Վատիկանում Հռոմի պապի արտասանած քարոզը, մեզ պատած էյֆորիան ստվերեցին մի կարևոր դիվանագիտական պարտություն, որի ականատեսը մենք եղանք: Ցեղասպանության 100-ամյակի խոնարհման միջոցառումներին մասնակցելու համար հրավեր էր ուղարկվել նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Պապը, սակայն, մերժել էր հրավերը՝ Հայաստան կատարելիք իր այցը ծրագրելով 2016 թվականին: Այսինքն, նրա այցը որևէ առնչություն չպետք է ունենար հայոց Ցեղասպանությանը: Մենք ոգևորվեցինք պապի հայտարարությամբ, Ցեղասպանության դատապարտմամբ՝ մոռանալով մի բան, որ, ըստ էության, Ֆրանցիսկոսը ոչ թե ինքն է ճանաչել Ցեղասպանությունը, այլ ամրապնդել է Վատիկանի կողմից դեռևս 2001 թվականին ընդունվածը:

Մենք ոգևորված ընդունեցինք Պապի խոսքը, որովհետև Ցեղասպանության 100-ամյակի նախօրյակին տակավին նման հրապարակային խոսք չէր հնչել:

Եվ, իհարկե, զարմանալի է թուրքական հիսթերիան, քանի որ 14 տարի առաջ արդեն Սուրբ Աթոռը հայտարարել էր իր դիրքորոշման մասին:

Մենք դիվանագիտական հաղթանակ համարեցինք Հռոմի պապի ելույթը, մինչդեռ դիվանագիտական հաղթանակն արդեն տեղի էր ունեցել 2001-ին, իսկ ահա դիվանագիտական պարտությունների շարքն անտեսվեց:

Նշենք, որ Հռոմի պապն այդպես էլ պաշտոնական ընդունելություն չկազմակերպեց և չհանդիպեց Սերժ Սարգսյանի հետ պաշտոնական արարողակարգի սահմաններում: Ինչու՞: Այս հարցի պատասխանը պիտի տան մեր արտաքին գործերի նախարարությունը և Վատիկանում ՀՀ դեսպանը:

Անշուշտ,կարող ենք կռահել, ենթադրություն անել: Բայց արտաքին հարաբերությունները ենթադրությունների վրա չեն կառուցվում: Հռոմի պապն, այնուհանդերձ, Հայաստանի նախագահի այցին մեծ կարևորույթուն չտվեց, չկամեցավ դրան ընդգծված պաշտոնականություն հաղորդել՝ այսպես իրականում խույս տալով Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին իր վրա լուրջ պատասխանատվություն վերցնելուց: Սբ Պետրոսի տաճարում արված հայտարարությունը խիզախում չէ, այլ հաստատված փաստի շարունակություն, որի բարոյական և իրավական կողմերին արդեն անդրադարձել ենք:

Տեղի չունեցավ որևէ պաշտոնական հանդիպում Սերժ Սարգսյանի և Իտալիայի պետական ու քաղաքական շրջանակների հետ, Իտալական որևէ բարձրաստիճան պաշտոնյա չընդունեց Սերժ Սարգսյանին: Անգամ նրանցից որևէ մեկը չմասնակցեց ՀՀ դեսպանի հրավիրած պատվո ընթրիքին: Այս ամենը խոսում է այն մասին, որ, այնուհանդերձ, Իտալիան չի կամենում կարևորել և առանձնացնել Հայաստանի հետ հարաբերությունները՝ իրեն համարելով Թուրքիայի գործընկերն ու բարեկամը: Եվ ոչ միայն կարևորել իր թուրքական գործոնը: Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանությունը, այն Արևմուտքի կողմից արդեն ընկալվում է որպես ռուսական կցորդ: Իսկ կցորդները չեն կարևորվում: Ահա այս մասին պիտի մտածեն մեր իշխանությունները և մեր արտաքին քաղաքականության «ճարտարապետները»:

Լևոն Մութաֆյան

news-book.org

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert