Առաջին հայացքից հունիսի 20-ի ԱԺ-ի ընտրությունների արդյունքը խոսում է այն մասին, որ ընտրություն է կատարվել նոր՝ հեղափոխական ուժերի և անցյալի՝ նոր կյանք ստացած՝ իշխանությունների միջև։ Սակայն խորքում հայ ժողովուրդը մղում էր դասակարգային պայքար, իհարկե ոչ դասական հասկացողությամբ։ Այնուամենայնիվ նա մերժելով հներին, փաստորեն մերժում է՝ դրամատերերի, դրամի բռնատիրական իշխանությունը։ Դրան նպաստել է նոր իշխանությունների անցյալ երեք տարվա ընթացքում մի շարք դրական ծրագրերի նպատակամղված իրագործումը, նախ և առաջ բարելավել կարիքավոր խավի, աշխատավորության, գյուղացիության կյանքի պայմանները։ Անուրանալի է, որ օրենքի գերակայության համար, ինչպես նաև անօրինականությունների, կաշառակերության և պաշտոնյաների կամայականությունների դեմ պայքարը, զգալի բարելավել է այդ զանգվածների ոչ միայն նյութականը, այլ նաև բարձրացրել է նրանց ինքնագիտակցությունը։ Հենց այս խավն է, որ անցյալ տարներին կրել է ծանր զրկանքներ, տվել է բազմաթիվ զոհեր, սակայն այս հասարակ ժողովրդի հավաքական գիտակցությունը իմաստուն է, հիշողությունը արթուն, գնահատանքը անաչառ, գիտի թալանչիներին, պատերազմի իսկական մեղավորներին և կայացրել է իր իմաստուն որոշումը, քվեների մեծամասնությամբ ընտրելով նոր իշխանություններին։

            Վստահորեն կարելի է ասել, որ առաջին անգամ հայոց դարավոր պատմության ընթացքում հայ հասարակ աշխատավորը, հայ հասարակ գյուղացին, հայ մարդը, հայ կինը, հայ զինվորը իրենց առօրյա փորձերով տեսան, գիտակցեցին, իրենց մաշկի վրա զգացին, որ իրենք այլևս պետական պաշտոնյաների, դրամատերերի, վերադասների, կամ այլևայլ զոռբաների դեմ միայնակ և անզոր չեն, այլ, չլսված բան, երկրում առաջին անգամ օրենքն է իշխում և հարկ եղած դեպքում այն է, որ իրենց տեր է կանգնելու ու պաշտպանելու։

            Հենց վերոհիշյալ իրողությունն է, որ չեն կարողացել հասկանալ ՀՀ-ի նախկին երեք նախագահները և նրանց մանկլալավիկներն, ինչպես նաև Դաշնակցություն ու Ռամկավար կուսակցությունները։ Հենց այս է, որ չեն կարողացել կամ չեն ցանկացել տեսնել երկու կաթողիկոսները, հանդերձ իրենց մի ամբողջ հոգևորականների բանակով։

            Այս ամբողջը չուզենալ տեսնել, միտումնավոր կեղծիքներ հնարել և վարչապետին ու նրա գլխավորած կառավարությանը ինչ-ինչ պատճառներով մեղադրել նշանակում է մեղանչել ճշմարտության դեմ։ Նշանակում է գիտակցաբար թշնամանք սերմանել երկրում և խարխլել ազգային պետականության հիմքերը։

            Կարելի է վստահորեն ասել, որ սփյուռքահայության մեծամաս զանգվածը, այո, մեզանից շատերը, արցախյան պատերազմի նման անսպասելի ելքի պատճառով համարյա կաթվածահար եղած, վերջին ամիսներին տագնապով էր հետևում Հայաստանի ներքին քաղաքական դաշտում ընթանող զարգացումներին և զարմանքով արձանագրում՝ նախկին երեք նախագահների և նրանց կողմնակիցների անհիմնն, թշնամական, կարելի է ասել ինչ-որ տեղ բարոյազուրկ մեղադրանքներին ուղղված նոր իշխանությունների և անձամբ վարչապետի հասցեին, նրանց վրա բարդելով պատերազմում պարտվելու փաստը։ Բայց չէ որ ամեն մի անաչառ և ողջամիտ մարդ, ով վերջին երեսուն տարիներին հետևել է Հայաստանում իրագործվող ներքին քաղաքականության ընթացքին և զարգացումներին, գիտի պարտության իրական և անհերքելի պատճառները։ Այդ են նշում նաև բազմաթիվ գիտակ՝ քաղաքական գործիչներ, զինվորականներ, մասնագետներ, ովքեր անհերքելի փաստարկներ են նշում, որ այդ պարտության գլխավոր մեղավորներին պետք է փնտրել նախկին երեք նախագահների օրոք երկիրը թալանած, միլիոնավոր մարդկանց տնավեր և թափառական դարձրած իշխանավորների ու նրանց դրածոների շարքերում։

Վազգեն Սարգսյանի եղբայր՝ պարոն Արամ Սարգսյանը, իր մի հարցազրույցում շեշտում է հետևյալը․ «Իրականում հայ ժողովուրդը պարտություն է կրել 1999 թվականի հոկտեմբեր 27-ին, երբ խորհրդարանում չարագործների կողմից գնդակահարվեցին Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը և ուրիշներ»։

            Փիլիսոփայության դոկ․ պրն․ Աշոտ Ոսկանյանը այդ տարիներին ՀՀ-յան դեսպանն էր Դաշնային Գերմանիայում։ Նա բազմիցս մի շարք մտերմիկ զրույցների ընթացքում արտահայտվել է, որ՝ «Հայ ժողովուրդը անկախանալով դժբախտաբար չկարողացավ այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որի միջոցով կարելի կլիներ իրավական և ամուր հիմքերով պետություն կառուցել, հենց այդ պատճառով էլ մենք ականատեսն եղանք, թե ինչպես գլխատվեց նոր ձևավորվող և այնքան հույսեր ներշնչող հայկական պետականությունը»։

Մի քանի անհատներ նշել են, որ այդ մահափորձը,− իրականացրած ժամանակի իշխանությունների կողմից, հավանաբար արտաքին ուժերի գիտությամբ, այն էլ ԱԺ-ում,− խորհրդանշական էր այն իմաստով, որ այն հարված էր հայոց պետականության հիմքերին։ Այն կարելի է համեմատել չորրորդ դարում երիտասարդ Պապ թագավորի սպանության հետ։ Նաև այն ժամանակ, դավաճանական այդ արարքը, ուղղված էր հայոց պետականության դեմ, որը իրականացրին հույները, Հայաստանում ներքին դավաճան հոգևորականների օգնությամբ, և որից հետո հայկական պետականության վերականգնումը այնքան դժվարացավ․․․

Սամվել Հովասափյան, Բեռլին, հունիս 2021                                                          

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert