Համշենահայի բողոքը Պոլսո հայոց փոխպատրիարքի դեմ. Մենք ո՞վ ենք

Համշենահայ բլոգեր Մահիր Օզքանը Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանրոդ արք. Արամ Աթեշյանի հայտարարության հետ կապված իր բողոքն է գրի առել թուրքական Ortakhaber կայքում։  Akunq.net-ի թարգմանությամբ ներկայացնում ենք Մահիր Օզքանի հրապարակումը։

Փետրվարի 15-ին` կիրակի օրը, պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը ելույթով է հանդես եկել Վարդանանց երգչախմբի հիմնադրման 83-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։  Նա իր խոսքում բարձրաձայնել է, թե ինչ է հասկանում` հայկական ինքնություն ասելով, եւ արտահայտել է նաեւ մուսուլմանացած հայերի վերաբերյալ իր տեսակետները: Որքանով որ հասկացել եմ` նա առավելապես նկատի է ունեցել Ցեղասպանության ժամանակաշրջանում իսլամացած «թրից պրծածներին»: Սակայն մահմեդականացած հայերի հարցը միայն վերջին հարյուրամյակի խնդիր չէ: Սույն թեման անմիջականորեն առնչվում է նաեւ շատ ավելի վաղ ժամանակներից մուսուլման դարձած համշենցի հայերին:

Իսլամացած հայերի թեման` ընդհանրապես, իսկ մահմեդական համշենահայերինը` մասնավորապես, վերջին տարիներին սկսել է ավելի հաճախ օրակարգային լինել: Այդ քննարկումները լուրջ բանավեճերի եւ փնտրտուքների տեղիք են տալիս նաեւ համշենցիների շրջանում: Ամեն ոք վերաորդեգրում է իր դիրքորոշումն այդ հարցի նկատմամբ, ձգտում` համապատասխան կեցվածք ընդունել: Մյուս կողմից էլ թե պատմագիտական եւ թե մշակութային աշխատանքներ են տարվում` սույն հարցի ուղղությամբ: Հետաքրքրությունը մեծանում է համշենահայերենի հանդեպ: Հայոց լեզվի Համշենի բարբառով հրատարակման են ներկայացվում թե ժողովածուներ եւ թե հեղինակային ստեղծագործություններ: Կազմակերպվում են լեզվի, պարկապզուկի դասընթացներ, եւ այլ մշակութային աշխատանքներ տարվում:

Բնականաբար, նման աշխատանքները ստանում են նաեւ բացասական արձագանք, որը, ինչպես կարելի է ենթադրել, գալիս է թուրք-իսլամական եւ ազգայնամոլական շրջանակներից: Այդ հակազդեցություններում առավելապես առաջ քաշվող փաստարկն այն է, թե «Հայկական ինքնությունը կրոնական է, եւ քանի որ համշենցիները մուսուլման են, ապա անհնար է, որ նրանք կրեն այդ ինքնությունը»:

Սույն փաստարկը համեմվում է այն պնդմամբ, թե համշենցիները հայկականության հետ առնչվել են, երբ մի ժամանակ եղել են Հայ եկեղեցու հետեւորդ, սակայն դրանից առաջ նրանք թուրք են եղել: Այսինքն, նրանք մահմեդական դառնալուց հետո լրիվ հեռացել են արդեն իսկ կրոնական ինքնություն եղող հայությունից: Եվ քանի որ քրիստոնեությունից առաջ էլ թուրք են եղել, ապա այժմ շատ հանգիստ կերպով կարող են համարվել նման ազգայնամոլ շրջանակների համար այդքան ցանկալի թուրք-իսլամական ինքնության կրողներ:

Վերջին տարիներին սկսել են հայտնվել նաեւ ճշմարտությունից այն աստիճանի հեռու անձինք, ովքեր պնդում են, թե համշենցիները երբեք քրիստոնյա չեն եղել, նրանցից եւ ոչ մեկը մուսուլմանացած հայ չէ:

Ի վերջո, անկախ նրանից` կրոնական ինքնությունն անկեղծորեն համարում են ինքնությունը որոշող տարր, թե կրոնն են համարում Թուրքիայի հասարակության բոլոր ոչ թուրք եւ ոչ մահմեդական հպատակներին թուրքացնելու միջոց` հետեւանքը նույնն է մնում: Կրոնը էական գործառույթ է կատարում համշենցիների ուծացման հարցում: Իսկ այդ գործառույթն իրականացնելու առումով ամենաէական տարրն այն մտայնությունն է, թե «Մուսուլմանը չի կարող հայ լինել», մի ըմբռնում, որը թրքությունը նույնացնում է մուսուլմանության, իսկ հայությունը` քրիստոնեության հետ:

Հիմա անդրադառնանք Աթեշյանի խոսքերին: Աթեշյանն ասում է.

««Իմ մեծ մայրը հայ է եղել»… Քո մեծ հայրն էլ մուսուլման էր: Ո՞ւմ արյունն ես կրում դու: Հայը կրոնից անքակտելի մի ամբողջություն է: Եթե ուզում ես հայ լինել, կգաս կմկրտվես, Հայոց եկեղեցու անդամը կդառնաս եւ միայն այն ժամանակ կասես` «Ես հայ եմ»… Մենք ումից ի՞նչ ենք պահանջում: Աշակերտներից մկրտության փաստաթու՞ղթ ենք ուզում: Ղեկավար խորհրդի անդամներից մկրտության փաստաթու՞ղթ ենք պահանջում: Որտեղի՞ց ենք իմանում, թե ինչ է: Ասում է` «Հայ եմ», հայերեն է խոսում, հերիք է: Մեր կրոնն այդչափ էժանագին չպետք է լինի: Եթե մենք հայ ենք, քրիստոնյա ենք, ապա պետք է պահպանենք մեր կրոնն ու ինքնությունը: Տեր կանգնենք մեր բոլոր ազգային եւ կրոնական արժեքներին: Թե չէ` դատարկ խոսք է «Ես հայ եմ» ասելը»:

Մեկ առ մեկ անդրադառնանք նրա ասածներին: Աթեշյանն ասում է, որ եթե նախնիներից հայ եղողը կինն է, ապա տղամարդը մահմեդական է համարվում: Մի սխալ համեմատություն եւս: Հայկական ու մահմեդական ինքնությունները չեն կարող դեմ-հանդիման կիրառվել: Ինչպես որ կարող է լինել թուրք մուսուլման, թուրք քրիստոնյա, թուրք աթեիստ, այնպես էլ` հայ մուսուլման, հայ քրիստոնյա, հայ աթեիստ:

Հարցնում է Աթեշյանը` «Ո՞ւմ արյունն ես կրում դու»: Ես էլ Ձե՛զ եմ հարցնում, հարգելի Աթեշյան` ո՞ւմ հոգին եք կրում Դո՛ւք: Ո՞րն է արյան եւ ցեղի կապը: Մի՞թե միատարր ցեղ գոյություն ունի աշխարհի երեսին: Դրանք այլեւս չե՞ն մնացել վաղեմի ժամանակներում: Համայն աշխարհում կատարված ԴՆԹ ուսումնասիրությունները բազմիցս ցույց չե՞ն տվել դա:

«Հայը կրոնից անքակտելի մի ամբողջություն է: Եթե ուզում ես հայ լինել, կգաս կմկրտվես, Հայոց եկեղեցու անդամը կդառնաս եւ միայն այն ժամանակ կասես` «Ես հայ եմ»»,-ասում է Աթեշյանը: Խոսք, որին ի պատասխան` քիչ է մնում ասես. «Հրամա՛նքդ, փաշա՛»: Ես ինքս տասնյակ աթեիստ հայերի եմ ճանաչում: Իսկ նրա՞նց ինչ անենք: Ենթադրում եմ, որ այնքան փորձ ունեք, որ գիտակցեք, թե Ձեր եկեղեցու անդամ լինելը դեռ չի նշանակում հավատացյալ լինել: Հիմա այս ընկերները հայ չե՞ն համարվում: Եթե ոչ, ապա ի՞նչ են համարվում նրանք:

Բացի այդ` լա՛վ, ասենք թե` չգիտեմ քանի սերունդ առաջվա մեր պապերը բռնի մուսուլման են դարձել: Դրանից հետո մարդիկ սերունդներով կամավոր կերպով յուրացրել են մահմեդականությունը: Իսլամն այլեւս դարձել է այդ անձանց բնական կրոնը: Թեեւ բռնի իսլամացումը պատմական անարդարություն է, սակայն փաստ է նաեւ, որ այդ մարդիկ այլեւս անկեղծորեն մահմեդական են դարձել: Հարգելի՛ Աթեշյան, Ձեզ եւ թուրք-իսլամական անձանց հետեւյալ խորհուրդը կտամ. մարդկանց մուսուլմանության միջոցով թուրք, քրիստոնեության միջոցով էլ հայ համարել ձգտելու փոխարեն` հաշտվեք մահմեդական հայի գոյության հետ:

Պարո՛ն Աթեշյան, ես ժողովածու կազմելու աշխատանքներիս ընթացքում թե համշենահայերեն խոսող համշենցիների եւ թե չխոսողների շրջանում որոշ աղոթքներ եմ արձանագրել: Այդ աղոթքները հայերեն են եւ բացարձակապես նման չեն մահմեդական աղոթքներին: Բոլորովին նման չեն նաեւ քրիստոնյա աղոթքներին: Դրանք, հավանաբար, քրիստոնեությունից էլ անգամ հին են եւ` հայոց լեզվով: Դրանք դրոշմված են հարյուրամյակները հաղթահարած եւ մեր օրեր հասած համշենցիների հիշողության մեջ: Նախաքրիստոնեական ժամանակաշրջանից եկող վարդավառի եւ խոդոչի տոները դեռ նշվում են Համշենի որոշ յայլաներում: Մենք շարունակում ենք դագաղով թաղել մեր մեռելներին: Դեռ մոմ ենք վառում մեր անցավորների գերեզմանների մոտ:

Մեր հեքիաթները, դամբանականները, անեկդոտները, խաղիկները, երգերն ու մեղեդիներն ունենք, որոնք կրում են վաղնջական ժամանակների հետքերը: Ժողովում ենք դրանք, փորձում` նորերը գրել: Դրանք գրանցվում են որպես նաեւ ներկայիս հայկական մշակույթը սնող եւ հարստացնող էլեմենտներ: Համշենցիներն իրենց լեզվով խոսողներին եւ չխոսողներին, քրիստոնյաներին, մուսուլմաներին վերաբերվում են որպես իրենց միավորողների եւ բազմաթիվ ընդհանուր արժեքներ ունեցողների:

Այո՛, մարդիկ փոխել են իրենց կրոնը, բայց պահել են իրենց ինքնության այլ բազում տարրեր: «Հայ եմ» ասելը, հայերեն խոսելը Ձեզ չի բավարարում` որքան հասկացա:

Շա՛տ լավ, այդ դեպքում եթե Ձեզ պատմեմ, թե իմ պատանեկության տարիներին ինչպես էր մայրս արձագանքում, երբ նրան ասում էի` «Մենք հայ ենք», թերեւս կըմբռնեք, թե ինչը նկատի ունեմ: Մայրս նման դեպքերում ասում էր. «Քենա, էմեն դեղ Էրմենիյիմ ասա ու քեզի գեդրին»: («Գնա, ամեն տեղ ասա, որ հայ ես, ու քեզ մորթեն»-Ակունքի խմբ.): Կամ էլ, գուցե այսպես պետք է գրեմ. «Գնա, ամեն տեղ էրմենիյիմ ըսե ու քեզի գդրին: Այսինքն, պարո՛ն Աթեշյան, այս երկրում «Ես հայ եմ» ասելը երբեք դատարկ բան չի եղել. հիմա՛ էլ է այդպես:

Երբ մենք վատ բաներից ենք խոսում, բղավում, վատ բաների վրա զարմանում, ասում ենք` «Սեւ Ասպաձ(Աստված-համշենահայերեն)»: Մայրս մի օր էլ, երբ երկնային պահպանության կարիքն ուներ, ասաց. «Ես երկնքի ճերմակ ասպաձ ունիմ»:

Հիմա Ձե՛զ եմ հարցնում, պարոն Աթեշյան. «Սեւ Ասպաձ, մեք վո՞վ իք( Սեւ Աստված, մենք ով ենք)»:

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert