Այս օրերին «Հրանտ Դինք» հիմնադրամի հատկացրած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Հայաստանում է գտնվում թուրք ուսումնասիրող և թարգմանիչ Մուրաթ Ուչաները: Այնթափում բնակվող Ուչաները Երևանում գտնվելու օրերին այցելեց նաև Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն: Օգտվելով առիթից` նրա հետ զրուցեցինք իր գիտական և թարգմանչական գործունեության, ինչպես նաև` Այնփաթի իսլամացած հայության խնդիրների շուրջ:

Ուչաները մեզ հետ զրույցում հայտնեց, որ երբ 2005 թ. սկսել է հետաքրքրվել Այնթափի պատմությամբ, երբեմն հակասական տեղեկությունների է հանդիպել սույն նահանգին վերաբերող թուրքական գրքերում: Երբ 2006 թ. վերջերին Այնթափում ծանոթացել է ծագմամբ այդ նահանգից եղող մի խումբ ամերիկահայերի հետ, նրանցից մեկն Այնթափի մասին անգլերենով մի գիրք է նվիրել իրեն: Սակայն այն ընթերցելուց հետո իր գլխում ավելի շատ են հարցեր ծագել, և Ուչաներն, ի վերջո, որոշել է հայերեն սովորել, որպեսզի կարողանա որոշ սկզբնաղբյուրներ կարդալ իր ապրած շրջանի վերաբերյալ, քանի որ ինքը հետաքրքրված է հատկապես Այնթափի պատմությամբ:

Թուրք մտավորականը կարծում է, որ Արևմտյան Հայաստանի հայության վերաբերյալ ուսումնասիրությունները պետք է արվեն շրջան առ շրջան, և այս տարածքի պատմության վերաբերյալ ճշգրիտ պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է հետազոտել ոչ միայն օսմանյան, այլ նաև` հայկական աղբյուրները:

Հենց այդ նպատակով ինքնուրույն արևմտահայերեն է սովորել համացանցի միջոցով: Եվ արդեն սկսել է հայերենից թուրքերեն գրքեր թարգմանել: Մինչ այժմ նա թարգմանել է հետևյալ երեք գրքերը. «Այնթափի գոյամարտը», Այնթափում ՀՅԴ կուսակցության կոմիտեի պատմությունը ներկայացնող մի գիրք, ինչպես նաև` «100 ժամ Այնթափում» պատմվածքը: Սույն գրքերը, սակայն, առայժմ չեն հրատարակվել:

Առանձին-առանձին անդրադառնալով վերոնշյալ գրքերին` Մուրաթ Ուչաները նշեց, որ «Այնթափի գոյամարտը» գիրքը թուրքերեն է թարգմանել` ելնելով հետևյալ նկատառումից. թուրքական պաշտոնական պատմագրությունը միշտ ներկայացրել է, թե 1922 թ. Այնթափում քեմալականները «պայքարել են ֆրանսիական իմպերիալիստական ուժերի դեմ», այնինչ վերոհիշյալ գիրքը փաստում է, որ քեմալական ուժերն իրականում ոչ թե պայքար են մղել «զավթիչ Ֆրանսիայի», այլ` կռվել այնթափահայության դեմ:

Ինչ վերաբերում է Այնթափում Դաշնակցության կուսակցության կոմիտեի պատմությունը ներկայացնող գրքին, Ուչաներն ընդգծեց, որ այն ոչ թե հատուկ նպատակով է ընտրել, այլ՝ զուտ պատահականորեն, ուղղակի այդ գիրքն է ունեցել ձեռքի տակ: Թարգմանչի խոսքով սույն գրքի շնորհիվ ակնհայտ է դառնում, որ սխալ է Թուրքիայում և, հատկապես, Այնթափում տարածված այն ընկալումը, թե Դաշնակցությունն ընդամենը ահաբեկչական մի կառույց էր, որը միայն զբաղված էր մարդկանց սպանելով: Նա շեշտեց, որ երբ ընթերցել է այդ գիրքը, հասկացել է, որ հիշյալ կուսակցության անդամներն իսկական մտավորականներ էին, ովքեր իրապես սիրում էին իրենց ժողովրդին և պայքարում հանուն նրա գոյության… Նա նաև ընդգծեց, որ հենց այդ նպատակով է այն թարգմանել, որպեսզի Թուրքիայում վերանա այդ թյուր մտայնությունը: Մուրաթ Ուչաները նաև հայտնեց, որ Դաշնակցության կոմիտեի մասին գրքի խմբագիրը Ումիթ Քուրթն է:

Իսկ «100 ժամ Այնթափում» պատմվածքը, ըստ թարգմանչի, որևէ քաղաքական մտահոգություն չի արտահայտում, այլ ուղղակի ներկայացնում է մի հասարակ այնթափցի հայի ապրումները, որը 3-4 օրով այցելել է Այնթափ և գրի առել այդ օրերին իր ունեցած զգացումները:

Թուրք ուսումնասիրողը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Երևան էր եկել հատկապես Այնթափի և անձամբ իր համար մի նշանավոր ընտանիքի կենսագրությունը գրի առնելու նպատակով: Խոսքը Խորեն Նազարեթյանի ընտանիքի մասին է, որը վախճանվել է 1951 թ.: Նրա երկու տղաները Երևանում շարունակել են զբաղվել իրենց հոր մասնագիտությամբ` լուսանկարչությամբ: Սակայն Ուչաները չի կարողացել այստեղ գտնել նրանց. պարզվել է, որ նրանք մեկնել են ԱՄՆ:

Մտավորականի խոսքով, եթե 2015 թվականը կարևոր տարեթիվ է բոլորիս համար, ապա Այնթափի դեպքում էական տարելից կլինի 2022 թվականը, քանի որ 1922 թ. Ֆրանսիան, Անկարայի պայմանագրով, Այնփաթը հանձնեց Թուրքիային: Այստեղի հայերի մի մասը, որը փրկվել էր 1915 թ. կոտորածներից, 1919 թ. վերստին վերադարձել էր Այնթափ, սակայն 1922-ին նրանք դարձյալ հարկադրված եղան լքել իրենց հայրենիքը և այլևս չվերադարձան…

Մուրաթ Ուչաները ասաց, որ ինքը որոշել է 2022 թ. մի գիրք պատրաստել և հրատարակել այդ տարելիցի կապակցությամբ: Գիրքը ներկայացնելու է Հայաստանում և Սփյուռքում բնակվող այնթափցի հայերի պատմությունները:

Նա նաև նշեց, որ շատ ավելի այնթափցի հայերի է հանդիպել Հայաստանում, քան ակնկալում էր, քանի որ, բացի հայաստանցիներից, եղել են նաև սիրիահայ այնթափցիներ: Գրեթե բոլորի հետ հաղորդակցվել է ոչ թե անգլերենով, այլ` թուրքերենով: Այսինքն՝ այստեղի այնթափցիները տիրապետում են թուրքերենին:

Անդրադառնալով ընդհանրապես Թուրքիայում և մասնավորապես Այնթափում կրոնափոխ հայության խնդրին` թուրք ուսումնասիրողը մեզ հաղորդեց, որ ներկայում Այնթափ նահանգում ապրում է 2 միլիոն մարդ, որի միայն 5 տոկոսն է բնիկ այնթափցի: Եվ այդ 5 տոկոսի գրեթե կեսը (այսինքն` 50 հազարը) կազմում են իսլամացած հայերը: Սակայն նրանց մեծ մասը, ըստ մտավորականի, մերժում է իր հայկական ծագումը` ասելով. «Մենք մուսուլման թուրք ենք»: Մոտ 25 հազար իսլամացած հայ է ապրում Այնթափի կենտրոնում, իսկ Նիզիփի և Բիրեջիքի բնակչության մեկ երրորդը բաղկացած է կրոնափոխ հայերից:

Ուչաները նրանց հայ լինելու մասին տեղեկացել է իր կատարած բանավոր պատմության ուսումնասիրության շնորհիվ, քանի որ այնտեղ բնակվող բոլոր տարեցները գիտեն իսլամացած հայերին: Բացի այդ՝ Այնթափում կրոնափոխ հայերին «գյավուր Ահմեդի» տիպի մականուններ են կպցնում…

Ուսումնասիրողը շեշտեց նաև, որ 1915 թ. առաջ իսլամացած հայերն անգամ ներկայում շրջապատի կողմից չեն ընդունվում որպես իսկական մահմեդականներ…

«Թեև 100-ից ավելի տարի է անցել, սակայն այնտեղի հայերը դեռ չեն ազատվել «գյավուր» պիտակից»: Նրանց բարձր պաշտոններ չեն տալիս: Եթե անգամ սովորական արհեստներով են զբաղվում, երբեմն պատահում են թուրքեր, ովքեր նրանց ծառայութուններից չեն օգտվում կամ նրանց ապրանքը չեն գնում` նրանց հայ լինելն իմանալու պատճառով»,- նշեց Ուչաները:

Ըստ նրա` Այնթափի գյուղերում մինչ այժմ կան վայրեր, որոնք կոչվում են «Հակոբի բաղը» և նման անուններով:

Ուչաները շեշտեց, որ Այնթափի իսլամացած հայերի մեծ մասն, այնուամենայնիվ, լավ հարաբերությունների մեջ է տեղական և կենտրոնական իշխանությունների հետ: Նա մեզ մի դեպք պատմեց այդ կապակցությամբ. 2012 թ. այնթափցի հայերի մի խումբ է եկել ԱՄՆ-ից: Նրանցից մեկը շատ է ցանկացել հանդիպել Այնթափում մնացած իր զարմիկի հետ: Վերջինս, սակայն, այդպես էլ չի եկել հանդիպմանը, քանի որ մի մեծ ընկերության ղեկավար է և մտավախություն է ունեցել, որ այդ հանդիպման հետևանքով կարող է զրկվել պաշտոնից:

Ուչաների համոզված է, որ «Քանի դեռ Թուրքիան ղեկավարում է Արդարություն և զարգացում կուսակցությունը, կրոնափոխ հայերը չեն կարողանա ազատորեն արտահայտել իրենց ինքնությունը: Եվ նրանց մեծ մասը երբեմն թուրքերից ավելի թունդ մուսուլման և ազգայնամոլ է ձևանում: Ես նկատի ունեմ կոնկրետ Այնթափի մահմեդական հայերին: Նրանք նաև աշխատում են լավ հարաբերություներ պահպանել իշխանությունների հետ»:

Ուչաները նաև հայտնեց, որ Այնթափի տեղական իշխանության ղեկավարների շրջանում ևս կան կրոնափոխ հայեր, սակայն խուսափեց անուններ տալուց` նրանց վնաս չհասցնելու նկատառումով:

«Կան իսլամացած հայեր, որոնք կարևոր դիրք են զբաղեցնում ԱԶԿ-ի շարքերում: Նրանցից մեկն, օրինակ, ինձ մի առիթով ասաց, որ ինքը միայն 2 առաջնորդ է ճանաչում` Աբդուլ Համիդին և Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Երբ ես նրան ասացի. «Բայց չէ՞ որ Աբդուլ Համիդը մեծ բռնապետ է եղել հատկապես հայերի նկատմամբ…», նա պատասխանեց. «Ուրեմն հայերն արժանացել են դրան»: Այնինչ տվյալ անձնավորության զարմիկների մեջ կան ոչ միայն իրենց ինքնությանը վերադարձած, այլ անգամ` մկրտված հայեր: Այսինքն՝ այնտեղի իսլամացած հայերը հակասական դիրքորոշում ունեն` կախված իրենց գրաված դիրքից և պաշտոնից…»,- մեզ հետ զրույցում պատմեց թուրք մտավորականը:

Մելինե Անումյան

Akunq.net

 


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert