10965019_772743119483093_378330970_o

ԳԱԼԱ-ն Մոսկվայում հարցազրույց է անցկացրել ֆրանսահայ պատմաբան Ռայմոն Կևորկյանի հետ:

Նրա «Հայոց Ցեղասպանություն. ամբողջական պատմություն» գիրքը լույս է տեսել 100-ամյակին ընդառաջ՝ ռուսերենով: 908 էջանոց գիրքը հիմնված է տարբեր լեզուներով բազմաթիվ պատմական փաստաթղթերի վրա:

Պարոն Կեւորկյան, Եղեռնի մասին բազմաթիվ գրքեր, փաստաթղթեր, հիշողություններ են լույս տեսել: Ձեր գիրքը ինչո՞վ է տարբերվում մյուսներից և ո՞րն է նրա հիմնական նպատակը:

Գրքիս հենց առաջաբանում արդեն նշում եմ, որ որոշել եմ կոտրել ստանդարտ ֆորմատը, որ մինչ այդ գործածվում էր հետազոտողների՝ այդ թվում պատմաբանների կողմից, որոնք Ցեղասպանությունը դիտում էին որպես միջազգային  «խաղի» մասնիկ: Ես որոշել եմ այս մոտեցումը մերժել և վերակենտրոնացնել իբրև Օսմանյան կայսրության ներքին հարց: Սրա վրա հիմնված վերլուծությունը բոլորովին նոր մոտեցում է: Օրինակ, գրքի մեջ շեշտել եմ այն գաղափարախոսական և մշակութային նմանությունը, որ եղել է երիտթուրքերի և հայ էլիտայի միջև: Քննադատաբար եմ մոտեցել և գրել, որ թերևս հազվագյուտ մասսայական ոճիր է, որում ոճրագործի և զոհի էլիտաներն այսքան մտերիմ են եղել: Սա յուրահատուկ է: Գերմանիայի և Ռուանդայի պարագայում այսպիսի բան չկար:

10964788_772743126149759_1271004156_oՄյուս տարբերությունն այն է, որ փորձեցի վերլուծել երիտթուրքերի գաղափարախոսությունը կայսրությունից թուրքական ազգ-պետություն մոդելին վերափոխվելու հարցում:

Բացի այդ, գրքիս հիմնական մասը բաղկացած է մանրակրկիտ վերլուծությունից, թե կոնկրետ ինչեր են տեղի ունեցել բոլոր գավառներում: Օրինակ, թե որ թվականին որ գավառից ճամփա ելավ քարավանը, քանի՞ հայ կար, ի՞նչ ճանապարհով են գնացել, որտե՞ղ են հարձակման ենթարկվել, թալանվել ու քանիսը ողջ մնացին, և տարբեր փաստաթղթերի հիման վրա կազմել եմ այդ գավառներում տեղական իշխանությունների ոճրագործների հստակ ցուցակներ և ներկայացրել, թե ինչպես են նրանք հարստացել հայերի «բացակայության» պայմաններում:

Շատ է համեմատվում հրեաների Հոլոքոստն ու հայերի Եղեռնը, սակայն հրեաներն առաջին հերթին քաղաքական նպատակներով օգտագործեցին Հոլոքոստի փաստը և կարողացան հզորագույն երկիր ստեղծել: Ինչո՞ւ Հայաստանին դա չհաջողվեց:

Նախ մենք 24 տարի է, որ անկախ ենք, ոչ թե 47-ից ավելի: Բացի այդ, հրեական հանրապետությունը ստեղծվեց դժվար, բայց առողջ հիմքերի վրա: Ղեկավարությունը կրթված էր, հստակ գիտակցում էր իր անելիքները և պետական շահը ամեն ինչից վեր էր:

Խոսվում է այն մասին, որ հայերը կարող էին շատ ավելի համախմբված հանդես գալ, ավելի շատ դիմադրություն ցուցաբերել ու այդ դեպքում զոհերի թիվը շատ ավելի քիչ կլիներ: Դուք որպես պատմաբան, մասնագետ, ով մանրակրկիտ ուսւմնասիրել է Եղեռնի ողջ ընթացքը, ի՞նչ կարող եք ասել այս ամենի վերաբերյալ:

10970112_772743116149760_1937757216_oՇատ հեշտ է նման կարծիք հայտնել այդ դեպքերից 100 տարի հետո: Պատմաբանը պետք է հաշվի առնի այն հանգամանքը, թե մեկ դար առաջ ինչով են առաջնորդվել էլիտաները որոշումներ կայացնելիս:  Հայերի պարագայում վտանգի առկայության հստակ գիտակցություն կար: Նույնիսկ  Բյուզանդիա թերթում հայ հեղինակն իր սյունակում դիմում էր կայսրության ղեկավարությանը, ասելով՝ «եթե մեզ չեք ուզում տեսնել ձեր երկրում, ապա իմաց տվեք, մենք կլքենք այն»:  Այսինքն բացեիբաց խոսում է վտանգի մասին և սա դեռ 1909թ.-ի վերջն է: Գիտեն, որ ազգայնամոլ, վտանգավոր երկիր է: Մյուս կողմից  կատարյալ ոճրագործ Աբդուլ Համիդ 2-ի օրինակն է, նրա կողմից կատարված դաժանությունները, սակայն մեծ մասամբ միայն տղամարդկանց հանդեպ: Սա է եղել նրանց պատկերացումը: Մի մոռացեք նաև այն մասին, որ սա առաջին ցեղասպանությունն է, մինչ այդ նման բան չի եղել: Հրեաների դեպքում արդեն կար հայերի հանդեպ իրագործված Եղեռնը և նրանք կարողացան հետևություններ անել: Երիտթուրքերին հաջողվեց  մինչև վերջին պահը վստահություն ներշնչել հայկական էլիտաների շրջանում: Սեղմ ժամկետներում տարբեր վայրերից մոտ 120 հազար 20-40 տարեկան տղամարդկանց գնդակահարեցին ՝ զրկելով հայությանն ամենաակտիվ բաղկացուցիչից: Ապա անցան էլիտայի մեկուսացմանը և հետո պաշտոնապես ամբողջ կայսրությունով մեկ ստուգումներ հայտարարեցին,սակայն իրականում ստուգում էին միայն հայկական տները և վերացրեցին նրանց, ում հաջողվել էր մինչ այդ ինչ-որ կերպ խուսափել մահից: Այս ամենը զուտ խոսքեր չեն, ամեն մի ասած ունի իր ապացույցը, կան ճշգրիտ թվեր: 306 քարավան է ճամփա ելել, կա ամեն մեկի թվականը, մարդաքանակը, նաև այն, թե կոնկրետ քանի մարդ է ողջ մնում և քանիսն են մահանում ճանապարհին:

Այսինքն մեզ հիմա թվու՞մ է, որ այն ժամանակ հեշտ էր ինքնապաշտպանություն կազմակերպելն ու փրկվելը:

-Այո: Լուրջ դիմադրություն ցուցաբերվել է առնվազն 7-8 տեղ: Այդ վայրերով անցել էին քարավանները և մարդիկ արդեն տեղյակ էին, թե տեղահանման դեպքում ինչ ճակատագիր է իրենց սպասվում: Մյուս տեղերում, որտեղ ընդհանրապես տեղեկություն չի եղել, մարդիկ մինչև վերջին վայրկյանը հույս են ունեցել, որ առանց որևէ քայլ ձեռնարկելու ողջ կմնան:

Նկատու՞մ էք փոփոխություն թուրքական հասարակության շրջանում Ցեղասպանության ճանաչման հարցում:

Պետք է նշել Թուրքիայի մեկ դար տևող ժխտողական քաղաքականության մասին, որի պայմաններում դժվար է ճանաչման հարցում լուրջ հաջողությունների հասնել, բայց կասկած չկա, որ կրթված մարդկանց շրջանում ծիծաղելի է դառնում նրանց երկրի մերժողական քաղաքականությունը: Ակադեմիական շրջանակներում Հայոց Ցեղասպանության փաստը որևէ կասկած չի առաջացնում, կան ընդամենն իշխանական պրոպագանդիստներ, որոնք շարունակում են հերքել Եղեռնի փաստը:

Ինչպե՞ս էիք վերաբերում հայ-թուրքական արձանագրություններին:

Իմ կարծիքով փոքր-ինչ անփորձ մոտեցում դրսևորվեց բանակցություններում: Հայ-թուրքական հարաբերություններին դեմ չեմ, բայց չեմ հասկանում, թե ինչու այդքան նախապայմաններ առաջ եկան: Առանց նախնական զիջումների պետք է սկսվեին բանակցությունները: Ամենամտահոգիչը Եղեռնի շուրջ երկու երկրների պատմաբանների կողմից քննարկում սկսելու վտանգն էր: Սա արդեն կասկածի տակ էր դնում Հայոց Ցեղասպանության փաստը: Իսկական պատմաբանը պետք է անկախ լինի, նա չի կարող ենթարկվել որևէ պետական համակարգի, եթե ենթարկվում է, ապա պրոպագանդիստ է: Պատմաբաններն ուսումնասիրությունները սկսելու համար պետություններին չեն սպասում: Եթե լիներ քննարկում, ապա արդյունքը կլիներ այն, որ դրանք ի վերջո կկասեցվեին ու պաշտոնապես կհայտարարվեր, որ պատմաբանները դեռ չեն եկել ընդհանուր հայտարարի ու ոչ մի բան ապացուցված չէ:

Արդյո՞ք ցեղասպանություն վերապրած ազգի կոմպլեքսը չի խոչընդոտում ազգի բնականոն զարգացմանը: Ցեղասպանված ազգ լինելը չի՞ բերում իր վնասաբեր ազդեցությունը սերունդների վրա:

Մտածում եմ, որ ոչ, քանի որ պատմությունը թերապիա է: Այն հնարավորություն է տալիս  հասկանալ, թե ինչու այդպես եղավ, որ պետք չէ գլուխը կախ ենթարկվել, այլ հարկավոր է դիմադրություն ցույց տալ: Զոհը պետք է ազատվի ոճրագործից: Այս իմաստով թուրքական պետական շրջանակները գիտեն, որ իրենց հայտարարություններով կարողանում են հունից հանել հայերին, և երբ հունից հանում են, ուրեմն հաղթում են: Այլևս պետք չէ հունից դուրս գալ, հարկավոր է ծիծաղել և վերադարձնել նրանց ժպիտ և հումոր: Այս դեպքում թուրքերը հունից դուրս կգան: Այս մոտեցումն է, որ պետք է մտցնել սերունդների մեջ: Ես իմ գրքում փորձում եմ հասկանալ եղելությունը, այլ ոչ թե լացել: Մոռացե՛ք լացը: Պայքարելու ժամանակն է:

Գոռ Ալեքսանյան

Ք. Մոսկվա

http://galatv.am

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert