Armenia - Opposition leader Levon Ter-Petrosian addresses a congress of the Armenian Pan-National Movement (HHSh) in Yerevan, 22Dec2012.Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի՝ նախորդ շաբաթ հրապարակված հռչակագիրը՝ համոզմունք հայտնելով, որ միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովն ակնհայտորեն գերազանցել է իր իրավասությունները՝ կոպտորեն խախտելով Հայաստանի անկախության հռչակագիրն ու Սահմանադրությունը։

 

«Չորրորդ իշխանություն» թերթում այսօր հրապարակած հոդվածում Տեր-Պետրոսյանը տարակուսանք է հայտնում, որ Սերժ Սարգսյանի գլխավորած հանձնաժողովը հռչակագրում պնդում է, թե արտահայտում է հայ ժողովրդի միասնական կամքը։

«Ես չեմ պատկերացնում, թե ինչպես զուտ կազմակերպական բնույթի մի հանձնաժողով, որքան էլ ներկայացուցչական, կարող է արտահայտել հայ ժողովրդի միասնական կամքը»,- գրում է առաջին նախագահը՝ մանրամասնելով, թե Հայաստանի և Ղարաբաղի նախագահներն իրավունք ունեն խոսել միայն իրենց երկրների կառավարությունների անունից։

«Ողջ հայ ժողովրդի` իրավական ուժ ունեցող միասնական կամքը կամ կարծիքը կարող է արտահայտել միայն համահայկական հանրաքվեն, որի կազմակերպումը, հասկանալի պատճառներով, անհնար է»,- ասում է Տեր-Պետրոսյանը։

Փոխարենը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը ներկայացնում է իր առաջարկը.- «Հռչակագիրը շատ ավելի ծանրակշիռ նշանակություն ձեռք կբերեր և լրջագույն իրավական-քաղաքական փաստաթղթի արժեք կունենար, եթե համայն հայության անունից խոսելու հավակնություն ունեցող մի անդեմ հանձնաժողովի փոխարեն հրապարակվեր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախագահների, Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, ինչպես նաև` Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների առաջնորդների ստորագրությամբ»:

Հիշեցնելով, որ փաստաթուղթն առաջին հերթին ուղղված է միջազգային հանրությանը՝ Տեր-Պետրոսյանը չի բացառում, որ նույն այդ հանրությունից որևէ մեկը կարող է հարցնել.- «Իսկ որտեղի՞ց գիտեք, թե դուք արտահայտում եք հայ ժողովրդի միասնական կամքը»: ««Մի՞թե պարզ չէ» կամ «ինքնըստինքյան հասկանալի է» տիպի պատասխանները միայն քմծիծաղ կառաջացնեն»,- գնահատում է նախկին նախագահը:

Հոդվածում Տեր-Պետրոսյանը խիստ քննադատում է նաև հռչակագրի այն դրույթը, որով շնորհակալություն է հայտնվում ցեղասպանությունը ճանաչած երկրներին ու կառույցներին։

«Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ ժողովրդին նվաստացուցիչ վիճակի մեջ դնող գավառամտության արտահայտություն»,- բնորոշում է առաջին նախագահը.- «Մարդկության դեմ ուղղված այդպիսի ոճրագործությունների ճանաչումն ու դատապարտումը միջազգային կոնվենցիաներով ամրագրված նրանց պարտավորությունն է, որի կատարման համար շնորհակալության արժանանալը նույնիսկ վիրավորական պետք է լինի նրանց համար»:

Իսկ ահա Թուրքիային ուղղված կոչը՝ ճանաչել Ցեղասպանությունը, Լևոն Տեր-Պետրոսյանն առհասարակ արտառոց, անլուրջ և անհեթեթ է որակում.- «Ի՞նչ է սա, եթե ոչ Թուրքիային ուղղված վերջնագիր, այն էլ` կաղ-վերջնագիր, քանի որ բացակայում է մյուս պարտադիր բաղադրիչը, այսինքն` թե ինչ է սպասվում հասցեատիրոջը` վերջնագրի պահանջը չկատարելու դեպքում»:

Ընդդիմադիր գործիչը հիշեցնում է իր՝ դեռևս 2007 թվականի ելույթը, որում ասել էր.- «Ժամանակն է վերջապես հասկանալ, որ վերջնագրեր ներկայացնելով կամ անկյուն սեղմելով, ոչ ոք չի կարող Թուրքիային պարտադրել` ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Հակառակ դեպքում, ըստ Տեր-Պետրոսյանի, իր այս կեցվածքով Հայաստանը հարվածում է իր արժանապատվությանն ու չի նպաստում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Հռչակագրի ամենամտահոգիչ խնդիրը, առաջին նախագահի գնահատմամբ, «պատմական արդարություն» առաձգական և վերացական հասկացության տակ առաջ քաշված պահանջներն են, այդ թվում՝ նյութական հատուցումը.- «Եթե 1998 թվականից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում դրված էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը, որի դիմաց մեր երկիրն ստացավ հայ և թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու պարտադրանքը, ապա «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի» ուժով Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում արդեն դրվում է պահանջատիրության հարցը: Թե ինչպիսի հետևանքների կարող է հանգեցնել այս կտրուկ շրջադարձը, միայն Աստված գիտե, իսկ ներկա պահին ընդամենն ակնհայտ է, որ դա չափազանց կբարդացնի ու երկար ժամանակով կսառեցնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ Հայաստանի ապագայի համար խիստ անհրաժեշտ գործընթացը»,- կանխատեսում է Լևոն Տեր-Պետրոսյանը: Այսպիսով, ըստ առաջին նախագահի, հրապարակ է հանվել «քաղաքական առումով եթե ոչ անպայման վտանգավոր, բայց առնվազն անպտուղ մի փաստաթուղթ»:

Ընդ որում Տեր-Պետրոսյանը շեշտում է, որ իր այս դիտողությունները ոչ թե որևէ մեկին մեղադրելու կամ ներքաղաքական շահարկումների մտադրությամբ են, այլ փաստաթղթի բնագիրը բարելավելու նպատակով, քանի որ ինչպես առաջին նախագահն է մեկնաբանել, Գյումրու ողբերգության, Բերձորի բարբարոսության և ձեռներեցների տպավորիչ ընդվզման պատճառով հռչակագիրը լիակատար անուշադրության է մատնվել։

«100-ամյա տարելիցը հարմարագույն առիթն էր Ցեղասպանության խնդիրը զգացականության դաշտից վերջապես քաղաքական մտածողության դաշտ տեղափոխելու համար: Հետևաբար բոլորովին չէր խանգարի, եթե հռչակագիրը հիմնովին վերախմբագրվելով, համապատասխանեցվեր միջազգային իրավունքի նորմերին և պետությունների ու ժողովուրդների համակեցության սահմանված կանոններին: Որպես պետություն` մենք ուրիշ լեզվով աշխարհի հետ խոսելու իրավունք չունենք»,- եզրափակում է առաջին նախագահը:

Ի դեպ, այսօր թեմային անդրադարձել է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Կարևոր ու մտորելու տեղիք տվող» բնորոշելով Տեր-Պետրոսյանի դիտարկումները, նախկին արտգործնախարարն էլ ուշադրություն է հրավիրում հռչակագրի և հայ-թուրքական արձանագրությունների միջև հակասություններին՝ պնդելով, թե քանի դեռ Հայաստանի ստորագրությունը՝ թեկուզ չվավերացված, մնում է այդ արձանագրությունների տակ, Հայոց ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության հարցում Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումները առավելապես պայմանավորվում են այդ փաստաթղթի դրույթներով։

Օսկանյանը «Ֆեյսբուք»-ում մեկնաբանում է, թե մի կողմից Հայաստանը ուժի մեջ է թողնում «պատմական փաստաթղթերի և արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրություն» իրականացնելու նպատակով ենթահանձնաժողով ստեղծելու մասին դրույթը, մյուս կողմից՝ հռչակագրում կոչ է անում Թուրքիային ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը։

«Այս դիլեման Հայաստանի իշխանությունների համար լուրջ մարտահրավեր է»,- ամփոփել է Վարդան Օսկանյանը:

www.azatutyun.am

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert