Վերջերս սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը քննադատելով Սերժ Թանկյանին ու բոլոր նրանց, ովքեր Հայաստանի ներկա խայտառակ վիճակն են քննադատում, ասել է, թե քննադատելու փոխարեն թող մեկ միլիոն սփյուռքահայ յուրաքանչյուրը հազարական դոլլար ներդնի Հայաստանի բանկերում՝ Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար: Արդյոք սփյուռքի նախարարը հարցրել է նրանց, ովքեր վերջին տաս տարիների ընթացքում Հայաստանից 6-10 միլիարդ դոլլար կապիտալ են դուրս հանել, թե ինչո՞ւ նրանք իրենց գումարները Հայաստանի բանկերում չեն պահում՝ Հայաստանը զարգացնելու համար: Տիկին Հրանուշը ասում է, որ իր այդ «հիանալի» առաջարկի համար սփյուռքահայերը «ծափահարել են». արդյոք տիկ. Հրանուշը չի հասկանում, որ միշտ նույն մարդիկ են ներկա այդտեսակ համաժողովներին, որոնց մեծ մասը իր ու իր գործակիցների կողմից տարբեր «շքանշաններով» պարգեւատրվել են, այլ կերպ ասած՝ կաշառվել են, առնվել են, և հենց շնորհիվ այդ «ծափահարողների» է, որ չի կայանում ՍփյուռքՀայաստան իրական ու ճիշտ հարաբերությունը: Համոզված չենք, որ տիկ. Հրանուշը տեղյակ չէ Հայաստանից արտահանված այդ ահռելի գումարներից, հանքերի անխնա թալանումից ու իշխանավորների աստղաբաշխական գումարներից, ճոխ ապրելակերպից, տասնյակ ու հարյուրհազարանոց մեքնաներից, նրանց պալատներից: Այդ երեւույթն էլ ապացուցում է տիկ. Հրանուշի արած կոչի անհեթեթությունն ու աբսուրդ լինելը: Աբսուրդ էր նաև Սփյուռքի Նախարարության ստեղծում, ինչը ՀՀ բյուջեն քամուն տալուց բացի ոչ մի դրական դեր չունի և չի էլ կարող ունենալ ՍփյուռքՀայաստան հարաբերություններում: – (խմբ.)

 

Ստորև ներկայացնում ենք նաև Սամվել Հովասափյանի հոդված այդ կապակցությամբ՝

 

Սփյուռքի նախարար՝ Հրանուշ Հակոբյանի հայտնագործությունը

Բոլորովին էլ անտեղի չէ, որ տիկին Հրանուշ Հակոբյանը սփյուռքի նախարար է նշանակվել: Հայաստանի տնտեսության զարգացման համար նա մի հայտանգործություն մյուս  հայտնագործությունից հետո է անում: Սփյուռքահայերին Երևանում ժողովների է հրավիրում, Երևանի այգիներից մեկում, ազգային բարերարների պուրակ է հիմնում: Արարում է ազգային բարերարի կոչման և այլ շքանշաններ և սփյուռք այցելած ժամանակ, դրանք բարեհոգորեն և ձեռնբաց, այս կողմ այն կողմ է շռայլում…

Բայց պետք է խոստովանել, որ նրա վերջին հայտնագործությունը արդեն իսկ գլուխգործոց է: Նա դիմում է մեզ, քննադատողներիս և կոչ է անում.

«Ուրեմն բարի եղեք, օգնեք, որ տնտեսությունը զարգանա, թող մեկ միլիոն մարդ Հայաստանում հազար դոլար հաշվի համար բացի բանկում, բանկերում փող կգա, բանկերը կհզորանան, տնտեսությունը կզարգանա

Այո, հենց այդպես, իսկապես որ հանճարեղ հայտնագործություն, հանճարեղ գաղափար, իսկապես որ, որքան է հեշտանում հանելուկը, այն լուծելուց հետո:

Տիկին Հրանուշ Հակոբյանին կխնդրեի, լուծել նաև հետևյալ հանելուկը: Արդյո՞ք նա և Հայաստանի իշխանությունները այդքան են արբել իշխանական աթոռի հմայքից, որ չգիտե՞ն, թե ինչն է Հայաստանի ժողովրդի աղքատացման, երկրի տնտեսության անկման և արտագաղթի պատճառները: Կխնդրեի պարզել մի անհասկանալի հարց, այդ ինչպե՞ս է լինում, որ իշխանության լծակի մոտ կանգնած անձնավորությունները և նրանց մերձավորները, հենց այդ աղքատ և թույլ բանկերի երկրում, մի քանի տարում միլիոնների արժեցող ապարանքների տեր են դառնում:

Տիկին Հրանուշ Հակոբյանին թախանձագին կխնդրեի այդ հանելուկները լուծեն նախ իրենց համար, որովհետև հայ ժողովուրդը և Հայաստանում և սփյուռքում գիտի դրանց պատասխանները: Նա գիտի, որ որևէ երկրում, տնտեսությունը՝ ժողովներ գումարելով, շքանշաներ շռայլելով, արդեն իսկ իրենց սպառած ճոռոմ հայրենասիրական ճառերով, կամ «արի տուն» կոչերով, չեն զարգացվում: Այլ միայն ու միայն քաղաքական կայուն և իրավական պայմանների առկայության պարագաներում: Այն երկրներում, որտեղ օրենքը, օրենք է, օրինականությունը, օրինականություն, օրենսդիր մարմինները անկախ են օրենք գործադրող մարմիններից, որտեղ անկախ դատարաններ գոյություն ունեն և որտեղ դրամատերերը, զուռբաները  և կաշառակերները, կամ կաշառք տվողները, նրանց իրենց ներքինին չեն դարձրել:

Սամվել Հովասափյան

Բեռլին, ապրիլ 2015

 

[stream provider=youtube base=https://www.youtube.com/watch?v=5vMICi8r2Lw&embed=false share=false width=640 height=360 dock=true controlbar=over bandwidth=high autostart=false responsive=16:9 /]

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert