Նոնա Շահնազարյանի հարցազրույցը պատմաբան և ցեղասպանագետ Աննա Ալեքսանյանի հետ

…Հիմա դոկտորական դիսերտանտ եմ Կլարկի համալսարանում, աշխատում եմ պրոֆեսոր Թաներ Ակչամի հետ: Դոկտորականիս թեման է Հայոց ցեղասպանության գենդերային ասպեկտները ընդհանրապես, իսկ հիմնական շեշտը դրված է հայ կանանց և աղջիկների վրա:

Սկսում եմ դիսերտացիան ցեղասպանության տարիներից, թե ինչպիսի քաղաքականություն էր վարվում հայ կանանց նկատմամբ և, իհարկե, անդրադառնում եմ ոչնչացման քաղաքականությանը:  Ցույց եմ տալիս ընթացքը, թե ինչ ծանր պայմաններում հայ կինը հասավ անապատներ և հետո հետցեղասպանական առաջին շրջանը, ամիսները, ցեղասպանությունը վերապրող կանանց ճակատագիրը առաջին շրջանում՝ թե ինչպե՞ս էին հետհայկականացվում,  հետինտեգրվում, դառնում նոր վերածնված հայկական հասարակության մաս:

Ես հիմնականում օգտագործում եմ հայկական աղբյուրներ, վերապրողների վկայություններ, հուշեր, որոնք անտեսվել են մեր շատ հետազոտողների կողմից: Չգիտես ինչու հայազգի գիտնականները, ապացուցելու համար  ճշմարտացիությունը, հիմնական շեշտը դնում են օտար աղբյուրների վրա՝այդպիսի հիվանդություն կա և դրա պատճառով այս հարյուր տարվա ընթացքում անտեսվել են հայկական աղբյուրները, մինչդեռ ինձ համար դրանք շատ կարևոր են՝ վերապրողների հուշերը, նամակները, օրագրությունները, տեղագրությունները:

Քանի որ արդեն նշեցի գենդերային ասպեկտները, ես շատ ուշադրություն եմ դարձնում հայ տղամարդու վարքին և գործուղություններին  ինչպես  ցեղասպանության տարիներին, այնպես էլ հետո, և հայ տղամարդու վերաբերմունքը հայ կնոջ նկատմամբ՝ թե՛ վերապրած, թե՛ գերության մեջ գտնվող, թե՛ ցեղասպանության արդյունքում տարբեր իրավիճակներում հայտնված: Այն խնդրին, թե տղամարդը ինչպե՞ս էր վերաբերվում իր կնոջը և ի՞նչ միջոցառումներ էր ձեռնարկվում նրան ստեղծված իրավիճակից փրկելու կամ հակառակը՝ չփրկելու համար:

Սա շատ կարևոր հարց է, ինչը որոշ ցեղասպանությունների դեպքում շատ  է ուսումնասիրված, օրինակ հրեից Հոլոքոստի, Ռուանդայի, Բոսնիայի, և մնացած գրեթե բոլոր դեպքերում ինչ-որ ձևով շոշափված է: Ցավոք, մեր դեպքում նման հարցերը կարծես այդքան էլ շատ չեն քննարկվել, ուսումնասիրվել, թեև Հայոց ցեղասպանությունը ամենաուսումնասիրված ցեղասպանություններից է համարվում: Ուրեմն, խնդիրը հենց դա է՝ ուսումնասիրել այդ երևույթները:

Երբ որ հրեից Հոլոքոստի մասին ենք խոսում, ապա հետհոլոքոսթյան առաջին շրջանը՝ լռության շրջանն էր: Բայց մինչ այդ բոլորը կարծես խոսում էին ինչպես փրկվեցին և շատ հետաքրքիր մի երևույթ կար, խոսել անգամ մարմնավաճառության մասին:   Համակենտրոնացման ճամբարներում երբ որ հրեա կինը, ասենք, մարմնավաճառությամբ էր զբաղվում հանուն հացի: Առաջին շրջանում դրա մասին ինչ-որ ձևով խոսվեց, ասելու թե ինչպես են իրենք փրկվել, հետո լռության շրջանը եկավ,  անգամ նրանք, ովքեր հասցրել էին ինչ-որ բան պատմել, սկսեցին հերքել, սկսեցին պաշտպանել իրենց, որովհետև երբ որ հասարակությունը ուշքի եկավ տեղի ունեցածից, արդեն սկսվեցին մեղադրական երանգներ հնչել փրվածների հասցեին: Հարցեր բարձրացվեցին` այդ ինչպե՞ս, ինչի՞ դիմաց: Նույն փուլերը եղել են նաև հայոց դեպքում, որ կարոտ է ավելի խորը և լուրջ ուսումնասիրության:

Գիտեք որ այսպիսի դեպքեր եղել են. հացի դիմաց վաճառել մարմինը, մարմնավաճառ դառնալ՝ փրկվելու համար կամ հարազատներին փրկելու համար: Ինձ հետաքրքիր էր իմանալ ցեղասպանությունից հետո արդեն այդ նույն հասարակությանը, որը փրկվել էր այդ կանանց աշխատած հացի շնորհիվ,  ինչպիսի՞ն է եղել այս կանանց նկատմամբ վերաբերմունքը, ամբողջ այդ թոհ ու բոհի մեջ նաև հայ տղամարդու վերաբերմունքը: Եվ ինձ համար շատ հաճելի բացահայտում արեցի, որ հայ տղամարդը, լինելով առաջին թիրախը ցեղասպանության (որովհետև շեշտը դրված էր հայ տղամարդու ֆիզիկական ոչնչացման վրա)՝ նրանք, ովքեր հնարավորություն ունեին փրկվելու, հիմնական մասը շատ մեծ պատասխանատվությամբ հասկանում էին, որ պետք է անել ամեն ինչ, փրկելու համար նաև հայ կնոջը ցանկացած իրավիճակից:

Երբ որ, օրինակ, Բեռլին- Բաղդադ երկաթուղին էր կառուցվում, շատ բանվորներ՝ ոչ միայն բանվորներ, այլ նաև շատ հայ մասնագետներ, աշխատում էին գերմանացիների համար երկաթգծի կառուցման վրա: Երբ որ տեղահանության մասին հրամանը եկավ, գերմանացիները չցանկացան, որ այդ հայերը տեղահանվեն և բավականին երկար ժամանակ այդ հայերը մնացին այդ շրջաններում, և շատերը փրկվեցին: Ես չեմ ցանկանում մանրամասնել պատմությունը՝ հետո, իհարկե, շատ ուրիշ հրամաններ եկան, բանվորներին տեղահանեցին, նորից վերադարձրին և այլն: Բայց, երբ հայ կանանց քարավանները անցնում էին այդ շրջաններով, այս տղամարդիկ, որոնք այդտեղ աշխատում էին, ֆիկտիվ կերպով ամուսնանում էին հայ աղջիկների հետ, որպեսզի կարողանան պահել նրանց տեղահանության դաժան ճանապարհներից, թեև իրենք ունեին իրենց ընտանիքները և կանանց: Այստեղ հանդուրժողականության հարցը կա՝ հայ կնոջ, ով թույլ էր տալիս, որ տղամարդը ամուսնանա նաև ուրիշի հետ, թեկուզ ֆիկտիվ:  Բայց գիտակցությունը այնքան բարձր էր՝ որ պետք է փրկել այս կանանց, որ անգամ նման քայլերի էին դիմում: Հետաքրքիր է, որ  թուրքերը բացահայտում էին այդ պատմությունները, և պետք էր ապացուցել, որ դա իր կինն է և այլն, բայց այդ փորձերը՝ փրկելու և պահելու, շատ կարևոր են:

Հետո Հայկական լեգիոնը, որը հայտնի դարձավ Արարայի ճակատամարտից հետո, և հաղթանակ ու ինքնագնահատականի բարձրացում բերեց հայությայնը: Նույն լեգիոնի զինվորները սկսեցին ամուսնանալ հայ որբերի և այրիների հետ: Բոլորին էր հայտնի, որ այդ որբերը և այրիները բազմիցս բռնաբարված և անապատներում տարբեր կյանքով ապրած կանայք էին, բայց նույն բարձր գիտակցությունը կար, որ պետք է ամուսնանալ այդ աղջիկների հետ, որ իրենք են միակ փրկությունը և միակ փրկվածները, որոնք կարող են նոր հայկական ընտանիք ստեղծել, հայությունը  վերակերտել:

Ես մի հետաքրքիր անձնավորության մասին եմ նաև ուզում խոսել՝Ռուբեն Հերյանի, որին շատ քչերը գիտեն, ցավոք, բայց եթե կարդաք ժամանակի (1918-23 թթ.) մամուլը, դուք կտեսնեք այդ մարդու անունը գրեթե բոլոր թերթերում: Արդեն 1917-ին, փաստորեն, Հայոց ցեղասպանության լուրերը հասել էին Ամերիկա, և այդ մարդը՝  ամերիկահայ գործարար էր, ով, երբ որ իմացավ, թե դաշնակիցների զորքը պատրաստվում է վճռորոշ ճակատամարտի, Ամերիկայից եկավ միանալու Հայկական լեգիոնին և ինչ-որ ձևով օգնելու իր ազգին: Սակայն, պարզվեց որ տարիքը մեծ է, չի կարող զինվորագրվել, նա որոշեց մնալ հոսպիտալում և օգնել վիրավոր հայ և ֆրանսիացի զինվորներին: Հետո հասկացավ, որ ինքը ուրիշ առաքելություն ունի: Այդ ժամանակ, երբ դաշնակիցների կողմից ազատագրվում էին արաբական շրջանները, նույն շրջաններում գերության մեջ էին գտնվում բազմաթիվ հայ որբեր և աղջիկներ, որոնք ոչ միայն վաճառվել էին ստրկության, այլ նաև պարզապես գերի էին: Հերյանը հասկացավ, որ պետք է անցնել որբահավաքի գործին, որ այդ գործը, ինչպես ինքն էր ասում` ժամանակի հրամայականն է:

«Որբ» եզրը վերաբերվում է նաև հայ այրիներին՝ հայ ընտանիքի համար եթե չկա տղամարդը, դա նշանակում է, որ կինն էլ երեխաների հետ որբ է: Հաճախ ասում են  նաև «որբևայրի»՝ մինչև այսօր կա այդ բառը, որը, եթե չեմ սխալվում, հասել է մեզ ցեղասպանության տարիներից:

Ուրեմն, սկսվեց որբերի հավաքման և փրկության առաքելությունը: Ռուբենից առաջ 1918 թ. Լևոն Յոթնեղբայրյանն էր, ով Ջեմալ-փաշայի Չորրորդ բանակում էր ծառայում  և փրկվեց, չնայած իր հայտնի ազգանունին, որովհետև Յոթներղբայրյանները Ուրֆայի հերոսներն էին և շատ հայնտի էին: Բայց Լևոնը կարողացավ փրկվել և առաջին գործը, որ արեց՝ հավաքեց ընկերներին և գնաց փրկելու հայ որբերին և այրիներին:

Ռուբենն արդեն տեղյակ էր Լևոնի գործունեության մասին և իրեն ուղղակի նվիրեց որբերի փրկության գործին:

Մինչև հիմա այս արտահայտությունը մնացել է՝ «մեկ որբ, մեկ ոսկի»: Ի՞նչ էին անում արաբները՝ վաճառում էին հայ որբերին, այսպես ասած գլխագին էին պահանջում: Պարզ էր, ուղղակի չես կարող հետ բերել, դա դժվարին աշխատանք և մեծ գումարներ էր պահանջում: Ուրեմն, Ռուբենը թափառում էր անապատներում՝ արաբի հագուստ հագած, երբեմն խաբում էր, որ արաբ է, երբեմն խաբում էր, որ թուրք է, գնում էր մարդկանց շուկաները, որպեսզի հետ գնի հայ որբերին: Շատ հետաքրքիր մի արխիվ ունի, մեզ մոտ է պահվում՝ Ազգային արխիվում, իր նամակները կան պահպանված ուղղված բարեկամուհուն` Մետակսին, որն ապրում էր Ամերիկայում: Նամակներում մենք տեսնում ենք հայ մարդու և վեհությունը, և ցավը, և գիտակցությունը ժամանակի և իր այդ ամբողջ շրջանի ընթացքում, որ հավաքում էր որբերին: Տեսնում ենք ապրած ողբերգությունը. երբ որ շատ օգնականներ չուներ և այդ ծանր շրջանում շատ ուրիշ հայեր, իր գրածների համաձայն, մտածում էին ինչ-որ ուրիշ «վեհ» գործերի կամ գումարի մասին, թողնելով ամենակարևորը՝ որբերի և այրիների հետ բերելու հարցը: Եվ այս մարդը իր ամբողջ կարողությունը ներդրելով գործին, սնանկացավ երկու-երեք տարվա ընթացքում: Նա շատ-շատերին փրկեց. փոքրիկ-փոքրիկ հազարավոր թղթի կտորներ կան իր արխիվում պահված, որտեղ գրված են հասցեները, անունները այն որբերի, որոնց ինքը փնտրում էր: Նա ժամանակ չուներ անգամ քնելու՝ պատկերացրեք:  Ռուբենը մշտական հասցե անգամ չուներ, իր տարբեր հասցեներն էր գրում հայկական թերթերում, թե որ հասցեով ուղարկեն նամակները՝ և կանայք, որոնք, օրինակ, վաճառել էին իրենց երեխաներին և գիտեին միայն գնողի անունը կամ պարզապես նվիրել էին երեխաներին իրենց քուրդ աշխատողին կամ թուրք հարևանին՝ պարզապես տվյալներ էին տալիս և այս մարդը, հնարավոր էր մի որբին տարիներով փնտրեր:

Բացի նրանից, որ գտնում էր որբերին, իր ընկերների շրջանում սկսում էր «պրոպաքանտ»՝ ամուսնացնելու այդ որբերին, որոնք, գիտենք,  հաշմանդամներ էին, դաջվածքներ և խարամներ ունեին, տարբեր սարսափելի վեներական հիվանդություններ ունեին: Եվ Ռուբենը վստահ էր, որ նրանց պետք է փրկել՝ եթե մենք էլ հրաժարվենք՝ ուրեմն մենք էլ չենք լինի,- պնդում էր նա: Եվ ի պատիվ մեզ, շատ հետաքրքիր ձևով կազմակերպվում էր այդ ամուսնության գործը. բժշկական ստուգումներ էին անցնում, բուժումներ էին ստանում այդ աղջիկները՝ հայ բժիշկները շատ լավ մասնագետներ էին և շատ հայտնի էին: (Պատկերացրեք, Օսմանյան բանակի հիմնական բժշկական կազմը հայերն էին, այդ թվում նաև հայտնի բժիշկներ, քույրեր: Հուշեր կան թուրք զինվորների, որոնք գրում են, թե ինչքան հոգատար էին հայ քույրերը: Եվ իրոնիա կա սրա մեջ, քանի որ հենց նույն զինվորներն էին, որ  ցեղասպանության ժամանակ առիթի դեպքում կոտորում էին հայերին:)

Նոր ընտանիքներ էին կազմում անապատներում, և օրինակ, Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը մի լավ ժողովածու ունի Կարեն Յեփփեի՝ դանիացի միսիոներուհու լուսանկարների ալբոմներն են: Այնտեղ կա անապատում որբերի հարսանիքի լուսանկար՝ շատ գեղեցիկ և հուզիչ է: Քանի որ ես զբաղվել եմ Օսմանյան կայսրությունում մինչ ցեղասպանության հայկական հարսանիքի թեմայով և օնլյան ցուցադրություն եմ պատրաստել (Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի կայքում կա այդ ցուցադրությունը): Նայում ես այս լուսանկարներին՝ ազնվական, թեկուզ գեղջուկ, բայց երջանիկ մարդկանց, և նայում ես ցեղասպանությից հետո՝ տանջված որբերի հարսանեկան լուսանկարներին: Երբ որ համեմատում ես՝ շատ ցավալի բան կա այդ ամենի մեջ, բայց նաև մի շատ մեծ ուրախություն կա՝ այդ կամքը նորից սկսելու: Վերապրողների հուշերից ակնհայտ է դառնում , որ շատ-շատերը չէին հասկանում, թե ինչ է նշանակում սերը, հիմնական մասը իրենց ընտանիքները սկսեցին առանց որևէ սիրո, պազապես ցավի, լռության մեջ՝ ինչպես որ իրենք են նկարագրում: Դա երկկողմանի էր և տղամարդու, և կնոջ կողմից: Տղանմարդու նկատմամբ սեռական բռնությունները ընդհանրապես չուսումնասիրված են և մեր մոտ լռիվ մերժված են, բայց շատ էին լինում նման ստորացումներ, նման սեռական բռնություններ նաև հայ տղամարդու նկատմամբ:

Նրանց, ում զորակոչեցին, տարան բանակ՝ այնտեղ նվաստացումներ եղան,  շատ քիչ նյութեր կան պահպանցված: Աշխատանքային ջոկատները, որ կազմվեցին հայ տղամարդկանցից, այստեղ շատ վատ էին վարվում՝ դա մի հսկա զանգված էր: Հաջորդ մասը՝ նրանք, ովքեր իրենց ընտանիքի հետ էին. օրինակ, երկու տեսակի ստորացումներ կան՝ նախ որ իրենց ընտանիքների անդամներին՝ տղամարդու ներկայությամբ՝ երեխաներին և կնոջը բռնաբարում էին: Երկրորդը՝ հենց տղամարդկանց նկատմամաբ նվաստացումները, սեռական բռնությունները, և նույն, օրինակ, անդամահատությունները: Մենք ցեղասպանության թանգարանում մի շատ սարսափելի լուսանկար ունենք. իր երեխայի մոտ անդամահատել էին հայ տղամարդուն և այդպես էլ տղան նստած է հոր դիակի մոտ: Եվ սիմվոլիկ խորհուրդ ունի՝ դրա մեջ ևս ստորացնելու բան կա: Մի ուրիշ երևույթ: Հայտնի է, որ տղաներին աղջկա հագուստ էին հագցնում, որպեսզի փրկեն, և հայտնի է, որ ճանապարհներին բռնաբարում էին, շատ լավ հասկանալով, որ տղա էին, շարունակվում էր բռնությունը:

Դա ոչ միայն Հայոց ցեղասպանությանն է բնորոշ, այլ մյուս ցեղասպանություններին նույնպես՝ երբ տղամարդու նկատմամբ է իրականացվում նման բռնությունը: Ստորացման և տղամարդու մեջ masculinity-ի (տղամարդկայնություն) ոչնչացման հարցը կա, բայց, ի պատիվ մեր տղամարդկանց, հաղթահարելով այդ ստորացումը, իրենք ավելի նոր, բարձր masculinity-ի հասան: Իրենց տղամարդկությունը դրսևորվեց հենց այդ տրավման հաղթահարելու և նոր ընտանիք սկսելու մեջ:

Հայ տղամարդու և հայ կնոջ համար, որոնք վերապրել էին, եթե կարող ենք, այդպես ասել, նրանց համար նոր հարաբերություններ սկսելը սարսափելի դժվար էր: Լռության և ցավի մեջ էր դա սկսվում, ինչը անդրադարձել էր հաջորդ սերունդների վրա շատ հետակրքիր ձևերով: Առաջին սերնդի վերապրածների զավակները գրում էին, որ նրանք երբեք չեն տեսել իրենց ծնողներին համբուրվելիս կամ քնքուշ բառեր միմիանց ասելիս, երբեք չեն ստացել պատասխանը նույն քնքշության իրենց ` երեխաների նկատմամբ ևս:

Իհարկե, որոշ դեպքերում դա բերում էր նաև ընտանեկան բռնության (domestic violence). զոհը, երբ որ փրկվում է, երբեմն փորձում է ինչ-որ չափով կրկնել այն, ինչ որ նրա հետ է եղել:

Ինձ համար շատ կարևոր և հետաքրքիր է նաև այդ շրջանի հայ մտավորական կանանց գործնեությունը որբերի և կանանց փրկելու ուղղությամբ: Լերնա Էկմեկչիօղլուն գրել է այդ մասին՝ իր դիսերտացիան հենց այդ թեմային է վերաբերվում, հիմա ունենք նաև գրքի տեսքով, վերջերս է լույս տեսել: Հիմնականում Պոլսի վրա է կենտրոնացել նա, որովհետև մեծամասամբ Պոլսում էին այդ կանայք գործունեություն ծավալում:

Պետք է առանձնացնել նաև հայկական եկեղեցու շատ կարևոր դերն ու գործունեությունն այդ տարիներին: Որովհետև հայ եկեղեցին էր, որ ի դեմս Պոլսի հայոց պատրիարքի, համարում էր, որ ցանկացած հայ կին, որբ, աղջիկ՝ «ազգին կպատկանէ», – ինչպես որ ինքն է գրում  իր հուշերում: Եվ ասում էր, թե կապ չունի ինչ ճանապարհ անցավ՝ դա իր մեղքը չէ, և հիմա մեր առաքելությունը իրեն հետ դարձնելն է, հետ բերելը և կյանքի կոչելը: Այն աղջիկները, որոնք փոքր էին՝ տասնչորս-տասնհինգ տարեկան, յոթ-ութ տարեկանից վաճառվել էին և մարմնավաճառուհի էին դարձնել՝ իրենք, ինչպես նշում են տարբեր աղբյուրներ, սովոր էին հեշտ կյանքի՝ մի գիշեր և դու ունես քո գումարը ապրելու: Եվ երբ նրանց բերեցին որբանոցներ, որտեղ գոյություն ուներ կարգուկանոն և խստություն, ոչ այդքան հարուստ պայմաններ, ապահով պայմաններ՝ այդ աղջիկները փախնում էին որբանոցներից և հետ էին վերադառնում նույն հասարակած տներ: Շատ միսիոներներ հաճախ հրաժարվում էին այս աղջիկներից, ասում էին, որ որբեր կան, որոնք սովից մահանում են փողոցներում,  իսկ իրենք բախտ ունենալով այստեղ լինելու՝ նորից հեռանում են: Բայց եկեղեցին հավաքում էր և հոգ տանում նրանց մասին: Այդպիսի վարքով աղջիկներին շատ խիստ պայմաններում էին պահում, իհարկե, բայց նաև այդ կարևոր առաքելությունը կար՝ ոչ թե հրաժարվել այն պատրվակով, որ նրանք այլևս հայ չեն, որ հայ կինը չի կարող մարմնավաճառությամբ զբաղվել, այլ աշխատում էին նրանց հետ, «դարձի» էին բերում այդ աղջիկներին:  Պահում էին այդ աղջիկներին եկեղեցում, աշխատանք էին տանում իրենց հետ, սովորեցնում արվեստներ, և այդ կանայք դառնում էին վերակառուցվող հայ հասարակության մի մաս:

Շատ քչերն են անդրադարձել մարմնավաճառության հարցին, կարծես թե անտեսելով, կամ էլ՝ ամաչելով: Առաջին քայլերից մեկը Վահե Տաշճյանն է  արել, մի լավ հոդված է պատրաստել զեյթունցի մարմնավաճառ հայ կնոջ և իր աղջկա մասին, մի շատ հուզիչ պատմություն է: Երբ որ զեյթունցիներն իմանում են Հալեպում զեյթունցի մարմնավաճար կնոջ մասին, նրանք իրենց պատվի համար հատուկ գումար են հավաքում, եթե չեմ սխալվում՝ երեք ոսկի, և գալիս են, որպեսզի սպանեն այս կնոջը: Եվ շատ հետաքրքիր բան է պատահում: Մայրը, մինչև աղջկան «մատուցելը», հրավիրում է նրանց ընթրիքի, պատճառաբանելով, թե ավանդույթն է այդպես: Ընթացքում նրանք արաբերեն էին խոսում, հետո, աննկատ անցնում են Զեյթունի բարբառին: Մայրը նրանց ճանաչում է և ասում. «Երբ որ դուք մտաք, ես ձեզ ճանաչեցի՝ դու այսինչ մարդու տղան չե՞ս, այնինչ մարդու թոռը չե՞ս, – մենք նույն գյուղից ենք»: Վկա տղաներից մեկը պատմել է, թե բոլորս նստեցինք և լացեցինք՝ այն ինչ եղել էր դա մեր ազգի դառը ճակատագիրն էր, ամաչեցինք, որ գնացել էինք այդտեղ իրենց սպանելու, փոխանակ օգնելու, որ կինը դուրս գա այդ վիճակից:

Մի խոսքով, այդպիսի բաց տեղեր կան՝ միկրոթեմաներ, որոնք հայոց ցեղասպանության մեջ ուսումնասիրված չեն: Ի սկզբանե բոլոր նրանք, ովքեր փորձել են զբաղվել հայոց ցեղասպանությամբ, հիմնական շեշտը դրել են ապացուցելու որ դա ցեղասպանություն էր: Եվ այդ ֆոնի վրա անտեսվել են այն ենթաթեմաները, որոնք էլ ավելի կարևոր են ճանաչելու համար ցեղասպանությունը: Երբ որ մենք Հոլոքոստի կամ ուրիշ ցեղասպանության մասին ենք կարդում, այնպիսի մանրամասներ կան, որ նրանք, ովքեր չգիտեն հայոց ցեղասպանությունը, այդ նրբությունները վերագրում են միայն Հոլոքոստին: Բայց դա այդպես չէ:

Երբ որ Վահագն Դադրյանը 2009 թ. Երևան էր եկել, մենք հանդիպեցինք ցեղասպանության թանգարանում: Հանդիպման ընթացքում ներկայացնում էինք ապա քննարկում մեր թեմաները իր հետ: Երբ որ նա իմ թեման իմացավ, ասեց. «Աղջիկս, ամենակարևոր թեմաներից մեկն է, որը չուսումնասիրված է: Մենք մոռանում ենք, որ ցեղասպանության այդ տարիներին հայ կինն է, որ դեպի անապատներ քշվեց»: Այն, ինչ  նշանակուն է վերապրել ցեղասպանությունը, անցնել դրա միջով, դա վերաբերվում է հենց հայ կնոջը, որպես տատ, որպես մայր, որպես քույր և ընդհանրապես: Որովհետև ծերերն էին ողջ մնացել և կանայք, և  երեխաների ամբողջ պատասխանատվությունը իրենց վրա էր. հաց գտնելու, գիշերակացն ապահովելու, երեխաների հետ լինելու,ծննդաբերությունները, բռնաբարությունները, խաչելությունները՝ ճանապարհի վրա այդ ամենօրյա տառապանքը հայ կինն էր, որ տարավ մինչև անապատ և անապատից հետո:

Եթե մենք խոսում ենք հրեից Հոլոքոստի մասին, թե ի՞նչ էր կատարվում համակենտրոնացման ճամբարներում՝ դա բավականին ուսումնասիրված է, բայց մեզ մոտ, ի՞նչ էր կատարվում ամեն օր մեր, այսպես ասած, համակենտրոնացման ճամբարներում՝ Ռաս ուլ-Այնում, Դեյր-էլ-Զորում («հայկական Աուշվիցում և Տրեբլինկայում»): Անմարդկային պայմաններ, անապատ՝ ցերեկը շատ շոգ, գիշերը շատ ցուրտ:

Աղբյուրներն, իհարկե, ունենք: Փառք Աստծո, ունենք հենց անմիջապես ցեղասպանությունից հետո Արամ Անտոնյանի հավաքած հուշերը, որովհետև Արամը ինքը վերապրող էր, ինքը փրկվել էր հրաշքով և որպես մտավորական գիտակցելով տեղի ունեցած հանցագործության լրջությունն ու կարևորությունը`գրի առել: Երբ մարդիկ համակենտրոնացման ճամբարներից կարող էին հետ գալ դեպի Հալեպ, նա հայտարարություն տվեց հայկական թերթերում, որ պատրաստ է ընդունել վերապրողներին ու լսել նրանց վկայությունները հոթել «Բարոն»-ի այսինչ համարում (հայտնի հոթել, որը վերջերս, ցավոք սրտի, պայթեցրեցին): Դա շատ հոյակապ սկզբնաղբյուր է մեզ համար:

Մենք ունենք նաև մյուսների հուշերը: Եվ կարելի է այդ հուշերի հիման վրա վերականգնել այդ անապատի ամենօրյա կյանքը, թե ինչպե՞ս այդ մարդիկ այդպիսի պայմաններում կարողացան վերապրել, որպեսզի հասկանանք այսօրվա հային: Փրկվածների սերունդների համար շատ կարևոր է հասկանալ, թե այդ մարդիկ ինչի՞ միջով անցնան 1915, 1916, 1917, 1918, 1919 թթ.: Ես հաշվում եմ մինչև 1919 թ., երբ որ փրկվածները ճամբարներից արդեն կարող էին հետ վերադարնալ:

Արևմուտքում շատ ընդունված է Հոլոքոստի դեպքում՝ ամեն ինչի մեջ պայքարի հատիկներ են փնտրում: Օրինակ, համակենտրոնացման ճամբարում սիրո կամ կարեկցանքի դրսևորումները՝ որովհետև ցեղասպանության միջավայրը կոչված էր սպանելու մարդկային զգացողությունները՝ ամեն ինչը, կապված մարդկայինի հետ. չկա խիղճ, չկա սեր, չկա զգացմունք, չկա բարեկամություն՝ ամեն ինչն է ոչնչանում անգամ մոր և երեխայի միջև: Եվ կենդանականն է գալիս առաջ՝ ամենօրյա հացի խնդիրը: Այս պայմաններում, օրինակ, հաց կիսելը ուրիշի հետ արդեն պայքարի ձև էր թեկուզ մարդ մնալու համար:

Մենք ենք անտեսում այդ պատմությունները, որոնք շատ կարևոր են: Չեմ ուզում համեմատության մեջ դնեմ, բայց պետք է պատմությունները վեր հանենք, որ կարողանանք նաև համեմատել: Շատ կարևոր են դրանք. Անձնազոհությունը վերցնենք, պայքարի ձև է մոր` ինքն իրեն վաճառելու, որ մյուսներին փրկի: Սրանք պայքարի ձևեր են, բայց մեզ մոտ ուրիշ ձևով են վերարտադրել, որակավորել: Երբ ես կարդում եմ վերապրողների վկայությունները՝ հանդիպում են դրվագներ, երբ կանայք  հացի համար գնում էին դառնում  թուրք մարդասպանների այսպես ասած հարճերը, որպեսզի փրկեն իրենց երեխաներին: Հետո այդ ընտանիքի անդամները, իմանալով, որ այդպիսի մի բան կա, հետցեղաստանական շրջանում նաև ստիպում էին այդ աղջիկներին շարունակել նման բան անել, նույն ճանապարհով հաց վաստակել: Եվ մի կողմը կա, և` մյուսը, նման պատմությունները չպետք է անտեսվեն, որպեսզի մենք ճանաչենք ինքներս մեզ:

Հիմնականում դրանք են իմ թեմայի հետ կապված ենթաթեմաները: Շատ միկրոպատմություններ կան այսպես իրար հետ կապվող: Ի՞նչ մեխանիզմներով են հայերը աշխատել, փրկության միսիաները կազմակերպել՝ նույն գաղթի ճանապարհներին աղջիկներին պահպանելու համար: Օրինակ, մայրերը ու տատերը այսպիսի ավանդույթ ունեին՝ գիշերակացին կամ ճամբարներում երիտասարդ աղջիկներին մեջտեղում էին պահում, որ գոնե կարողանան ինչ-որ ձևով պահել պաշտպանել նրանց հափշտակումներից: Նրանք գիտեին, որ ամեն գիշերակացի ժամանակ պետք է թշնամիները գան՝  զոհեր տանելու: Տատերի թեման ընդհանրապես, ևս շատ կարևոր է, բայց կրկին անտեսված:

Հետաքրքիր բան կա նաև հաց հայթայթելու հետ կապված: Օրինակ մեր մայրերն ու տատերը աթարից ճաշ էին եփում` երեխաների մոտ պատրանք ստեղծելով, որ իբր ուտելու բան ունեն: Որբերի հուշերում կա դա՝ էլի ինչ-որ բան էր ուտելու, խափելու սոված բերանները: Ուրիշ ցավալի բան էլ կար՝ հանիբալիզմը` մարդակերությունն էր  տարածված: Հայերի մոտ շատ-շատ ծանր էր դա, որովհետև հայերը քրիստոնյա ժողովուրդ են: Տատերը ու մայրերը գիտեին ինչ է դա նշանակում, բայց այդքան անմարդկային վիճակներում էին, որ իրենց սեփական երեխաներին էին անգամ ուտում և մարդիկ, ովքեր վերապրեցին, մինչև կյանքի վերջը այդ բեռով գնացին:

Կան նաև բռնի ամուսնությունները, որոնք իմ դիսերտացիայի մի փոքր մասն են կազմում: Ի սկզբանե մեր ցեղասպանությունը կազմակերպողները, հենց ինքը՝  Թալեաթ փաշան հրահրում էր, որ թուրքերը ամուսնանան հարուստ հայ ընտանիքների աղջիկների հետ` նախապես սպանելով ընտանիքի բոլոր տղամարդկանց: Դա նաև շատ կարևոր տնտեսական կողմ ուներ: Պաշտոնապես ամուսնանում էին, ապա թրքացնում աղջկան` փոխելով նրա հայկական անունն ու կրոնը, բայց միևնույն ժամանակ դառնում էին այդ աղջկա ունեցվածքի օրինական տերերը: Այս ճանապարհով նրանք օրինականացնում էին հայերի սեփականության զավթումը: Բռնի ամուսնությունը, որը միայն ցեղասպանությունից հարյուր տարի  հետո Սիերա-Լեոնեի դեպքի վրա ուսումնասիրվեց միջազգային դատարաններում և ճանաչվեց որպես մարդկության դեմ հանցագործություն: Այն ինչ հարյուր տարի առաջ մեր նկատմամբ է արվել, ավելին՝ հայոց ցեղասպանության տարիներին կատարվածը ոչ միայն հանցագործություն էր մարդկության դեմ, այլ նաև ցեղասպանության հանցագործության մասն էր կազմում: Եթե Սիերա-Լեոնեում նույն էթնիկ խումբն էր ներգրավված այս գործի մեջ, մեր դեպքում միջէթնիկ հարց էր և ցեղասպանության ծրագրի մաս էր կազմում:

Այսօր շատ են խոսում իսլամացած հայերի մասին, թուրք ընտանիքներում հայ տատիկների մասին, որոնք բռնի ամուսնության զոհեր էին: Թուրքերն նրանց ներկայացնում են որպես փրկվածներ, բայց նրանք փրկվածներ չեն՝ նրանք զոհեր են: Դա ամենակարևոր հարցն է: Զոհեր, որոնք ամբողջ կյանքը ապրեցին ցեղասպանության մեջ, և սերունդներ տվեցին իրենց դահիճներից: Դա շատ կարևոր է ինձ համար, որովհետև, երբ որ դու կորցնում ես քո ազգային պատկանելիությունը՝ քո լեզուն, քո խմբից քեզ առանձնացնում են և դու միայն պահում ես քո ֆիզիկական գոյությունը՝ դա ցեղասպանոության մաս է կազմում, հենց  Ցեղասպանության կոնվենցիայի համաձայն: Փաստորեն մենք այսօր, որպես զոհ ժողովուրդ մի կողմից, և թուրքերը որպես հանցագործ` մյուս, մենք ունենք արդյունքը ցեղասպանության՝ դրանք իսլամացած հայերն են, որոնք գալիս են բացահայտելու իրենց ինքնությունը՝ իրենց տատիկների, որոշ դեպքերում նաև պապիկների (փոքր տղաների էլ էին, չէ՞ վերցնում) պատմությունների միջոցով: Այդ մարդիկ ինքնության ճգնաժամի առաջ են՝ ովքե՞ր են իրենք: Նույն թուրքերը, որոնց դասագրքերում գրված է, որ հայերը իրենց թշնամիներն են, որ կոտորել են թուրքերին, մեծանում են և հանկարծ բացահայտում են իրենց տատիկին, ով հայ է և իր ամբողջ կյանքում այդպիսի տարօրինակ վարք ուներ, որովհետև այ այսպիսի անցյալ ունի, որովհետև իր մորը, իր հորը սպանել է հենց իրենց պապը՝ բռնի ամուսնանալով իրենց տատի հետ: Սա գիտակից մարդու և այսօրվա գիտակից թուրքի համար բերում է մի նոր  ինքնության ճգնաժամի (crisis of identity): Այս թեմայով զբաղվող շատ թուրք պատմաբաններ և գիտնականներ սիրում են շեշտել`փրկվածները, փրկվածները: Ոչ, ես շարունակում եմ պնդել, որ այդ մարդիկ փրկվածներ չէին, նրանք զոհեր էին, որովհետև իրենց բռնի ձևով են  ինտեգրել թուրքական հասարակության մեջ:

Գիտեք, իսլամացած հայերի մասին կոնֆերանս տեղի ունեցավ Թուրքիայում երկու տարի առաջ, և շատ հետաքրքիր ելույթ կար այնտեղ, որը ես շատ հավանեցի: Մի քուրդ աղջիկ էր՝ Նևին Յըլդըզ Թեհինջիօղլու անունով, որը պատմեց  շատ ազդեցիկ պատմություն Սառայի մասին՝  հայ աղջկա, ում ընտանիքը սպանվել էր մի քրդի կողմից: Այդ քուրդը  սպառնացել էր Սառային, որ եթե իր կինը չդառնա, հերթով կսպանի նրա ընտանիքի անդամներին: Գործը հասել է եղբորը, և աղջիկը հասկանալով, որ եղբորն էլ կսպանի, երկու պայմանով է խոստացել ամուսնանալ՝ որ պահպանի եղբոր կյանքը և որ չփոխի իր անունը: Եվ պատկերացրեք՝  15 երեխա էր ծնել այդ քրդից և բոլորին կորցրել էր՝ երեք օրից ավել չէին ապրել, և այդ քուրդ աղջիկը հասկացրեց, որ հնարավոր է՝ ինքն էր սպանում, չէր ուզում իր դահիճից երեխա ունենալ: Ողջ մարմնի վրա խաչի հետքեր կային, որովհետև ամեն անգամ երբ այդ քուրդը գալիս էր կնոջ հետ կենակցելու՝ բռնաբարում էր, որովհետև աղջիկը միշտ չէր ուզում իրեն,  և  դրա համար ամեն անգամ խաչի հետքեր էր անում ի նշան իր նախկին կրոնի: Շատ ծանր կյանք էր ունեցել Սառան: Այդ պատմությունը պատմելուց հետո Նևին Յըլդըզ Թեհինջիօղլուն ասեց. «Գիտեմ, որ այստեղ շատ հայեր կան, եկել եմ, որ ներողություն խնդրեմ ձեզանից, որովհետև այդ դաժան մարդը, ում մասին խոսում եմ՝ դա հայրիկիս հորեղբայրն է՝ դա իմ ընտանիքի պատմությունն է, ու Սառան իմ հայրիկիս հորեղբոր կանանցից մեկն է եղել: Գիտեմ որ իմ ընտանիքը ինձանից երես կթեքի, բայց երբ որ ես բացահայտեցի այս պատմությունը՝ իմացա ինչ է եղել, շատ վատ եմ զգում, եկել եմ ձեզանից ներողություն խնդրելու»:  Այդպիսի ցավեր կան մեր մեջ և ինչպե՞ս մենք կարող ենք ասել, որ այդ կինը փրկված էր՝ ոչ: Մայր, ով որդեսպան է դառնում՝ ի՞նչ փրկության մասին է խոսքը:

Իմ կարծիքով Հայոց պատմությունը պետք է բաժանել երկու մասի՝ ցեղապանությունից առաջ և հետո: Հիմա, միանշանակ կարող ենք ասել, որ կա երրորդ փուլը՝ Արցախը, հաղթանակը, որը վրեժի նման մի բան էր, երբ մենք վերահաստատվեցինք, հաղթանակեցինք և հաղթահարեցինք զոհի բարդույթը: Արցախյան ազատամարտից հետո եկած սերունդները հաղթողների սերունդներ են:  Այս տարի Ապրիլի 23- էլ բեկումնային եղավ մեզ համար, կարծում եմ: Ամերիկահայ հայտնի System of the Down ռոք խմբի համերգն այդ օրը հանրապետության հրապարակում շատ բան փոխեց մեր երիտասարդների գիտակցության մեջ: Այն ինչ կատարվում էր հրապարակում, շատ հետաքրքիր էր: Հայ երիտասարդությունը (հայաստանցի և սփյուռքահայ) միասին ուրախանում էր այդ օրը, պարում էր անձրևի տակ, երբ որ միշտ մեզ մոտ այդ և հաջորդ օրը սգի և ցավի օր էր եղել, 100 տարի հետո այդ օրը մենք ուրախանում էինք: Ես շատ ուրախ եմ դրա համար՝ քանի որ մենք այդ օրվա մեր ուրախությամբ ապացուցեցինք, որ մենք կանք, մենք վերապրել ենք, թշնամուն չի հաջողվել մեզ ոչնչացնել: Հարյուր տարի հետո մենք այստեղ ենք, ուրախ ենք, պարում ենք, որ մենք կանք,  այսքան շատ ենք ու սենց մի հատ շատ լավ խումբ ունենք: Համերգի անունն էլ իր խորհուրդն ուներ, այն իսկապես արթնացրեց շատերիս ոգին, հայի ոգին: Շատ, շատ խորհրդանշական էր ու ինձ շատ շատ դուր եկավ: Ես չեմ հիշում այդ կարգի ուրախություն և ոգևորություն ուրիշ այլ տարեդարձի կապակցությամբ՝ լինի դա սեպտեմբերի 21, սեպտեմբերի 2, Սարդարապատի հաղթանակի օր: Ինձ համար խորհրդանշական էին Դարոն Մալաքյանի խոսքերը, ով հայտարարեց համերգից առաջ, որ  «…սա պարզապես ռոք համերգ չէ, մեզ մորթողներից սա վրեժ է», ինչպես նաև Սերժ Թանկյանի խոսքերը, ով համերգի ընթացքում Սարդարապատ երգը երգելով հորդորեց հայ երիտասարդությանը իրենց ճանաչել որպես Սարդարապատի ճակատամարտը հաղթողների սերունդներ` կրկնելով. «Սերունդներ դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից»:

http://hamatext.com/interviews

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert