
Եթե որևէ մեկը կշտապի իր զարմանքն արտահայտել ՀՅԴ-ի այսօրինակ պահվածքի առնչությամբ, ապա նա ետ է ընկել իրադարձությունների ընթացքից, քանի որ տեղեկացվածների համար ամեն բան խիստ հասկանալի ու պարզ է: Վերջին շաբաթների ընթացքում ՀՅԴ առանձին կառույցներից մեծ թվով մարդիկ դուրս եկան և անդամագրվեցին հենց Հիմնադիր Խորհրդարանին: Այս «կազմաքանդիչ» ակցիան չէր կարող տագնապ չհարուցել դաշնակների ճամբարում: Իսկ հիմա` Բերձորի գրոհից հետո, նրանք իրավունք ստացան հեռացածներին չարախնդորեն ասելու. «Տեսա՞ք, թե ինչ է լինում նրանց հետ, ովքեր լքում են մեզ»: Վրեժխնդրությունն արդեն այնքան է կուրացրել ՀՅԴ-ին, որ նա պատրաստ է հրապարակավ խրախուսել ծեծն ու ջարդը, բռնության այլ կարգի դրսևորումներ, եթե դրանք կիրառվում են իր մրցակիցների հանդեպ:
Բայց մի հարց էլ կա, որն անտեսել չի կարելի: Գաղտնիք չէ, որ Դաշնակցությունը մտադրվել է Ղարաբաղում առաջիկա նախագահական ընտրություններում հավակնորդների շարքում տեսնել իր թեկնածուին` ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանին: Իսկ հանուն այս մեծ նպատակի ՀՅԴ-ն այժմ պատրաստ է ոտնահարել ցանկացած սկզբունք ու բարոյականություն: Նպատակը կարդարացնի միջոցները: