lragir.am – ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

իրավունքների Պաշտպան Կարեն Անդրեասյանը Հայաստանում մարդու իրավունքների օրը հայտարարել է, որ Հայաստանի աղքատության համար մեղավոր են Թուրքիան ու Ադրբեջանը: Մարդն ունի իհարկե դա հայտարարելու իրավունք: Առավել եւս, որ հայտարարության հիմքերը բավական մեծ են: Թուրքիան ու Ադրբեջանն արդեն երկու տասնամյակ Հայաստանը ենթարկում են ցամաքային շրջափակման: Նաեւ պարտադրում են, որ Հայաստանը մեծ ծախս անի անվտանգության համար, երբ կարող էր դրա մի մասը ուղղակի տնտեսական զարգացման ուղղել: Միաժամանակ, թուրքական սպառնալիքը Հայաստանին ստիպում է մնալ ռուսական ազդեցության ծիրում եւ մնալ խորհրդա-ռուսական հետադեմ համակարգում, որը նաեւ տնտեսական զարգացման խոչընդոտ է:

Հետեւաբար, Կարեն Անդրեասյանն անկասկած ունի հիմք ասելու, որ Հայաստանի աղքատության համար մեղավոր են Թուրքիան ու Ադրբեջանը:

Այժմ պատկերացնենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը բացել են ցամաքային ճանապարհները, եւ դրանցով իրականացվում է ակտիվ բեռնափոխադրում, ընդլայնվել է շուկան եւ կատարվում են ներդրումներ:

Հայաստանն իհարկե կհարստանա, ինչպես Ռուսաստանն էր հարուստ: Բայց ու՞ր կգնա այդ հարստությունը: Արդյոք ավելի շատ հարստությունը կգնա հասարակության եւ պետության գրպանը, թե այնպես, ինչպես օրինակ Ռուսաստանում, որտեղ պետության ու հանրության մեծ մասը շարունակում է ապրել կոռուպցիոն կեղտի եւ սոցիալական անհավասարության ցանցում:

Ցամաքային հաղորդակցության ուղիները տնտեսական զարգացման կարեւոր պայման են, բայց ամենեւին վճռորոշը չեն: Զարգացման վճռորոշ պայմանը կառավարող կամ հանրային էլիտաների որակներն են: Իսկ Հայաստանում այդ հասկացությունը պարտադիր պետք է վերցնել չակերտի մեջ, քանի որ դրանք միանգամայն անորակ են, որեւէ ներերկրային կամ առավել լայն մասշտաբի խնդրի հանդեպ անհամարժեք:

Այդորակ կամ անորակ «էլիտայի» առկայության պարագայում, ցամաքային հաղորդակցության բաց համակարգի պայմաններում կարող է ընդլայնվել միայն հանրության «օրապահիկը», բայց ոչ ստեղծագործական պոտենցիալն իրացնելու իրավունքը, ոչ երկրի կառավարման ներկայացուցչականությունը: Եվ դրա խոսուն վկայությունն են Ռուսաստանն ու Ադրբեջանը, որոնք աղքատ երկրներ չեն, բայց որտեղ հասարակությունն աղքատ է, ունեզուրկ, իրավազուրկ:

Հայաստանի աղքատության համար գլխավոր պատասխանատուն Հայաստանի իշխող «էլիտան» է, որը երկու տասնամյակ շարունակ կողոպտել է հասարակությանը տարբեր միջոցներով, զրկել է հասարակությանը իշխանություն ձեւավորելու սահմանադրական իրավունքից, սահմանադրական այլ իրավունքներից, անձնական հարստության համար շահարկել է բազմաթիվ նյութական եւ բարոյական գործոններ, անգամ այնպիսի առաքինի երեւույթ, ինչպիսին բարեգործությունը:

Անգամ շրջափակվածության պայմաններում Հայաստանն ունի անհամեմատ արագ տեմպով եւ մեծ մասշտաբով զարգանալու զգալի ռեսուրս, 21-րդ դարն իր տեխնոլոգիական նվաճումներով տալիս է դրա հնարավորությունը: Տնտեսության մեջ ի հայտ են եկել ոլորտներ, որոնք հնարավոր է զարգացնել առանց ցամաքային կամ ծովային հաղորդակցության անմիջական բաց ուղիների: Միեւնույն ժամանակ, Հայաստանն ունի երկու հարեւանների՝ Վրաստանի ու Իրանի պոտենցիալից օգտվելու հնարավորություն, ինչը երկու տասնամյակի ընթացքում օգտագործվել է անարդյունավետ: Հայաստանն ունի ՏՏ ոլորտի զարգացման գրեթե «բնական ռեսուրս»՝ ինժեներա-տեխնիկական կադրային որակյալ պոտենցիալ, զբոսաշրջային պոտենցիալ, համահայկական պոտենցիալ Սփյուռքի շնորհիվ:

Խնդիրն այդ ամենն արդյունավետ օգտագործելն է, խնդիրը պետականության, հասարակության, պատմության առաջ էլիտաների պատասխանատվության գիտակցումն է, ախորժակի եւ արժանապատվության, ստամոքսի եւ բանականության հարաբերակցությունն է մի շարք մարդկանց մարմիններում, որը երկու տասնամյակ շարունակ ունեցել է պետական օրգանիզմի համար վտանգավոր հաշվեկշիռ եւ շարունակում է պրոգրեսիվ ընթացքով:

 

социално споделяне

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.