Ժ.Քոչարեան, Բեռլին, 30.01.2015
Յարգելի Արաքս Կասյան “Արմենպրես“, իմ մեկնաբանութիւնը Ձեր տրուած հարցերի շուրջ:
Գերմանիայի Ձախ կուսակցութեան հարցերին (13 Յունուար 2015) գերմանիայի կառավարութիւնը անդրադարձել է շատ յստակ՝ “այսօրուայ դրութեամբ չենք պատրաստւում որևէ յիշատակի միջոցառում կազմակերպել, բայց խորհում ենք հայերի կողմից կազմակերպուած միջոցառմանը՝ նւիրուած հայոց կոտորածների և տեղահանութեան 100-րդ տարելիցին, մի ներկայացուցիչ ուղարկելու մասին“:
Գերմանիան հիմա չէ որ հրաժարւում է 1915-ի հայ ցեղասպանութիւնը որպէս այդպիսին ճանաչել, համաձայն ՄԱԿ-ի 1948-ի համաձայնագրի: 2005թ. Բունդսթագի որոշման մէջ էլ բացակայում էին “ցեղասպանութիւն“ (Genocide) և „բռնատեղահանում“ (Deportation) եզրերը: Պատճառաբանալով, որ 1948թ. Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու և պատժելու մասին որոշումը, Գերմանիան ստորագրել է 1955թ. Փետրուր 22-ին և չունի յետադարձ ուժ: Ի յարկէ այս միայն պատրուակ է, հակառակ պարագայում պիտի այս օրէնքը տարածուեր նաև Հոլոքոստի վրայ:
Գերմանիայի կառավարութիւնը մատնանշում է 2001թ. Հայ-թրքական երկխօսութիւնը (TARC) և գովաբանում հայ-թրքական երկու չարաբաստիք արձանագրութիւնները, յատկապէս շեշտելով „պատմաբանների յանձնախումբը“, փախչելով Գերմանիայի կայսերական մեղսակցութեան պատասխանատւութիւնից, որպէս սուլթանական Թուրքիայի դաշնակից առաջին համաշխարհային պատերազմում:
Անշուշտ Գերմանիան նկատի է առնում նաև շուրջ չորս միլլոն թրքական համայնքի առկայութիւնը (նրաց մի մասը այս միջոցին Գերմանիայի քաղաքացիներ են), իր քաղաքական-տնտեսական շահերը և NATO-ում Թուրքիայի հետ դաշնակից լինելը:
Ի տարբերութիւն, օրինակի համար Ֆրասիային, գերմանահայ համայնքը աննշան է և չունի քաղաքական կշիռ: Ցաւով եմ արձանագրում սակայն Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հէնց հիմնադրման օրից, որի հիմնադիր անդամներից եմ նաև ես, չկայացավ որպէս համադրող քաջալերող և աջակից կենտրոնական կազմակերպութիւն հայ համայնքների համար, այլ դարձաւ մի կառոյց, նման արդէն եղածների շարքում: Զլացաւ համագործակցել և ակտիւացնել Յոյն, Ասորի /Արամէալեզու քրիստոնեաներին, չփնտրեց Գերմանակն մտաւորականութեան և քաղաքական գործիչների աջակցութիւնը, որոնք երշախաւորելու էին հայոց ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումը, ինչպէս միւս երկրներում:
Ձախ Կուսակցութեան դիրքորոշման մասին, կարելի է աւելի մանրամասն կարդալ, իմ բողոք-նամակում ուղղուած Բեռլինի „Tages Spiegel“-ին, կից իմ մեկնաբանութեան:
Վարկաբեկելով Եօհաննէս Լեփսիուսին և միւս հումանիստ և արդարամիտ անձանց, տուժում է ինքնաբերաբար հայոց ցեղասպանութեան արդար լուծումը, ինչպէս այդ արւում է ձախ և միւս կուսակցութիւների կողմից:
Լուիս Մոռենո-Օքամփոն, ոճրագործութեան միջազգաին ատեանի (ICC) գլխաւոր դատաւորը 2010թ. Եղել է Երևանում, մասնակցելով մարդու Իրաւունքների միջազգային ատեանի 31-րդ Ֆորումին և հանդիպել է արդարադատութեան նախարար Գէորգ Դանիէլեանին և նախագահ Ս.Սարգսեանին: Լ.Մոռենո-Օքամփոն հաստատել է Հաագայի միջազգային ոճրագործութեան ատեանի իրաւասութիւնը, քննելու հայոց ցեղասպանութեան որոշում ընդունելու մասին: սակայն առ այսօր այդպիսի դիմում չի եղել ՀՀ Կողմից:
Ինչ վերաբերւում է Գերմանիայի „Ապրիլ 24-ի յանձնախմբին“, որը բաղկացած է Եկեղեցական, Գերմանա-Հայկական ընկերութեան և Գերմանահայոց Կենտրոնական խորհրդից, չկայ և կամ ինձ ծանօթ չէ ստոյգ ծրագիր ցեղասպանութեան 100-րդ տարելիցի կապակցութեամբ, և այս պատճառով էլ որոշ միութիւններ դժգոհում են, նիստերին չհրաւիրւելու և կայանալիք միջոցառումների մասին տեղեկութիւն չունենալու համար: Յստակը առ այժմ այն է որ, Ֆրաքֆուրթի Փաուլս եկեղեցում տեղի է ունենալու միակ և կետոնական միջոցառումը:
Բեռլինում աշխատող „Ցեղասպանութեան ճանաչման աշխատանքային Խմբի“-ին յոյսով ենք այս տարի յաջողուի, երեք ժողովուրդերի (Հայ, Ասորի/Արամէալեզոէ քրիստոնեաների և Յոյն) միասնական յուշահամալիրի բացումն, Բեռլինի Շառլոթնբուրգի Պանթէոնում:
Այդ խմբի այլ աշխատանքների մասին՝
ՑՃԱԽ-ը կազմակերպել է Ֆրանքֆուրթում (Փետ. 11-28 Մայիս), Աննա Ֆրաք կրթական հիմնարկում, ցեղասպանութեան լուսանկարների ցուցահանդէս և դասախօսութիւն (Տիկին դոկտ. Թեսա Հոֆման): Ապրիլի 11-ին Նահատակ բանաստեծ- գրողներից թարգմանութիւնների ընթերցում, Բեռլինի Հայ Եկեղեցական Միութեան հետ միասին:Ապրիլի 18-ին յուշապահակ թրքական դեսպանութեան դիմաց և երթ դէպի Քանցլերի նստավար յանձնելու խնդրագիր: Ապրիլի 24-ին Բեռլինի կենտրոնի Մառիեն եկեղեցում, երկու դասախօսութիւններ,“ Եւրոպացի և Հայ Մասնագէտների Ասոցիա հ/կ „ հետ միասնաբար և այլ միջոցառումներ ամբողջ տարուայ ընթացքում:
Լուսանկարը՝ Ա1+-ի