Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները: «Gezici» վերլուծական կենտրոնի կողմից օրերս անցկացվել են հասարակական կարծիքի ուսումնասիրություններ, որոնց համաձայն՝ 2002թ.-ից ի վեր երկրի առաջատար քաղաքական ուժի՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վարկանիշն աննախադեպ անկում է արձանագրել: Այն կարող է ստանալ քվեների մոտ 34 տոկոսը այն դեպքում, երբ նախորդ՝ 2011-ի ընտրություններում ստացել է 49.9-ը:
Թուրքագետ, ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայում իշխող քաղաքական ուժի վարկանիշի այս անկման պատճառներին, ասաց. «Այդ արդյունքները բավականին հետաքրքիր են եւ վկայում են այն մասին, որ «Արդարություն եւ զարգացումը», որը ոչ միայն իշխում է Թուրքիայում, այլեւ գնալով իր դիրքերն ուժեղացնում է, այս ընտրություններին ընդառաջ՝ չի կարողացել ապահովել բնակչության ավելի լայն շրջանակների վստահությունը: Պատճառը, իմ կարծիքով, այս կուսակցության ղեկավարության վարած ոչ ճիշտ քաղաքականությունն է՝ կապված արտաքին քաղաքական խնդիրների հետ: Թուրքիայի համար առաջնային պետք է լինի տարածաշրջանային դրությունը բարելավելը, քանի որ տարածաշրջանում Թուրքիան ամենակարեւոր ուժն է, բայց չի գործում իր իրական հնարավորությունների սահմանում: Ուստի՝ Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում ոչ թե ուժեղանում են, այլ թուլանում: Ես կարծում եմ՝ այս սխալ քաղաքականության արդյունքում է, որ կուսակցությունը չի կարողանում մոտենալ նախորդ ընտրություններում արձանագրած տվյալներին»:
Ինչպես ցույց են տալիս հարցման արդյունքները, ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերի վարկանիշը բարձրացել է: Օրինակ՝ զգալիորեն բարձրացել է Քեմալի հիմնադրած Ժողովրդահանրապետական կուսակցության վարկանիշը: Վերջինիս օգտին մտադիր են քվեարկել ընտրողների 30.1 տոկոսը: 2011-ի ընտրություններում այդ կուսակցությունը ստացել էր 25.9 տոկոսը: Երրորդ տեղում «Ազգայնական շարժումն» է՝ 17.1 տոկոս վարկանիշով՝ 2011-ի 12.9-ի դիմաց: Խորհրդարան է անցնում նաեւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»՝ մոտ 11 տոկոս վարկանիշով: Նախորդ ընտրություններում այն ստացել էր քվեների 6.5 տոկոսը: Այս պայմաններում որքանո՞վ է հավանական, որ ընտրություններում կհաղթի ընդդիմությունը. այս հարցին թուրքագետը պատասխանեց. «Չեմ կարծում, որ ընդդիմությունը կհաղթի: Կարծում եմ՝ վերջ ի վերջո՝ կհաղթի Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացումը»: Իմ այս մոտեցումը հիմնված է այն փաստի վրա, որ Թուրքիայի ներկայիս նախագահը եւ երկար տարիների վարչապետը՝ Էրդողանը, Թուրքիայում հանդիսանում է մեծ հեղինակություն ունեցող քաղաքական գործիչ: Մենք տեսնում ենք, որ ինչքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի կատաղի է դառնում Էրդողանի նախընտրական արշավը, եւ նա կկարողանա ապահովել իր կուսակցության հերթական հաղթանակը: Այսինքն՝ կուսակցության հաղթանակը ես կապում են Էրդողանի անձի հետ: Եւ չնայած մենք տեսնում ենք, որ նախընտրական պայքարի ներկա փուլում Ժողովրդահանրապետական կուսակցության դիրքերը բավականին բարձր են, այնուամենայնիվ՝ համոզված եմ, որ որքան մոտենան ընտրությունները, այնքան կուժեղանան նաեւ իշխող կուսակցության դիրքերը: Ժողովրդահանրապետականին չի հաջողվի առաջ անցնել, քանի որ չունի քաղաքական այն գործիքները, որ ունի Էրդողանը»: Սաֆրաստյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ իշխող կուսակցությունը չի փորձի կոալիցիա կազմել այլ ուժի հետ, քանի որ փորձում է միայնակ հաղթել ընտրություններում եւ խորհրդարանում ապահովել մեծամասնություն:
Իսկ ընդդիմադիր ուժերից որի՞ հաղթանակը մեզ համար կարող է ավելի ձեռնտու լինել՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից: Ըստ Սաֆրաստյանի, Թուրքիայում մեծ հեղինակություն վայելող քաղաքական կուսակցությունները առանձնապես չեն տարբերվում այդ դիրքորոշումներում. «Թուրք հասարակությունը ներկա փուլում պատրաստ չէ ձայնը տալու այն քաղաքական ուժին, որը կճանաչի Ցեղասպանությունը: Հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն, երբ թուրքական հասարակությունը կհասունանա եւ կհասկանա, որ Թուրքիայի զարգացումը, ապագան պայմանավորված են նաեւ հանգամանքով, թե որքանով կկարողանա հրաժարվել իր ժխտողական դիրքորոշումից եւ ճանաչել Ցեղասպանությունը: Եթե Թուրքիան հրաժարվի ՀՀ նկատմամբ միակողմանի ճնշման, հակադրման, նախապայմաններ դնելու քաղաքականությունից եւ կարգավորի հարաբերությունները մեզ հետ, ապա նրա դիրքերը էականորեն կուժեղանան: Այնպես որ՝ սա ապագայի խնդիրը է, եւ հույս ունենանք, որ այս մոտեցումները գերակշռող կդառնան Թուրքիայում: Համենայնդեպս՝ ներկայում եւ մոտ ապագայում այդ մոտեցումները Թուրքիայի քաղաքական շրջանակների համար գերակայող չեն»,- ասաց նա:
Աստղիկ Իսկանդարյան