քեսաբՀայտնի թուրք լրագրող Ահմեթ Շըքը թուրքական Cumhuriyet պարբերականում լույս տեսած իր հոդվածում տեղեկացնում է, որ 2014 թվականի գարնանը Սիրիայի հայաբնակ Քեսաբի վրա իսլամիստ զինյալների հարձակման ժամանակ Թուրքիայի զինված ուժերը վերջիններիս հրետանային աջակցություն են ցուցաբերել:

Թեև ավելի վաղ խոսվում էր, որ Թուրքիան իսլամիստ զինյալներին աջակցելու համար տրամադրել է իր երկրի տարածքը, սակայն այս տեղեկությունը ցույց է տալիս, որ դրանից բացի թուրքական պետությունն ուղղակի ռազմական մասնակցություն է ունեցել զինյալների՝ Քեսաբի և Սիրիայի զինված ուժերի վրա կատարված հարձակումներին:

Ըստ Շըքի՝ իրեն հասած հեռախոսազրույցներից հայտնի է դարձել, որ Քեսաբի դեմ գրոհ սկսած իսլամիստները տեղից կոորդինատներ են հայտնել թուրքական զինուժին, որն էլ նշված թիրախները Թուրքիայի տարածքից հրետակոծության է ենթարկել: Թիրախների գտնվելու վայրը Քեսաբից Թուրքիա է ուղարկել թուրքմեն զինյալների խմբավորման հրամանատարներից Ադիլ Օրլին, ով տվյալների փոխանակման համար կիրառել է բջջային հեռախոսների համար նախատեսված Whatsapp հավելվածը: Զինյալների հրամանատարից նմանատիպ հաղորդագրություններ ստացողներից մեկն էլ եղել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մեհմեթ Թոքթաշը, ով ևս մասնակցել է գործողության համակարգման աշխատանքներին: Այս ամենը հիմք է հանդիսացել Շըքին՝ պնդելու, որ Քեսաբի դեմ գործողությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաև Թուրքիայի իշխող կուսակցությունը:

Շըքը ներկայացրել է նաև հեռախոսազրույցի սղագրությունը, որտեղ Օրլին խնդրում է թուրքական կողմից հրետակոծել 7 թիրախներ, որոնց տվյալներն էլ փոխանցել է: Ընդ որում, վերջինս խնդրում է կրակը կրկնել, ինչն էլ ենթադրում է, որ թուրքական հրետակոծությունը մի քանի անգամ է իրականացվել:

Բացի այդ, ըստ թուրք լրագրողի՝ հայտնի է դարձել, որ նույն Օրլին բանակցել է նաև Քեսաբին սահմանակից թուրքական Յայլադաղի գյուղապետ Թուրան Յըլմազի հետ, որպեսզի վերջինս թույլ տա զինյալներին ազատորեն հատել Թուրքիայի սահմանը, իսկ բանակցությունները դրական ելք են ունեցել իսլամիստների համար:

Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտի 21-ին Թուրքիայի գործուն աջակցությամբ «ալ-Նուսրայի ճակատ», «Ահրար ալ- Շամ» և այլ իսլամիստական խմբավորման զինյալները գրոհել էին Սիրիայի զինված ուժերի դիրքերը Քեսաբում՝ կարողանալով ճեղքել պաշտպանությունը: Պաշտպանողական գործողություններից հետո սիրիական բանակը պատասխան գործողություն էր սկսել։ Հունիսի կեսերին սիրիական զինուժը կարողացել էր իր վերահսկողության տակ վերցնել Քեսաբի շրջանը:

Քեսաբի հայությունը զինյալների գրոհի ընթացքում շտապ տեղափոխվել էր Լաթաքիա՝ ապաստանելով տեղի հայկական եկեղեցու տարածքում։ Քեսաբի համար մարտերի ընթացքում Թուրքիայի զինված ուժերը նաև խոցել էին սիրիական օդուժի ՄիԳ-23 կործանիչը, որը թռիչք էր կատարել թուրք-սիրիական սահմանի մոտակայքում:

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

allTurkey.am

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert