Րաֆֆի Գալֆայան, իրավաբան, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախկին գլխավոր քարտուղար

Այս հոդվածով իրավաբան Րաֆֆի Գալֆայանը փորձում է բնութագրել թուրքական քաղաքացիական հասարակությունը՝ անցնելով Թուրքիայի պատմության միջով և ուրվագծելով արդի ժամանակաշրջանը՝ 1990-ականներից առ այսօր: Նա դրանով փորձում է ավելի լավ հասկանալ այդ հասարակության կառուցվածքը, նրա քաղաքական միջավայրը, ինչպես նաեւ նրա արժեքները եւ նկարագրում է ամբողջատիրական իշխանության առաջացրած խզումները: Այս վերլուծությունը ցույց է տալիս, որ քաղաքացիական հասարակության ներսում իսկ առկա հակասությունները հեշտացնում են պետության կողմից նրա վերահսկումը և նվազեցնում նրա ազդեցությունը հասարակական կյանքի վրա: Ի վերջո, Րաֆֆի Գալֆայանը խորհրդածում է պատմականորեն կրոնի ազդեցության տակ գտնվող այս քաղաքացիական հասարակության ապագայի շուրջ և շատ կարեւոր հարցադրում է անում՝ ի հետեւանս 2013թ Գեզի այգու իրադարձությունների, որոնց պատճառով բնակչության մի մասն ընդվզեց ավտորիտար կառավարության և թուրք հասարակության սողացող իսլամացման դեմ. «Ի՞նչ է լինելու սոցիալական ցանցերի սերնդի արձագանքը»:

Թուրքիայի քաղաքացիական հասարակությանը և, հատկապես, նրա իրական դերին անդրադառնալը մարտահրավերի նման մի բան է, քանի որ վերջին տարիներին, մանավանդ վերջին քսանչորս ամիսներին, նույնիսկ վերջին շաբաթներին Թուրքիայում իրավիճակը շատ արագ է փոխվում: 2016թ հունվարի 15-ին 21 գիտնակններ հայտարարություն էին ստորագրել, որով պահանջում էին դադարեցնել քրդերի դեմ իրականացվող հանցագործությունները ու վերադառնալ բանակցությունների սեղանին[1] (հայտարարության տակ ստորագրել էր 1.128 գիտնական): Ստորագրահավաքի հեղինակները ձերբակալվել էին իրենց տներում[2]: Նրանց մեղադրում են թուրք ազգին հասցված վիրավորանքի (Թուրքիայի քրեական oրենսգրքի 301-րդ հոդված, որն օգտագործվում է տհաճ անձնավորությունների ու կարծիքների դեմ[3]) և ահաբեկչական քարոզչության համար: Ձերբակալությունների այս ալիքը հետեւեց դրանից մի քանի ժամ առաջ նախագահի ունեցած կրակոտ ելույթին, որն այդ գիտնականներին դավաճան էր որակում, մեղադրելով նրանց երկրի ներսում արտաքին ուժերի հետ կապված «հինգերորդ շարասյուն» կազմելու մեջ: Պատմական անցյալի առումով մտահոգիչ հռետորաբանություն[4]:

Թեեւ 2000-2013թթ տնտեսական, քաղաքական, կրոնական և այլ ոլորտներում նշանակալի ազատականացում տեղի ունեցավ և ականատես եղանք փոքրամասնությունների նկատմամբ դրական զիջումների, այդ թվում քրդերի՝ բայց ոչ միայն[5], սակայն երկիրը կրկին անհայտի մեջ է հայտնվում, որի արդյունքում երկփեղկված քաղաքացիական հասարակությունը թեւաթափ է լինում, նրա կազմակերպումն ու միջավայրը գործադիր իշխանության և AKP-ի[6] նախաձեռնած սողացող իսլամացման ազդեցության տակ է հայտնվում:

Թուրքիան լայնածավալ խորը ճգնաժամ է ապրում:

Թուրքիայի պատմության միջով քաղաքացիական հասարակությունը բնութագրելուց և նրա արդի ժամանակաշրջանի վրա հայացք գցելուց բացի (1990-ականներից առ այսօր), մենք կփորձենք ավելի լավ հասկանալ նրա կառուցվածքը, նրա քաղաքական միջավայրը, արժեքները՝ չափելով նրա իսկական ուժը:

Կրոնի կնիքը կրող քաղաքացիական հասարակություն

Քաղաքացիական հասարակության պատմությունը կախված է նրան տրված բնութագրումից: Եթե այն դիտարկենք համայնքային կյանքի տեսանկյունից, ապա 1850 եւ 1918թ միջեւ  Օսմանյան կայսրությունում ծնունդ էին արել բազմաթիվ կառույցներ, այսպես կոչված «Վաքըֆները»՝ կրոնական հիմնադրամները[7], մահմեդական և ոչ մահմեդական (Օսմանյան կայսրությունում թուրք-իսլամական հիմնադրամների թիվը հասնում էր մի քանի տասնյակ հազարի, մինչդեռ Հանրապետության շրջանից առաջ ստեղծված ոչ մահմեդական հիմնադրամների թիվը 168 էր))[8]: Կայսերական հրովարտակներով ստեղծված այդ հիմնադրամները վարչականորեն վերագրանցվեցին 1936-ից սկսյալ՝ նրանց գույքի և ունեցվածքի ցուցակագրմամբs[9]: Նրանք առանձնանում են իրենց բարեգործական գործունեությամբ և լուծումներ են առաջարկում սոցիալական, տնտեսական և մշակութային խնդիրներին, որոնց արձագանքելու ժամանակ կամ միջոցներ չունի պետությունը: Հիմնադրամները զբաղվում են կրոնական գործերով և տնօրինում են իրենց պատկանող գույքերը:

Հանրապետության շրջանում հիմնադրամների հետ կապված բոլոր ձեռնարկումներն ու կառավարումը փոխանցվում է վարչապետի գրասենյակին կից՝ Հիմնադրամների գլխավոր տնօրինությանը՝ (1924թ): Տնօրինության հիմնական պարտականությունն այս հիմնադրամների գործունեությանը հետեւելն է, որպեսզի նրանք իրականացնեն իրենց գործունեությունը՝ համաձայն իրենց կանոնադրության, հավերժացնեն հիմնադրամի գաղափարը, որն է փոխադարձ օգնությունն ու համերաշխությունը, և այն փոխանցել գալիք սերունդներին:

Պետության արդիականացման քեմալական ողջ ժամանակաշրջանում (1923-1945), ինչպես նաեւ բազմակուսակացական խորհրդարանական ժողովրդավարության ժամանակաշրջանում (1945-1980) քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ժամանակակից իմաստով չէին կարողացել մասնակցել հասարակական կյանքին, այսինքն որպես հասարակության մի հատված, որը նպաստում է հասարակական կյանքին ու ժողովրդավարացմանը: Պետությունը ամենազոր էր և հասարակական կյանքի միակ շարժիչ ուժն էր: Նա լիովին վերահսկում էր համայնքային կյանքը:

Քաղաքական կյանքին մասնակցելու այս արգելքը նույնիսկ սահմանադրական էր: 1982թ թուրքական սահմանադրության 32-րդ հոդվածը ամրագրում էր, որ միությունները պետք է ճանաչվեն վարչական մարմինների կողմից և նրանց գործունեությունը չխախտի սահմանադրության 13-րդ հոդվածը: Վերջինս պաշտպանում էր պետության և ազգի միասնությունը, ազգային ինքնիշխանությունը, Հանրապետությունը, հասարակական կարգը, ընդհանուր խաղաղությունը, բարոյականությունը, առողջությունը ու պետական գույքը. այդ դրույթների հնարավոր լայն մեկնաբանությունը իրական սպառնալիք էր ներկայացնում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գոյության տրամաբանության համար, որն է մասնակցել քաղաքական, տնտեսական և սոցիալական բանավեճերի: 1995 թվականի սահմանադրական բարեփոխումներով այդ դրույթները անվավեր ճանաչվեցին:

ժամանակակից քաղաքացիական հասարակության ի հայտ գալուն և ընդլայնման համար պետք է սպասել մինչեւ 1980-ականները և 2000-ականների սկիզբը: Մի նոր ժամանակաշրջան է սկսվում ՀԿ-ների[10] համար՝ շնորհիվ օրենսդրական զարգացումների, ինչպես նաեւ բարեփոխումների ու օրենքները եվրոպական օրենսդրությանը ներդաշնակեցնելու գործընթացի  առաջացրած մտածողության փոփոխության, որի նպատակն է ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը[11]: 2005-ին գործող ասոցիացիաների թիվը հասնում է 80.750-ի[12]: Նրանց կեսը սոցիալական գործունեություն է ծավալում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մշակույթը, առողջապահությունը, սոցիալական համերաշխությունը, կանայք և առեւտուրը. 3.056-ը մշակութային նպատակ է հետապնդում, 13.468-ը՝ բարեգործական, 5748-ը՝ կրթական, իսկ 13.992-ը՝ մարզական: Հիմնադրամների թիվը 4500 է: Քաղաքացիական հասարակության մյուս կազմակերպություններն են կոոպերատիվները (58.100) և արհեստավարժական պալատները (4750): Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների անդամների ընդհանուր թիվը, ներառյալ արհմիությունների անդամները, կազմում է մոտավորապես 8,5 միլիոն, որի կեսը ասոցիացիաներինն է[13]:

Որքան էլ տարօրինակ է՝ 1980-2000թթ ժամանակահատվածը հասարակության իսլամացման վերակենդանացման տարիներն էին՝ երբ  իշխանության եկան իսլամական արժեքներ դավանող քաղաքական կուսակցություններ: Այդ բանը նպաստեց նոր քաղաքացիական հասարակության առաջացմանը, որը հասարակական կյանքում ակտիվ էր, սակայն որպես ուղեկցող գործիք ծառայեց բնակչության և քաղաքացիական հասարակության տարբեր հատվածները ներկայացնող կառույցների իսլամացման գործընթացի համար:

«Իսլամական» ՀԿ-ների[14] ստեղծումն ու սրընթաց աճը տեղի ունեցավ ներկայիս նախագահ Էրդողանի գաղափարական ուսուցիչ Նեջմեթին Էրբականի քաղաքական ասպարեզ վերադառնալուց անմիջապես հետո (Refah Partisi կամ «Բարօրության կուսակցություն»)[15], կամ AKP-ի[16] իշխանության գալուց հետո:

Կարող ենք նշել օրինակներ.

– Ak-Der (Խտրականության դեմ կանանց ասոցիացիա), ստեղծվել է 1999թ, պաշտոնապես պայքարում է խտրականության դեմ՝ կրթության, զբաղվածության, կարիերայի և այլ բնագավառներում, բայց արդյունքում պայքար է մղում գլխաշոր կրելու կանանց իրավունքի օգտին:

– Ozgür-Der (Մտքի ազատության եւ կրթական իրավունքների ասոցիացիա), ստեղծվել է 1999թ, պաշտոնապես պայքարում է կրթական իրավունքների խրախուսման ու պաշտպանության համար, սակայն բացահայտ պայքար է մղում կանանց մոդեռնիզմի դեմ և մասնավորապես գլխաշոր կրելու օգտին:

– Müsiad (Արդյունաբերողների և անհատ առեւտրականների ասոցիացիա), ստեղծվել է 1990թ, համախմբում է 35.000 ընկերություն և ունի 7.500 անդամ 71 քաղաքներում, կազմված է իսլամական գործատերերի նոր բուրժուազիայից (թեեւ նման բան չի հայտարարում), և որոշակի թեմաների շուրջ հակադրվում է հզոր Tüsiad-ին  (թուրք խոշոր գործատուների միություն), օրինակ, մեղմ դիրքորոշում դրսեւորելով 2013թ մայիս-հունիս ամիսներին Գեզի այգու բողոքի ցույցերի դեմ սանձազերծված բռնությունների ու հալածանքների[17] նկատմամբ կամ վերոհիշյալ ստորագրահավաքը կազմակերպող գիտնականների դեմ ձեռնարկված միջոցների արդարացմամբ:

– Mazlum-Der (Մարդու իրավունքների և ճնշված ժողովուրդների հետ համերաշխության ասոցիացիա), ստեղծվել է 1991թ ի պատասխան Մարդու իրավունքների՝ IHD ՀԿ-ի[18] աշխարհիկության ակտիվիզմի, որը հասարակական կյանքում գլխաշոր կրելու հարցում հակառակ դիրքորոշում էր որդեգրել:

Եթե առաջին երկու ՀԿ-ները գաղափարապես բացարձակապաշտ են և առավելապես բարոյական արժեքներ են դավանում, ապա մյուս երկուսը հարաբերապաշտ են և ուրեմն քաղաքականապես շատ ավելի բաց են ու ղեկավարվում են  իրենց կանոնադրությամբ:

Պետք է նշել, որ այդ կազմակերպությունները մասնակցել են հանրային բանավեճին, բայց միեւնույն ժամանակ, նրանց ստեղծումն ու գործունեությունը նպաստեցին իշխող կուսակցության իրականացրած քաղաքականության ամրապնդմանը:

Իհարկե,  պետք է ասել նաեւ, որ այս երեւույթը հատուկ չէ Թուրքիային, քանի որ աշխարհի երկրների մեծ մասում փոքր թիվ են կազմում այն խիստ անկախ կազմակերպությունները, որոնք հետեւողական և օբյեկտիվ կերպով են պաշտպանում արժեքներն ու սկզբունքները:

ՀԿ-ների այս առատությունը պատել է նույնիսկ AKP-ի արտաքին քաղաքականության դաշտը: İnsani Yardım Vakfı (IHH՝ «մարդասիրական օգնության հիմնադրամ»)՝ իսլամական երանգ ունեցող այս ՀԿ-ն շատ կարեւոր դեր է կատարում մարդասիրական գործողությունների ոլորտում: IHH-ն  օգնության ակցիաներ է ձեռնարկում Թուրքիայում եւ արտասահմանում: Նա էր կազմակերպել ու ղեկավարել Մավի Մարմարա նավաշարասյան միջոցով Պաղեստինի Գազայի ափին՝ Իսրայելի կողմից շրջափակման ենթարկված բնակչությանը օգնություն հասցնելու գործողությունը:

Քաղաքացիական հասարակության հակասությունները հեշտացնում են նրա վերահսկումը և նվազեցնում են նրա ազդեցությունը հասարակական կյանքի վրա:

Թուրքիայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները տառապում են բազմաթիվ հակասություններով և ոչ մի երաշխիք չկա, որ նրանք կկարողանան ձեւավորել երրորդ ուժ, որն ի վիճակի կլինի հակադրվել Թուրքիան պատուհասող սոցիալ-քաղաքական մասնատվածությանը: 100lives.com կայքի լրագրող Տիգրան Եկավյանը երեք տարբեր խմբեր է առանձնացնում. աշխարհիկ ազգայնական ասոցիացիաները, քաղաքական իսլամի տարբեր ուղղությունների հետ փոխկապակցված ՀԿ-ները և նախկին ձախ հեղափոխական շարժման ժառանգորդ ասոցիացիաները[19]:

Նրանք դինամիկ զարգացում են ապրում, սակայն իրականում հասարակական կյանքի վրա իրենց ազդեցությունը սահմանափակ է թվում՝ մի կողմից իրենց միջեւ առկա սոցիալական, տնտեսական խզումների, մշակութային և կրոնական քաղաքականությունների, մյուս կողմից՝ իրենց հմտությունների ու ռեսուրսների ոչ ադեկվատ լինելու պատճառով:

Վերեւում բերված օրինակները ցույց են տալիս քաղաքացիական հասարակության հակակշիռ ուժի ոչնչացումը, այն պահից սկսած երբ կառավարության կողմից ուղղակի կամ անուղղակի կերպով աջակցություն գտած նոր ՀԿ-ները հակադրվում են մյուսներին:

Մի շարք այլ պարամետրեր եւս նվազեցնում են քաղաքացիական հասարակության արդյունավետությունը:

Առաջին հերթին՝ օրենքի գերակայության թուլությունը (օրենքի նկատմամբ հարգանքի ոլորտում 2003-2013թթ այնուամենայնիվ որակական մեծ թռիչք էր տեղի ունեցել), համակարգային կոռուպցիան եւ խիստ կենտրոնացված վարչարարությունը, բոլոր պարամետրերը միասին վերցրած, քաղաքացիական հասարակությանը խանգարում են զարգանալ և լիարժեք մասնակցել հասարակական կյանքին:

Բացի այդ, գործադիր իշխանության նման՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները այնքան էլ հետեւողական չեն հանդուրժողականության սկզբունքների, ներքին ժողովրդավարության և ճիշտ կառավարման հարցերում:

Ինչ վերաբերում է այս կազմակերպությունների գործունեությանը, կարող ենք ասել, որ ընդհանուր առմամբ քչերն են աշխատում ընդհանուր թեմաների շուրջ, ինչպիսիք են աղքատության նվազեցումը կամ սոցիալական անհավասարությունը: 2000-2013թթ առաջընթաց արձանագրված ոլորտներն են՝ մարդու իրավունքների խթանումը, գենդերային հավասարությունը, բռնության դեմ պայքարը (խոշտանգումների, ինչպես նաեւ իրավապահ մարմինների կողմից կամ կալանավայրերում վատ վերաբերմունքի նվազում) և կայուն զարգացումը:

Ավելին, իրավական, ֆինանսական և վարչական դաշտը բարենպաստ չէ քաղաքացիական հասարակության զարգացման համար, մասնավորապես այն կազմակերպությունների համար, որոնք կարող են վնասել կամ հակակշիռ լինել կառավարության վարած քաղաքականությանը կամ ղեկավարությանը:

ՀԿ-ների վրա պետության հսկողությունն անհամաչափ մեծ է, ինչը ազդում է նրանց ընթացիկ գործողությունների վրա և չի խրախուսում մասնավոր նվիրատվությունները՝ հատկապես արտասահմանյան հիմնադրամներից եկող դրամաշնորհները: Առավել հայտնի ՀԿ-ները խուսափում են արտերկրից եկող օգնություններից կամ նպաստներից՝ առիթ չտալու համար «դրսի թշնամիների» կողմից մանիպուլյացիայի մեղադրանքներին: ՀԿ-ների գրանցումը, հարկային հսկողությունը և անօրինական գործունեության կանխարգելումը իրականացվում է Ներքին գործերի նախարարության կողմից, ինչը նրան ահռելի մեծ իշխանություն է տալիս:

Հասարակության այս հատվածին ուղղված պետական միջոցների հատկացման կարգն այնքան էլ թափանցիկ չէ և չունի հստակ կերպով սահմանված չափորոշիչներ: Պետական միջոցները հատկացվում են նախարարությունների ու գործընկերության մեխանիզմների միջոցով, սակայն դրանք հազվադեպ են արվում սուբսիդիաների, դրամաշնորհների կամ պայմանագրերի ձեւով:

Պետությունը միշտ էլ վերահսկող կարեւոր դեր է ունեցել համայնքային կյանքի կրթական, մշակութային և կրոնական ոլորտներում: Սահմանադրության 14-րդ հոդվածը նախատեսում է, որ բարոյական և կրոնական կրթությունը պետք է իրականացվի պետության վերահսկողության ներքո: Դիյանեթ անունը կրող Կրոնական հարցերի վարչությունը ամրագրված է Թուրքիայի սահմանադրության 136-րդ հոդվածում: Աթաթուրքի կողմից 1924թ մարտի 3-ին հիմնված այս վարչությունն ունի մոտ 100 հազար աշխատակից[20] և 77.500 մզկիթ: Այն ֆինանսավորում է միայն սուննիներին (ոչ սուննիները պետք է ինքնուրույն ապահովեն իրենց գործունեությունը, երբ այդ գործունեությունն իսկ չի բախվում վարչարարական խոչընդոտների, ինչը 10-12 միլիոն հաշվող ալեւիների՝  Անատոլիայի շիաների պարագան է): Հարկային դաշտում Թուրքիայի բոլոր քաղաքացիները հավասար են: Հարկահանությունն ըստ կրոնական պատկանելության տեղի չի ունենում, սակայն, Կրոնական հարցերի վարչության՝ Դիյանեթի միջոցով Թուրքիայի քաղաքացիները հավասարապես չեն օգտվում հավաքված հարկերից: Կրոնական հարցերի վարչությունը, որի 2016թ բյուջեն կազմում է 6.5 միլիարդ թուրքական լիրա (2 մլրդ եվրո)[21], մի տեսակ պետություն է պետության ներսում: Դիանեթին հատկացված բյուջեն գերազանցում է 12 նախարարությունների բյուջեն. այն 40 տոկոսով ավելի մեծ է, քան Ներքին գործերի նախարարության բյուջեն և արժեքային առումով համարժեք է Արտաքին գործերի, էներգետիկայի, Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունների բյուջեներին միասին վերցրած[22]:

Թուրքիայի համար գաղափարական արգելք չէ՞ արդյոք իսլամի դրոշմը, որը խոչընդոտում է արեւմտյան տեսակի աշխարհիկ քաղաքացիական հասարակության մոդելի հակակշռի ձեւավորմանը: Այշե Քադիօղլուն վկայակոչում է Էռնեստ Գելների իսլամի և քաղաքացիական հասարակության կապին նվիրված աշխատությունը, որտեղ իսլամը հանդես է գալիս որպես քաղաքացիական հասարակության հայեցակարգի հակառակորդ[23]:

Մի խոսքով, քաղաքացիական հասարակությունը զարգանում է դինամիկ կերպով, բայց այն ավելի պառակտված է, քան երբեւէ, ուղղակի կամ անուղղակի գտնվում է պետության վերահսկողության տակ, իսկ քաղաքական ու սոցիալական իսլամը մրցակցության մեջ է մտել քաղաքացիական հասարակության գաղափարի հետ՝ Կրոնական հարցերի վարչության քաղաքական և ֆինանսական զգալի միջոցներով[24]: Վերջապես, մինչ օրս գոյություն չունեն կառավարության հետ ինստիտուցիոնալ համագործակցության մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան ՀԿ-ների հետ անցկացնել համակարգված խորհրդակցություններ օրենսդրական բարեփոխումների նախագծերի շուրջ:

Նախագահ Էրդողանի մտահոգիչ շտապողականությունը

2014-ի սկզբից ի վեր ականատես ենք լինում քաղաքացիական հասարակության տարբեր հատվածների՝ այդ թվում ազատ սեկտորի և հատկապես հանրային ծառայության դեմ ձեռնարկվող սիստեմատիկ գրոհի: Սա հանգեցնում է իրավունքների և ազատությունների վատթարացմանն ու իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտմանը :

2013 թվականի դեկտեմբերին՝ այն ժամանակ դեռ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարազատների դեմ ներկայացված կոռուպցիայի մեղադրանքները սկիզբ դրեցին վերջինիս ջղաձգումներին և ավտորիտար միտումներին: Նա շատերին մեղադրեց պետական հեղաշրջման փորձ կատզրելու մեջ և վհուկների որս սկսեց Ֆեթուլլահ Գյուլենի[25] շարժման հետեւորդների դեմ (կամ «Fetullahci»), որոնք մեղադրվում էին  արտահոսքի հետ առնչվելու մեջ: Այս դեպքից հետո կառավարություը կրկին սկսեց միջամտել արդարադատության իրականացմանն ու մամուլի գործերին:

Նախագահը՝ Ազգային անվտանգության խորհրդի[26] օրակարգում գտնվող «զուգահեռ կառույցների»[27]դեմ պայքարի շրջանակում զանգվածային կրճատումներ կատարեց հանրային ծառայությունների ոլորտում, այդ թվում` ոստիկանության, ազգային անվտանգության և արդարադատության: Գործադիրն արդեն իր հսկողության տակ է վերցրել դատական համակարգը, ի դեմս Դատավորների եւ դատախազների գերագույն խորհրդի[28], ինչը նրան թույլ է տալիս տեղափոխել կամ ազատել անհնազանդ դատախազներին կամ դատավորներին:

Ազգային անվտանգության խորհուրդը, որը նախկինում ղեկավարում էր աշխարհիկ-քեմալական զինվորականությունը, իսլամը համարում էր Թուրքիայի գլխավոր  ներքին թշնամի[29]: 2007-ին այդ հաստատությունը վերահսկողության տակ վերցնելուց հետո (Էրգենեկոնի ձերբակալություններ և աշխարհիկ-քեմալական բարձրաստիճան զինվորականների  զտում), Էրդողանն ու AKP-ն այժմ երկրորդ զտումն են իրականացնում՝ «գյուլենականների»:

Դրա հետ մեկտեղ, նախագահ Էրդողանը շարունակում է սպառնալ մամուլին և ազատազրկել լրագրողներին: Ջումհուրիյեթ թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի[30] և թերթի՝ Անկարայի ներկայացուցիչ Էրդեմ Գյուլի[31] շատ խորհրդանշական գործերը դրանցից ընդամենը մի քանիսն են[32]: 2015թ նոյեմբերի 26-ից ի վեր այս լրագրողները ազատազրկման մեջ են զուտ այն պատճառով, որ հրապարակել են թուրքական հետախուզական ծառայությունների կողմից (MIT)[33] դեպի Սիրիա զենք ուղարկելու մասին տվյալներ: Նրանք մեղադրվում են «լրտեսության», «պետական գաղտնիքի տարածման» և «ահաբեկչական կազմակերպությանը աջակցություն»[34] ցուցաբերելու մեջ՝ ցմահ ազատազրկման պահանջով:

Հունվարի 14-ին՝ Թուրքիայից Իսլամական պետություն խմբավորմանը զենքի առաքման գործի քննությունն ստանձնած դատախազները նույնպես ազատվեցին իրենց պարտականություններից[35]:

Եւ վերջապես, համալսարանների դասախոսների դեմ 2015թ դեկտեմբերին սանձազերծված գրոհը՝  մասնավորապես ուղղված Միջին Արեւելքի տեխնիկական համալսարանի (METU)[36] դեմ, որը մեղադրվում է կրոնական ազատությունը չհարգելու մեջ: Այդ գրոհն այսօր եւս շարունակվում է համալսարանական աշխարհի դեմ՝ կարծիք արտահայտելու ազատության  ոտնահարմամբ, ինչպես ներկայացրել ենք վերեւում:

Քաղաքական դաշտում նախագահ Էրդողանի կատարած կտրուկ շրջադարձը անհանգստացնող է: Դժվար է կռահել նրա որոշումների հիմքում ընկած պատճառները:

Նա առաջին հերթին վերջ դրեց այն դատավարական գործողություններին, որոնք ինքն անձամբ էր նախաձեռնել մի քանի տարի առաջ: Ազատ արձակվեցին «Էրգենեքոն» կազմակերպության որոշ անդամներ[37]: Հրանտ Դինքի սպանության գործը քննող դատախազը օրեր առաջ հեռացվեց պարտականություններից[38], մինչ այդ՝ 2015թ դեկտեմբերի 9-ին նա պաշտոնական մեղադրանք էր ներկայացրել ոստիկանության 26 նախկին սպաների: Նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած սպաների և բարձրաստիճան պետական պաշտոնյաների նկատմամբ նույն գործով[39] ներկայացված մեղադրանքների հաստատումը, այնուամենանիվ, ժամանակին մերժվել էր:

Այս միջոցառումները մտահոգիչ են մանավանդ այն բանի համար, որ դրանք միտված են վախեցնելու և ահաբեկելու բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն չենթարկվել դրանց: Դրանք, բնականաբար, հանգեցնում են մամուլի ինքնագրաքննությանը, ինչպես և հանրային պաշտոնյաների (ուսուցիչների, դատավորների, ոստիկանների և այլն) չեզոքացմանը, որոնք մտահոգված են իրենց աշխատանքով, իրենց առաջխաղացմամբ և իրենց կարիերայով:

2015-ին՝ համեմատաբար խաղաղ եւ հավասարակշռված պայմաններում տեղի ունեցած հունիսյան խորհրդարանական ընտրություններին նախորդող քարոզարշավը, այնուամենայնիվ, ռեպրեսիվ և խտրական միջավայրում ընթացավ. հարձակումների թիրախ դարձան լրատվամիջոցներն ու լրագրողները,  HDP-ի[40] կողմնակիցներն ու հարավ-արեւելքում կուսակցության նախընտրական գրասենյակները: AKP-ն այդուհանդերձ կորցրեց իր խորհրդարանական մեծամասնությունը, ինչը խիստ զայրացրեց նախագահ Էրդողանին:  Այնուհետեւ նա սկսեց վարել հարաբերությունների խզման քաղաքականություն: Նա միակողմանիորեն դադարեցրեց PKK-ի և HDP-ի հետ քրդական հարցի կարգավորման շուրջ բանակցությունները, իսկական պատերազմ սանձազերծեց PKK-ի զինյալների դեմ, ապա հայտարարություն տարածեց նոյեմբերի 1-ին նոր ընտրությունների անցկացման մասին: Քրդական հարցի կարգավորման գործընթացին առնչվող 2014թ նոյեմբերի 1-ի հիմնական օրենքը հօդս ցնդեց, իսկ դրա հետ մեկտեղ հօդս ցնդեցին այդ օրենքով ակնկալվող կայունության և մարդու իրավունքների պաշտպանության նպատակները:

Մահաբեր այս գործելակերպը միտումնավոր է արված՝ քուրդ ղեկավարներին վախեցնելու և նրանց վրա ներազդելու համար, որոնք իրենց տարածքների կամ համայնքների կառավարման համար ռեսուրսների խիստ կարիք ունեն: Տնտեսապես լքված այդ տարածքներում բնակչությունը մատնված է գործազրկության և աղքատության: Այս մանեւրի նպատակը ընտրողների մի մասին ետ բերելն էր դեպի AKP, որը պիտի դիտվեր որպես միակ պատվար անապահովության և քաոսի դեմ:

Թեեւ կոպիտ, բայց այս նախաձեռնությունը հաղթանակով պսակվեց: Դրան զուգահեռ, եւ բացի ռազմական միջամտությունից, քաղաքական իշխանությունը Իսլամական պետություն խմբավորմանը վերագրվող ահաբեկչական հարձակումների[41] հետեւանքով ամրապնդեց իր անվտանգության դիսկուրսը և հակաահաբեկչական քաղաքականության իրականացումը, ինչը  կամայականությունների դուռ է բացում:

Եւ վերջապես, իշխող կուսակցության կողմից պետական ռեսուրսների օգտագործումը և նախագահի անձնական մասնակցությունը AKP-ի քարոզարշավին իրենց ազդեցությունը թողեցին ընտրողների ընտրության վրա և AKP-ն 2015թ նոյեմբերի 1-ի ընտրություններից հետո վերականգնեց իր բացարձակ մեծամասնությունը:

Խտրականությունն ու ատելության քարոզչությունը նորից առօրեական դարձան՝ քավության նոխազ դարձնելով փոքրամասնություններին, սեռական փոքրամասնություններին (ԼԳԲՏ), ֆեմինիստներին:

Սահմանադրական բարեփոխումների գործընթացը փակուղու մեջ է: Խորը տարաձայնություններ կան AKP-ի և խորհրդարանական Հաշտեցման հանձնաժողովի մնացած անդամների միջեւ:

AKP-ի որոշ հայտնի անձնավորություններ իրենց տարանջատեցին նախագահ Էրդողանից[42]:

Թուրքիայի երկդիմի արտաքին քաղաքականությունը և մասնավորապես նրա հարաբերությունները Իսլամական պետություն խմբավորման հետ, ռուսական կործանիչի ոչնչացման դեպքը, Իրանի տարածաշրջանային ազդեցության դեմ Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հետ նրա դաշինքը, նրա միջամտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ առկա վեճին, և ամեն գնով նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմը տապալելու ցանկությունը հօդս ցնդեցրին [հարեւանների հետ] «զրոյական խնդիրների» քաղաքականությունը, որը ժամանակին շատ թանկ էր Ահմեդ Դավութօղլուի համար[43]: Ընդհակառակը, այս քաղաքականությունը նոր լարվածություններ ստեղծեց: Մի՞թե սա արտաքին սպառնալիքներ ստեղծելուն ուղղված  միտումնավոր ռազմավարություն չէ՝ ավելի լավ ճնշելու համար ներքին տարաձայնությունները, որոնք այնուհետեւ դառնում են սպառնալիք ազգային անվտանգության համար:

Քաղաքացիական հասարակության նոր բաժանարար գծերը և դրանց հետեւանքները

Այժմ տեղի ունեցող ճգնաժամերի բնույթը գալիս է ավելանալու ավանդական բաժանարար գծերին՝ սահմանադրական (մահմեդական թուրքերի եւ ոչ մահմեդական փոքրամասնությունների միջեւ), դավանական (սուննի-ալեւի), սոցիալական (աշխարհիկ և ոչ աշխարհիկ), տնտեսական (խոշոր արեւմտյան քաղաքների ու հարավ-արեւելյան շրջանների միջեւ):

Պարոն Էրդողանի ավտորիտար շեղումից և նրա կողմից իշխանության անձնավորումից հետո երկիրը պառակտվում է նույնիսկ մեծամասնություն կազմող կուսակցության՝ AKP-ի ներսում, բացի Էրդողանի ու Գյուլենի միջեւ ճակատային դիմակայությունից, որը էական ներգործություն ունի արդարադատության, բանակի և ոստիկանության վրա:

Այս լուրջ ճգնաժամից ամենաշատը տուժեցին իրավունքներն ու ազատությունները: Իսկ փոքրամասնություններն այս խստացումների և այս շեղման զոհերն են լինելու: Ընդ որում՝ ազգայնականությունը հզոր գաղափարախոսություն է մնում: Հիշեցնենք Թուրքիայի սահմանադրության նախաբանի առաջին պարբերությունը («Հիմք ընդունելով պետականության գաղափարը և Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, անմահ առաջնորդ և անպարտելի հերոս Աթաթուրքի կողմից իրականացված բարեփոխումներն ու ներմուծված սկզբունքները՝ սույն Սահմանադրությունը, որը հավաստում է թուրք ազգի և նրա հայրենիքի հավերժ գոյությունը և թուրքական պետության անքակտելի միասնությունը,  ամրագրում է՝»): Այս հավաստման մեջ առկա, և այդպես էլ չթուլացող, ազգայնականությունը վերացնում է ավանդական կուսակցությունների գաղափարախոսությունը՝ վերստին առաջացնելով անհաղթահարելի ճեղքվածքներ, որոնք վերջին ամիսներին հանգեցնում են քուրդ ակտիվիստների կամ պատգամավորների  զանգվածային ձերբակալություններին, քրդաբնակ վայրերի շրջափակմանն ու ոչնչացմանը, չբացահայտված սպանությունների և PKK-ի ապստամբների դեմ մղվող իսկական պատերազմի:

Ոչ մահմեդական փոքրամասնությունները (հայեր և հրեաներ) և քուրդ փոքրամասնությունը, իսկ նրանց հետ մեկտեղ արեւմտյան տերությունները կրկին ատելության խոսքի թիրախ են դարձել, քանի որ կասկածվում են ենթադրյալ ապակայունացման ետևում կանգնած լինելու մեջ:

Ինչպիսի՞ տոկունություն կցուցաբերի կազմակերպված քաղաքացիական հասարակությունը

Հունվարի 11-ի կոչն ստորագրած գիտնականների դեմ կիրառվող ճնշումներն իրենց ազդեցությունն ունեցան քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի վրա: Ի պատասխան, 1000 այլ գիտնականներ հայտարարություն ստորագրեցին, ինչպես նաեւ 500 լրագրողներ ստորագրահավաք կազմակերպեցին ի աջակցություն գիտնականների, որին հաջորդեցին երկրի փաստաբանական պալատների իրավաբանների, ֆիլմարտադրողների, գրական շրջանակների, դերասանների, հոգեբանների ավելի քան 2 հազար ստորագրությունները[44]: Սակայն քաղաքացիական հասարակության անկազմակերպ, բայց ավտորիտարիզմի շեշտակի աճի դեմ պայքարելու համար առավել կարեւոր հատվածը ուսանողությունն է: Հունվարի 18-ին իսկ 30 հազար ուսանողներ ստորագրահավաք կազմակերպեցին՝ ի աջակցություն հետապնդվող գիտնականների:

Թուրքիայի խոշոր քաղաքների երիտասարդության հիանալի դինամիզմն ու մոդեռնիզմը կկարողանա՞ արդյոք զսպել նախագահ Էրդողանին, ինչպես եղավ 2013թ մայիս-հունիս ամիսներին՝ Գեզիի իրադարձությունների ժամանակ: Վերջինս վայելում է մարզերի ազգայնականների ու իսլամական պահպանողականների աջակցությունը, որի մի մասն արդեն խոշոր քաղաքներում է բնակվում: Սոցիալ-քաղաքական հակամարտության վտանգն իրական է: Սրբություն սրբոց սահմանադրական ազգայնամոլությունը կկարղանա՞ արդյոք հաղթահարել քաղաքացիական հասարակության մեջ առկա խզումը, որն առաջացել է իշխող ռեժիմի ջանքերով:

Սոցիոլոգ Մուստաֆա Փոյրազի կարծիքով՝ Գեզիում թուրք երիտասարդության բողոքի շարժումը ազատության և արժանապատվության ձգտումն էր արտահայտում մի երկրում, որտեղ փորձ է արվում հաշտեցնել տնտեսական լիբերալիզմն ու կոնսերվատիզմը՝ բարոյականության եւ քաղաքացիական ազատությունների համատեքստում: Բանակի իշխանությունը  և քեմալական բյուրոկրատիան չեզոքացնելուց հետո՝ երկիրը աշխարհիկ նոր հակակշիռներ է փնտրում: Երիտասարդներն այսօր զգում են, որ պահպանողական ու կրոնական ուժերի դեմ այդ հակակշիռներն այլեւս չեն աշխատում և որ, միայն իրենք են ընդունակ պաշտպանել արդիականության այս ձգտումը – որն ընդհանուր է մեծ թվով թուրքերի համար՝ անկախ իրենց քաղաքական կամ կրոնական տարբերություններից: Ձախերը, ծայրահեղ ձախերը, բնապահպանները, քուրդ անջատողականները և նույնիսկ որոշ իսլամականներ երբեմն  համախմբվում են ազատության և ժողովրդավարության ընդհանուր արժեքների շուրջ և հանդուրժողականություն են ցուցաբերում այլ շարժումների նկատմամբ: Մենք ականատեսն ենք լինում քաղաքացիական հասարակության ի հայտ գալուն, որն օրինականորեն ընդդիմադիր ուժեր է ձեւավորում[45]:


[2] Տե՛ս Թուրքիայի Հետազոտության և տեղեկատվության ազատության միջազգային աշխատանքային խմբի կողմից 2016թ հունվարի 18-ին հրապարակված հոդվածը՝ http://www.lemonde.fr/idees/article/2016/01/18/m-erdogan-cessez-votre-offensive-contre-la-liberte-de-recherche-et-d-enseignement-en-turquie_4849110_3232.html

[3] Հիշեցնենք, որ թուրքահայ լրագրող Հրանտ Դինքը սպանվել է 2007թ հունվարին: Օրհան Փամուքը, բազմաթիվ փաստաբաններ, լրագրողներ եւ քաղաքական գործիչներ, որոնք պաշտպանել են փոքրամասնությունների դատը և նրանց իրավունքները, քրեական օրենսգրքի սույն հոդվածով դատարանի առաջ կանգնեցին ու պատասխանատվության ենթարկվեցին:

[4] Այս նույն խոսքերը հնչեցրել էին Իթթիհաթ վե թերաքքի կուսակցության ղեկավարները 1915-ին՝ նախքան Անատոլիայի հայ բնակչության բնաջնջումն ու տեղահանությունը:

[5] Նախագահ Էրդողանը կամ վարչապետ Դավութօղլուն հայերին կարեկցանք էին հայտնել, ճանաչելով և կիսելով նրանց տառապանքը 1915թ ողբերգական իրադարձությունների կապակցությամբ:

[6] « Adalet ve Kalkınma Partisi »՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը:

[7] Անատոլիայում հիմնադրամի ստեղծման վերաբերյալ առաջին գրավոր փաստաթուղթը թվագրված է 1048-ին:

[8] Յուրաքանչյուր աղոթատուն իր հիմնադրամն ուներ:

[9] 1974թ  «օտարի» մերժման և «ներսի թշնամու» (Կիպրոսի ճգնաժամ) մատնանշման արշավի միջոցով՝ ոչ մահմեդական կազմակերպություններից ձեռք բերված, նվեր կամ ժառանգություն ստացած գույքը  դատարանի միջոցով առգրավվեց, քանի որ դրանք 1936-ին չէին գրանցված: Այդ որոշումների դատարաններում բողոքարկվելուց հետո, այդ թվում 2007-ին Մարդու իրավունքների եւրոպական դատարանում, թուրքական կառավարությունը հետքայլ արեց և 2011թ մի հրամանագրով այդ իրավիճակին վերջ դրեց և հայտարարեց, որ մտադիր է  վերադարձնել այդպիսի գույքը՝ պարտադրելով, սակայն, ծանր վարչական պահանջներ:

[10] Հասարակական կազմակերպություն՝ հոդվածում օգտագործում ենք Քաղաքացիական Հասարակության Կազմակերպություն (ՔՀԿ) իմաստով:

[11] Շուրջ 1650 ՀԿ-ներ են մասնակցում Եւրոպայի միություն-Թուրքիա երկխոսությանը:

[12] Ներքին գործերի նախարարության՝ ասոցիացիաների և հիմնադրամների վարչության վիճակագրություն, 2005թ: Տե՛ս TUSEV հիմնադրամի կատարած ուսումնասիրությունը.« Civicus civil society index country report for Turkey », TUSEV Publications N° 42, December 2006.

[13] Նույն տեղում:

[14] Այս մասին կարդացե՛ք “Civil Society, Islam and Democracy in Turkey: A Study of Three Islamic Non-Governmental Organizations”, Ayçe Kadıoglu, Sabanci University, Istanbul, Turkey.

[15] Թուրք քաղաքական գործիչ Նեջմեթթին Էրբաքանը Թուրքիայում քաղաքական իսլամի հիմնադիրն է եղել: 1996թ հունիսից 1997թ հունիսը նա երկրի առաջին իսլամական կառավարության ղեկավարն է եղել: Այնուհետեւ նա, աշխարհիկության սահմանադրական սկզբունքը խախտելու պատճառաբանությամբ, պաշտոնից կոպտորեն հեռացվել է:

[16] 2002թ

[17] Բռնությունների արդյունքում չորս մարդ զոհվեց  և 4 հազար մարդ վնասվածքներ ստացավ:

[18] Թուրքիայի Մարդու իրավունքներ ասոցիացիա

[19] Տե՛ս Տիգրան Եկավյանի հոդվածը՝ « Turquie : une société qui s’interroge sur elle-même et son histoire » dans Afrique-Asie n°9, janvier-février 2011, pp.42-47.

[20] Դիյանեթը տարեկան 10.000 մարդու աշխատանքի է ընդունել 2010-2015թթ, սակայն աշխատակիցների ընդհանուր թիվը մնում է նույնը, քանի որ նա իր աշխատակիցներին վերադասավորում է այլ հաստատություններում:

[23] Ernest Gellner, Conditions of Liberty: Civil Society and its Rivals (Hamish Hamilton, London, 1994). Gellner claims that Islam displays unique characteristics as a religion in terms of its immunity to secularization. Since secularization is viewed as the only way to generate liberal individuals who are the sine qua non of civil society, this view rules out the possibility of its existence in the absence of secularization. Therefore, Islam appears to be the “other” or the “rival” of civil society.

[25] Համանուն եղբայրակցության նախագահն է,  իբրև աքսորյալ ապրում է ԱՄՆ-ում:

[26] Թուրքիայի «ազգային անվտանգության» հետ առնչվող գործերում առավել կարեւոր որոշում կայացնող մարմինը:

[27] Տե՛ս Եւրոպական հանձնաժողովի Թուրքիայի վերաբերյալ աշխատանքային փաստաթուղթը. EU enlargement strategy report, Brussels, 10.11.2015, SWD(2015) 216 final.

[28] Համարժեք է Ֆրանսիայի Արդարադատության խորհրդին

[29] 1997թ փետրվարի 28-ի որոշում

[30] 2016թ փետրվարի 26֊ին նրանք ազատ արձակվեցին

[32] Թուրքիան 2015թ մամուլի ազատության RSF դասակարգման մեջ զբաղեցնում է 180-ի մեջ 149-րդ տեղը,  չնայած պայմանական վաղաժամկետ ազատված 40 լրագրողներին. գործերը շարունակում են դատարանի վարույթում մնալ: RSF-ը նշում է վատթարացող կիբեր-գրաքննության, քրեական հետապնդումների, իշխանությանը քննադատող լրագրողների հեռացման, որոշ թեմաների հրապարակման կանխարգելման մասին: Ենթադրյալ կոռուպցիայի հսկայական մի սկանդալի մեջ հայտնված կառավարությունն ամեն ինչ անում է այն խեղդելու և հակազդելու՝  իր նոր թիվ մեկ թշնամի Գյուլենի եղբայրակցությանը:

[33] Թուրքիայի ազգային հետախուզական ծառայություն

[34] Տե՛ս Reporters Sans Frontières-ի կայքը

[36] Տե՛ս 2015թ դեկտեմբերի 29-ի Today’s Zaman-ը

[37] Այդ թվում՝ մեղադրականով Էրգենեքոն խմբի ողնաշարը հանդիսացող բրիգադի գեներալ Վելի Քյուչուքը, որը մեղադրվում է, ի թիվս այլ բաների, Հրանտ Դինքի սպանությունը պատվիրելու մեջ:

[40] Halkların Demokratik Partisi կամ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»:

[41] Հարկ է նշել, որ 2015-ին (Սուրուչում, Անկարայում) և 2016թ հունվարի սկզբին Ստամբուլում տեղի ունեցած մահափորձերից ոչ մեկը «Դաիշը» չստանձնեց: Այս գործերի շուրջ ոչ մի լուրջ քննություն չիրականացվեց, իսկ լրագրողներին թույլ չտվեցին իրականացնել իրենց հետաքննչական աշխատանքները:

[42] Բյուլենթ Առընչ, Աբդուլլահ Գյուլ

[43] Այդ ժամանակվա արտգործնախարար

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert