Արդարությո՞ւն…
Արդարությո՛ւն, որ շատ անգամ,
Անարդարի զո՜հն ես դառնում…
Տառապում ես ու խորթանում,
Հեռանում ես ու մոռանում,
Մերկանում ես ու որբանում,
Քարանում ես ու պապանձվում…
Որբացել ես ու չես ասում,
Որ աշխարհն է անտե՛ր մնում,
Խորթացել ես ու չես հիշում,
Որ հարուստը՝ խեղճ աղքատի հա՛ցն է ուտում..
Հացը՝ ոչինչ,
Հացի համար դեռ հա՛սկ է պետք,
Ախր, եթե չեն վճարում,
Անգամ գետից ջուր խմելն է դառնում անեծք…
Ջրի համար փող են ուզում՝ չե՛ն ամաչում,
Փոխարենը՝ ծակ գրպանով մարդն է շիկնում…
Արդարությո՜ւն, քեզ եմ կանչում, ինձ չե՞ս լսում,
Ախր աղքատն իր քրտի՛նքն է արդեն խմում…
Դա՜ռը քրտինք, աղի՜ արցունք
Խառնվում են ու հեղեղվում,
Խե՜ղճ աչքերը դառնում ակունք՝
Աղմկում են ու լայնանում,
Լայնանում է նաև մեղքի խավար ճամփան
Փոխարենը՝ արդարության
Ճանապարհն է դառնում կածան…
Էլ ի՞նչ անեն արդարները,
Եթե ինքդ լա՛ց ես լինում,
Էլ ի՞նչ անես, եթե ինքդ
Ե՛լք ես փնտրում ու չես գտնում…
Նե՜ղ է, նե՜ղ է ուղին տանող ճշմարտության,
Եվ մարե՛լ է փոքրիկ ճրագն արդարության,
Մարդիկ ծնվում ու չե՛ն ապրում,
Ամբողջ հոգով մա՜հ են տենչում…
Արդարությո՜ւն, աչքերդ բա՛ց,
Մարդուկները՝ ՄԱՐԴ են հեծնում…
Խեղճին բռնում՝ շուրջ բոլորը
Պար են պարում ու ձեռք առնում,
Էլ չե՛ն ասում՝ ախր մարդը զավակ ունի,
Պատուհանից ցած է նայում ու արտասվում…
Անհասի պես ծիծաղում են ու քրքջում,
Երբ փողոցում թափառական մարդ են տեսնում,
Բայց ո՞վ գիտի, որ այդ մարդը հոգու խորքում՝
Այս աշխարհի ո՛ղջ գանձերն է լայնքով փռում…
Ա՜խ, այսքանը ա՛յս անարդար կյանքի համար
Դեռ ինչ գրում՝ վերնագիր եմ միայն դնում,
Ասելիքս լո՜ւռ պահում եմ Աստծո համար,
Թեև գիտեմ, որ երկնքում
Լռությո՛ւնն է անգամ գրվում…
Արդարությո՛ւն, էլ ինձ չասես,
Թե աշխարհում գործե՛լ գիտես,
Դու նեղանալ ու հեռանալ,
Կամ էլ պարտվե՛լ միայն գիտես,
Մարդկանց հոգին անվե՜րջ տանջել,
Անգամ սպանե՛լ, թաղե՛լ գիտես
Եվ շատ անգամ՝ մահից հետո՛
Վերադառնալ միայն գիտես…
Արդարությո՜ւն, դե ե՛տ արի
Քանի խիղճս չի՛ մահացել,
Քանի սիրտս չի՛ քարացել,
Քանի հոգիս չի՛ չարացել…
* * *
Ե՛վ կանչում եմ, և՛ մտորում,
Մի՞թե զուր չեմ ես բողոքում,
Ա՜խր ինքս՝ անարդարս,
Աստծո առաջ մե՛ղք եմ գործում…
Տեր իմ Աստվա՜ծ աղաչում եմ՝ ների՜ր – ների՜ր,
Գլուխս կախ՝ կուրծքս ծեծող մեղավորիս,
Որ շատ անգամ հա՛ց եմ կերել ու կշտացել,
Բայց սովածին՝ աղոթքո՛վ եմ միայն հիշել…
Ա. Երիմյան