«Դուք չեք գիտեր թուրքերը մեզի ինչ ըրին, ա՛յս օրվան կսպասեի»:

ԲՈՒՆԴԵՍԹԱԳԸ ՀԱՍՏԱՏԵՑ ԱՅՆ, ԻՆՉԸ ՎԱՂՈՒՑ ԳԻՏԵՐ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Բեռլին

Գերմանիան փրկեց Թուրքիայի սպառնալիքների դիմաց իր արժանապատվությունը

Հունիսի 2-ին ժամը 12 անց 33-ին սկսված բաց քվեարկությամբ Բունդեսթագը 1 դեմ, 1 ձեռնպահ, ինչպես Բունդեսթագի նախագահը որակեցՙ «նշանակալից մեծամասնությամբ» կողմ քվեարկեց Հայոց եւ Թուրքիայում քրիստոնյա այլ փոքրամասնությունների ցեղասպանությանՙ կոալիցիայի եւ Կանաչների ընդհանրական բանաձեւին: Քննարկումը սկսվեց 11 անց 23-ին, ելույթ ունեցան 9 բանախոսներՙ բանաձեւը սատարելու նույն բովանդակությամբՙ վճռորոշ հաստատակամությամբ, որ դրանով նախՙ պատմական ճշմարտությունն են հաստատում, առանց այսօրվա Թուրքիային մեղադրյալի աթոռին գամելու ենթադրյալ ցանկության, ապաՙ սեփական փորձառությունից ելնելով ասում ենՙ առերեսվի՛ր, «անցյալի համար պատասխանատու չես, բայց ապագայի համար ես պատասխանատու»: Հուշում են, որ դա է երկու ժողովուրդներիՙ հայերի եւ թուրքերի հաշտության ճանապարհը: Հայերի, հույների, ասորիների զոհերի ժառանգներիՙ որդիների ու թոռների զգալի ներկայությունը Բունդեսթագի այցելուների համար նախատեսված 3 օթյակներում հաստատում էրՙ 101 տարի անց էլ արդարության սպասելիք ունեն, պատմված հիշողության կրող են ու սկսել են մի պայքար, որ չի վերջանում: Գերմանիայում այն նոր է սկսվում:

Երեկվա նիստի համարյա միաձայն քվեարկությունը կանխատեսելի չէր դեռեւս մեկ տարի առաջ, նույնիսկ վերջին շաբաթներին, բայց այն ուղեգծվել էր 2015- ի ապրիլի 23- ին Բեռլինի Մայր տաճարում, այնուհետ հաջորդ օրը Բունդեսթագում: Կոտրվեց տաբուն նաեւ Գերմանիայում: Գերմանիայի Դաշնային նախագահը, այնուհետ Բունդեսթագի նախագահը հստակ խոսեցին, գծեցին այսօրվա բառապաշարովՙ ճանապարհի քարտեզը: Բունդեսթագը երեկ վճռորոշ քայլն արեց: Հայտարարությո՞ւն է սա, թե՞ օրենսդիր մարմնի երկու ընթերցում անցած ուժ ունեցող բանաձեւ, կքննեն առաջիկայում մասնագետները, բայց սա մի փաստաթուղթ է, որին անհավատալի երկար էին սպասում Հայաստանում, Սփյուռքում, նաեւՙ Գերմանիայում, Թուրքիայում, ինչու չէՙ նաեւ Իսրայելում:

Գրիգորի Գիզին քննադատեց իհարկե կանցլեր Մերկելի, արտգործնախարար Շթայնմայերի, փոխկանցլեր Զիգմար Գաբրիելի բացակայությունը, բայց այն, ինչ կատարվեց երեկ Բունդեսթագի բաց քվեարկությունից հետո, նվազեցնում էր նրանցՙ հանրության հանդեպ ոչ ուղղագիծ վերաբերմունքը:

Քվեարկությունից հետո նիստերի դահլիճում ծափահություններ լսվեցին, թուրքերի ձայնը չէր լսվում, կողքիս նստած լրագրողական նստարանին նրանց դեմքերն առանձնացրել էի, բայց շատ լուռ էին, նաեւ դեմքի արտահայտությունն էր հանգիստ: Պատրաստ էին լսել …երեւի: Ես արտասվախառն աչքերով շատերին տեսա, բայց Խարբերդում ծնված 80-ամյա Պայծառ Հովհաննիսյանը , որի Թումաս ազգանունն էլ ցեղասպանության կնիքն է, բարձրաձայն լաց էր լինում: «Գո՞հ եք», հարցրեցի: «Դուք չեք գիտեր թուրքերը մեզի ինչ ըրին, ա՛յս օրվան կսպասեի»:

Հայր Սերովբե Իսախանյանը մեր նույն հարցին այսպես պատասխանեցՙ սպասված նվազագույնի առավելագույնն է: ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Բունդեսթագի մատուռում հավաքված հայերին այսպես դիմեցՙ այսօր մեզ համար կարեւոր, պատմական օր է:Պատգամավորների պատգամը հաշտեցումն էր: Դրա ամենակարճ ճանապարհը ճանաչումն է: Այն, ինչ եղավ այսօր Գերմանիայի խորհրդարանում, պիտի Թուրքիայում էլ լինի:

Հունիսի 2-ի պատմական օրվա մանրամասներըՙ «Ազգ»ի հաջորդ համարում: Քվեարկությանը նախորդող օրերի գերմանական մամուլի հրապարակումներին եւ քաղաքագետների հայտարարություններին կարելի է ծանոթանալ «Ազգ»ի կայքէջում, Ա. Հովսեփյանի ստորագրությամբ:

http://azg.am/AM/2016060302

GQfyh_TzIRw

 

 

бутони за социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net