ԱՄԱՆՈՐՅԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ ԵՒ ԽՈՀԵՐ

Ամանորի և Ս. Ծննդյան տոների առիթով, Եվրոպայի Հայերի Համագումարի անունից մեր մաղթանքներն ու պատգամն ենք հղում Մայր հայրենիքում և ողջ աշխարհում ապրող հայ ժողովրդին, ցանկանալով կյանքի բոլոր ասպարեզներում հաջողություն և երջանկություն:

2015 թվականի շեմին հարկ ենք համարում ի մտի ունենալ անցնող տարվա մի քանի հիշատակելի դեպքեր.

Միջին Արևելքում և հատկապես Իրաքում և Սիրիայում շարունակվեցին բռնություններով պատերազմական գործողություններ, անզեն քաղաքացիների նկատմամբ դաժանություններ, որից անբաժին չմնացին նաև մեր հայրենակիցները: Թուրքիան այս ասպարեզում շարունակեց իր անթաքույց հակահայ քաղաքականությունը, աջակցելով ծայրահեղական խմբավորումներին, վնաս հասցնելով ոչ միայն հայ և այլ փոքրամասնություններին, այլ նաև տարածաշրջանի ողջ ժողովուրդներին: Իրողություն՝ որի մասին արդեն խոստովանում է միջազգային հանրությունը:

Ճարտարարվեսականացած հարուստ գերտերությունների և սնանկության ու աղքատության եզրին հասած փոքր ու թերաճ երկրների մեջև բևեռացումը շարունակվում է խորանալ: Գերտերությունների միջև ընթացող կատաղի մրցակցությունը անտեսում, ոտնահարում է փոքր պետությունների անկախությունը: Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությունը այսօր վտանգավոր եզրերի է հասել եւ սպառնում է աշխարհը կրկին տանել մի նոր երկփեղկվածության:

Նման անմարդկային ու անարդար չափերի հասած միջազգային հարաբերություններում, անչափելի հարստության և իշխանության տիրացած աշխարհի գերտերությունները ոտնահարում և ճզմում են, ինչպես միշտ առաջին հերթին փոքր ազգերին ու ժողովուրդներին, քայքայման են ենթարկվում փոքր երկրներն ու պետությունները, հատկապես այն երկրները, որոնք զուրկ են ազգային պետականությունից, որոնց իշխանությունները առաջնորդվում են սեփական շահերով:

Հայաստանի Հանրապետության իշխանությունները այսօր, առանց երկրում խորքային և հանրային քննարկումներ անցկացնելու, երկրի պետական հեռահար շահի և անվտանգության հետ առնչվող ճակատագրական որոշումներ են կայացնում, միանգամայն ենթարկվելով արտաքին ուժերի հորդորներին՝ շրջանցելով երկրի սահմանադրական կարգը:

Հայաստանի Հանրապետությունն այսօր գտնվելով նշված միջազգային երկփեղկման կիզակետին աչքը Եվրոպային հառած, արհամարվելով՝ կամազուրկ քայլում է դեպի Մաքսային միություն:


Ո՞րն է դեռևս չկայացած այդ Միության հեռանկարը, և ի՞նչ կարող է տալ Հայաստանին, դեռևս շարունակվում է մնալ անհայտ:

Մինչ այդ, Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է հասարակական բազմաբնույթ բեվեռացումը: Աղքատությունը շարունակվում է խորանալ: Երկրի անկախությանը և անվտանգությանը սպառնացող արտագաղթը շարունակվում է իշխանությունների լուռ անտարբերության պայմաններում: Օրինախախտումների և կոռուպցիայի մեջ մեծ դերակատարություն ունեցող վատահամբավ տարրեր, օրենքի ոգով պատժվելու փոխարեն, վերանշանակվում են նոր պաշտոնների:

Աճող աղքատությունը և իշխանական տարրերի վերջին երկու տասնամյակների ընթացքում խորացած կամայականությունը և նրանց փաստացի անպատժելիությունը, երկիրը առաջնորդում է դեպի անկանխատեսելի ապագա:

Հայատսան- Սփյուռք հարաբերությունները Սփյուռքի նախարարության կամա թե ակամա վարած անհեռատես քաղաքականության պատճառով, շարունակում են մնալ «պալատական գործելաոճի» գերին:

2014 թ.-ին մենաշնորհյալների Հայաստան- Սփյուռք անփառունակ համաժողովին հաջորդեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի առավել անփառունակ դրամահավաքը, որն ապացուցեց Սփյուռքի լիակատար անվստահությունը այդ կառույցներում տիրող տրամաբանության և գործունեության նկատմամբ: Դրամահավաքի անարդյունավետությունը կրկին անգամ փաստեց, ԵՀՀ-ի կողմից բարձրացված հարցերին լուրջ վերաբերումով զբաղվելու անհրաժեշտությունը: Արդարև, վերամբարձ ու բովանդակազուրկ հայտարարությունները,(բացառությունները հարգելով), կառույցներում մասսայական և մասնագիտական ներկայության բացակայությունը, սեփական շահից մեկնած կառույցներ կազմելու իրողությունը… չէր կարող տեղի ունեցածից ավելի լավ արդյունք ապահովել:

Հայաստանի կայուն և զորացող պետականության հաստատումը, Արցախի անվտանգությունը, Սփյուռք – Հայաստան կայուն և արդյունավետ հարաբերությունների կայացումը, երկրի ֆինանսական և տնտեսական զորությունը, հայոց խլված իրավունքների վերականգնումը, արտագաղթի փոխարեն՝ ներգաղթը չեն կարող կայանալ, անօրինության, անպատժելիության և կամայականության, ազատամարտիկների նկատմամբ ոտնձգության, քաղաքացիների արդար պոռթկումը լռեցնելու համար ահաբեկման պայմաններում: ՀՀ քաղաքացիների և Սփյուռքի համար Հայաստանը չի կարող դառնալ երազելի երկիր, երբ առաջնորդվում է, անկիրթ, նվազագույն դաստիարակությունից ու գիտելիքից զուրկ նախարարների, մարզպետների, քաղաքապետների և ԱԺ պատգամավորների կողմից:

Նման պայմաններում, երկրի գրեթե միակ հուսալի հենարանը շարունակում է մնալ Հայաստանի և Արցախի աննկուն բանակը: Հայկական բանակը, երկրում տիրող բոլոր բացասական երևույթների կողքին, գրեթե այն միակ կառույցն է, որ շարունակում է հարգված մնալ ՀՀ քաղաքացիների և Սփյուռքահայության կողմից, ինչը նվաճել է մեծ զոհողությունների շնորհիվ:

Ուստի փառք ու պատիվ մեր զոհված զինվորների հիշատակին և համբերություն նրանց հարգելի ընտանիքներին: Հազար փառք հայրենի սահմանները պաշտպանող մեր քաջարի զինվորներին, սպաներին և նրանց բոլոր հայրենասեր հրամանատարներին:

Եվրոպայի Հայերի Համագումարը իրապաշտությամբ և լավատեսությամբ տոգորված ցանկանում է, որ 2015-ը դառնա դեպի վերելք առաջնորդող վճռական փոփոխությունների տարի, ինչպես նաև խորհրդանշական այս տարեթվում՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում խորքային և ներդաշնակ գործունեության սկիզբ:

Պատմության ողջ ընթացքում հայ ժողովուրդը իր ներքին կարելիությունների և կամքի հզոր ուժով պաշտպանվել և հաղթահարել է բազում արհավիրքներ ու նվաճել ազատ ու երջանիկ ապրելու անկոպտելի իրավունքը:

Եվրոպայի Հայերի Համագումարը մաղթում է, որ հայրենաբնակ մեր ժողովուրդը միահամուռ ուժերով այս անգամ ևս հաղթահարի բոլոր խոչընդոտները և կերտի իր ապագան, այնպես որ այլևս ոչ մի հայ ստիպված չլինի լքել իր հայրենիքը, իր հազարամյա հարազատ հողը:

Իսկ սփյուռքահայությանը մաղթում ենք, որ գոտեպնդված շարունակի պայքարը հանուն Հայաստանի արևմտյան հատվածի ազատագրության, Հայաստանի Հանրապետության հզորացման և զարգացման և Սփյուռի երիտասարդությանը իր հայերնիքին, ազգային արմատներին և արժեքներին կապելու դժվարին պայքարում հաջողություն:

Քանզի ամեն մարդ երջանիկ ու կատարյալ կարող է լինել իր հայրենիքում…

Եվ ի վերջո, աշխարհին մաղթում ենք խաղաղություն և կայունություն, իսկ մեր հայրենակիցներին աշխարհի չորս կողմերում՝ հավատք, միասնություն և աննկուն կամք: Մաղթում ենք, որ 2015-ը լինի առողջության, խաղաղության և արդար պահանջների իրականացման տարի:

 

Եվրոպայի Հայերի Համագումար

Շվեդիա, Ստոքհոլմ, 29 դեկտեմբերի 2014թ.

 

 

споделяне в социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net