(հրապարակվել է ավելի քան մեկ տասնամյակ առաջ)

Հայաստանի շուրջը ծավալվող կիսակառավարելի և սակայն մեծ հաշվով անվերահսկելի իրադարձությունները ընդհուպ մոտեցել են իրենց հանգուցալուծման տրամաբանական ավարտին. Իրաքում հայտարարված ցեղա-կրոնական խժդժությունների սառեցման ժամանակավոր դադարը ի վերջո հանգեցրեց Իսլամական պետության հայտնությանը, Սիրիայում զոմբիների պատերազմ է ընթանում, ուր կրոնական առճակատման կանխավարկածը ընդամենը քող է՝ սքողելու Հին Միջագետքը ծնկի բերելու հուդա-քրիստոնեական դավադրությունը՝ տարածաշրջանի երկրները կրոնախև, բայց աստվածամերժ եհովապաշտների ու հունա-բյուզանդա-հռոմեական քաղաքակրթության հյուսիսատլանտյան իրավաժառանգների վերջնական վերահսկողության տակ դնելու ճանապարհին: Եվ որպեսզի այս գործընթացը բարեհաջող հանգրվանի հասնի, հարկավոր էր Սիրիայի ուղղությամբ Իրանի միջամուխ խոյահարումները միառժամանակ կասեցնել, ուստի և վերջինիս խաղից դուրս թողնելու քայլեր ձեռնարկվեցին՝ ի դեմս իրանական միջուկային ծրագրերի հանդեպ Արևմուտքի պատժամիջոցների որոշակի մեղմման: Սիրիայի հանդեպ գործողության մեջ դրված վերաձևումներից Իրանին հետ պահելուն կոչված թուրք-ադրբեջանական տանդեմը դեռևս շարունակում է ուժի մեջ մնալ, անգամ հնարավոր եղավ Թուրքիայում քրդական դիմակայությունը չեզոքացնել, Ադրբեջանին էլ, իրանական ահագնացող վտանգն աչքի առաջ ունենալով, միառժամանակ հեռու պահել ռուսական ազդեցությանը անձնատուր լինելու առկախված հրամայականից: Ներկայումս ընթանում է Իրան-Ռուսաստան տարամիտման գործընթացը, որն արդեն անմիջականորեն է ներազդում Հայաստանի կենսական շահերին:

Այսու՝ մասնավորապես և՛ ղարաբաղյան հիմնահարցը և՛ ցեղասպանության խնդիրը և՛ Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը և՛ աշխարհաքաղաքական զարգացումներում Հայաստանի տեղի ու դերի հարցերը զուգակցման, փոխկապակցված ամբողջականության վերաստեղծման ու համարժեք գործիքավորման հրամայական պահանջ են դնում, որով միայն կարելի կլինի երկիրն ամբողջության մեջ, եթե ոչ զերծ պահել, ապա գոնե տեղակայել գոբալ զարգացումների փոթորկահույզ ընթացքների մեջ, որտեղ, չնայած մեծագույն վտանգներին, քաղաքականության սուբյեկտների համար մանևրելու մեծ խաղադաշտ է վերապահված: Խնդիրը իրավիճակից օգտվել կարողանալուն է վերաբերում: Ընդսմին, մեծ քաղաքականությունից իրեն դուրս դնելով՝ Հայաստանի ուժերը շատ շուտով ջլատվելու ու փոշիանալու վտանգին են ենթակա: Հայաստանի քաղաքական շահը այսօր արդեն և առաջիկայում թելադրված և պայմանավորված է լինելու երկրի ներքաղաքական կյանքում «դինամիկ կայունության» արմատավորմամբ՝ քաղաքական ճեղքում նախապատրաստելու և այն բարեհաջող հանրգվան հասցնելու հրամայականով: Դրա համար անհրաժեշտ է երկրի անխտիր բոլոր քաղաքական ուժերի, ողջ ազգաբնակչության և սփյուռքի համերաշխ համագործակցությունը ո՛չ բնավ քաղաքական այս կամ այն ուժի կամ դեմքի, այլև գաղափարական գծի շուրջ: Դրա համար փնտրվում է քաղաքական և գաղափարական առաջնորդ: Սեփական համոզմունքների, երկրի և ժողովրդի հետ պահմտոցի խաղալու, ինքնացուցադրման մարմաջով տառապող մատից ծծած կիսաճշմարտությունները, այլև սեփական անզորությունն ու անմեղսագիտությունը քմահաճ զարգացումների հովերին հանձնելու քաղաքական դաշտի որդեգրած արատավոր պրակտիկան հղի է անդառնալի սխալներ գործելու ծանր հետևանքներով, որի համար ո՛չ միայն ճակատագրի Աստվածը, այլև պատմությունը մեզ չեն ների…

Այսրկովկասում սանձազերծվելիք հնարավոր պատերազմի դեմն առնելու առաջնահերթ կարևորության հրամայականը ներքաղաքական պլանով ազգային համաձայնության կայացումն է Հայաստանի և Ղարաբաղի քաղաքական դաշտի լայնք ու երկայնքով մեկ, իսկ արտաքին քաղաքականության կտրվածքով՝ իրադարձությունների հետագա զարգացումների, պատերազմի հնարավոր ընթացքների, նրա միջակա հանգրվանների ու վերջնական ելքի կանխատեսմանն ուղղված գերակտիվ աշխատանքը՝ դրանից բխող քաղաքականորեն հաշվարկված հավասարակշիռ գործողություններով:

Իրադարձությունների զարգացման այս աննախադեպ ու հարափոփոխ արագընթացի պայմաններում Հայաստանին մնում է վերջին ճիգով պրկել բոլոր կենսական ու մտավոր ուժերը՝ մեծ անհայտին դիմագրավելու պատրաստ:

ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert