Ա՞յս էր մեր ուզածը։ Հայոց համազգային մեր խանդավառ, վիթխարի շարժման պտուղը։ Մի գլխատված պետություն, մի գետնաքարշ խորհրդարան, սահմանների խոր գերություն, մոլորակի ահեղապտույտ ընթացքից խոտորված։ Երկրագնդի ճակատագրում մազի դեր չունեցող մի երկիր։ Մեծ ճանապարհներին ընկած խանգարող քարի պես։ Ու ինքնասպան նիրվանայի մեջ անխոս եզների կյանքով ապրող մի մտավորականություն։

Ի մի բերելով տպագրության պատրաստվող հոդվածներիս գիրքը, ես եկա այն համոզման, որ այդ փաստերի գրանցումն ու հրապարակախոսական բացորոշումն, իր էությամբ մի յուրահատուկ ահազանգ է երկրի տարբեր տարիների իշխանավորներին՝ մեր այսօրվա գալիքը բացառելու համար։Զանազան սպառնալիքների տակ գտնվող մեր երկիրը հիմա էլ պետք ունի մեր բոլոր տոհմային հատկությունները կենտրոնացնելու ու զարգացնելու, իսկ լրագրողը ժամանակի արթուն զինվորն է ու զանգահարը, նրա գործը վեհանձնորեն միտված է դավադիր ու ազնվական մրրիկները տեսնելու, ըմբռնելու եւ հետամուտ լիելու սրբագույն առաքելությանը։Այսուհետ հատվածներ կտպագրեմ պատրաստվող գրքից։

Այսպես, 90-ականների մութ ու համր Երեւանից, մեռած քաղաքի լռության միջով, մի օր սահեցին, գնացին խորհող ու պայքարող ուղեղները՝ հոգու ու մտքի ահռելի հարստություն տանելով իրենց հետ։ Երկրի նորընծա տերերը՝ բովանդակ մտավորականներ, թքել էին այդ սիրո վրա ու հայոց պետականության պալատներում, միմյանց չարամահ անելով, նավթ, գինի, ցեմենտ էին բաժանում։ Երկրի մնացած բնակիչներին գոյադուլ էր հայտարարված, սեփականաշնորհումից նրանց բաժինը գաղթականի ցուպն էր ու անդառնալի ուղեւորությունը։ Ազգի ծաղիկն այլեւս Եռաբլուրում էր, նրանց կյանքով սրբացած Արցախ աշխարհի բնիկ ու բնական տերերը վաղուց լքել են պատիվ ու խոստում։ Ու շարան շարան ճողոպրում են Երեւան։ Իսկապես, ինչ կա էն օձաբնակ, անապահով խորշակում, որ ետ գնան։ Թնդանոթի մի՞ս է պետք, հրեն Արագածի շուրջպարում դեռ լիքը երազող, Աստծո բաժին ջահելներ։ Լավ էլ ինքնամոռաց պարում էին։ Հիմա էլ թող գնան, անուն թողնեն, հերոսանան էդ հողում։ Մեկ ազգ, մեկ պետություն ենք, ինչ տարբերություն։Ա՞յս էր մեր ուզածը։ Հայոց համազգային մեր խանդավառ, վիթխարի շարժման պտուղը։ Մի գլխատված պետություն, մի գետնաքարշ խորհրդարան, սահմանների խոր գերություն, մոլորակի ահեղապտույտ ընթացքից խոտորված։ Երկրագնդի ճակատագրում մազի դեր չունեցող մի երկիր։ Մեծ ճանապարհներին ընկած խանգարող քարի պես։ Ու ինքնասպան նիրվանայի մեջ անխոս եզների կյանքով ապրող մի մտավորականություն։ Դաշինքի ինչ սեւ գիր կամ հմայիլ էր փակել ՀՀՇ-ի մտավորական սպարապետի մտքի աչքը, որ չէր տեսնում իր շուրջ ծվարած պատրիկների անբովանդակ դեմքերն ու աչքերն իմաստազուրկ։ Որ աշակերտի անփորձությամբ չկռահեց խավարային մտադրությունն ու իր եղերական մահով ջնջեց հույսի վերջին օազիսը մեր հոգու անապատում։ Կամ գուցե նա՞ էլ մեր պատմության գեղեցիկ սուտն է, հրոտ-հրածին Վահագնի հեքիաթ, որի արնաքամ դիակի վրա, իրիկնային մեռելոցի սուրբ պահին էլ, Հայոց Մեծ Սգատան կամարների ներքո, ուրացումի օվսաննա երգեցին իր պիղծ ու գետնաքարշ զորապետերը։ Հողը թեթեւ, հանգիստ ննջիր սպարապետ, ընտրությունը քոնն էր․․ Չէ, սրանք Ալեքսանդր Մյասնիկյան մտավորականը չէին, ով աչքերում երկինք, պատերազմներով ու գաղթականներով լեցուն, բզկտված ու օտարախոս, անտերունչ այս արոտավայրը, իր կարճ կյանքի ընդամենը չորս տարում, դարձրեց համայն հայության Հոգեւոր հայրենիք։ Որ նամակներով, հորդորներով, իր անբասիր վարքով, հոր ու զավակի ազնիվ մտահոգությամբ, աշխարհասփյուռ ողջ հայ մտավորականությանը տուն բերեց ու Տեր կարգեց իր պապենական հողին։ Ու ոչ թե դղյակ, նույնիսկ մի թիզ գերեզմանի տեղ էլ չունեցավ իրենով վերածնված, իր կապույտ հույսերի երազամանուկ Հայաստանում։ Մինչդեռ՝ «…արտագաղթը փրկեց Հայաստանը, ապահովեց ներքին անվտանգությունը…»,- աբսուրդի պես հնչեց հայ մտավորական պաշտոնյա Վանո Սիրադեղյանի բերանից։ Ինքը հավերժ սոված, նոր էր կշտացել, բայց դեռ չէր ազատագրվել սովի հալածանքից։ Ու ինքն էլ շուտով դարձավ գաղթական։ Միգուցե արտագաղթը փրկեց երկիրը։ Չէ որ արոտավայրն ավելի հեշտ է կառավարել, քան Հայրենիքը։ Մինչեւ քաշվեցին, գնացին մեր սերմնացանները։ Հեռացան՝ երկրի վաղվա հունձքը տանելով իրենց հետ։ Գերադասեցին հեռու լինել եւ անկախ լինել, քան մնալ ու ոռնալ հուսահատ շան պես։ Մինչեւ նոր տերերն իրենք էլ գաղթական դարձան՝ սեփական Հայրենիքում ու Հայրենիքից դուրս։ Աղմկող այդ անունների փառքը թաղեցինք մեր հոգու գերեզմանում, եկան նորերը։ Եւ անբարտավան հիացմունքի, երազով հուսացած փառքը լիասպառ վատնելու, մեր պատմական, ավանդական, զուտ հայկական ինքնասպան որոմը, շարունակեց ծլարձակել, բոյ քաշել ու փարթամորեն ծառակալում է՝ մահվան ցավով հիվանդ, կորուսյալ մեր երկրի պղտոր գիտակցության մեջ”։

Հատված՝ “Մի բոցավառեք հոգեւարքի խարույկը” հոդվածից։”Ազգ” օրաթերթ, 2005թ․

Շուշան Ղազարյան, «Ղարաբաղ» կոմիտեի անդամները:

Լուսանկարը` Վազգեն Մանուկյանի կայքից:

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert