Լիզա Ճաղարյան. Սերժլադեններն ու վովլադենները մոլեգնում ենԼիզա Ճաղարյան. Սերժլադեններն ու վովլադենները մոլեգնում են

Նստեցի, որ հորդահորդ հպարտությամբ ու ալեծուփ ուրախությամբ գրեմ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոսկովյան այցի մասին:
Ուզում էի իմ երջանիկ ու անհոգ հայրենակիցներին մշտապես հետապնդող տոնական տրամադրության վզին եւս մեկ զանգուլակ կախել` տեղեկացնելով կամ եթե տեղյակ են` հիշեցնելով այն մասին, որ մեր ազգի բարօրությանն անմնացորդ նվիրյալ (վկան` նրա կուտակած անծայրածիր հարստությունը) Աբրահամյան Հովիկը դասը լավ էր սերտել ու Ռուսաստանի վարչապետի դիմաց նստած` գրեթե վարժ ընթերցեց այն «շպարգալկան», որ ձեռն էին տվել` Մեդվեդեւին քննություն հանձնելու եւ «բավարար» ստանալու համար: Դատելով իր սեփական երկրում իր իսկ նկատմամբ հեգնանքի ու ծաղրի պակասություն չքաշող Մեդվեդեւի ներողամիտ քմծիծաղից` մի ճլորած «բավարար» կշպրտի իր «կոլեգային»:
Նստեցի, որ Սերժիկ Սարգսյանի ցանկացած արտերկրյա այցից հետո արժանապատվության վեհ զգացումի իններորդ ալիքից դեռ ուշքի չեկած, հերթական անգամ` հիմա էլ Աբրահամյան Հովիկի կերպարանքով ազգիս պատիվը բարձր պահելու վառ օրինակը թափահարեմ Հայաստանի «լավը չուզողների» քթի առաջ եւ տեղները նստեցնեմ հատկապես նրանց, ովքեր ասում են. «Դե՛, ռուսերեն չգիտեր, թող հայերեն խոսեր», կամ ասում են. «Ռուսերեն իմանար-չիմանար, պարտավոր էր հայերեն խոսել» ու սրանց նման այլեւայլ խավարամիտներին:
Նստեցի, որ գրեմ. «Դե, դրա համար էլ այս օրին եք, էլի. հայերեն խոսեր, որ մեր ռուսախոսների հսկա ու հզոր բանակը ամոթից գետինը մտնե՞ր, որ իրենց «պրեմիեՌ»-ը ռուսերեն վարժ չի խոսում, օ՛յ, կակ ստիդնըըըըըը»:
Նստեցի, որ գրեմ. «Լավ, ձեզ պատեպատ մի տվեք, «պրեմիեՌը» հայերենն էլ ռուսերենի չափ գիտի, գուցե նույնիսկ` ավելի վատ գիտի. էդ մարդը դեռ վաղ մանկությունից հասկացել է ու անհասկացողներիս էլ ասել է, որ քաղաքականությամբ զբաղվելու համար խելքը կարեւոր չէ»: Ու շատ էլ ճիշտ է ասել. եթե քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք լիներ, ի՞նչ գործ ուներ ինքը վարչապետի աթոռին, Սերժիկ Սարգսյանը` Բաղրամյան 26-ում, Գալուստ Սահակյանը` ԱԺ ամբիոնին, լֆիկներն ու շմայսները` ԱԺ դահլիճում, Լիսկան էլ` Սյունիքի մարզպետի աթոռին: Դուք շարունակեք, ես հոգնեցի:
Նստեցի ահա, որ այս ամենի մասին գրեմ, ու մեկ էլ լրատվամիջոցները ահազանգեցին, որ կրկին ինչ-որ դիմակավորներ Հայաստանի քաղաքացի են առեւանգել: Բնականաբար` ակտիվ քաղաքացի: Բնականաբար` ի տարբերություն իշխանական կիսագրագետ վերնախավի` մանր եւ միջին ձեռներեցների բողոքի ցույցերին իր տրամաբանված եւ հիմնավորված խոսքով աչքի ընկնող մարդու:
Ճիշտ էլ արել են. բա որ հանկարծ երջանիկ ու անհոգ հասարակության սիրտը կասկած ընկնի, ու նրանք սկսեն մտածել, որ` չէ՛, քաղաքականությամբ զբաղվելու համար խելք ունենալը պարտադիր է, ու ոտքի կանգնեն` Սերժիկ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին ու մնացած խելքից պակասներին գրողի ծո՞ցն ուղարկեն:
Դրա ժամանակն էլ կգա. իսկ այս պահին հասարակությունն ուզում է պարզել` ճի՞շտ է, որ անզեն Արտակ Խաչատրյանին այսօր առեւանգած դիմակավորներն` այդ բարդագույն օպերացիան իրականացնելիս բղավել են` ալլահ աքբար:

www.ilur.am

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert