Հիմա յանգն ես դու իմ երգի,
Զանգը հոգուս,
Որ մաքրում է ժանգը սրտիս
Ու ղօղանջում։
Արդեօք, ե՞ս եմ արդ երգում քեզ,
Թէ դո՞ւ ես ինձ
Երգում այսպէս մրրկայոյզ։
Մենք իրարու տէր ու գերի՝
Անցնում եմ ես
Լանջիդ հասուն արտով բերրի,
Եւ դու՝ սրտիս մարգով կանաչ
Ու գեղգեղում.
Ինչպէս մի վիթ ջուր ես խմում
Հոգուս ակից սիրակարկաչ,
Ու մենք իրար բոյրն ենք շնչում
Առանց հառաչ։
Հիմա յանգն ես դու իմ երգի,
Զանգը հոգուս,-
Ո՞ր մէկս է երգում այսպէս
Ու խլրտում.
Անցնում ենք մենք այնպէ՛ս արբուն,-
Ես՝ այգիով հասուն լանջիդ,
Դու՝ իմ սրտի դաշտով կանաչ,
Ու մենք իրար բոյրն ենք շնչում
Առանց հառաչ։

ԱՐՄԱՆՏ (Արամ Անտոնեան), պարսկահայ բանաստեղծ

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht.