Աքըն Բացառիկ հարցազրույց Ցեղասպանության թեմայով ֆիլմ նկարահանած թուրք ռեժիսորի հետ

Գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընը դեկտեմբերի 2-ին Ստամբուլում ներկայացրել էր Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանած իր «The Cut» (Հատում) ֆիլմը: Ֆիլմի պրեմիերային ներկա են գտնվել թուրք հայտնի բազմաթիվ կինոաստղեր և ստամբուլաբնակ հայ նշանավոր դեմքեր, ինչպես օրինակ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը: Ըստ նախատեսվածի` ֆիլմը Թուրքիայի կինոթատրոններում էկրան կբարձրանա դեկտեմբերի 5-ից:

«Հատում» ֆիլմի սցենարը հեղինակել են ռեժիսոր Ֆաթիհ Աքընը ու Մարտիկ Մարտինը: Գլխավոր հերոսի դերակատարը ալժիրցի դերասան Թահար Ռահիմը: Ֆիլմում նկարահանվել են նաև Սիմոն Աբգարյանը, Արսինե Խանջյանը և այլք: 138 րոպե տևողությամբ ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Հորդանանում, Կանադայում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Իտալական, ֆրանսիական, գերմանական և ռուսական համատեղ արտադրության այս ֆիլմի պրոդյուսերական կազմը համալրում են Ռուբեն Դիշդիշյանը, Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը:

Մինչ թուրք և հայ հանդիսատեսի համար կինոդահլիճում ցուցադրվում էր ֆիլմը, աշխարհահռչակ ռեժիսորի հետ զրուցեցինք ֆիլմի ստամբուլյան շնորհանդեսի մասին: Ermenihaber.am-ի հետ զրույցում Աքընը պատմեց ստամբուլյան ցուցադրության կարևորության, ֆիլմի թեմայի և Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցի ընկալման մասին:

Հարցազրույցը` ստորև.

«Ես ֆիլմը թուրքերի համար եմ նկարահանել»:

Եվրոպայում ցուցադրվելուց հետո ֆիլմը վերջապես Ստամբուլում է:

–  Ստամբուլում ֆիլմի ցուցադրումն ինձ համար առանձհատուկ կարևորություն ունի:


Ինչու՞:
– Որովհետև իրականում ես այս ֆիլմը թուրքերի համար եմ նկարահանել, որպեսզի դիտենք, ուսումնասիրենք, ճանաչենք մեր անցյալը:

Կարելի՞ է ասել, որ ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին է:
– Ֆիլմը մի հայ դարբնի պատմությունն է, ով Ցեղասպանության ընթացքում կորցնում է իր ընտանիքը, ինքն էլ` աքսորվում: Նրան հաջողվում է ողջ մնալ: Տարիներ անց իմանում է, որ իր աղջիկները ողջ են ու երկար ճանապարհ է անցնում նրանց գտնելու համար: Ֆիլմի պատմությունը սա է: Ուստի, երբ ասում եմ` ֆիլմը Ցեղասպանության մասին չէ, նկատի ունեմ որ ցեղասպանության մասին պատմելու համար պետք է առնվազն 12 ժամանոց փաստագրական ֆիլմ նկարահանել: Իմ ֆիլմում ցեղասպանության թեման ծառայում է որպես «Background»: Սակայն ֆիլմում արծարծվող թեման ակամա տանում է դեպի Ցեղասպանություն:

Հայոց ցեղասպանության հարցով ե՞րբ եք սկսել հետաքրքրվել:
– Երիտասարդությանս տարիներին: Երբ 18-20 տարեկան էի, իմացա, որ նման բան է եղել: Հետո սկսեցի ուսումնասիրել: Կարդում էի ձեռքս ընկած ամեն բան, ինչ կվերաբեր այդ թեմային, լիներ գիրք, փաստաթուղթ կամ թե պատմություն: Ի դեպ, բավականին շատ չհրապարակված պատմություններ կան, կարևոր պատմություններ: Պետք է բոլորն իմանան դրանց մասին:

Ըստ Ձեզ` թուրք հանրությունը պատրա՞ստ է այս ֆիլմին:
Ինքներդ տեսաք, թե ինչ բազմություն է հավաքվել:

«Չես ընդունում, մի ընդունիր, բայց ինձ արտահայտվելու ազատություն տուր»:

Սպասու՞մ էիք նման արձագանքի:
Հույս ունեի, որ այսպես կլինի: Հիմա Թուրքիայում հանրությունը փոխվել է: Մի քանի տարի առաջ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը ազատորեն չէիր կարող ասել: Իսկ այսօր նույնիսկ թերթերում են գրում: Իմ կարծիքով դա կարևոր առաջխացաղում է: Այդ բառից չպետք է վախենալ: Ու բացի այդ ես այսպես եմ կարծում. «Դու չես ընդունում դա, մի ընդունիր, ես քեզ չեմ համոզում, բայց ինձ արտահայտվելու ազատություն տուր»:

Ունե՞ք այդ ազատությունը: Հարցազրույցներից մեկում ասել էիք՝ «Հանուն արվեստի արժե մեռնել»: Սպառնալիքներ ստանո՞ւմ եք:
– Սկզբնական շրջանում, այո, ստանում էի, իսկ հիմա լուրջ բան չկա: Միայն թե մերձավոր շրջապատս՝ ծնողներս, ընկերներս, շարունակ անհանգստանում են ինձ համար, իսկ դա ինձ լարվածություն մեջ է գցում: Բայց այդ լարվածությունն էլ է վերահսկելի:

«Պետք է մեր «երեկը» իմանանք, որ այսօր կարողանանք առաջ քայլել»:

Ըստ Ձեզ` ֆիլմը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իր ներդումը կունենա՞:
– Աստված տա, որ ունենա: Նույնիսկ եթե ֆիլմը քիչ մարդու սրտին հասնի, միևնույն է, ողջ մարդկության համար դրական քայլ կլինի: Պետք է մեր «երեկը» իմանանք, որ այսօր կարողանանք առաջ քայլել: Բայց շատ մարդ չի ցանկանում տեղեկանալ իր անցյալի մասին:

Ֆիլմը Հայաստանում ցուցադրելու ծրագրեր ունե՞ք:
– Հայաստանից ես այս տարի ցուցադրելու հրավեր ստացա, սակայն վենետիկյան կինոփառատոնին մասնակցելու պատճառով չհասցրեցի: Աստծո հաջողությամբ 2015-ին կցուցադրվի: Կցանկանամ ֆիլմն անպայման տանել Երևան և հասցնել հայ հանդիսատեսին:

«Հայերը պիտի իմանան որ մեզանից ոչ բոլորն են ժխտում եղելությունը»:

– Ֆիլմը պարունակում է հայերի նկատմամբ գործադրված դաժանությունների սարսափելի տեսարաններ: Գուցե դրանք ավելացնե՞ն հայ կինոդիտողի զայրույթը: Ի՞նչ կասեք հայ հանդիսատեսին:
Սա ցավոտ պատմություն է, բայց մեր համատեղ պատմությունն է: Այն փաստը, որ ֆիլմը նկարահանվել է թուրք ռեժիսորի կողմից, գուցե հայերի մոտ ինչ-որ չափով հանդուրժողականություն առաջացնի: Սփյուռքում ինձ հանդիպած հայերը նախ զարմանում էին, որ ֆիլմի ռեժիսորը թուրք է, ապա ասում, որ վաղուց էին սպասում նման բանի: Եղան դեպքեր, երբ ֆիլմի նկարահանման աշխատանքներում որոշ հայեր հրաժարվեցին ինձ հետ համագործակցել՝ իմանալով, որ թուրք եմ: Իհարկե բոլորը չէ, մեծամասնությունն էլ չէ, բայց եղան այդպիսի մարդիկ: Դա ինձ համար ցավալի էր: Հայերը պիտի իմանան, որ մեզանից ոչ բոլորն են ժխտում եղելությունը: Ամեն հասարակությունում էլ կան և լավ, և վատ մարդիկ: Հույս ունեմ, որ ֆիլմը հայերի մոտ թուրքերի նկատմամբ դրական տրամադրվածություն կստեղծի:

Հ. Գ. Հարցազրույցից հետո, պատմելով Հայաստան կատարած իր այցից, թուրք ռեժիոսորն ասաց. «Իմ կյանքում շատ կարևոր օրերն են եղել, բայց ես երբեք չեմ մոռանա այն օրը, երբ գնացի Ծիծեռնակաբերդ»:

Աստղիկ Իգիթյան / Ստամբուլ

Ermenihaber.am

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert