս «բանակցային մենաշնորհը», եթե իհարկե դա այլևս հնարավոր էր՝ հատկապես հաշվի առնելով արդեն տասնամյակներ խախտված ռազմական բալանսը։ Նաև կարծում եմ՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումը հավասարարժեք չէ հարաբերականորեն խաղաղ պայմաններում ընթացող բանակցություններին և ստորագրվելիք փաստաթղթերին։

Ինչևէ, վերջնական միտքս այլ է։

Այս «բանակցային մենաշնորհը» հնարավոր է եղել նաև այն պատճառով, որ հանրության մեջ շրջանառվել են այդ «մենաշնորհը» սպասարկող գաղափարներ և պրակտիկաներ։

Օրինակ, շրջանառվել է, որ բանակցությունները պետք է լինեն խորհրդապահական, քանի որ սա դիվանագիտական կանոն է (լավ՝ մի շաբաթ, մի ամիս, մի տարի, բայց երեսուն տարվա խորհրդապահությո՞ւն)։ Սրա արդյունքում, երբ ինչ-որ բան այնուամենայնիվ ասվել է կամ իմացվել է, մարդիկ թերահավատորեն են մոտեցել դրան՝ մտածելով, որ՝ դե դա «արտաքին լսարանի» համար է։

Նաև շրջանառվել է, որ մյուս կողմի հետ չի կարելի խոսել, կարելի է օրինակ սոցիալական ցանցերում հայհոյել, բայց դրանից այն կողմ գրեթե ոչինչ չի կարելի ասել։ Նման հաղորդակցությունը «արտոնված» չէ։ Եվ գրեթե ցանկացած «չարտոնված» փորձ հաղորդակցության դուրս գալու մյուս կողմի հետ հանդիպել է իշխանական պրոքսիների դատափետմանը և քարկոծմանը հատուկ դրա համար պատրաստված «գաղափարաբանների» և «լրատվականների» կողմից։

Առաջ շարժվելով՝ մենք պետք է թույլ չտանք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության և առհասարակ ցանկացած հարցում ձևավորվի «խոսելու մենաշնորհ»։

ՄԱՐԻԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert