Պոլսահայ համայնքի բողոքներն ու ստորագրահավաքներն անտեսելով, մայիսի 6-ի առավոտյան, թուրքական իշխանությունները քանդել են Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող ճամբար-մանկատունը, որտեղ տասնամյակներ բազմաթիվ հայ որբերի թվում աշխատել և ապրել են 2007-ին Ստամբուլում սպանված «Ակօս» հայկական թերթի հիմնադիր Հրանտ Դինքը և նրա կինը՝ Ռաքել Դինքը: Քանդումը կիսատ է մնացել քաղաքացիների այդ թվում` ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խորհրդարանական թեկնածուներ՝ Կարո Բալյանի, Սեզին Ուչարի և Ալի Չելիքի միջամտությամբ:

Հայկական «Ակօս» թերթի հաղորդմամբ մայիսի 6-ի առավոտյան «Արմեն ճամբար»-ի («Kamp Armen») տարածք են մտել շինարարական մեքենաները և սկսել են քանդել շինությունը` չնայած վերջին օրերին ճամբարի քանդման դեմ համացանցում սկսված ստորագրահավաքին:

Ճամբարը հայ համայնքին պատկանող և Թուրքիայի իշխանությունների կողմից բռնագրավված գույքերի շարքում ամենախորհրդանշականներից ու ամենակարևորներից է: 1915 թ.-ի Ցեղասպանությունից հետո, երբ Արևմտյան Հայաստանում այլևս որևէ հայկական դպրոց չէր մնացել, ավելի քան 1500 հայ որբեր էին ապրում այս ճամբարում ու հայերեն սովորում:

Արմեն ճամբարի քանդումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ թուրքական իշխանությունների առաջին դեմքերը արհամարհական հակազդեցություն են ունենում և «առ ոչինչ» են համարում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ապրիլի 12-ին, Պապ Ֆրանչիսկոս 1-ինի վատիկանյան հայտնի պատարագի ժամանակ Հայոց ցեղասպանության դատապարտումը, Գերմանիայի նախագահի դատապարտումը, ապրիլի 15-ին Եվրախորհրդարանի (ԵԽ) կողմից Հայոց ցեղասպանության կապակցությամբ Թուրքիային ուղղված զգաստության հրավերի կոչը, ապրիլի 22-ին Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ընդունումն ու դատապարտումը ու նաև Թուրքիային հղված այն կոչը, որով Պատմական մեղսակցության ընդունումը նախապայման է համարվում հետևողական հաշտեցման համար և այս շարքում կատարված այլ հայտարարությունները:

Եվրոպայի Հայերի Համագումարը դատապարտում է Թուրքիայի հայության դեմ ի գործ դրվող հետևողական ճնշումները և թուրքական իշխանությունների դրսևորած համառ ու ոչ կառուցողական կեցվածքը, որ ավելի գռեհիկ դրսևորում ստացավ Դարդանելյան տոնակատարությունները մարտի 18-ից ապրիլի 24 տեղափոխելու գռգրիչ քայլից հետո, որն անհարգում էր ոչ միայն հայության 1.5 միլիոն զոհերի հիշատակը և վիրավորում ցեղասպանության վերապրողներին, այլև համայն քաղաքակիրթ մարդկության:

Կոչ ենք ուղղում համայն աշխարհի և առաջին հերթին Թուրքիայի առաջադեմ հանրային կարծիքին, որ դատապարտելով Թուրքիայի իշխանավորների դրսևորած ծայրահեղական և անպատասխանատու կեցվածքները, համերաշխություն հայտարարեն իր սեփական երկրում ցեղասպանության ենթարկված հայության, նույն ժամանակ դատապարտելով նաև հայ համայնքի և այլ ազգային ու կրոնական փոքրամասնությունների դեմ կիրառվող հալածանքները և խտրականությունները:

ԵՀՀ-ը համոզված է, որ գռգրություններ հարուցող և տարածաշրջանը դեպի անկայունություն և տագնապ առաջնորդող Թուրքիայի վարիչների որդեգրած անհանդուրժողական ներկա քաղաքականությունը, առաջին հերթին այդ երկիրը կանգնեցնլու է անկայունությունների և խռովությունների առջև, ու բարձրացնելու է ազգային ատելության և լարվածության նոր ալիք: Չմոռանանք, որ Թուրքիան մարդկային իրավունքների ամենօրյա խախտման, խոսքի ազատության բռնաբարման և աշխարհի ամենաշատ բանտարկված լրագրողներ ունեցող երկիրն է:

Եվրոպայի Հայերի Համագումարը իր երախտագիտական խոսքն է ուղղում վերոնշյալ և մինչ այժմ տարբեր երկրների և միջազգային ատյաններին, ինչպես նաև Թուրքիայի առաջադեմ տարրերին՝ լրագրողներին, գրողներին ու մտանորականներին, որ իրենց առողջ կեցվածքով և բազմաթիվ սպառնալիքների առջև կանգնելով հանդերձ, հանդես են գալիս հայ ժողովրդի և նրա արդար իրավունքների հանդեպ համերաշխության կեցվածքով:

 

 

 

 

Եվրոպայի Հայերի Համագումարի նախագահ՝

Կարո Հակոբյան

Շվեդիա, Ուփսալա

7 մայիս 2015թ.


———————————————–

Արմեն ճամբարի քանդման մասին տեղեկությունները կարելի է դիտել ՝

http://www.hurriyet.com.tr/gundem/28934470.asp

http://www.agos.com.tr/tr/yazi/11505/kamp-armen-i-yiktilar

http://www.hurriyetdailynews.com/demolition-of-istanbul-armenian-orphanage-pauses-amid-outcry.aspx?pageID=238&nID=82041

http://www.agos.com.tr/am/hvotvadzi/11480/vyerchin-chik-kamp-armyeni-prgyelu-hamar

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert