Ոսկան արքեպիսկոպոս Քալփաքյան. 1991 թվականից մինչև այսօր Հայաստանում ով պաշտոն է ունեցել, հարստացել է

1991 թվականից մինչև այսօր Հայաստանում ով պաշտոն է ունեցել, հարստացել է: Սովետական միության նախկին հանրապետություններից շատերն այսօր նեոֆեոդալական իրավիճակ են ապրում, ֆեոդալ չեմ կարող ասել, բայց նեոֆեոդալ կարող եմ ասել, դա նա է, ով ունի և հարստութւուն, և իրավունք՝ իրավական դաշտում անելու այն, ինչ ուզում է: Մենք պետք է ձերբազատվենք դրանից: Իմ պատգամը միշտ եղել է հետևյալը՝ մի ծառայեք անձին, ծառայեք Աստծուն, մի ծառայեք անձին, ծառայեք հայրենիքին, մի ծառայեք անձին, ծառայեք ժողովրդին: Բայց դժբախտաբար ես այսօր գաղափարախոսություն չեմ տեսնում Հայաստանում: Հինգ տարի է այստեղ եմ, փնտրում եմ, որ հասկանամ որևէ կուսակցության գաղափարախոսությունն ինչ է, մինչև այսօր չգիտեմ: Գաղափարախոսություն չեմ տեսնում, անհատ եմ տեսնում: Այնքան ժամանակ քանի դեռ անհատ է, ուրեմն դա նեոֆեոդալիզմ է:

Lragir.am-ի զրուցակիցն է գերաշնորհ Ոսկան արքեպիսկոպոս Քալփաքյանը (Ոսկան արքեպիսկոպոս Քալփաքյանը որպես առաջնորդական փոխանորդ աշխատել է Ավստրալիայում, եղել է Դասմակոսի և Հունաստանի թեմի առաջնորդը, երկար տարիներ հայ եկեղեցին ներկայացրել է Եվրոպայի եկեղեցիների խորհրդում)

Սրբազան, լրացավ Ցեղասպանության 100-րդ տարելիցը, ճանաչման առումով մեծ հույսեր էին կապվում, արդյոք որքանո՞վ են արդարացված այդ հույսերը:

Ես կարծում եմ, որ 100 ամյակի հետ կապված ինչ որ եղավ, շատ լավ էր կազմակերպված: Զգացվում է, որ մեծ աշխատանք էր տարված, որի նպատակն է հիմնականում ցեղասպանությունն ավելի ու ավելի հասկանալի դարձնել օտար պետություններին ու աշխարհին: Այդ ուղղությամբ, ես կարծում եմ, բավական մեծ աշխատանք տարվեց, բայց ամեն մարդ սպասում էր, որ գոնե այս տարի ԱՄՆ նախագահը կարտասանի «ցեղասպանություն» բառը, ինչը դժբախտաբար չեղավ: Ես իմ ամերիկացի բարեկամին ասացի՝ ժողովուրդներն ԱՄՆ-ն ճանաչում են որպես արդար, բարեսեր, օժանդակող երկիր, բայց այդ տպավորությունը գնալով փոխվում է, հատկապես արդարության մասով: Ինձ համար ըմբռնելի է, որ այսօր իրենց ամենալուրջ խնդիրը ծայրահեղ իսլամական շարժումն է, և եղան մարդիկ, ովքեր ինձ ասացին, որ այս պայմաններում դժվար կլինի, որովհետև եթե Միացյալ Նահանգների կողմից ցեղասպանությունն ընդունվի, կարող է և իսլամիստները տարբեր ձևով հասկանան: Բայց ես կարծում եմ, որ այդպես չէ, այստեղ խնդիրը Թուրքիայի և ԱՄՆ հարաբերություններն են: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ես հսկայական աշխատանք եմ տարել՝ արաբ իսլամիստներին հասկացնելու, որ մեր հարցը քրիստոնյայի և մահմեդականի հարց չէ, հայ ժողովուրդը եղել է այն ժողովուրդը, որ հասկացել ու ըմբռնել է իսլամը և հարգանքով է մոտեցել իսլամին: Վկա է մեր ներկայությունը Իրանում, արաբական երկրներում, որտեղ ոչ մի կոնֆլիկտ չենք ունեցել իսլամիստների հետ: Շատ արաբական երկրներ մեր այդ բացատրություններն ընդունեցին: Եթե հիշում եք՝ Ադրբեջանի շեյխն ուզում էր ջիհադ հայտարարել Ղարաբաղյան կռիվների ժամանակ, բայց գրեթե ոչ մի իսլամական պետություն արձագանք չտվեց: Գալով 100 ամյակի հարցին, ես կարծում եմ, որ լավ կազմակերպված էր, բայց նոր արդյունքների չհասանք: Այն, ինչ Հռոմի պապն արտասանեց, դա արդեն 1991 թվականին ընդունված էր, նորություն չէր: Այն, ինչ ընդունեց Եվրախորհրդարանը, դա էլ նորություն չէր, նույնիսկ ժամանակին ավելի խիստ կերպով էին Թուրքիային հասկացրել՝ եթե Հայոց ցեղասպանությունը չընդունես, չես կարող Եվրամիություն մտնել: Այնպես որ, դրանք կրկնություններ էին: Նորություն կլիներ, եթե ցեղասպանությունն ընդունեին ԱՄՆ-ն, ինչպես նաև Իսրայելն ու Անգլիան: Անգլիայում այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ տարվում են և լուրջ առաջադիմություն կա: Որոշ մարդիկ կարծում են, որ տարբեր երկրների կողմից ցեղասպանության ճանաչումն այդքան էլ մեծ նշանակություն չունի, բայց ես կարծում եմ, որ ԱՄՆ, Իսրայելի ու Անգլիայի կողմից ճանաչումը մեծ նշանակություն ունի, որպեսզի վերջիվերջո նաև Թուրքիան ընդունի այդ ցեղասպանությունը: Մենք այդ հաջողությանը չհասանք 100-ամյակին:

Իսկ ի՞նչ է սպասվում, ի՞նչ պետք է անել:

100 ամյակից հետո պետք է ճանաչման ուղղությամբ նույն աշխատանքը կատարել: Կան կարծիքներ, որ պետք է ցեղասպանության հարցը մտցնել իրավական դաշտ, պահանջատիրությամբ հանդես գալ: Ես կարծում եմ, որ դա շատ ճիշտ է, բայց զգում եմ, որ դրսում և Հայաստանում տարբեր միավորներ այս ուղղությամբ տարբեր կերպ են աշխատում, այնինչ համախմբում պետք է լինի այս հարցի շուրջ: Հայկական գաղթաշխարհում (ես չեմ սիրում սփյուռք բառն օգտագործել, քանի որ չեմ ուզում, որ սփյուռքը որպես առանձին միավոր հասկանանք) տարբեր միավորներ կան, տարբեր կուսակցություններ տարբեր կազմակերպություններ են ստեղծել և ամենքն իրենց ձևով աշխատում են: Նույնիսկ մի քանի արևմտահայության ասամբլեա կա, սրանք պետք է համախմբվեն: Հայաստանի իշխանությունը ով կլինի, պետք է միշտ լինի հայրենաբնակ ժողովրդի իրավունքը, թե ինչ համակարգ են ուզում, ինչ կուսակցություն, բայց երբ գալիս է ցեղասպանության հարցը, դա արդեն ամբողջ հայ ժողովրդի հարցն է: Չենք կարող միայն ասել, թե այդ հարցով Հայաստանի իշխանությունները թող անեն այն, ինչ ուզում են: Մեր աշխատանքը պետք է լինի համատեղ: Ուրախալի է, որ Արամ Ա կաթողիկոսը հայց է ներկայացրել թուրքական դատարան, և այս հարցի շուրջ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ որոշ առումով համաձայնություն կա, որ եթե եկեղեցական կալվածքների վերադարձի շուրջ պետք է աշխատանք տարվի, պետք է որոշ համատեղում լինի: Այժմ գիտենք, որ միայն Արամ Ա-ն է թուրքական դատարանից պահանջում եկեղեցական կալվածքները, էլի զգում եմ, որ աշխատանքի համատեղում չկա:

Ի՞նչն է պատճառը, որ այդ միասնականությունը չկա այսօր:

Պատճառն այն է, որ ամեն մարդ ուզում է ինքը իր կողմից ինչ-որ բան արած լինի, ինքը երևա կամ իր կազմակերպությունը երևա: Ես շատ կուզեմ, որ Հայաստանի իշխանությունները կարողանան այդ ամենը բերել Հայաստան և կարողանան մեկ ընդհանուր լեզու գտնել ու իրենց պահանջը ներկայացնել համատեղ: Այլապես այս հարցը երկար կարող է ձգվել: Միշտ էլ թուրքերը շահարկել են այն հարցը, որ Հայաստանի իշխանություններն այլ կերպ են մտածում, Սփյուռքն է, որ պատճառն է լինում, որ Հայաստանի իշխանությունները Թուրքիայի հետ լեզու չգտնեն, և համերաշխություն չլինի: Այդ առիթը մենք ենք տալիս, առիթ ենք տալիս Թուրքիային, որպեսզի մեզ  այդպես վերաբերվեն: Եկեք բոլորս միասին նույն բառերն արտասանենք, նույն պահանջը ներկայացնենք: Պահանջատիրության հարցով պետք է լինել միասնական ու արտահայտվել որպես հայ ժողովուրդ:

Բայց որպես սուբյեկտ Հայաստան պետությունը պետք է հանդես գա՞, տարբեր են այս հարցի շուրջ կարծիքները:

Ես կարծում եմ, որ որպես սուբյեկտ Հայաստանն ու գաղթաշխարհը միասին կարող են հանդես գալ: Ճիշտ է, գաղթահայությունն ամեն մեկն ինչ-որ երկրի քաղաքացի է, բայց Հայաստանում ՀՀ քաղաքացին ու գաղթահայությունը պետք է միավորվեն, դառնան մեկ միավոր, և այդ միավորի տեսքով արտահայտվել:

Այս տարվա հունվարի վերջին ընդունված Համահայկական հռչակագիրը կարծես այն փաստաթուղթն է, որը պահանջատիրություն է արտահայտում: Ինչպե՞ս եք գնահատում հռչակագիրը և ի՞նչ շարունակություն պետք է ունենա այն:

Ես կարծում եմ, որ հռչակագիրը բավարար էր ու ճիշտ, բայց պետք է ապահովի իր շարունակականությունը, աշխատանքի համատեղում պետք է լինի:

Հռչակագրի ընդունումից հետո, սակայն, 100-ամյա տարելիցի միջացառումների շրջանակներում հատկապես Հայաստանի իշխանությունների կողմից պահանջատիրության հարցը կարծես հետին պլան մղվեց: Նման միտում նկատե՞լ եք:

Ինչքանով որ հետևել եմ միջոցառումներին, երևում է, որ պահանջատիրության հարցը թեթև անցկացրեցին: Ես միշտ մտածել եմ և կարծում եմ, որ պահանջատիրության հարցը բարձրաձայնելը շատ կարևոր է, բայց այդ ուղղությամբ գործնական աշխատանք իրականացնելու համար պետք է լուրջ գիտական աշխատանք տանել: Մենք լավ գիտենք, որ Թուրքիան Հայաստանի դեմ իր աշխատանքի համար հսկայական միջոցներ է վատնում: Անկասկած, Թուրքիան քաղաքական և հետախուզական դաշտում լուրջ աշխատանք է տանում, որպեսզի հայ ժողովրդի պահանջատիրության կամ ցեղապանության ճանաչման հարցերը հաջողության չհասնեն: Իսկ մենք կարողանո՞ւմ ենք նույն ուժգնությամբ ու իմաստությամբ անել ինչ պետք է, կարծում եմ՝ ոչ: Այստեղ հարցը դիվանագիտության մասին չէ, այլ նախքան պահանջատիրությունը կատարվելիք լուրջ գիտական աշխատանքի մասին է, նաև համատեղման մասին է: Առանձին անհատների աշխատանքը նշանակություն ունի, բայց համատեղման պարտականությունն ընկնում է Հայաստանի իշխանությունների վրա:
Հայ ժողովրդի արժեքն իր 10 մլն հայության մեջ է, բայց եթե մենք հանդես ենք գալիս 3 մլն-ով, անտեսում ենք 7 մլն-ը, մենք մեզ արժեզրկում ենք: Մենք պետք է հանդես գանք որպես 10 մլն, ոչ թե 3 մլն: Այն, ինչ պետք է անենք, պետք է շտապ անենք, որովհետև գաղթաշխարհի 7 մլն-ի կյանքը ազգային տեսակետից կարող է երկար չլինել: Գաղթաշխարհի ամբողջ հայկական դպրոցներում 50 հազարից քիչ աշակերտ ունենք այսօր, այնինչ այդ թիվը մոտ մեկ մլն պետք է լիներ: Հայկական դպրոցներն ավարտում են, բայց շատ դեպքերում հայոց այբուբենը հազիվ գիտեն: Փաստորեն մենք գնալով կարող ենք ոգին կորցնել: Այո, հայկական եկեղեցիներ ունենք, որտեղ հայրենասիրություն է քարոզվում, բայց տարբեր երկրներ այցելությունների ընթացքում զգում եմ, որ գնալով ոգին փոխվում է: Օրինակ՝ մեկ դասարանում 20 աշակերտ կա, մեկն է հետաքրքրված ցեղասպանության հարցով և շատ է խոսում այդ մասին, 19-ը՝ ոչ: Ցեղասպանության 100-րդ տարելիցն է, բայց հայ մարդը դա չի զգում: Եվս 100 տարի սպասելու ժամանակ մենք չունենք, գուցե և 50 տարի սպասելու ժամանակ չունենք: Ժամանակը թանկ է մեզ համար, ինչքան արագ առաջ շարժվենք, այնքան նպաստավոր կլինի մեզ համար:

Անդրադառնալով Արամ Ա կաթողիկոսի հայցին, ի՞նչ եք կարծում, սա նաև քաղաքական մեսի՞ջ է՝ ուղղված աշխարհին և ի՞նչ արդյունք կարող է ունենալ:

Առայժմ ես կարծում եմ, որ հաջողության ենք հասել այնքանով, որ արել ենք դա: Բայց դրա պատասխանը տակավին չենք ստացել Թուրքիայից: Ես կկողմնորոշվեի այդ հարցում, եթե տեսնեի, թե մեր այդ քայլին իրենք ինչ պատասխան են տալիս:

Հայաստանի ներքին կյանքում այսօր տեղի ունեցող զարգացումները որքանո՞վ են անդրադառնում այս խնդիրների վրա և ի՞նչ իրավիճակ է այսօր երկրում:

Եվ ցեղասպանության հարցը, և մյուս հարցերը կապված են ժամանակի ու Հայաստանի ներսում տեղի ունեցող իրավիճակի հետ: Դժբախտաբար այն առաջադիմությունը, որ մենք ակնկալում էինք անկախությունից հետո, դա այսօր գոյություն չունի: Մենք այսօր ունենք երեք հիվանդություն՝ մեր մաշկի հիվանդությունը Ղարաբաղյան հիմնախնդիրն է, սրտի հիվանդությունը՝ ցեղասպանության հարցն է, իսկ մեր քաղցկեղը մեր քաղաքատնտեսական մշակույթն է: Որպեսզի առաջին և երկրորդ հիվանդությունները կարողանանք բուժել, երրորդ հիվանդությունն է կարևոր բուժել: Հայաստանում այնպիսի քաղաքատնտեսական մշակույթ է ստեղծվել, որը կարող է խաթարել գաղթահայության հայրենասիրությունը: Այս հարցում Հայաստանում անհրաժեշտ է հոգևոր հեղափոխություն, որ մարդը իմանա, որ չի կարելի կաշառք վերցնել, չի կարելի սուտ խոսել, չի կարելի հայհոյել, մարդ ծեծել ու սպանել: Այդ հոգևոր հեղափոխությունն է, որ կարող է մեզ հաջողության հասցնել, և մենք կփրկվենք մեր քաղցկեղից, որից հետո կկարողանանք պահել մեր Ղարաբաղը և ցեղասպանության հարցում հասնել հաջողության: 1991 թվականից մինչև այսօր Հայաստանում ով պաշտոն է ունեցել, հարստացել է: Սովետական միության նախկին հանրապետություններից շատերն այսօր նեոֆեոդալական իրավիճակ են ապրում, ֆեոդալ չեմ կարող ասել, բայց նեոֆեոդալ կարող եմ ասել, դա նա է, ով ունի և հարստութւուն, և իրավունք՝ իրավական դաշտում անելու այն, ինչ ուզում է: Մենք պետք է ձերբազատվենք դրանից: Իմ պատգամը միշտ եղել է հետևյալը՝ մի ծառայեք անձին, ծառայեք Աստծուն, մի ծառայեք անձին, ծառայեք հայրենիքին, մի ծառայեք անձին, ծառայեք ժողովրդին: Բայց դժբախտաբար ես այսօր գաղափարախոսություն չեմ տեսնում Հայաստանում: Հինգ տարի է այստեղ եմ, փնտրում եմ, որ հասկանամ որևէ կուսակցության գաղափարախոսությունն ինչ է, մինչև այսօր չգիտեմ: Գաղափարախոսություն չեմ տեսնում, անհատ եմ տեսնում: Այնքան ժամանակ քանի դեռ անհատ է, ուրեմն դա նեոֆեոդալիզմ է:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

www.lragir.am

 

spodelime

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net