Ո~ տայր ինձ զծուխ ծխանի
եւ զառաւօտն նաւասարդի…

1058 թվականի հրոտից ամսի 11-ն էր, Հայոց միջնաշխարհի լուսապայծառ առավոտներից մեկը: Բարձրաբերձ լեռնաստանում, գիտատեխնիկական հեղաշրջման ժամանակներից շատուշատ դարեր առաջ, ապրում ու իրեն բաժին հանված կյանքի մայրամուտն էր վայելում Հայոց Մամիկոնեից տոհմի և Կամսարական ցեղի վերջին ներկայացուցիչներից Գրիգոր Մագիստրոս Պահլավունին՝ Վասակ սպարապետի որդին, հայ գիտնական, բյուզանդական կրթությամբ: Արդեն վաղուց նա հրաժեշտ էր տվել խաչ-պատերազմին՝ սուր ու մկունդին, հազարավոր քոչվոր հրոսակների ու բնիկ թոնդրակեցիների կյանքերը խլած, և հիմա, առաջացած տարիքում, բյուզանդական արքունիքից ստացած պատիվներից շլացած ու ընդարմացած, իր ազգանվեր առաքելությունը ավարտված համարելով, անձնատուր էր եղել իր քաղաքական երբեմնի տվայտանքների ու ռազմական անուրանալի վաստակի պտուղների վայելքին:
Անին այլևս չկար… Նրան տիրացել էին հավատակից բյուզանդացիները, որ առանց մի նետ արձակելու, քաղաքի բանալիներն էին ստացել Պետրոս Գետադարձ կաթողիկոսից ու Վեստ Սարգսից: Իր անունը ևս հոլովվում էր այս հույժ կասկածելի հայրենանպաստ գործարքի ծիրում: Այժմ նա Հայոց Միջագետքի, Վասպուրականի և Տարոն-Տուրուբերանի կուսակալն էր, բյուզանդական պաշտոնյա, և ամենայն օր, փափուկ բարձերին ընկողմանած՝ խորհրդածում էր անցած-գնացած օրերի, քաղաքական ձեռնարկումների, այլակրոն օտարազգիների ու դավանակից, բայց քրիստոնեական ճշմարիտ հավատից շեղված հերձվածող ազգակիցների դեմ մղած կրոնախև կռիվների մասին, Հայաստանի տարբեր գավառներում կրթական գործի կազմակերպման ու ձեռնարկած շինարարական աշխատանքների մասին:
Իր հեղինակած թղթերից ակնհայտ է դառնում, որ մեր այս վաստակաշատ Գրիգորը զերծ չի եղել մարդկային բնական թուլություններից, նաև որկրամոլական ու գինու ընդարմացնող թմբիրին տրվելու մեծ հակում է ունեցել և ժամանակ առ ժամանակ իրեն այցի եկող եղբորորդուն մշտապես նույն հրահանգներն էր տալիս. Շերանի՛կ, քանի գաս ձու՛կն բեր, կարմրախայտ տեսակի կամ Վանա տառեխ, և կամ գինի բեր՝ հոգեպարար ու զգլխիչ, կամ այլևայլ խրախճանական պիտույքներ:
Իր զավակներին բյուզանդական կրթության էր տվել և պատրաստվում էր նրանց ուղարկել կայսրության հարավային գավառները՝ արտագնա աշխատանքի բերումով Հայոց Ոստանից պանդխտած և Միջերկրեայքի կիլիկյան ափերին հաստատված նորաշեն գաղթավայրը:
Նա, ըստ ամենայնի, գոհ էր իր ապրած կյանքի, դավանած գաղափարների ու գործունեության արդյունքից, չէ՞ որ իրեն հաջողվել էր հայոց արևելից աշխարհի սահմաններն ասպատակող այլադավան քոչվոր ցեղերի՝ սելջուկ հորդաների վտանգի դեմն առնել ու հայրենիքի արևելյան հատվածների կառավարումը հանձնել քաղաքակիրթ ու աշխարհակալ Բյուզանդական կայսրության ողորմածությանը: Տարածքներ՝ անվտանգության դիմաց գործարքը ապահով ներկա և հուսալի ապագա էր խոստանում: Բայց երկիրը գնալով մարդաթափ էր լինում, շեներում մնացածներն էլ տարագրվելու ճամփան էին բռնել: Իր սերունդներն ու ընդոծինները ևս, հետագայում, դարձան տարագիր, ոմանք էլ, բյուզանդասիրությունը քիչ համարելով, Հռոմի հետ կրոնական միություն գլուխ բերելու նպատակներ էին հետամտում ու „Պատճառ խնդրոյ միաբանութեան“ ձեռնարկներ հղանում Սիսում, հռոմկլաներում ու լամբրոններում, չնայած Հայոց Արևելյան կողմանց տեղաբնիկների կատաղի հակառակությանը:
Արդյունքում պատահեց այն, ինչը պատմության շուռտիպ դասագրքերում հաճախ է սպրդում. երկիրը, բոլորի աչքի առաջ, մարդաթափ եղավ, ուժից ընկավ և հետագայում այլևս չդիմացավ պատմական անցքերի աշխարհավեր, դաժան հարվածներին: Հռոմն ու Արևմուտքը, Բյուզանդիոնի հանձնումից հետո, ի վերջո վերածնվեցին ու բարեփոխվեցին, Բյուզանդիան թուրք-սելջուկների, սարակինոսների, մամլուկների ու թաթար-մոնղոլական ցեղերի կողմից զավթվեց ու ներքինացվեց, իսկ հայության մնացած փշրանքներն էլ հետզհետե ձուլվեցին ու փոշիացան այլադավան ու հոգեխորթ միջավայրի պարտադրանքից: Մի բուռ կղզիացած հայերի ճակատագիրն էլ ամեն անգամ հենց միայն մի վերջին դիմակայության հրաշքին և Աստծո ողորմածությանը թողնվեց:
Եվ մի լուսապայծառ օր էլ Գրիգորի վրա իջավ իր ավագ ժամանակակից Հովհաննես Կոզեռնի մարգարեանալու շնորհը և նրա աչքերի առաջ հառնեց իր բոլոր հայրենասիրական ձեռնարկների վերջնահաշիվը՝ թերահաշվարկի սկուտեղի վրա մատուցված, ճշմարիտ ճանապարհից վրիպած ու հեռանկարի սղմամբ դրոշմակնքված…
Պատմութունը թեև, ինչպես հաճախ է պատահում, չի հավաստել, սակայն մերօրյա բազմափորձ աչքը հազարամյա հեռավորությունից պարզորոշ տեսնում է Մեծն Գրիգորին պատուհասած վախճանականը: …Նրան գտան իրեն առանձնաշնորհված ժամանակավոր կացարանի երդիկից կախված: Միայն թե միանշանակ պարզ չէ, նա զոհ գնաց իր ապրած խուժադուժ ժամանակներում ամենուր վխտացող ու ասպատակություններ սփռող հեների, հրոսակների ու ելուզակների ավարառությունների՞ն, թե՞ ինքնադատաստանի անլուր սոսկանքին:
Պատմությունը, ինչպես այս դեպքում, սովորաբար լռում է մեծերի վերջին մտածումների մասին, նրանց կյանքի, հավակնոտ մտածումների, հաղթությունների ու փառքի անհոգի անցքերը լոկ շարագրելով:
Խուփ են պատմության անցքերը: Ժամանակի հեռվից՝ օդի մեջ երևակվող նրանց թույլ ու նվաղկոտ լուսացոլքը գնալով ավելի է խամրում, մգլում ու մթագնում:

http://granish.org

————————————————

Այն, որ մեր ազգը չունի համակարգ, սարսափելի չէ այնքան, որ ցավալի լինի: Բանաստեղծական ճշմարտությունը գալիս է ցուցանելու, որ ազգս, տիրապետելով բարոյագիտական պատկերացումների մի ամբողջ գանձարան-գրադարանի, անձեռնհաս է դրանից օգտվելուն: Ունի գեղեցիկի ուրույն, հաճախ նաև սուր զգացողություն, բայց ո’չ դրանով առաջնորդվելու անհրաժեշտության գիտակցում: Ունի արդարության անտեղիտալի ձգտում, բայց ո’չ հանուն արդարության տևական ու հաշվենկատ պայքարի կամք: Ունի ազատության երազային պատրանք, բայց ո’չ այն հավերժին ստորակայելու նախանձախնդրություն: Ունի իր ապրած կենսատարածքը իբրև երկրային դրախտ տեսանելու բնատուր-աստվածատուր պատկերացման ուժ, բայց չունի դրան տեր կանգնելու թեկուզ և կարճաժամկետ նպատակային ծրագիր: Ունի զոհի հոգեբանություն, բայց ո’չ ինքնազոհաբերման վերանձնական գաղափար: Ունի կրոն, բայց ո’չ անանձնական հավատ: Ունի սեփական ուժերի հանդեպ վստահության որոշակի պաշար, բայց ո’չ նրա կիրառելիության ոլորտների հստակ պատկերացում: Կարոտ է ներանձնական կամ միջանձնական շփումների, սակայն անպատրաստ է անվարձահատույց ինքնանվիրաբերման: Աշոտ Ալեքսանյանի ՖԲ-յան էջից

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert