Հեղինակ` Կարինե Խանինյան

Այնքան հաճախակի էին դարձել նմանատիպ խոսակցությունները, որ աղջիկներն այլևս ուշադրություն չէին դարձնում ծնողների վեճերին: Նրանք անգիր գիտեին, թե ինչ թեմա էր ընկած վեճի հիմքում: Հայրը՝ ինչպես միշտ, փորձում էր փաստերով, օրինակներով խեղճացնել մորը, սակայն մայրը շատ ազատամիտ և անխտրական դիրքորոշում ուներ և նպատակ չուներ ընդառաջ գնալու ամուսնու առաջարկություններին:

-Ախր հասկացիր կի՛ն, մենք մեր հողի վրա չենք, մենք օտարության մեջ ենք: Ես այլևս չեմ ուզում, որ իմ աղջիկներն ապրեն այստեղ: Նրանք արդեն հասուն աղջիկներ են: Ես ուզում եմ, որ գնանք այստեղից, ապրենք մեր հայրենիքում:-Նրանք այստեղ են ծնվել, նրանց համար հայրենիքս ո՞րն է: Նրանք իրենց տանն են: Ի՞նչն է քեզ այդպես վախեցնում: Ինչի՞ ես տարբերություն դնում՝ ա՛յս ազգը, ի՛մ ազգը: Դե՛ թող հանգիստ ապրենք էլի: Ու՞ր ենք գնալու, ո՞վ է մեզ նեղացնում:

-Երեկ մեր ծանոթ Հրաչի աղջկան են փախցրել՝ առանց իր կամքի: Նա դեռ մի մատ երեխա է, բայց տեսնու՞մ ես: Մենք հավատքով ենք տարբեր: Ի՞նչ է նշանակում փախցրել են: Ես դա չեմ ուզում զգալ իմ կաշվի վրա, ես չեմ դիմանա, խնդրու՛մ եմ. թո՛ղ իմ հայրենակից լինի, իմ երկրից լինի, նույն դավանանքից լինի, ես չեմ ուզում օտար փեսա ունենալ: Ես իմ տան մեջ օտար չեմ ուզում, այլազգի չեմ ուզում: Մենք քրիստոնյա ենք: Հիմա լսի՛ր, աղջիկներին հասկացնում ես, բացատրում իմ պահանջները: Ես ձեզ մի շաբաթ ժամանակ եմ տալիս, հավաքվում ենք ու տուն ենք գնում, վե՛րջ: Չփորձես հակաճառել, վե՛րջ:

Կինը շիվար, բերանը կիսաբաց և երկու ձեռքերն օդի մեջ հարցական դարձրած՝ արձան էր դարձել: «Իսկի ե՛ս չեմ համակերպվում, աղջիկներին ինչպե՞ս բացատրեմ, հասկացնեմ, համոզեմ: Գժվել է էս մարդը»,- վերջնաեզրահանգման եկավ մոլորված կինը:

Հայրենիքում ոչ մի հարազատ չունեին: Մինչև այժմ ոչ մեկի հետ կապ չէին ունեցել: Սիրել էին հայրենիքը հեռվից այնպես, ինչպես անծանոթ, բայց հարգարժան մեկին կսիրես: Հայրենիք վերադառնալու մասին երբեք չէին մտածել: Երեխաները ծնվել էին օտար երկրում և այդ երկիրը սիրել ու իրենցն էին համարել: Ինպե՞ս հասկացներ չափահաս աղջիկներին, որ սա իրենց ծննդավայրն է, բայց իրենց երկիրը չէ, որ պետք է գնան այստեղից: Նրանց համար օտար էր այն հայրենիք կոչվածը, որին այդպես տենչում էր հայրը:

Ոսկերիչ էր Գուրգենը, շրջանում հայտնի էր իր վարպետությամբ, ազնվությամբ: Բոլորը հարգում, սիրում էին նրան: Կինը տնային տնտեսուհի էր, բայց ինչպես ասում էին՝ «ամեն մատը մի ոսկի է»: Ամուսնու ոսկիների հետ կապ չունեին նրա մատները, ուղղակի ամեն մատը մի շնորհք էր, մի արհեստ: Նա լավ կարում էր, գործում, թխում, եփում համով-համով ճաշեր, տարբեր խորտիկներ ու ազգային ճաշատեսակներ: Նրան ճանաչողները միշտ մի խորհուրդ, մի նոր բան իմանալու ակնկալիք ունեին: Չնայած ինքը սիրով բոլորին տալիս էր իր բաղադրատոմսերը, սակայն ոչ ոք վստահ չէր, որ կկարողանար նույն համն ու հոտը ստանալ: Միշտ կասկած ունեին. «գուցե այնքան էլ ճիշտ չի՞ ասել»: Օջախի օրինակելի կին էր Սեդան: Նրա երեք աղջիկները մեծացել էին հոր հսկողության և մոր հոգածության ներքո: Նրանք մեծացել էին ավանդապաշտ, պարկեշտ, եկեղեցին, հավատքը պահող և շրջապատում հարգված ընտանիքում: Աղջիկները՝ ճիշտ է, ապրում էին նույն ընտանիքում, սակայն նրանք շատ տարբեր էին թե՛ խառնվածքով, թե՛ ճաշակով և նամանավանդ՝ տեսքով: Մեծ աղջիկը զարմանալիորեն նման էր մորը և՛ արտաքինով, և՛ արարքով, և՛ շնորքով: Նա պատրաստի հարսնացու էր, ամեն բան գիտեր, ամբողջ օրը մորը չէր լքում, ստվերի պես հետևում էր նրան: Միջնեկ աղջիկն ինքն էլ չգիտեր, թե ինչ էր ուզում: Հաճախակի խանդում էր մեծ քրոջը, մեկ-մեկ նախանձում փոքրիկին, խճճվել էր էդպես ու մի քիչ չարացել: Սակայն նա հոգատար էր, ուշադիր բոլորի նկատմամբ: Բոլորին հասնում էր ամենից շուտ, օգնում: Մեկ էլ կարող էր չարանալ, ազատություն տալ լեզվին: Մայրը միշտ սաստում էր նրան՝ օրինակ բերելով մեծ աղջկան, և երբ ճարը հատնում էր, ուժերը սպառվում էին, սպառնում էր ամեն բան պատմել հորը: Դա մոր միակ աշխատող զենքն էր, որը հաճախ օգտագործում էր իր երեք աղջիկների վրա: Փոքր աղջիկը շատ մեղմ, դյուրահավատ, զիջող էր: Նա ընտանիքի «խաղաղության աղավնին» էր: Ուրիշ ելք որ չունենար, լացը կար ու կար: Լացում էր ու բոլորին ստիպում լռել, չգոռալ, հանգստանալ:

Սեդան մոլորվել էր: Ամուսինը հիմա կգար ընդմիջման, իսկ ինքը ոչինչ չէր պատրաստել: Կենտրոնանալ չէր կարողանում, շիվար կանգնում էր մե՛կ խոհանոցում, մե՛կ պատուհանից էր դուրս նայում շիվար, մոլոր հայացքով: Ինչպե՞ս ասեր աղջիկներին, ի՞նչ ասեր, ու՞ր էին գնում, ի՞նչն է պատճառը: «Թող երեկոյան, երբ բոլորը տանը կլինեն, ինքն էլ ասի»,- հաստատ որոշում կայացնելով նա անցավ խոհանոց՝ ճաշ պատրաստելու: Երեկոն այնքան էլ չուշացավ: Բոլորը տանն էին, և հայրն ախորժակով ընթրելուց հետո, խորհրդավոր երանգ տալով ձայնին՝ ասաց.-Աղջիկնե՛ր, հիմա բոլորդ ուշադիր լսում եք ինձ: Ես ձեզ շատ կարևոր բան ունեմ ասելու, սակայն ի սկզբանե ասեմ, որ չեմ քննարկում, այլ տեղեկացնու եմ, որ պատրաստ լինեք:

Աղջիկները կլորացած աչքերով իրար նայեցին: Հոր խորհրդավար տոնը հանկարծակիի էր բերել նրանց: Նայեցին մորը: Մայրը գլուխը կախ, անշտապ վայելում էր իր ճաշը: Նրանք մոր պահվածքից հասկացան, որ այն ինչ պիտի ասեր հայրը, այնքան էլ մոր սրտով չէր, և որ մայրը լավ տեղեկացված է և տիրապետում է լուրի բովանդակությանը:

-Հայրի՞կ, հո վատ բան չի՞պատահել, ասա՛, էլ չեմ դիմանում: Մայրիկը ոնց որ տխուր է,- անհանգստացած խոսեց միջնեկ աղջիկը՝ Ադելը:

-Չէ՛ աղջիկս, ոչ մի վատ բան չի պատահել: Մի շաբաթից մենք տեղափոխվում ենք, գնում ենք մեր երկիրը, մեր իսկական տուն ենք գնում: Ես այլևս չեմ ուզում ապրել օտարության մեջ, չեմ ուզում իմ աղջիկները մնան այստեղ, ամուսնանան օտար տղայի հետ: Պատրաստվե՛ք, մի շաբաթից մեկնում ենք:Լռությունը խախտում էր պատուհանի ապակու հետ անհավասար կռիվ տվող ճանճի բզզոցը: Բոլորն անակնկալից քարացել էին:

-Հայրի՛կ, ասա, որ դու կատակեցիր,- մոր արցունքները տեսնելով համարձակվեց խոսել մեծ աղջիկը՝ գրկելով, սփոսանքի միտումով թփթփացնելով մոր ուսը:

-Ո՛չ Աննա, ո՛չ աղջիկս, ես չեմ կատակում և մորդ էլ խորհուրդ կտայի վատ օրինակ չծառայել աղջիկներին,- ասաց հայրը և աղմուկով հրելով աթոռը՝ վեր կացավ և դուրս գնաց:

Աղջիկներն անմիջապես հավաքվեցին ու սկսեցին հարցերի տարափ տեղալ մոր գլխին, որն առանց այն էլ չկարողանալով կառավարել զգացմունքները՝ լացել ու բարկացրել էր ամուսնուն: Արցունքներն արագ սրբելով, գլխով հպարտ կեցվածք ընդունելով, ընդգծված խստությամբ ձեռքով սաստող նշան անելով՝ դիմեց աղջիկներին.

-Ես կարծում եմ՝ դուք լավ լսեցիք հայրիկին: Իմ հուզվելը ոչ մի բանի չվերագրեք, մենք չենք կարող հակաճառել հայրիկին: Ինձ այլևս հարցեր չտաք, ես ոչինչ չգիտեմ, նույնիսկ չգիտեմ՝ ու՞ր ենք գնալու, ի՞նչ է որոշել հայրիկը: Սակայն ինչ էլ որոշած լինի, մենք պարտավոր ենք լսել ու ենթարկվել:

Մայրը դուրս եկավ սենյակից՝ խուճապի և անորոշության մեջ խճճված թողնելով աղջիկներին: Քույրերից փոքրը՝ Աիլինը, համարձակվեց խախտել անդորրը:

-Երեխե՛ք, բայց ինչի՞ եք տխրում: Օրինակ ես ուրախ եմ: Շատ ավելի լավ, նոր շրջապատ, նոր ընկերներ, իսկ ի՞նչ կա որ: Իսկ միգուցե ավելի լա՞վ տեղ ենք գնում: Ուղղակի ես չեմ հասկանում՝ ի՞նչն է պատճառը, ինչու՞ հանկարծ հայրիկը որոշեց գնալ: Լավ աշխատանք, լավ ընկերներ ունի, հը՞, ի՞նչ եք կարծում:

Նրան ոչ ոք չպատասխանեց: Աննան գնաց մոր ետևից, տեսնելու՝ հո չի՞ լացում մայրը: Ադելը խեթելով փոքր քրոջը՝ շրխկացրեց դուռը և գնաց իր սենյակ: Աիլինը մնալով մենակ՝ նայեց սեղանին դրված ուտեստներին՝ ճշտելու, թե արդյո՞ք բոլորն էր համտեսել, միգուցե ինչ-որ բան բա՞ց էր թողել, չէր համտեսել: Նրա ախորժակն ի տարբերություն քույրերի՝ չէր կորել: Նա նստեց և սկսեց մենակ ախորժակով ու հաճույքով շարունակել իր ընթրիքը:

Շաբաթն անցավ աննկատ: Ընտանիքը պատրաստ էր տեղափոխվելու հոր՝ Գուրգենի հայրենի քաղաք: Գուրգենն արեց այն, ինչ ինքն էր ցանկանում՝ հաշվի չառնելով ոչ մեկի կարծիքը: Նա իրեն երջանիկ և հաղթանակած էր զգում: Նա կարծում էր, որ մեծ փորձությունից էր փրկում աղջիկներին, գալիք, սպասվելիք դժբախտությունից ազատում նրանց: Հայրենի երկրում հանդիպած ո՛չ մի խոչընդոտ, ո՛չ մի դժվարություն չհիասթափեցրեց և չկոտրեց Գուրգենի կամքը: Նա դիմանում, պայքարում էր հանդիպող բոլոր դժվարությունների դեմ: Չէր ընկճվում: Եվ իր կամքի, հաստատակամության շնորհիվ կարողացավ իր մասնագիտությամբ աշխատելու հնարավորություն ստանալ: Լուծեց բնակարանի հարցը: Նա դատարկաձեռն չէր եկել և հարմարավետ բնակարան գնեց իրեն հարազատ, իր մանկության թաղամասում: Աիլինը սովորում էր մոտակա դպրոցի ավարտական դասարանում: Քույրերն ու մայրն ամբողջ օրը տանն էին, նրանք ամեն օր դուրս էին գալիս շրջակայքն ուսումնասիրելու, գնումներ կատարելու և ամեն անգամ մի հայտնագործություն արած՝ վերադառնում տուն: Բոլորը կարծես համակերպվել էին տեղափոխության հետ, բացի Ադելից: Նա ամեն անգամ առիթը բաց չէր թողնում փնովելու, բողոքելու նոր միջավայրից, մարդկանցից:

Սեդան արդեն մտերմացել էր հարևանների հետ, նույնիսկ հասցրել էր հրավիրել, հյուրասիրել նրանց: Կյանքը շարունակվում էր: Գուրգենը քիչ էր վաստակում, սակայն գոհ էր, հանգիստ ու հաղթանակած:

Եվ ահա մի օր եկավ այն անսպասելի, բայց բաղձալի պահը. Գուրգենի տուն մտան՝ աղջկա ձեռքը խնդրելու: Նա անակնկալի եկավ: Աղջկա ձեռքը խնդրողն իր գործընկերոջ տղան էր: Նրանք մի քանի անգամ հյուր էին եկել Գուրգենի ընտանիքին և հավանել էին Աննային:

«Նա իսկական օջախի աղջիկ է, լավ հարս կլինի»,- եկել էին այդպիսի եզրահանգման և չէին ուշացրել խնամախոս գալու գործը: Նրանք աշխատող, խելոք մարդիկ էին: Տղան նույնպես ոսկերիչ էր, սակայն բնակվում էր արտերկրում: Երկար ժամանակ իրենց սրտով աղջիկ չէին ճարում: Սակայն Աննան հենց այն էր, ինչ փնտրում էին նրանք իրենց որդու համար: Ծնողների խոսքով տղան եկել էր արտերկրից և մի քանի անգամ Աննային հանդիպելուց, զրուցելուց հետո հավանել էր աղջկան և ահա՝ ծնողների հետ եկել էին Աննայի ձեռքը խնդրելու: Նա ծնողների մինուճար տղան էր, ապահովված և՛ աշխատանքով, և՛ նյութապես: Այդ երեկո Աննան դարձավ հարսնացու: Նշանդրեքից մեկ շաբաթ հետո Աննան լքեց իր հայրական տունը, և ոչ միայն, այլ նաև հայրենի երկիրը և ամուսնու հետ տեղափոխեց արտերկիր: Սեդան կարծես թալանված լիներ: Կատարվածից ուշքի չէր գալիս: Սովոր էր ամեն վայրկյան կողքը տեսնել Աննային, կարծես իր ստվերը լիներ: Մեկ-մեկ մոռանում էր, որ Աննան էլ մոտը չէ և կանչում էր. «Աննա՜, այսինչը բեր…», և միանգամից սթափվում էր, տխրում: Կարոտում էր աղջկան: Մոր մխիթարությունն այն էր, որ Աննան հաճախակի էր զանգում մորը, ասում, որ ինքը երջանիկ է, որ ամուսինը հրաշալի տղա է, նվիրված, աշխատող: Մայրը փառք էր տալիս Աստծուն, գոհանում և խաղաղվում, հաշտվում աղջկա բացակայության հետ: Հայրն էլ իր հերթին շոյվում էր, երբ աղջկա կեսրայրը՝ իր գործընկերը գովում, մեծարում էր աղջկան: «Փառքդ շատ Աստվա՛ծ, ես չսխալվեցի»,- ամեն անգամ մտքում փառավորում և գոհանում էր Աստծուց:

Փոքր աղջիկը՝ Աիլինը, արդեն ավարտել էր դպրոցը և ընդունվել բուհ: Նա շատ կենսախինդ աղջիկ էր, տան ուրախություն էր: Եթե Աիլինը տանը չէր, տունը դատարկ էր: Ադելի ներկայությունը ոչինչ չէր ասում: Նա իր զբաղմունքն ուներ: Մորից շյուղագործություն և ասեղնագործություն էր սովորել, գեղեցիկ ու հետաքրքիր գործեր էր անում: Նա սովորել չցանկացավ: Մայրը շատ պարտադրեց, սակայն չկարողացավ համոզել աղջկան՝ գոնե բուժքրոջ մասնագիտություն սովորել, կամ էլ մեկ ուրիշ մասնագիտություն ընտրել: Ադելն անդրդվելի էր մնացել: Աիլինն ինստիտուտում լավ ընկերներ էր ձեռք բերել: Ամբողջ օրը վազքի մեջ էր աղջիկը: Տնից գրադարան էր վազում, գրադարանից՝ ինստիտուտ: Մայրը շատ էր անհանգստանում աղջկա համար:

-Ամբողջ օրը սոված վազում ես: Հլա վիճա՛կդ նայիր, նիհարել, չոփ ես դարձել,- նախատում էր աղջկան մայրը:

Աիլինը շատ էր փոխվել: Նա իսկական օրիորդ էր դարձել, հմայիչ օրիորդ: Ոսկեգույն խոպոպները, մուգ երկնագույն աչքերը մի քիչ թուխ մաշկի հետ անհամատեղելի համադրություն էին ստեղծում, որն էլ իր անսովորության մեջ դարձնում էր գրավիչ, հետաքրքիր, զարմանալի: Ամեն մի փոքր սրտնեղության պատճառով հաճախակի էին արցունքով լցվում այդ անսովոր, մուգ երկնագույն աչքերը: Եվ թարթիչների մի-երկու թրթռոցը բավական էր լինում, որ երկնքից թափվող անձրևի պես արցունքները գլորվեին մարմարի պես սպիտակ, դժգույն այտերին: Զգայուն էր Աիլինը և շատ նրբանկատ: Մի փոքր փքուն շուրթերը ներդաշնակորեն համընկնում և ճիշտ բնութագրում էին կարծես նրա փխրուն, գերզգայուն խառնվածքը: Աիլինի շուրջը երիտասարդ երկրպագուների մեծ խումբ էր հավաքվել: Սակայն Աիլինը խուսափում էր տղաներից և հիմնականում աղջիկների հետ էր մտերմություն անում: Բոլորից շատ Աիլինը կապված էր կուրսընկերուհիներից Դիանայի հետ: Ընկերուհու հետ հաճախակի էին լինում նրանց տանը, ծանոթ էր ընտանիքի անդամների հետ: Բոլորը հավանել էին Աիլինին: Դիանայի հայրը մեծահարուստ էր: Նա շատ բիզնեսներ ուներ, սակայն Աիլինը նկատել էր, որ այդ «ոսկե պատերի» ներսում ուրախություն չկար, բոլորը տխուր էին, լուռ: Երբ այդ մասին աղջիկը համարձակվեց հարցնել ընկերուհուն, նա չպատասխանեց՝ փորձելով շրջանցել հարցը և ցույց տալով, որ չէր ցանկանա խոսել այդ թեմայով: Ընկերուհու պահվածքն անհանգստացրեց՝ միաժամանակ մեծացնելով հետաքրքրությունը: Նա այրվում էր ճշմարտությունն իմանալու ցանկությունից: «Բոլորը ողջ և առողջ եմ, ի՞նչն է պատճառը, որ այդպես «սգվոր» էին այս մարդիկ»,- մտածում էր Աիլինը, սակայն այլևս չէր համարձակվում ընկերուհու հետ քննարկել այս թեման: Սակայն ամեն բան կարծես իր ժամանակն ունի, ուղղակի հարամար պահ է անհրաժեշտ: Այդ օրը Դիանան տնից դասի եկավ կարմրած, ուռած աչքերով: Աիլինն այլևս չդիմացավ.

-Դիանա՛, եթե հենց հիմա չասես քո տխրության պատճառը, ուրեմն ես կհասկանամ, որ երբեք էլ քո ընկերուհին չեմ եղել, որովհետև իսկական ընկերուհին չի կարող ծածուկ տառապել, չկիսվել իր ընկերուհու հետ: Իսկ դու ի՞նչ գիտես, միգուցե ես օգնու՞մ եմ քեզ,- ասաց Աիլինը և կատակի տալով սկսեց ծիծաղել:

-Աիլի՛ն, սիրելի՛ս, մեզ ոչ ոք չի կարող օգնել: Մեր հոգսը, մեր դարդը եղբայրս է:

-Նա հիվա՞նդ է,- չհամբերեց Աիլինը:

-Ո՛չ, ո՛չ, նա ուղղակի անուղղելի սրիկա է: Նա չի ենթարկվում հորս, ոչ ոքի չի լսում: Կտրելով իր վատ շրջապատից՝ հայրս ուղարկել էր քեռուս մոտ արտերկիր՝ հուսալով, որ քեռին կարող էր դաստիարակել, կարգի հրավիրել նրան: Սակայն երեկոյան զանգել և հորս հայտնել էր, որ ուզում է վերադառնալ՝ կիսատ թողնելով այնտեղ իր համար ստեղծած բոլոր գործերն ու բիզնեսները: Հայրս այնքան բարկացավ, որ վատացավ: Իրիկունը շտապօգնություն էին կանչել,- չդիմանալով ընկերուհու մոտ սիտը բացեց Դիանան:

-Հանգստացի՛ր Դիան, լավ կլինի, կկարգավորվի ամեն բան: Ախր շատ ես սրտիդ մոտ ընդունում ամեն ինչ, հանգստացի՛ր,- ընկերուհուն հուսադրեց Աիլինը:

Ընկերուհու հուսահատ վիճակի մասին Աիլինը պատմել էր քրոջը՝ Ադելին: Նրանք հաճախ միասին քննարկում էին, փորձում հասկանալ ընկերուհու ընտանիքին պատահած վիշտը, հոգսը: Ադելը ճանաչում էր քրոջ բոլոր ընկերուհիներին: Աիլինի հետ հաճախում էր նրանց բոլոր հավաքույթներին: Ընկերուհիներն էլ իրենց հերթին հարգում էին Ադելին, նրան որպես իրենց ավագ քույր ընդունում:

Դիանայի երես առած եղբոր աչքից չվրիպես քրոջ նոր ընկերուհին:

-Քույրի՛կս, որտեղի՞ց ես դու ճարում այս հրաշքներին, զարմանում եմ: Որտե՞ղ է եղել թաքնված, որ իմ սուր աչքը չի նկատել: Բայց տեսնու՞մ ես՝ Աստված որքան բարեգութ է իմ նկատմաբ, որ քրոջս միջոցով է բերել: Դե արի՛, արի քույրիս, արի քեզ համբուրեմ, քո մատուցած անակնկալն անգին է,- իրեն բնորոշ պահվածով եղբայրը փորձում է գրկել ու համբուրել քրոջը, սակայն տեսնելով քրոջ դաժան հայացքը՝ սառչում, մեխվում է տեղում:

-Չհամարձակվե՛ս, լսու՞մ ես, չհամարձակվե՛ս: Նա քո իմացածներից չէ, և քո նման այլասերվածը գործ չունի նրա հետ, չհամարձակվե՛ս: Եթե փորձես անգամ մի բառ փոխանակել, կամ մի ակնարկ անել ընկերուհուս, կսպանեմ քեզ, խոստանում եմ,- սպառնալով եղբորը՝ Դիանան շտապ դուրս եկավ տնից, որովհետև ընկերուհին դրսում սպասում էր իրեն: Աիլինն ուրախացավ՝ ընկերուհուն տեսնելով բարձր տրամադրությամբ: Դիանան կարողացել էր վերագտնել իրեն և դեմքին էր հագցրել ուրախության դիմակը: Օրն այնքան հաճելի էր, որ ընկերուհիները որոշեցին այսօր դասի չգնալ: «Գլուխը քարը, ինչ լինում է, թող լինի»: Ուզում էին զբոսնել սրտների ուզած չափ, օրը նվիրել իրենց: Միայն թե տնեցիներից որևէ մեկին պատահաբար չհանդիպեին: Աշունն ամենաթողության մեջ տիրել էր աշխարհին: Ամենուր խշխշոց էր, գույների հրավառություն: Իսկ տաք զեփյուռը խաղ էր սկսել ինքնամոռաց, պահը վայելող աղջիկների հետ: Նա օդի մեջ պտտելով տերևների նախշազարդ, շղարշի խշխշոց հիշեցնող փնջերը՝ բերում ու խառնում էր աղջիկների արձակ վարսերին: Մե՛կ պտտվելով նրանց ոտքեր տակ, ինչպես հնազանդ ծառա՝ տերևներից գունազարդ խալի էր փռում, մե՛կ էլ այնպես էր սրբում մայթը, ասես հենց նոր փոշեկուլ էր աշխատել: Այս ամենին անհաղորդ էին աղջիները, որովհետև զբաղված էին սրճարան փնտրելու և աչքից հեռու, ծածուկ մի անկյունում հանգիստ նստելու մտքերով: Նրանք գտան փնտրածը և վայելում էին իրենց փախցրած օրը: Հիմա կարելի էր վայելել աշնան այս մենաշնորհը, տերևների կախարդական խաղը: Սրճարանը բացօթյա էր, և հանարավորությունը մեծ էր և՛ հիանալու, և՛ վայելու համար: Սակայն անծանոթ մի ձայն նրանց բերեց իրականություն.

-Իսկ հայրիկն ու մայրիկն ինձ համոզում էին, թե դու գնացել ես ինստիտուտ: Բարև ձեզ: Մեր ծնողներին չվշտացնելու, չշփոթեցնելու համար ես իհարկե վեհանձնորեն կլռեմ և այս մասին ոչինչ, ըհը՛,- և ափը ցուցադրաբար դնելով բերանին՝ խոնարհեց գլուխը. սակայն ի հատուցումն իմ արարքի՝ կխնդրեի ինձ ընկերակցել և թույլ տալ հյուրասիրել ձեզ: Իսկ որպեսզի մեր միությունը ստացվի, հարկ կլինի ծանոթանալ այս չքնաղ գեղեցկուհու հետ:

Դիանայից մեծ ճիգեր պահանջվեցին, որպեսզի պահպաներ հավասարակշռությունը:

-Շնորհակալ ենք, կարող եք մեզ համար չանհանգստանալ: Քո միությունը մեզ հաճելի չէ, ցտեսություն,- ատամների արանքից «ֆշշացրեց» Դիանան և հայացքով հասկացրեց եղբորը՝ մենակ թողնել իրենց: Աիլինն ամեն բան հասկացել էր և մի կերպ էր զսպում ծիծաղը:

-Դիանա՛, ես հասկացա, որ եղբայրդ է: Ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալ: Ես Աիլինն եմ: Բայց քանի որ այսօր որոշել ենք երկուսով անցկացնել մեր օրը, խնդրում եմ բարի եղեք և մեզ մենակ թողեք: Խոստանում եմ՝ մի ուրիշ անգամ մենք երեքով կանցկացնենք, այնպես չէ՞ Դիանա:

Տղան կոկետ ձևով շարժում արեց, որ սովորաբար արքայադուստրերին սպասարկող ծառաներն էին անում:

-Ինչպես կհրամայեք տիրուհի՛ս, լսում եմ և հնազանդվում:

Աիլինը չկարողացավ զսպել ծիծաղը՝ արժանանալով ընկերուհու խիստ հանդիմանանքին: Մատուցողից երկու րոպե պահանջվեց, որպեսզի նա առատորեն ու ճաշակով ձևավորեր աղջիկների սեղանը՝ մրգերով, հյութերով, պաղպաղակով ու խմորեղենով: Բացի աղջիկների պահանջած դառը սուրճից, ամեն ինչ կար սեղանին: Պարզ էր, դա Դիանայի եղբոր ձեռքի գործն էր: Աղջիկները չընդդիմացան, մանավանդ, որ ոչ մի տեղ չէին շտապում: Նրանք վայելում էին հյուրասիրությունն ու աշնանային հրաշք օրը: Ահա այսպիսին էր Աիլինի և Դիանայի եղբոր՝ Արթուրի առաջին հանդիպումը:

-Դիա՛ն, բայց արի ասենք, որ շատ ես խիստ եղբորդ նկատմամբ: Ճիշտ է՝ մի քիչ լկտիություն ունի, բայց դե բեր ասենք՝ այնքան էլ վախենալու ու տհաճ չէ: Ես ուրիշ կերպ էի պատկերացնում: Նույնիսկ կզվարճացներ մեզ, իզուր էլ քշեցինք, բայց կլռի չէ՞, տանը ոչինչ չի ասի չէ՞:

-Աիլի՛ն, դու շատ լավատես ես: Եղբայրն իմն է, ես նրան լավ եմ ճանաչում: Չի ասի, ոչինչ էլ չի ասի: Բայց արի դու ոչ մի պարագայում մի ժպտա նրան, երես կառնի հաստատ: Իսկ նա անկառավարելի մարդ է: Աստված չանի՝ մտքին մի բան դնի: Չեմ ուզում այդ մասին մտածել: Արի մոռանանք այդ հիմարին: Որտե՞ղից եկավ փչացրեց օրս: Կարծես դրանից պրծում չկա: Հանգիստ էինք, երբ արտերկրում էր: Ավելի շուտ աչքներս չէր տեսնում, թե չէ՝ նա նույնն է, ինչպես ասում են՝ «կարմիր կովն իր կաշին չի փոխի»,- հուզված շրջվեց Դիանան, որպեսզի ընկերուհին չտեսներ աչքերում լճացած արցունքները:

Այդ օրվանից Արթուրը կորցրել էր հանգիստը: Սակայն քրոջ ցասումը հիշելով՝ քորում էր ծոծրակն ու մտածում. «հեշտ չի լինելու»:

Դիանայի հայրը շատ էր սիրում ու վստահում աղջկան: Այդ մասին շատ լավ գիտեր եղբայրը և համոզված էր, որ քրոջը նեղացնելու դեպքում հոր կողմից վատագույնս կպատժվեր: Արթուրը հասկանում էր, որ քույրն իրավունք ուներ իրեն չհավատալու, նա դրա հիմնավոր հիմքերն ուներ, դրա մեծ փորձն ուներ: Սակայն այս անգամ ուրիշ էր. «ես սիրահարվել եմ»,- համարձակվեց մտածել տղան: Բայց սա ի՜նչ անծանոթ, բայց և հաճելի զգացում է, հանգիստս կորել է, անընդհատ այդ աղջիկն է, խաղաղությունս տարել է: Ամեն անգամ, երբ առիթ էր ընձեռնվում, և հանդիպում էր Աիլինին, Արթուրն իրենից անկախ խառնվում էր, անում բաներ, որոնց համար հետո զղջում էր: Նա դա չէր ուզում, ամեն բան անկախ իր կամքից էր լինում: Հետո մեղադրում էր իրեն, չէր ճանաչում իր իմացած Արթուրին: Նա սիրում էր այդ աղջկան և չգիտեր՝ ինչպես վարվեր, որ իրեն վստահեին, հասկանային, նախկին Արթուրին չվերագրեին: Քույրն իրեն չէր օգնի, դա անկարելի էր:

Աիլինը հասկանում էր, որ Արթուրն անտարբեր չէր իր նկատմամբ: Նա այդ մասին ասել էր քրոջը ու մի լա՜վ խնդացել էին: Չնայած մի քիչ վախ ունեին՝ իմանալով նրա անցյալը: Չնայած այդ ամենին՝ Արթուրը նրանց համար շատ խորհրդավոր և հետաքրքիր մեկն էր: Աիլինը խոստացավ քրոջը՝ հարմար առիթի դեպքում ծանոթացնել նրան Արթուրի հետ: Եվ այդ պահն իրեն երկար սպասեցնել չտվեց:

Բոլորից հույսը կտրելով՝ Արթուրը որոշեց գործել միայնակ: Մի երեկո, առանց որևէ զգուշացման՝ երեք գեղեցիկ ծաղկեփունջ վերցնելով, իր շքեղ մեքենայով հյուր գնաց Աիլինենց տուն: Ընտանիքն արդեն ընթրել էր և վայելում էր իր երեկոյան հանգիստը, երբ հանկարծ լսվեց դռան զանգը: Բոլորը նայեցին իրար, ոչ ոքի չէին սպասում: Ադելը գնաց դեպի դուռը:

-Ես կարծում եմ, որ ճիշտ եմ եկել, այս տանը գեղեցկուհիների պակաս չկա: Բարև ձեզ, կարելի՞ է:

Շշմած Ադելին ուշքի բերեց իրեն ուղղված գեղեցիկ ծաղկեփունջը:

-Սա ձեզ, գեղեցկուհի՛:

-Բարև ձեզ, կներեք, համեցեք, շնորհակալ եմ,- կցկտուր իրար հետևից բառերը շարելով հետ քաշվեց Ադելը և ճանապարհ տվեց անծանոթին: Արթուրը ներս մտնելով՝ մյուս երկու փնջերը հանձնեց տերերին՝ մեկը տիկին Սեդային, մյուսը՝ Աիլինին, ապա շրջվեց, հարգալից բարևեց Աիլինի հորը, որն անխոս հետևում էր այդ անսովոր տեսարանին, և նստեց աթոռին:

-Կներե՛ք, ես երևի անժամանակ եմ եկել: Ուզում էի ծանոթանալ ձեզ հետ, պարո՛ն Գուրգեն: Քույրս՝ Դիանան, Աիլինի կուրսընկերուհին է: Ձեր մասին ինձ քույրս է ասել: Ես չգիտեի, որ դուք ոսկերիչ եք:

-Եկե՛ք, եկեք նստեք տղա՛ս, համեցեք, մենք շատ ենք սիրում ձեր քրոջը, նա մեր աղջկա պես է մեզ համար: Նստի՛ր, նստիր, կծանոթանանք, կզրուցենք: Իսկ դուք ի՞նչ պատիվ կանեք. սու՞րճ, թե՞յ:

-Ձեր նախընտրությամբ, ինձ համար մեկ է:

-Դե աղջիկնե՛ր, որոշեք և մեզ հյուրասիրեք, ինձ համար էլ է մեկ:

-Իմ անունն Արթուր է: Ես ուզում եմ ձեզնից ապարանջան պատվիրել: Եթե ունեք նմանօրինակներ, կարո՞նք ենք ընտրություն անել, եթե դեմ չեք:

-Լա՛վ, հիմա սուրճ խմեք, և անպայման մի գեղեցիկ բան կընտրենք:

-Ես ձեր աշխատավայրի տեղը չգիտեի, իսկ տան տեղը քույրս է ասել: Կներեք, եթե ճիշտ չեմ վարվել:

-Ամեն բան նորմալ է տղա՛ս: Այդքան մի՛ կենտրոնացիր, ոչինչ էլ չի պատահել, որ մեր տանն ենք հանդիպել: Նորմալ է:

Արթուրը վարվեցողության բարձր կուլտուրա ուներ և կարողանում էր ցանկալի տպավորություն թողնել մարդկանց վրա: Եվ այս դեպքը բացառություն չէր: Հայրը շատ էր հավանել տղային, տպավորված էր նրա տեղեկացվածությունից, նրա իմացությունից և բարձր ճաշակից: Աղջիկների համար ամեն բան պարզ էր: Նրանք հասկացել էին տղայի խորամանկության դրսևորման բոլոր քայլերը: Արթուրը գոհ էր իրենից: Ամեն բան գնում էր այնպես, ինչպես ինքն էր ուզում: Բոլորի մոտ թողել էր բարձր ճաշակով և բանիմաց, լուրջ երիտասարդի տպավորություն: Արթուրն իր «գործին» լիարժեք տիրապետող մարդու հմտությամբ գրավեց Աիլինի սիրտը: Աղջիկը սիրահարվել էր տղային: Նրա սրամիտ կատակները, հարգալից վերաբերմունքը մի տեսակ անկաշկանդ մթնոլորտ էին ստեղծում, որը շատ հաճելի էր և տրամադրություն ստեղծող: Դիանան մեկ անգամ ևս փորձեց սաստել եղբորը, զգուշացրեց, անկեղծացավ ընկերուհու մոտ. «Տե՛ս, ես քեզ զգուշացնում եմ, ես անմասն եմ այս գործում: Իմ եղբայրն է, ես նրան սիրում եմ, բայց ես քեզ էլ եմ սիրում: Աստված տա՝ ես սխալված լինեմ»:

Սերը կույր է, սերը չունի լսողություն, չունի հոտառություն, իսկ շոշափելիքներով էլ ոչինչ չես հայտնաբերի:

Սիրեց Աիլինն Արթուրին: Ամբողջ կյանքում իրար հավատարիմ մնալու երդում տալուց հետո որոշեցին ամուսնանալ: Արթուրի ամուսնության լուրը տան մեջ ընդունեցին ցնծությամբ: Բոլորի մեջ զարթնել էր հույսը՝ նրան տեսնել խելքի եկած, ընտանիքի տղա դարձած: Եվ ամուսնանալ ցանկանալու փաստն ընդունել էին որպես վերափոխում, քայլ դեպի ընտանեկան առողջ մթնոլորտ: Նրանք ամուսնացան և խաղաղությամբ ու ուրախությամբ լցվեց Արթուրի ծնողների սիրտը: Նրանք Աիլինի մեջ իրենց որդու «փրկչին» էին տեսնում և սիրում ու իրենց հարազատ աղջկա պես փայփայում էին նրան: Արթուրը սիրում էր կնոջը, ուշադիր էր և ոչ մի բան չէր մերժում նրան: Աիլինը երջանիկ էր: Նա շատ էր կարոտում ծնողներին և քրոջը և հաճախակի խնդրում էր այցելել հայրական տուն: Արթուրն ամեն անգամ սիրով ընկերակցում էր նրան: Աներոջ օջախում նրան շատ հարգալից ու սիրով էին վերաբերվում, և Արթուրին հաճելի էր լինել այնտեղ: Լինում էին դեպքեր, երբ հարազատի պես, նույնիսկ առանց Աիլինի էր գնում, և այդ մասին հետո իմանալով Աիլինը՝ և՛ ուրախանում էր, և՛ հանդիմանում ամուսնուն միայն այն բանի համար, որ ինքն էլ կարող էր գնալ, տեսնել ծնողներին:

Անցնում էին ամիսները, ու Արթուրի ծնողների անհանգստությունն ավելանում էր: Նրանք շատ էին շտապում, երկար են սպասել, թոռ էին ուզում: Ոչինչ չէին ասում հարսին, սակայն ամեն անգամ, երբ մի փոքր թույլ էր զգում աղջիկը, երբ ուրիշ պարագայում կանհանգստանային, հիմա ուրախանում էին՝ վերագրելով այդ թուլությունը հղիության: Թեպետ Աիլինն ամբողջ օրը տանն էր լինում, հանգիստ, սակայն հաճախ էր սկսել թուլություն զգալ, ջերմել: Մի առիթով, երբ հավաքված էին Աիլինի հայրական տանը, Աիլինի մայրն իր անհանգստության մասին կիսվեց Արթուրի մոր հետ: Վերջինս հանգստացրեց Սեդային՝ խոստանալով անպայման հարսին տանել հետազոտման: Աիլինն ամեն անգամ ընդդիմանում էր.

-Մայրի՛կ, ինձ ի՞նչ է եղել, մի փոքր թույլ եմ զգում, երևի մրսել եմ, կանցնի, մի՛ անհանգստացիր, Արթուրն էլ լավ չէր զգում, երևի մրսել ենք:

Արթուրն իրոք լավ չէր զգում: Արդեն բավականին ժամանակ էր՝ հազում էր, որը վերագրում էին ծխելուն:

-Ճիշտն ասած՝ տղաս էլ լավ չի զգում: Մենք ընտանեկան լավ բժիշկ ունենք, անպայման կգնանք, չեմ լսի իրենց, տիկին Սեդա՛, դուք հանգիստ եղեք,- համոզիչ տոնով Արթուրի մայրը հանգստացրեց Սեդային:

-Իսկ մեր փեսան մեզ մոռացե՞լ է, արդեն որքան ժամանակ է՝ մեզ չի այցելում,- նեղացած ասաց տիկին Սեդան և գրկեց Աիլինին՝ ցույց տալով, որ հանդիմանանքը կատակով էր:

-Մայրի՛կ, ինչպե՞ս թե ձեզ մոռացել է: Ես նեղանում եմ Արթուրից, որ ամեն անգամ գալիս է ու ինձ չի բերում, դու էլ ասում ես՝ չի գալիս:

-Չէ՛ աղջիկս, վերջին անգամ մեր փեսան ձեզ հետ է եկել, թե՞ ես չեմ հիշում,- ասաց մայրը և շփոթված նայեց մե՛կ Ադելին, մե՛կ ամուսնուն՝ կարծես օգնություն հայցելով նրանցից:

-Մայրի՛կ, մոռացել էի ձեզ ասել, որ Արթուրը եկել է: Դուք հյուր էիք գնացել, դրա համար էլ չեք տեսել,- ափսեները հավաքելով, մորը չնայելով ասաց Ադելը:

Աիլինը մի փոքր լրջացավ, սակայն նույն րոպեին էլ մոռացավ այդ մասին՝ մտքում մտածելով. «մայրիկն է էլի, երևի արդեն մոռանում է»: Հարազատները շատ ուրախ երեկո անցկացրին: Ողջագուրվելով, հրաժեշտ տալով իրար՝ խոստացան հաճախակի առիթներ ստեղծել և հանդիպել այս անգամ արդեն Արթուրի հայրական տանը: Ամբողջ շաբաթը Աիլինը չկազդուրվեց: Սկեսուրն այլևս չէր ուզում լսել նրան և Դիանայի հետ վերցնելով հարսին՝ գնացին հիվանդանոց: Երբ ուլտրաձայնային հետազոտությունից հետո բժիշկը հայտնեց, որ ավելի խորը, մանրակրկիտ հետազոտություն է պետք, սկեսուրը գունատվեց՝ ունենալով վատ կանխազգացում: Ըստ հետազոտության՝ կար հղիություն, սակայն պտուղը լավ վիճակում չէր: Այդ մասին ոչինչ չասելով Աիլինին՝ նրանք որոշեցին արյան հետազոտության պատասխանը ստանալուց և համոզվելուց հետո նոր միայն այդ մասին փորձել ասել աղջկան: Սակայն դժբախտությունը դրանով չէր վերջանում: Դա չարիքի փոքրագույնն էր: Արյան հետազոտության պատասխանները հոգեցնցման և սարսափի մեջ գցեցին Դիանային և նրա մորը: Այդ գույժի առաջին ընկալողները, լսողներն իրենք էին: Նրանք հասկանում էին վիճակը և սարսափից կորցրել էին իրենց:

-Բժի՛շկ, խնդրում եմ նորից, կրկնակի հետազոտություն վերցրեք, միգուցե շփոթմու՞նք է, միգուցե դա մեր հարսի հետազոտության պատասխա՞նը չէ, միգուցե շփոթել եք, խնդրու՜մ եմ, խնդրում եմ…

-Հանգստացե՛ք տիկին, դուք գիտեք, որ ես ձեր ընտանիքի հարազատն եմ, ես ամեն բան կանեմ: Առանց ձեր ասելու՝ ես արդեն կրկնահետազոտություն եմ սկսել և սպասում եմ պատասխանին: Իսկ ձեր տղան այստե՞ղ է:

-Այստեղ է բժիշկ, արդեն մեկ տարուց ավել:

-Լավ, հուսանք և սպասենք: Մի՛ հուզվեք, ամեն ինչ լավ կլինի:

Ժամանակը կանգ էր առել: Ժամանակին էլ կարելի էր հասկանալ, նա էլ չէր ուզում անցնել, չէր ուզում ճշմարտության բացահայտմանը մոտենալ, չէր ուզում ականատես լիներ այդ անմեղ զոհի վախճանին:

Հետազոտության կրկնապատասխանը հաստատեց չարաբաստիկ հիվանդության առկայությունը: Աիլինը հիվանդ էր ՁԻԱՀ-ով (սպիդ): Դա դաժան դատավճիռ էր ընտանիքի համար, նրանք հասկանում էին, որ իրենց անառակ որդին խորտակեց և՛ իր, և՛ այս անմեղ արարածի կյանքը:

Բժշկից մեծ ջանքեր պահանջվեցին՝ ուշքի բերելու խեղճ կնոջը: Դիանան ցավից, տառապանքից այնքան էր սեղմել ծնոտները, որ ատամնաշարը մղկտում էր: Հետազոտության ենթարկվեց նաև Արթուրը: Ամեն բան պարզ էր: Նա հավաստեց, որ արտերկրում ունեցել է բազմաթիվ անհուսալի կապեր, և կասկածելու տեղ չմնաց, որ հիվանդությունը բերվել էր դրսից: Անհնար էր չհեռացնել արդեն մահացած պտուղը, որը և ավելի վատթարացրեց Աիլինի վիճակը, գցեց նրա իմունիտետը: Դժբախտության բուն եկել կռթնել էր Գուրգենի օջախում: Իմանալով աղջկա վիճակի մասին՝ նրանք սուգ էին մտել: Անիծում էին իրենց սև բախտը: Մխիթարող չունեին խեղճ ծնողները: Ադելը փակվել էր իր սենյակում և ոչ մեկին տեսնել չէր ուզում: Մայրը չգիտեր ինչ աներ, ամունու՞ն հետևար, Ադելի՞ն, թե՞ գնար հիավանդանոց՝ իր խեղճ փոքրիկին խնամեր:

Աիլինը խնդրել էր բժշկին, պահանջել, որ բացատրի, թե ինչ է կատարվում իր հետ: Բժիշկն այս պարագայում իրավասու չէր չասել և ամեն բան պարզ բացատրել էր Աիլինին: Աղջիկը, որքան էլ որ զարմանալի էր բժշկի համար, լուրն ընդունել էր հանգիստ, կշռադատված: Բժիշկը հուսադրել էր աղջկան՝ ասելով, որ մի որոշ ժամանակից հետո կսկսեն բուժման բուն գործընթացը՝ թե՛ իր, թե՛ ամուսնու: Աիլինը շատ թույլ էր: Անակնկալ բոթը հոգին ներսից մաշել էր: Նա խոսել անգամ չէր ցանկանում: Սակայն հիշելով ծնողներին, պատկերացնելով նրանց վիճակը՝ խնդրեց թույլատրել ծնողներին այցելել իրեն: Հիվանդասենյակի դուռը կամաց բացվեց: Սենյակ մտան Աիլինի հայրը, մայրը և քույրը: Նրանք զգուշորեն էին բացում դուռը, մտածելով՝ միգուցե քնա՞ծ էր աղջիկը: Աիլինն արթուն էր: Նա սպասում էր ծնողներին և քրոջը: Սակայն նրանց տեսնելուց աղջիկը չկարողացավ իրեն դրսևորել այնպես, ինչպես պլանավորել էր նախապես: Հուզմունքի միջից ժպտում էր այդ քնքուշ էակը՝ փորձելով անխոս մխիթարել մեկ օրվա մեջ ծերացած հորը, վիշտը ժպիտի տակ թաքցրած մորը և զգացմունքներից զերծ քրոջը: Հայրը կուչ էր եկել, պատյանել վիշտը, սակայն այն քողարկել չէր կարողացել:

-Իմ աղջի՜կ, իմ Աիլի՜ն, դու չմտածես, ամեն բան լավ է լինելու: Ա՛յ կտեսնես, հիմա բժշկության դար է: Անբուժելի հիվանդություն չկա: Ուղղակի դու մի քիչ թույլ ես, ի՛մ Աիլին, իմ աղջիկ,- ստացվեց, մոր մոտ ստացվեց: Նա չոքել էր հատակին և գլուխը դրել աղջկա կրծքին: Նա համբուրում էր աղջկա մարմարի պես գունատ, սառը ձեռքերը: Հայրն անկարող գտնվեց զսպել ներսից հորդող փոթորիկը: Նա փղձկաց ու նստեց աղջկա ոտքերի տակ:

-Ես մորթելու եմ այդ շան վաստակին, մորթելու՛ եմ…

-Գուրգե՛ն, հանգստացիր և աղջկաս հանգիստ թող: Եթե չես կարող լռել, դուրս արի: Հիմա մենք միասին մի բան պիտի ուտենք: Աիլի՛ն քաղցրս, եթե դու չուտես, մենք էլ չենք ուտի: Արդեն երկու օր է՝ ոչինչ չենք կերել: Դու հո չե՞ս ուզում, որ բոլորս սովից կոտորվենք,- կատակի էր տալիս մայրը՝ հուսալով, որ աղջկան կկարողանար կերակրել:

-Այո՛ մայրիկ, մենք միասին կուտենք, բոլորս միասին: Հայրի՛կ, խնդրում եմ այդպիսի բաներ մի ասա: Նա իմ ամուսինն է: Նա ինքն էլ հիվանդ է: Դա արդեն երկու տարվա պատմություն ունի: Նա ինքն էլ ոչինչ չի իմացել: Ես ներել եմ նրան, խնդրու՜մ եմ, մի մեղադրեք ոչ ոքի ոչ մի բանի համար: Նա իր մոր մինուճարն է…,- արցունքները սեղմեցին աղջկա կոկորդը, նա շրջեց գլուխը:

-Լա՛վ աղջիկս, դու մի՛ հուզվիր. կանենք այնպես, ինչպես դու կցանկանաս:

Հայրը դուրս եկավ միջանցք՝ ծխելու: Մայրը հետևեց նրան: Բժշկի հետ խորհրդակցելու ամենահարմար պահն էր: Աիլինը չէր հասկանա ծնողների նպատակը:

-Ադե՛լ, ինչու՞ չես մոտենում, ի՞նչ է պատահել քույրի՛կ:

-Աիլի՛ն, այս ամենն այնքան անակնկալ էր, այնքան անտանելի, ուշքի չեմ գալիս:

-Լսի՛ր քույրիկս, ես ամեն բան շատ լավ ընկալում եմ: Հասկանում եմ, որ կարող է հանկարծահաս վատանալ իմ վիճակը: Ես ուրախ եմ, որ իմ հղիությունն այսպիսի ավարտ ունեցավ: Ինձ հիվանդ երեխա պետք չէր: Դու պետք է նեցուկ լինես մայիկին ու հայրիկին: Դու ես իմ հույսը: Հասկանում եմ, որ սա նախկին Արթուրի կյանքից եկող ախտ էր: Նա ինձ սիրում է, և ես ներել եմ նրան: Ադե՛լ քույրիկս, կհոգաս հայրիկի ու մայրիկի մասին, նրանց կսիրս երկուսիս փոխարեն: Կփայփայես նրանց, երբ ես այլևս չեմ լինի: Բժիշկները խոստացել են բուժել, երևի կփորձեն երկարացնել կյանքս: Սակայն հիմա դու ես իմ հույսը, դու խոստացիր, որ կկատարես իմ պահանջները, իմ խնդրանքը:

-Աիլի՛ն, ես քեզ ոչինչ չեմ կարող խոստանալ: Ես չեմ ուշանա ու կգամ քո ետեևից:

-Այդպիսի բան չասե՛ս, լսու՞մ ես, ես քեզ արգելում եմ,- ձայնի մեջ սարսափ՝ քրոջը սաստեց Աիլինը:

-Լսի՛ր Աիլին, ես չգիտեմ՝ որքանով է խելամիտ իմ արարքը, բայց ես սա քեզ չասել չեմ կարող: Մեկ է՝ մենք կհանդիպենք երկնքում, և ես այնտեղ պարտադրված կլինեմ պատասխան տալու: Աիլի՛ն, ես նույնպես հիվանդ եմ քո հիվանդությամբ: Արդեն մի քանի ամիս է՝ ես և Արթուրը թաքուն հանդիպում ենք: Աստված ինձ պատժեց՝ որպես դավաճան, ստոր տականքի: Նա ինձ չներեց, չխնայեց: Եթե կարող ես, դու՛ ինձ ներիր:

Աիլինը կորցրել էր գիտակցությունը:

Այս դաժան իրականության մասին ոչ ոք չիմացավ: Հայրը երկու ձեռքով խփում էր գլխին և կրկնում.

-Ինչու՞ Քեզնից առաջ ընկա, Տե՛ր Աստված, ինչու՞: Մնայինք, չգայինք, ուզեցի փրկել… Քեզնից առաջ ընկա, Քեզնի՜ց առաջ ընկա…

бутони за социални мрежи

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.