Նորից Ապրիլ 24 է: Ցեղասպանության 107–րդ տարելիցը: Հայ ժողովուրդը՝ Հայրենիքում եւ սփյուռքում, ամենուրեք դարձյալ նշում է 1,5 միլիոն նահատակների անմոռաց հիշատակը եւ իր ուխտը նորոգում, որ երբեք չի մոռացել ու չի մոռանա իր նահատակներին եւ նրանց պատգամը ու շարունակելու է   պայքարը ի խնդիր արդարության, հատուցման եւ իր իրավունքների վերականգման:

Այսօր եւս մեր ժողովուրդը կանգնած է սպառնալիքների եւ իր գոյության ճակատագրական օրհասական պահերից մեկի առջեւ: Նույն ցեղասպան թշնամին, այս անգամ երկու ճակատով, դեռ փայփայում ու վառ  է պահում իր նախորդների անմարդկային երազանքը: Նրանց վերջնական նպատակը  հային ու Հայաստան անունը վերացնելն է:

Այս անգամ սակայն, մենք գիտակցելով պահի հրամայականը եւ հարցի լրջությունը, սերտելով  նրանց որդեգրած ողջ քաղաքական ու դիվանագիտական անցյալն ու ներկան, դիմակայության անհրաժեշտ ռազմավարության մշակումով, մեր ամբողջական ներուժով կարող ենք չեզոքացնել նրանց սպառնալիքները եւ ապահովել մեր ժողովրդի բոլոր հատվածների անկաշկանդ ու ազատ ապրելու, բազմանալու եւ զարգանալու իրավունքը իրենց հազարամյա հայրենիքում:

Հայության համար չկա ուրիշ ելք, Հայաստանում եւ սփյուռքում միասնականությամբ եւ ներկա ժամանակաշրջանին համահունչ  կազմակերպչականությամբ այնքան պիտի հզորանանք, որ թշնամին հարկադրված լինի նույն հարեւանությամբ մեր կողքին ապրելու հաշտ ու խաղաղ՝ հավերժ թաղելով նախնիների ցեղասպանական երազանքները…

Աշխարհը գտնվում է հին համակարգի փլուզման լաբիրինթի մեջ, եւ նոր համակարգի հաստատման համար համաշխարհային բնույթ կրող առճակատումներն ու բորբոքվող հակամարտությունները ստանում են առավել անկանխատեսելի եւ վտանգավոր բնույթ՝ լուրջ եւ անխուսափելի վտանգ ներկայացնելով՝ հատկապես փոքր ազգերի եւ ժողովուրդների համար, որոնք կարող են ճզմվել գերտերությունների ոտքերի տակ:

Աշխարհաքաղաքական ներկա այս անկայուն պայմաններում օր առաջ առանց հապաղելու՝ անցյալի մեր սխալներից դասեր քաղելով, այս անգամ միակամ ու միասնական պաշտպանենք ա’յն ինչ որ մերն է եւ մեզ կպատկանի: Պաշտպանենք մեր հայրենիքը, պաշտպանենք հայրենիքի մասնիկը հանդիսացող Արցախը, պաշտպանենք մեր անքակտելի իրավունքները եւ թույլ չտանք նորանոր ոտնձգություններ, կոտորածներ, տարհանումներ եւ կորուստներ:

Այսօր Ցեղասպանության 107–րդ տարելիցի շեմին, լավ է, որ ամենուրեք խոսվում է միասնականությունից եւ միասնականության կոչեր են հնչում բոլոր կողմերից:

Մեր գոյապայքարի համար միասնության կոչերի անհրաժեշտությունը անհերքելի է եւ նման կոչերի պակաս երբեք էլ չենք ունեցել, սակայն մեր պատմության մեջ, ցավոք հազվադեպ են եղել դեպքերը, երբ այդ կոչերը վերածվել են իրականության:

Յուրաքանչյուր անհատի, մտավորականի ու մշակույթի մարդու, գիտնականի, քաղաքական  ու հասարակական գործչի, ինչպես նաեւ ամեն մի հասարակական քաղաքական կառույցի ու

կազմակերպության համար եւ այդ շրջանակներում հարկավոր է ներքին համոզմամբ՝ գործնականում հասնել այն գիտակցության, որ պիտի աղբանոց նետել նեղ անձնական եւ խմբակային շահերը, սին մեծամտություններն ու իրենց բոլորից վեր դասելու, կամ փրկիչներ լինելու  նկրտումները, հարկավոր է ունենալ ներքին համոզիչ ազնվություն, ձեռք բերել լսելու եւ լսելի դառնալու կարողություն եւ ունենալ իմաստնություն անաչառորեն քննարկելու, ուսումնասիրելու երեւույթները եւ ապա անել դատողություններ եւ կայացնել որոշումներ:  

 Եվրոպայի Հայերի Համագումարը հորդորում եւ իր կոչն է հղում բոլոր հայրենակիցներին, որ հարկավոր է խոսքից անցնել գործի եւ գործով ապացուցել մեր կամքի ուժը, եւ ցույց տալ աշխարհին, որ հայ ժողովուրդը երբ միասնական է նրան հնարավոր չէ կոտրել: Մեր պատմությունը վկա:

 Մեր պարտություններն ու կորուստները եղել են այն ժամանակ, երբ բաժան–բաժան ենք եղել եւ մասնատված: Քաղաքական դաշտում մեր մեջ ցավոք գոյություն ունի ծվարած մի փոքրաթիվ  հատված, ով իր ուժն ու կարողությունը գիտակցաբար կամ անգիտակցաբար ի սպաս է դնում թշնամիներին, նրանց հարկ է հորդորել հետ կանգնել եւ զղջալ իրենց կատարած գործից, իսկ հակառակ պարագայում  անվարան մեկուսացնել, չեզոքացնել եւ չորացնել դրան ծնող արմատները: Սրանք եւս խոսում են միասնությունից ու միասնականույթունից, բայց նրանց  մոտ միասնություն նշանակում է, միասնություն իրենց նեղ շահերի ու սեփական գրպանի համար, եւ, որ մյուս բոլորը պիտի պտտեն միայն ու միայն իրենց առանցքի շուրջ: Սրանք չեն գիտակցում, որ յուրաքանչյուր ազգի գոյատեւման, զարգացման եւ հզորացման գրավականը  պիտի լինի ոչ թե անձնական ու խմբակային նկրտումներն ու նեղ շահերը, այլ պիտի լինի պետության ու պետականության հզորացումն ու նրա շուրջ ողջ ազգի ու ժողովրդի միասնական ճակատի ստեղծումը:

Մենք հզոր ենք միմյանցով եւ կարող ենք հաղթահարել անհաղթահարելի թվացող բոլոր տեսակի դժվարությունները:

Ցեղասպանության 107–րդ տարելիցի այս շեմին կրկին անգամ գլուխ խոնարհելով մեր բյուրավոր նահատակների հիշատակին՝ ուխտենք, որ ողջ հայության ներուժը հավաքագրելով կկերտենք մեր ու հաջորդ սերունդների վառ ապագան:

Փառք հայ ժողովրդին, փառք մեր հայրենիքին ու մեր հայրենիքի սահմանները պաշտպանող հայ զինվորին ու մարտիկներին:

Եվրոպայի Հայերի Համագումար

22 Ապրիլ 2022

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert