Հասկանալու համար, թե՝ ինչու Հայ ժողովուրդը իր բազմադարյան պատմության ընթացքում միշտ պարտություններ է կրել, ստիպված է եղել արտագաղթել, կոտորածներ ու եղեռն է թույլ տվել, ապա պետք չէ հեռուն գնալ, այլ հարկավոր է կողմնակի քննարկել՝ներկայիս Հայաստանի ներքին քաղաքական խառնաշփոթ դաշտն

            ու՝

            -մտաբերել նորանկախ երկրի հարստությունները աճուրդի ու թալանի ենթարկած, երկրի նախկին տերերի գործունեությունը ու ժամանակաշրջանը։

            -լսել ներկայիս՝ քաղաքական «տաղանդների», բոլորը-բոլորի դեմ տարատեսակ հայտարարությունները։     

            -դիտել ու լսել այսպես կոչված արտախորհրդարանական ազգային ուժերի լիդերների բազմաթիվ գունազարդ ու երևակայական, այո երբեմն զավեշտալի հայտարարությունները․․․

            -ականջալուր լինել կատաղած ու ամեն ինչի պատրաստ՝ հների ու խորհրդարանական ընդդիմության անդամների հոխորտոցներին։ Դիտարկել, թե ինչպես են նրանք ու նրանց օրոք պաշտոն ու հարստություն ստացած անձինք՝ թշնամանքով, նախանձով ու ատելությամբ  վերաբերվում նորընտիր երիտասարդ իշխանություններին ու երևի միայն հային հատուկ մոլուծքով նպատակամղված, ցանկանում են օր առաջ նրանց հեռացնել իշխանությունից ու այդպիսով փրկել  զարտուղի ճանապարհներով իրենց դիզած՝ հարստությունն, խուսափել պատասխանատվությունից ու ազատազրկումից։ Հոգ չէ, թե՝ այդպիսով տուժելու է պետականությունը։ Հոգ չէ, որ երկրի անկախությունն է վտանգվելու։ Միթե՞ այդպես չի եղել ամբողջ հայոց պատմության ընթացքում։

            Ու վերջապես լսել մի շարք վերլուծաբանների, այլակարծիք քաղաքական մեկնաբանների, ինչպես նաև բազմապիսի կուսակցությունների շեֆերի ընդգծված հակառուսական կարծիքները ու որոշ շա՜տ խելացիների «քաղաքակիրթ աշխարհի» գովքը անող հարցազրույցները։ 

            Ահա մի օրինակ․

            Արա Պապյանը վերջերս իր մի հարցազրույցում, անգամ ևս շարադրելով բոլորին հայտնի իր՝ հակառուսական ու արևմուտքի գովքը անող տեսակետները, քամահարանքով ու արհամարանքով խոսելով նոր իշխանությունների հասցեին, բոլորին կոչ է անում միանալ «Ազգային Բևեռ»-ին ու անցնել փողոցային պայքարի, պահանջելով վարչապետի հրաժարականը։ Նա նաև չի մոռանում, քաջարի՝ Դոն Կիշոտին վայել իր մի այլ աներևակայելի մտադրությունը հնչեցնել և ի զարմանս լսողների, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարում է․

            «Ինձ տվեք տասնչորս միլիոն դոլար և ես կկործանեմ Թուրքիան, իսկ չորս միլիոն դոլար, ապա կկործանեմ Ադրբեջանը»։

            Այո վերջապես հանելուկը լուծված է։ Վերջին տարիներին մենք սովոր էինք Արա Պապյանի մի շարք երևակայական հայտարարություններին, բայց պետք է խոստովանել, որ այս մեկը արդեն «գլուխգործոց» է, արժանի՝ մեծագույն պետական մրցանակի։ Ո՞ւր են այն հայ բարերարները, ովքեր նրան կտրամադրեին այդ գումարները ու հայ ժողովուրդը հավիտյանս կազատգրվեր չարիքներից։

            Իսկապես «հանճարեղ» գաղափար, իրոք, «հանճար» պետք է լինել, որպեսզի նման ծրագրեր մշակել ու իրագործել կարողանալ, իսկ դա բոլորովին էլ խորթ չէ «Ազգային Բևեռ»-ում ի մի եկած «տաղանդներին»։ Հապա, մի այլ «հանճար» գուշակություններ է անում, որ ապագայում հայ ժողովուրդը «Ազգային Բևեռում» հավաքված այդ անձանց մեծարելու է ու նրանց արձաններն է կառուցելու․․․

            Հույսով, հարգելի ընթերցողները ներողամիտ կգտնվեն, որ հարկ համարեցի վերոհիշյալը մեջբերել որպես զավեշտ, քանզի չգիտեմ, այլ ինչպե՞ս կարելի է նման ցնորամիտ հայտարարությունը որակել, որը արվել է հրապարակայնորեն, այն էլ որպես՝ ձայներիզ, բոլորին մատչելի․․․

            Լրջացե´ք պարոն Պապյան, լրջացե´ք։

               Ուրեմն բոլորովին էլ զարմանալի չէ, որ «Ազգային Բեվեռ» այդ ամպագոռգոռ կազմակերպության շուրջ ի մի եկած անձինք, ովքեր հայտարարում են, որ միայն իրենք են, որ ընդունակ են փրկելու հայրենիքը, ինչու չեն կարողացել ու կարողանում համագործակցության եզրեր գտնել այլ ազգային ուժերի հետ, քանզի նրանց քարոզած արտաքին քաղաքականությունը, հիշեցնում է երեք տարի առաջ «Սասնա Ծռեր» մարտիկների ոստիկանատան վրա հարձակման խելահեղ փաստը։ Իսկ ի՞նչ են պահանջում նրանք, անհապաղ բոլոր տեսակի կապերը խզել ՌԴ-ի հետ, նրանց տուն ուղարկել ու դաշնակցել «Քաղաքակիրթ Աշխարհ»-ի հետ, փորձել նրանց հովանու տակ անցնել։

                Ի՞նչ խոսք, նման պահանջ հնչեցնում են շատերը, բոլորովին հաշվի չառնելով, որ ամեն մի շտապ ու միակողմանի խզում ՌԴ-ից, նշանակելու է ահավոր ցնցումներ, որը կործանարար է լինելու Հայաստանի համար։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը կիսագաղութային երկիր է, որի բոլոր կարևոր տնտեսական կառույցների սեփականատերերը ՌԴ-ի քաղաքացիներ են։ Բացի այդ, գաղտնիք չէ նաև, որ Հայաստանի ու Արցախի բնակչության ու ՌԴ-ում բնակվող հայերի մեծամասնությունը, ռուսական կողմնորոշում ունեն ու խզում ՌԴ-ից, հայությանը պառակտելու է երկու մասի, որի հետևանքները ոչ ոք կանխատեսել չի կարող․․․ Բացի այդ ՌԴ-ը Հայաստանի գյուղատնտեսական ու կենցաղային այլ ապրանքների անսպառ շուկա է ու կարելի է ապագայում էլ ավելի ընդլայնվել, հենց միայն այնտեղ բնակվող հայության շնորհիվ։

                 Եվ վերջապես հայոց պատմությունը ու վերը նշված Հայաստանի, ինչպես նաև սփյուռքահայության իրավիճակը, որը ժամանակավոր անգլուխ մարմին է հիշեցնում, նկատի առնելով, կարելի է ասել, որ ներկա մեր կացություն գլխավոր պատճառն ու մեղավորը հենց ինքն է՝ հայությունը, նրա մեծամտությունն ու գոռոզամտությունը։ Այո, «տաղանդավոր», «հերոս» ազգն է խնդիրների՝ խնդիրը․․․

                   Ներկայիս Կորոնա համաճարակի ընթացքն ու պատվաստումների աններելիորեն ցածր տոկոսային հարաբերությունը Հայաստանում, վկայում է հայության ո´վ և ի´նչ լինելու մասին։ Այստեղ հո մեղավորը՝ ռուսը, թուրքը չէ, կամ այլ աներևույթ ուժեր, այլ հայ մարդու, Պետրոսի, Նաիրիի ու նրանց նման ընդդիմադիր ճղճղան հայերի այն տեսակներն են մեղավոր, ովքեր դիմակների, կամ պատվաստումների դեմ պայքարելով, ցանկանում էին իշխանությունների համար հավելյալ խնդիրներ ու դժվարություններ ստեղծել․․․

Բեռլին, հոկտեմբեր 2021,  Սամվել Հովասափյան                                 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert