Գայանե Սարգսյան, 6 հունիսի, 2021 Թ.

Տարբեր ժամանակների սեփականատերերը

Ախթալայում է գտնվում Կովկասի ամենահին գործարանը` լեռնահարստացման կոմբինատը, որն ստեղծվել է 1763 թ.: Ախթալայի պղնձի արտադրությունը հազարամյակների պատմություն ունի:  

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը» շահագործում է Շամլուղի պղնձի հանքավայրը։ Այն մասնավորեցվել է  2002թ-ին։ ՀՀ կառավարությունը 2002թ.-ի հուլիսի 25-ին որոշեց.   

Հաշվեկշռային մեթոդով գնահատված 976368 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «Մեթլ Փրինս Էլ Թի Դի» ընկերությանը:

Ընկերության նախագահը սփյուռքահայ, բոլորին քաջածանոթ Սերոբ ՏերՊողոսյանն էր, ով զբաղեցնում էր նաև կոմբինատի գլխավոր տնօրենի պաշտոնը։  Նա 2011թ.ին նախ մեղադրվեց, ապա նաև դատապարտվեց 15 տարի ազատազրկման 2004-2010թթ. ընթացքում Ախթալա քաղաքի մի շարք անչափահաս տղաներին իր հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դրդելու համար։ 2014թ.-ին, սակայն, վերջինս մահացավ:

Որոշմամբ սահմանվեց «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 309 բաժնետոմսի գնահատված արժեքը` 239868 հազ. դրամ, իսկ  ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 200 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

Նույն որոշմամբ  որպես գնորդ ընկերության պարտավորություն սահմանվեց, որ

 «Մեթլ Փրինս Էլ Թի Դի» ընկերությունը պարտավոր է`

ա) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի` 200 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, գինը վճարել`

առաջին 6 ամսվա ընթացքում` 100 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

հաջորդ 6 ամսվա ընթացքում` 100 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

բ) 4 տարվա ընթացքում կատարել 2700 հազ. ԱՄՆ-ի դոլարի չափով ներդրումներ.

դ) մինչև 2012 թվականի հունվարի 1-ը ապահովել 400 աշխատատեղ` 110 հազ. դրամ միջին աշխատավարձով.

Ավելի ուշ, նույն թվականի օգոստոսի 11-ին կառավարության որոշումը վավերացվեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից:

 Ի դեպ, որոշման սկզբնական տարբերակում գնորդ ընկերությունը ուներ ևս մեկ կարևոր պարտականություն, որը սակայն, 2002թ.-ի հոկտեմբերի 31-ի որոշմամբ հանվել է:  

 Այն է. գ) 3 տարվա ընթացքում մարել վրացական «Մթեբի» կորպորացիային ունեցած 195661 հազ. դրամ կրեդիտորական պարտքը:

Մասնավորեցումից 10 տարի անց, 2011թ-ին  ՀՀ կառավարությունը ներկայացրել է հաշվետվություն՝ մինչ այդ պետական գույքի մասնավորեցման ծրագրերի վերաբերյալ, որում ի թիվս այլ կազմակերպությունների ներառված է  նաև Ախթալայի լեռնահարստացուցիչ գործարանը: Ըստ հաշվետվության,  գործարանը  կատարել է իր պարտավորությունները՝ նախատեսված 450 աշխատատեղի փոխարեն ստեղծելով 612 աշխատատեղ:

 Ներկայումս կոմբինատի 100 տոկոս բաժնետերը  «Զանգեզուր Մայնինգ» ընկերության նախկին  գործադիր տնօրեն,  ներկայումս` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ, երկար տարիներ ՀՀԿն   (Հայաստանի Հանրապետական  Կուսակցությունը)  

 ներկայացնող, իսկ  առաջիկա՝ 2021թ.-ի ԱԺ ընտրություններում 

Ռոբերտ  Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի 4-րդ համարով     պատգամավորության թեկնածու ներկայացված Վահե Հակոբյանն է։

Վ. Հակոբյանը 2013-2014 և 2016-2018թթ.-երին զբաղեցրել է Սյունիքի մարզպետի պաշտոնը:

 ՀՀ էլեկտրոնային ռեգիստր ներկայացված  «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի»  իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրում Վ. Հակոբյանի անունը նշված է  որպես իրական սեփականատեր, իսկ որպես ԻՍ դառնալու տարեթիվ նշված է 07.10.2019թ.-ը:

Վ. Հակոբյանն իրավասու է նշանակելու կամ ազատելու կազմակերպության կառավարման մարմիններում ընդգրկված անձանց:

Հայտարարագրում  որպես բաժնետերերի ընդհանուր ժողովի անդամ ներկայացված է 1946թ.-ին ծնված Սամվել Խաչատրյանը, ով և հանդիսանում է  ընկերության գլխավոր տնօրենը:

Որպես միջանկյալ ընկերություն նշված է «ՄԱՍԿՕ ՄԱՅՆ» ՓԲԸ-ն (տնօրեն՝  Արմեն Մարտիրոսյան ):  կից՝ ֆոտոն ռեգիստրից

Ի դեպ, «ՄԱՍԿՕ ՄԱՅՆ» ՓԲԸ-ն, ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կայքում 2014թ.-ին ընդունած որոշումների բաժնում տեղ գտած տեղեկատվության,  «Ախթալայի Լեռնահարստացման Կոմբինատ» ընկերության բաժնեմասերի 100 տոկոսի ձեռք բերման հարցով զբաղվել է դեռևս 2014-ից:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կայքի համաձայն, 2014թ.-ին հանձնաժողովը քննարկել է  

 «ՄԱՍԿՕ ՄԱՅՆ» ՓԲԸ-ի և  Ախթալայի լեռնահարստացուցիչ գործարանի համակենտրոնացման վերաբերյալ   հարցը: Քննարկման համար հիմք է ծառայել երկու ընկերությունների համատեղ գրությունը:

 Ընկերությունները 2014 թվականի փետրվարի 4-ին համատեղ գրությամբ  դիմել են հանձնաժողով՝ հայտնելով, որ ղեկավարվելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  8-րդ և 9-րդ հոդվածներով, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ «Մասկօ Մայն» ընկերությունը նպատակ ունի ձեռք բերել «Ախթալայի Լեռնահարստացման Կոմբինատ» ընկերության բաժնեմասերի 100 տոկոսը՝ խնդրում են թույլատրել համակենտրոնացումը։

Հանձնաժողովը հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն, որ «Մասկօ Մայն» ընկերությունը գործունեություն չի իրականացնում, իսկ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ընկերության արտադրանքի հիմնական մասն արտահանվում է,   եզրակացնել է, որ համակենտրոնացումը գերիշխող դիրքի հանգեցնող կամ գերիշխող դիրքն ամրապնդող համակենտրոնացում չէ, մրցակցությանը էապես չի խոչընդոտում,  ենթակա է թույլատրման:

Հանձնաժողովը ո ր ո շ ու մ է կայացրել. «Թույլատրել «Մասկօ Մայն» և «Ախթալայի Լեռնահարստացման Կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունների համակենտրոնացումը` «Մասկօ Մայն» ընկերության կողմից «Ախթալայի Լեռնահարստացման Կոմբինատ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման միջոցով»:

Ի դեպ, Տնտեսական մրցակցության հանձնաժողովին   տեղեկատվություն ներկայացնելու  պահին որպես «Մասկօ Մայն»-ի  գրանցված սեփականատերեր ներկայացված են` Էլիչկա Հարությունյանը (67 տոկոս բաժնեմասով), Կարինե Մարությանը (25 տոկոս բաժնեմասով) և Լիդա Հարությունյանը (8 տոկոս բաժնեմասով):  Էլիչկա Հարությունյանին է պատկանում «Ձագեձոր» հեռուստաընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 80 տոկոս բաժնեմասը:  Մյուս բաժնետեր Կարինե Մարությանին է պատկանում «Վանդ-Գասս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 50 տոկոս բաժնեմասը:

«Ախթալայի ԼՀԿ»-ի  ազդեցության քրոնիկոնն ու հետևանքները

«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն շահագործում է Շամլուղի պղինձ-հրաքարային հանքավայրը, որը գտնվում է ՀՀ Լոռու մարզում` Ախթալա համայնքի Շամլուղ բնակավայրի վարչական տարածքում, Ախթալա գետի ավազանում: Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկան գտնվում է Ախթալա կայարանից 2 կմ հեռավորության վրա դեպի հյուսիսարևմուտք: Կոմբինատի գործունեության ընթացքում Ախթալա համայնքում ձևավորվել են 3 պոչամբարներ՝ «Նազիկ», «Պահեստի ձորի»/պահուստային/ և «Նահատակ»։ «Նահատակ» պոչամբարը գտնվում է Մեծ Այրում և Ճոճկան համայնքների միջև։

Պոչամբարը կառուցվել է խորհրդային տարիներին, սակայն կարճ ժամանակ անց պոչամբարի շահագործումը դադարեցվել է։ 2010 թվականից պոչամբարը վերաշահագործվել է: 2016թ. -ից «Ախթալայի ԼՀԿ»-ն ընդլայնել է պոչամբարի տարածքը՝ կառուցելով 8մ բարձրությամբ պատվար:

Օլեգ Դուլգարյան

«Համայնքային համախմբման ու աջակցման կենտրոնի» նախագահ Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ «Նահատակ»  պոչամբարի վերջին բարձրացումը կատարվել է 50-60 սմ-ի չափով, նաև որոշակիորեն փոքրացվել է մակերեսը, սակայն թե այս, թե    «Ախթալայի ԼՀԿ»-ին պատկանող չշահագործվող մյուս պոչամբարները չեն ռեկուլտիվացվել: «Նազիկի» պոչամբարի ռեկուլտիվացիան կատարվել է թերի, իսկ «Պահեստի ձորի» պահուստային պաչամբարը շահագործվում է մինչ այժմ: Բաց պոչամբարներից արտանետումներն ու արտահոսքերը շարունակաբար աղտոտում են Լոռու մարզի Ախթալա, Շամլուղ քաղաքները, Բենդիկ, Վերին Ախթալա, Ճոճկան, Մեծ Այրում  գյուղերը:

2020թ.-ի օգոստոսից մեկնարկել են «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացիայի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի հանրային լսումները: Երեք հանրային լսումներ արդեն իսկ կայացել են: Հաջորդ հանրային լսման վերաբերյալ դեռևս որևէ հայտարարություն չի շրջանառվում:

Ըստ պաշտոնապես հրապարակված տվյալների գործարանի ընդերքօգտագործման թույլտվությունը պարբերաբար երկարաձգվել է, վերջին անգամ որպես վերջնաժամկետ է սահմանվել  2029թ.-ը:  

Տարիներ շարունակ բնապահպանական ու տարբեր միջազգային կազմակերպություններ բարձրաձայնում են գործարանի գործունեության հետևանքով առաջացած բացասական հետևանքների մասին, որոնք տարբեր ժամանակներում կատարված ուսումնասիրությունների ընթացքում վերցված նմուշառումների արդյունքներով  արտահայտվում են   ծանր մետաղների  թույլատրելիից մի քանի անգամ գերազանցող ցուցանիշի տեսքով՝ օդում,  հողում, ջրում, գյուղմթերքումու մարդկանց  արյան մեջ:  

Արդյունքում վերջին տարիներին Լոռու հատկապես այդ տարածաշրջանում արձանագրվում են քաղցկեղածին ու ոչ քաղցկեղածին տարբեր հիվանությունների չափազանց բարձր ցուցանիշներ:

2015թ.-ին  Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի և Կովկասի բնապահպանական հասարակական կազմակերպությունների ցանցի (CENN), «Կովկասի հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական հասարակական պատասխանատվության աջակցում» ծրագրի միջև համագործակցության շրջանակներում հանրային առողջության մագիստրոս Ռուզաննա Գրիգորյանը իր <<Իրավիճակը Հայաստանի Ախթալա քաղաքում. Հանքարդյունաբերության բնապահպանական և առողջապահական հետևանքները>>  ուսումնասիրությամբ  մանրամասն անդրադարձել է մինչ այդ իրականացված հետազոտություններին, որոնց բոլորի դեպքում արձանագրվել է ծանր մետաղների  թույլատրելիից բարձր ցուցանիշներ Ախթալայի ու ազդակիր տարբեր համայնքներում:

Ախթալայի գործարանի գործունեության հետևանքների վերջին ուսումնասիրությունը կատարվել  է 2020թ.-ին. չեխական «Արնիկա» կազմակերպությունը  «Համայնքային համախմբման ու աջակցման կենտրոնի» ու «Էկոլուր»   կազմակերպության  հետ համատեղ իրականացրել է մի շարք հետազոտություններ,  որի արդյունքներն ամփոփվել են  2020-ի տարեվերջին: Ըստ այդմ, տարբեր տարիքային խմբերի մեզի հետազոտություննների արդյունքներով ևս մեկ անգամ վերահաստատվել է ծանր մետաղների պարունակության բարձր մակարդակը:

«Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում գյուղերում բնակիչներից վերցված մեզի փորձանմուշները հաստատում են մկնդեղի  ազդեցությունը բնակչության վրա…   Մենք հայտնաբերել ենք մկնդեղի առավել բարձր պարունակություն հատկապես մինչև 7 տարեկան երեխաների շրջանում»,- պարզաբանում է հետազոտության հեղինակ, դոկտոր Միրոսլավ Շուտան:

 Օլեգ Դուլգարյանի դիտարկմամբ՝ տեղի բնակչությունը շատ լավ է պատկերացնում աղտոտված շրջակա միջավայրի հետևանքով  առկա վտանգները՝ կապված առողջության և տնտեսական կայունության հետ և պետությունից ակնկալում են գործուն քայլեր՝ կապված մինչ այժմ հասցված վնասների փոխհատուցման և շրջակա միջավայրը արտադրական թափոններից մաքրելու հետ:

Իրականացված հետազոտության արդյունքները հիմք ընդունելով, ազդակիր համայնքների շուրջ 60 բնակիչներ դիմել են դատարան՝ առողջպահական, որոշները նաև տնտեսական վնասի փոխհատուցում ստանալու պահանջով:

«Սա Հայաստանում առաջին նախադեպն է և հույս ունենք, որ նման պրոցեսները կնպաստեն  օրենսդրական մակարդակում  խնդիրների կարգավորմանն ու համապատասխան մեխանիզմների ներդրմանը»,- նշում է Օ. Դուլգարյանը:

 2020թ.-ի մայիսին  Օլեգ Դուլգարյանը   դիմելով  ՏԿԵ նախարարություն, տեղեկացրել է. «Տասնամյակների անպատասխանատու կառավարման արդյունքում աղտոտումը տարածվել է գրեթե ամբողջ համայնքով մեկ, ընդգրկելով լայն աշխարհագրություն։ Համայնքի բազմաթիվ ձորեր դեռևս նախորդ տասնամյակներից առանց որևէ թույլտվության լցվել են հանքարդյունաբերական թափոններով, ինչը սփռվում է ամբողջ համայնքով և աղտոտում նաև Դեբեդ գետը՝ յուրաքանչյուր անձրևից հետո։ Բացի այդ, համայնքում առկա են գործող և չգործող չռեկուլտիվացված պոչամբարներ… »:

 Վերջինս ՏԿԵ նախարարին   առաջարկել է  շահագրգիռ տարբեր կողմերի ներգրավմամբ  ստեղծել աշխատանքային խումբ՝ որը կուսումնասիրի Ախթալա համայնքի թափոնակույտերի հետ կապված խնդիրը և կմշակի համայնքը թափոնակույտերից մաքրելու ռազմավարություն։

ՏԿԵՆ-ը աշխատանքային խմբի ստեղծման առաջարկը չի ընդունել: Գրությամբ տեղեկացրել են,  որ մի շարք հանգամանքներից ելնելով գտնում են, որ ներկայումս աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտություն չկա:

«Հայտնում ենք, որ Ախթալայի համայնքում  առկա թափոնակույտերի հետ կապված խնդիրների և համայնքը թափոնակույտերից մաքրելու ռազմավարության մշակման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ձեր առաջարկությունը բազմակողմանիորեն քննարկվել է ՀՀ ֆինանսների, ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունների հետ, ինչի արդյունքում պարզվել է, որ.

  1.    2018-2019թթ.-ին շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվել է ՀՀ տարածքի ընդերքօգտագործման թափոնների լքված տեղամասերի, փակված պոչամբարների ուսումնասիրություն, թափոնների և հողային զանգվածի նմուշառում: Աշխատանքները ներառել են նաև Նազիկ փակված պոչամբարը, պոչամբարին կից տարածքներում կուտակված թափոնները: Նազիկ պոչամբարի տարածքի հողային ծածկույթից վերցված նմուշներում արձանագրվել են վանադիումի, քրոմի, նիկելի, պղնձի, մկնդեղի և կապարի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցումներ (համադրումը կատարվել է ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի  25-ի «Հողի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ N 2.1.7.003-10 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 01 հրամանով սահմանված ցուցանիշների հետ):   Դաշտային ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է Ախթալա գետին հարակից հատվածում՝ փակված պոչամբարում, կուտակված թափոնները վրածածկող և թափոնների տարածումը կանխող հողային շերտի բացակայությունը: 2020 թվականին Նազիկ պոչամբարի տարածքում վերականգնողական, պոչամբարում կուտակված թափոնների շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանն ուղղված աշխատանքների ֆինանսավորման հարցը ներկայացվել է 2021-2023 ՄԺԾԾ հայտի շրջանակներում:
  2.  Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի 7-րդ համալրման երկրներին տրամադրվող աջակցության շրջանակներում դրամաշնորհային օժանդակություն ստանալու նպատակով շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է «Տարախոտային անտառների էկոհամակարգի վերականգնում Դեբեդ գետի վերին հոսանքի ավազանի ընդերքօգտագործման արդյունքում խախտված լանդշաֆտներում» ծրագրային գաղափարի առաջարկը, որը տարածվում է նաև Նազիկ պոչամբարի տարածքի վրա:

Հաշվի առնելով վերոգրյալը և գերատեսչություններից ստացված կարծիքները՝ հայտնում ենք, որ ներկայումս տարվում են աշխատանքներ Ախթալա համայնքում առկա ընդերքօգտագործման թափոնների տարածքների վերականգնման նպատակով մշակված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթման ուղղությամբ, ուստի այս փուլում աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտություն չկա »,- նշված է պատասխանում:

Հաշվի առնելով խնդրի կարևորությունն ու ԼՀԿ-ի գործունեության հետևանքով տարեցտարի մեծացող վտանգները, «Էկոլուր» բնապահպանական կազմակերպության նախաձեռնությամբ  և բոլոր շահագրգիռ տարբեր կողմերի ներգրավմամբ 2020թ.-ին  Բնապահպանական հանրային դատարանի    ձևաչափով ուսումնասիրվել է «Նահատակ» պոչամբարի շարունակական ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա» բնապահպանական հանրային գործը, ինչի արդյունքում բնապահպանական հանրային դատարանը վճռել էր ««Նահատակ» պոչամբարի շահագործման թույլտվությունների տրամադրման, այն չկոնսերվացնելու և չռեկուլտիվացնելու, դրա նկատմամբ վերահսկողության, մոնիթորինգի հետ կապված օրինախախտումները, որոնք Հայաստանում և տարածաշրջանում հանգեցրել են բնապահպանական աղետի և սոցիալ-տնտեսական ճգնաժամի, վնասել են մարդկանց առողջությունը, ճանաչել որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն»:

Նշված հանրային դատարանի վճիռը «Համայնքային համախմբման ու աջակցման կենտրոնի»  կողմից  ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից    արձագանքել են, որ  նախաձեռնվել է ուսումնասիրություն և  ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ դրանց հաշվառմամբ ստուգում իրականացնելու համար:

Ի դեպ, Ախթալա ԼՀԿ-ում Բնապահպանության ու ընդերքի տեսչության կողմից ստուգումներ իրականացվել են նաև նախորդ տարիներին: Բնապահպանական հանրային դատարանի հրապարակած տվյալների համաձայն՝

  • 2015թ.-ին  «Ախթալայի ԼՀԿ»-ում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության ստուգումներով հաշվարկվել է շրջակա միջավայրին պատճառված 10,083 մլն դրամի վնաս, որից 5.04 մլն դրամը՝ ջրային ռեսուրսների աղտոտման համար, 4,93 մլն դրամը՝ մթնոլորտային օդի աղտոտման համար: ՀՀ ջրային օրենսգրքի 37-րդ հոդվածի պահանջների խախտման համար պատասխանատու պաշտոնատար անձը ենթարկվել է 300,0 հազար դրամ վարչական տուգանքի: Տրվել են ջրի շրջանառու համակարգի պարտադիր ներդրման վերաբերյալ, սեղմ ժամկետում շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելման բնապահպանական միջոցառումների ծրագրի մշակման հանձնարարականներ, սակայն առ այսօր ջրի շրջանառու համակարգը չի ներդրվել։
  • 2018թ.-ին  ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումների արդյունքում հաշվարկվել է շրջակա միջավայրին պատճառված 5,1 մլն դրամ գումարի վնաս, արձանագրվել են հետևյալ խախտումները՝ ՀՀ ջրային օրենսգրքի 27-րդ և 37-րդ հոդվածների հետևյալ պահանջները. – իրականացվել է ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրառ – սահմանված կարգով չի իրականացվել ջրառի հաշվառում – չի մշակվել արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ ջրային ռեսուրսների մոնիթորինգ, բարելավող և աղտոտման նվազեցման, կանխման միջոցառումներ – չի մշակվել և իրականցվել ջրակորուստների կրճատման և նորմավորման ջրաքանակների արդյունավետ օգտագործման միջոցառումների ծրագիր – 2017թ. վթարի հետևանքով արտադրական հոսքաջրերն աղտոտել են 200մ2 հողային տարածք, ինչը ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պահանջով մաքրվել է:

 2020-ի սեպտեմբերին  ԼՀԿ-ում ստուգումներ է իրականացրել նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝  աշխատատեղում  աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջները պարզելու նպատակով։ Ստուգման ընթացքում արձանագրվել են  ՀՀ կառավարության 2009թվականի  օգոստոսի 27-ի N 1083-Ն   ևՀՀ կառավարության 2009թվականի հոկտեմբերի 29-ի N1277-Ն   որոշումներով աշխատանքի առողջ և անվտանգ կատարման սահմանված պահանջների խախտումներ։ Արձանագրված խախտումները վերացնելու նպատակով տեսչական մարմնի կողմից  ընկերությանը  տրվել է կարգադրագիր։

Ակնկալիքներ-Բարեփոխումներ-Առաջարկներ

2020թ.-ին Հայաստանին տրվել է ԱՃԹՆ -ին համապատասխանող երկրի կարգավիճակ: Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որին անդամակցում են 53 երկրներ:

Բարձր գնահատելով Հայաստանի ԱՃԹՆ գործընթացին միանալու փաստը, բնապահպանները գտնում են, որ թեև որոշակի քայլեր՝ ուղղված հանքարդյունաբերության ոլորտի իրավական կարգավորումներին, արվել են, սակայն դրանք բավարար չեն:

Ասում են՝ հետհեղափոխական իշխանությունից ակնկալիքներն ավելի մեծ են եղել:

«Վերջին երկու-երեք տարիներին որոշ օրենսդրական փոփոխություններ կատարվել են գործընթացն ավելի թափանցիկ դարձնելու համար, բայց դրանք դեռ բավարար չեն: Ապավինել միայն օրենսդրական փոփոխություններին ու հույս ունենալ, որ օրինակ,  դրանցով հնարավոր է բացահայտել բոլոր իրական սեփականատերերին, բավարար չէ, նոր մեխանիզմներ են անհրաժեշտ,- նշում է Օլեգ Դուլգարյանն ու բարձրաձայնում ակնկալիքներն ու առաջարկները՝ պետական կառավարման համակարգից ու օրվա իշխանություններից:

Օրենսդրականբազմաթիվ նախաձեռնություններ առաջ քաշելու անհրաժեշտություն կա: Մենք պետք է ունենանք մարդու առողջության վրա շրջակա միջավայրի ազդեցության գնահատման չափորոշիչներ,  կանխարգելման,  փոխհատուցման մեխանիզմներ: Սա կարևորագույն ակնկալիքներից մեկն էր, որը մինչ այժմ չկա:

-Պետական ինստիտուտները, որոնք պատասխանատու են այս ոլորտի համար, չեն գործում կամ վատ են գործում ու մենք անընդհատ գտնվում ենք շրջապտույտի մեջ՝ ոլորտի հետ առնչվող բոլոր կառույցների կողմից խնդիրները մեկը մյուսի վրա  գցելու պատճառով: Պետական  ինստիտուտներն ուղղակի  պետք է գործեն և լինեն հետևողական ու իրականացնեն իրենց գործառույթները:

-Պետք է վերանայվեն  բնապահպանական վճարների չափերն ու հաշվարկման մեխանիզմերը:Իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված օրենսդրական բարեփոխումները ևս վերանայման կարիք ունեն:

ՏԻՄ-երը  պետք է ավելի մեծ լիազորություններ ունենան իրենց համայնքի տարածքում հանքարդյունահանման գործընթացներում մասնակցության ու դերակատարման առումով, բնակիչներն ավելի շատ պետք է ներգրավված լինեն բոլոր գործընթացներում: Տեղական մակարդակներում ազդակիր համայնքները պետք է իրականացնեն   սոցիալական-էկոլոգիական քաղաքականություն:

Անդադառնալով Լոռու հանքարդյունաբերության ոլորտին,  որպես վերջին տարիների  տեսանելի ձեռքբերում Օ. Դուլգարյանը մատնանշում է հետևյալը. -Բնապահպանական առումով մեր մարզում շատ բան չի փոխվել, երևի   մոտեցումներն են փոխվել:  Օրինակ, եթե  նախկինում բնակիչները կամ ՀԿ-ները բողոքի ակցիաներ էին իրականացնում, պետական ապարատներից կարող էին ճնշումներ տեղի ունենալ այդ մարդկանց վրա, հիմա դա չկա:

бутони за социални мрежи

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.