Նոյեմբերի 27-ին ժ. 18:00-ի սահմաններում անհայտ անձինք մահափորձ են կատարել Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Գևորգ Սաֆարյանի նկատմամբ` գլխի շրջանում նրան պատճառելով մարմնական վնասվածքներ: Բարեբախտաբար վնասվածքները ծանր չեն և նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Նույն օրվա գիշերը Երևանի տարբեր վայրերում հրկիզվել են Նախախորհրդարանի անդամներ, Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուների և աջակիցների վեց ավտոմեքենա, ինչպես նաև քաղաքացիական մեկ ակտիվիստի ավտոմեքենա:
Սա աննախադեպ ահաբեկչական գործողություն է: Նրա կազմակերպիչներն ու կատարողները հետապնդում են Նախախորհրդարանի նախաձեռնած “100-ամյակն առանց ռեժիմի” շարժումը ոչ միայն խափանելու նպատակ, այլ նաև սեփական ձախողված իշխանությունը պահելու:
Այս դեպքերը մեզ հիշեցնում են թուրքերի վարած քաղաքականությունը Ղարաբաղում մեր նկատմամբ` մեքենաներ վառել, մարդկանց ծեծել ու ահաբեկել: Ճիշտ նույն ձևով Թուրքիայի իշխանությունները վարվել են Հրանտ Դինքի նկատմամբ:
Ահաբեկչական գործողությունները հուշում են, որ մեր կյանքը, պատիվը, արժանապատվությունն ու ունեցվածքը պաշտպանելու համար մենք պետք է կազմակերպվենք և միջոցներ ձեռնարկենք:
“Արցախը Հայաստան է և վերջ” կոմիտեն ողջունում է Նախախորհրդարանի կազմակերպած” 100-ամյակն առանց ռեժիմի” ավտոերթի մուտքը Արցախ և իր պատրաստակամությունն է հայտնում միանալու ավտոերթին:
“Արցախը Հայաստան է և վերջ” կոմիտե
29 նոյեմբեր 2014թ, ք. Ստեփանակերտ
29/11/2014 |
Lragir.am Նորություների կայքից. |