Երեքշաբթի, ապրիլի 12-ին, երեկոյան, Ստոքհոլմի կենտրոնական հրապարակներից մեկում, հարյուրավոր հայեր Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ Շվեդիայի դրոշներ պարզած, լուռ երթով ուղեւորվեցին դեպի շվեդական պառլամենտ՝ ի բողոք Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի: Խաղաղ երթին ականատես էին անցորդները, ովքեր վստահ հեռուստացույցով տեսել էին նախորդ օրերի թուրք-ադրբեջանա-թուրքմենական  մի քանի տասնյակի հասնող խմբի հայատյաց եւ ռասիստական բղավոցները՝ որը խիստ զայրույթ էր առաջացրել երկրի ողջ բնակչության մեջ, եւ ահա իհակակշիռ դրան այս անգամ տեսնում էին շվեդահայերի կողմից որդեգրված մարդկային արժեհամակարգի որակական տարբերությունները:

Պալատին կից հրապարակում՝ պառլամենտի մոտ, երթի մասնակիցները համախմբվելով՝ հոգեւոր հոր աղոթքից հետո, պատերազմը դատապարտող լոզունգներով, արտահայտեցին իրենց բողոքն ու զայրույթը: Ընթերցվեց համայնքի կողմից Շվեդիայի իշխանություններին ուղարկված նամակը, ուր դատապարտելով Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունները պահանջվում էր, որ Շվեդիան,  որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, կատարի իր բաժին պարտավորությունները եւ դատապարտի Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծվող ռազմական եւ անմարդկային գործողությունները:

Ցույցին իրենց զորակցությունն էին բերել նաեւ ասորական համայնքի ներկայացուցիչներ:

Տողերիս գրության ժամանակ շվեդական հեռուստացույցը իր հիմնական լուրերի առաջին բաժնում հայտարարեց Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից բողոքի նոտայի մասին, որն հղվել էր Շվեդիայի արտգործնախարարության, որպեսզի Շվեդիան դատապարտի թուրքերի կողմից ձեռնարկված այս կարգի այլատյաց գործունեությունները:

Կրկին, բայց այս անգամ առավել հստակ եւ շեշտակի ցուցադրվեց «Թուրքական կենտրոնական կազմակերպության» փոխնախագահի արգահատելի խոսքերը: Շվեդիայի կրթադաստիարակչական նախարարուհին խստիվ դատապարտելով այն ինչ տեղի էր ունեցել, խոստացավ հարցը անպայման հետաքննության առարկա դարձնել: Մի այլ պատասխանատու պաշտոնյա ևս նկատել տվեց, որ վերջին քանի տարիների ընթացքում, թուրքական այդ կազմակերպությունը պետությունից ստացել է շուրջ չորս միլիոն նպաստ, որն օրենքի պահանջի համաձայն պիտի վերադարձնի՝ քանի որ այն չի ծառայեցրել կրթադաստիարակչական նպատակներին:

Հաղորդավարը տաղավար էր հրավիրել արտաքին հարաբերությունների մեկնաբանին, որը խիտ, բայց բովանդակալից անդրադարձ կատարեց Հայոց ցեղասպանությանը եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:

Ցույց տրվեց նաեւ հայ համայնքի հանրահավաքից մի բաժին:

Ըստ հաղորդավարի ցույցին մասնակցում էին շուրջ 500 հոգի:

 

Եվրոպայի Հայերու Համագումար

Տեղեկատվական բաժանմունք

Ստոքհոլմ, 12 ապրիլի 2016

 

 

 


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert