Սիրելի հայրենակիցներ

Մեր երկիրն աղետալի վիճակում է: Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին մենք սպիտակ ցեղասպանության ենք ենթարկվում: Եղեռնագործ կառավարման հետևանքով շուրջ երկու միլիոն մեր հայրենակիցներ արտագաղթել են երկրից: Արտագաղթի կործանարար ընթացքը շարունակվում է՝ մեզ սպառնալով մարդաթափությամբ և հայրենազրկությամբ:

Այս աղետը կասեցնելու, Հայրենիք ունենալու և այնտեղ արժանապատիվ կերպով ապրելու նպատակով մենք պարտավոր ենք կառուցել ազգային շահերով առաջնորդվող յուրային պետություն: Մեծ Եղեռնի հիմնական պատճառն այն էր, որ մենք պետություն չունեինք, իսկ այսօրվա սպիտակ ցեղասպանության պատճառն այն է, որ առկա պետությունը յուրային չէ: Ուստի հարկավոր է նախ հեռացնել սպիտակ եղեռն իրականացնող ռեժիմին: «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը նախաձեռնել է ռեժիմի հեռացման գործընթացն սկսել Ցեղասպանության 100-ամյակի մեկնարկի օրը՝ 2015 թ. ապրիլի 24-ին, ժամը 18-ին: Նման որոշումը նպատակ ունի վերաիմաստավորելու ապրիլի 24-ի խորհուրդը՝ այն դարձնելով ոչ միայն մեր նահատակների հիշատակի ոգեկոչման, այլև պայքարի ու պետականության վերահաստատման մեկնարկի օր: Միայն այդպես կարող ենք հանգստություն բերել մեր նահատակների հոգիներին և սփոփել մեզ ու մեր սերունդներին:

Հատուկ ուզում եմ շեշտել, որ ապրիլի 24-ին մենք չենք կատարելու այնպիսի քայլեր, որոնք կարող են խոչընդոտել այդ օրվա միջոցառումներին, այլ ընդամենը հավաքվելու ենք մեր պայքարի գործնական փուլն սկսելու համար: Այդ նպատակով արտերկրում բնակվող իմ քույրերին ու եղբայրներին կոչ եմ անում գալ Հայաստան, կանգնել մեր կողքին, մեզ հետ միասին ոգեկոչել զոհերի հիշատակն ու մասնակցել ազգային պետության ստեղծման գործին:

Սիրելիներս, մեր երկրում գրեթե ամեն ինչ կեղծ է ու ապազգային, այդ թվում՝ պետական կառույցները և կուսակցությունները: Մնացել ենք մենք` մեր ժողովուրդն ու բանակը: Հայրենազրկության սպառնալիքի և այն սարդարապատյան հաղթանակի վերածելու այս օրերին տոգորվենք պայքարի վճռականությամբ, ոտքի ելնենք և վաստակենք Հայրենիք ունենալու իրավունքը: Հաղթանակը մեզ է սպասում:

Ժիրայր Սեֆիլեանի ՖԲ-յան էջից

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert