Սամվել Հովասափյան, Բեռլին, հոկտեմբեր 2016

Եթե երբևէ մեզանից քչերն են ի-վիճակի մի քաղաքականություն ծրագրել և իրագործել, ապա մենք բոլորս էլ ի- վիճակի ենք մի քաղաքականություն գնահատել». Պերիկլես, հին Հունաստանի պետ. քաղ. գործիչ

Վերջին օրերին հայկական կայքէջերում կարելի է կարդալ Հայաստանի նոր նշանակված վարչապետ՝ Պարոն Կարեն Կարապետյանի հարցազրույցը, Հայաստանի հեռուստակայանների թղթակիցների հետ:

Նախքան բուն նյութին անցնելը, կցանկանայի հուսալ, որ պարոն Կարապետյանին կհաջողվի, (վախ ունեմ, որ դա արդեն շատ ուշ է) հանուն Հայաստանի բարօրության, հանուն երկրի քաղաքական մթնոլորտի առողջացման և «տնտեսության ծանր վիճակի» բարելավման, իրագործել իր ծրագրերը:

Այդ հարցազրույցը կարող էր և ուշագրավ լինել, բայց խորանալով հարց ու պատասխանների մեջ, ընթերցողի մոտ տարակուսանք է առաջանում, ինչու չէ, հետո նաև զարմանք:

Ամբողջ հարցազրույցի ընթացքում, հարցերը և պատասխանները պտտվում են այն բանի շուրջը, թե ինչպես կարելի է զարգացնել, առաջ տանել, Հայաստանի տնտեսությունը, առողջացնել քաղաքական մթնոլորտը: Այսինքն շտկել այն ծուռը բեռը, որը բարձվել է 25 տարի առաջ և որին շտկել չի հաջողվել նախկին 13 վարչապետներից և ոչ մեկին: Սակայն ներկաներից և ոչ մեկը չի անդրադառնում դրան, ահա հենց այդ հանգամանքն էլ ընթերցողի մոտ տարակուսանք է առաջացնում, որովհետև նրան անհայտ է մնում, արդյոք նրանք չգիտե՞ն, որ բեռն է ծուռը և արդեն ընկնելու վրա է, ինչպես որ դա պատահել է և պատահում է նման շատ երկրներում, թե նրանք չեն ցանկանում վերևներին ասել, որ իրոք, իրենք են այդ ծուռը բեռան պատճառը, որ պետք է երկրում արմատական բարեփոխումներ, փոփոխություններ կատարվեն, որը առաջին հերթին ուղղված կլինի նրանց դիրքին, աթոռին, հարստությանը: Դա չտեսնել, չխոստովանել, չասել, նշանակում է փորձել նույն հին հունով ընթանալ, որով անցել են բոլոր նախորդ վարչապետները և այդ պատճառով էլ ոչ մեկին չի հաջողվել, երկրի տնտեսության զարգացման բնագավառում երկարատև առաջընթաց գրանցել:

Բայց խոսքը ինչի՞ մասին է: Այստեղ սխալ չէր լինի օրինակ բերել Եվրոպական ժողովուրդների փորձից, որտեղ պայքարի դաշտ մտած քաղաքակիրթ հասարակությանը ժամանակին հաջողվել է ստեղծել ձախ և լիբերալ դեմոկրատական կուսակցություններ, որոնց նպատակն է եղել պայքարել հանուն երկրի զարգացման և հասարակ ժողովուրդի ու աշխատավորության կյանքի բարելավման: Եվ իհարկե Եվրոպայի շատ երկրներում նրանց հաջողվել է երկարատև ու համառ պայքարի շնորհիվ, երկրի պետականության կառավարման համար, արմատական վերափոխումներ կատարել և նոր ձևեր գտնել: Պատմությունը ցույց է տվել, որ այն երկրներն են տնտեսապես առավել զարգացել, որտեղ կուսակցություններին հաջողվել է երկրում հիմնադրել պետականության այն ձևը, որտեղ ապահովված կլինի լիիրավ  ժողովրդավարություն, ապահովված կլինի եկեղեցի – պետություն, օրենսդիր – գործադիր մարմինների ճշգրիտ բաժանում և նրանց աշխատանքների ոլորտը ճշգրիտ սահմանող օրենքներ, ինչպես նաև արդարադատության լիիրավ անկախություն: Որտեղ օրենքի առաջ բոլորը նույն հավասար իրավունքներն ունեն և հավասար իրավունքներով կարող են օգտվել պետության կողմից ստեղծած բոլոր հնարավուրություններից:

Այլ ելք չկա, շատ երկրների բոլոր մյուս փորձերը, աներկբա անհաջողության են մատնվել:

Վերջին տարիների ավստրիացի հայտնի փիլիսոփա՝ Կարլ Պոպերը գրում է.

«Իհարկե որ Եվրոպայում ստեղծված դեմոկրատական կառավարման այս նոր ձևը իդիալական չէ, սակայն ակնհայտ է, որ մինչև հիմա մարդկությանը չի հաջողվել, ոչ մի տեղ, դրանից ավելի լավը ստեղծել»:

Իր այդ հարցազրույցում պարոն Կարապետյանը  հայտարարում է.

«Բայց ես երևի ավելի շատ կկարևորեի այն անհրաժեշտությունը, որ Կառավարություն և հասարակություն փոխադարձ կապը ստեղծվեր, որոշակի վստահություն առաջանար: Դա, իհարկե, առաջին հերթին մեզանից է կախված, թե ինչ գործողություններ կիրառենք»…

Այսինքն հարգելի վարչապետը խոստովանում է, որ Կառավարության և հասարակություն միջև փոխադարձ կապ, նույնիսկ որոշակի վստահություն չկա: Պարզ է, որ չէր էլ կարող լինել: Որովհետև վերնախավը, որը իշխանության բոլոր լծակները իր ձեռքում է կենտրոնացրել, անհաշիվ հարստացել է պետության և ժողովրդի հաշվին, նա երբեք չէր էլ կարող հարստահարվող և արհամարվող մասսաներից վստահություն և հարգանք ակնկալել:

Նա շարունակում է.

«Բայց երևի ամենակարևոր խնդիրներից մեկն այդ վստահությունը ձեռք բերելն է, այդ փոխադարձ կապը ձևավորելը, որպեսզի քաղաքացին վստահ լինի, որ իր քաղաքացիական դիրքորոշումն ակտիվ դրսևորելով՝ ինքն օգուտ կբերի գործին»…

Մնում է հանելուկ, թե հարգելի վարչապետը ինչպե՞ս է ցանկանում հակառակ բևեռներում գտնվող երկու տարրերի միջև վստահություն ստեղծել: Թե ինչպե՞ս կարող է քաղաքացին ակտիվ դիրքորոշում ունենալ, երբ կառավարությունը բոլոր միջոցներով կեղծում է նրա քվեն, երբ երկրում այնպիսի անողոք մթնոլորտ է ստեղծված, որ հասարակ աշխատող մարդը, պատանդ է հարուստների ու գործատերերի ձեռքում:

Մի այլ տեղ.

«Բայց կառավարության համար առաջին խնդիրը ես տեսնում եմ, որպեսզի բիզնեսին, ստեղծագործ մարդուն, ակտիվ մարդուն չխանգարի»:

Կամ էլ.

«Մենք ուզում ենք ինվեստիցիոն դաշտը բացել ոչ միայն մեր սփյուռքահայերի… համար

Որպես գործարար մարդ ես երբեք չէի հետևել կառավարությունների կոչին, կամ խուստումներին, այլ, որ տվյալ երկրում որքան ապահով է իմ ներդրած կապիտալը, կամ որ այդ երկրում անկախ դատարաններ գոյություն ունե՞ն, որոնք չեզոք են և որ նրանց որոշումը, վերևների կողմից չի խափանվում, կամ թելադրվում: Շատ սփյուռքահայեր անտեսելով այդ և ոգևորվելով անկախությունից, Հայաստան եկան ներդրումների համար, ներդրումներ արին: Արդյոք կարելի կլինի՞ պարզել, թե ի՞նչ կատարվեց նրանց հետ, նրանց ներդրած գումարների հետ:

Իհարկե նա նշում է ելքը.

«Մենք ֆիքսել ենք նաև բիզնեսի ապաքրեականացման մասին և այնտեղ ֆիքսել ենք, որ օրինապահին վերաբերվելու ենք այսպես, ոչ օրինապահին այսպես: Նույնիսկ օրինապահին ասել ենք, որ որևիցե լիազորությունների գերազանցում պետք է չունենա: Եվ մենք անպայման անդրադառնալու ենք իրավապահ մարմիներին, եթե լիազորությունների գերազանցելու դեպքեր լինեն: Այս մեխանիզմը աշխատող է՝ այո, մենք հետևողական ենք գնալու՝ այո, արդյունք կտա՝ կտեսնենք:

Պարոն վարչապետը ցանկանում է կառավարության կողմից հսկել ներդրումների ոլորտը, նույնիսկ օրինապահ մարմինների աշխատանքը, այն ինչ դեմոկրատական երկրներում կատարվում է դատարանների կողմից, որոնք կոչված են նաև հսկել կառավարության անդամների աշխատանքները և իվիճակի են նրանցից յուրաքանչյուրին ամբաստանել, եթե նրանք չարաշահում են իրենց իշխանական դիրքը և լիազորությունները:

Այդ հարցազրույցը նաև զարմանալի է թվում, որովհետև Հարգելի վարչապետը երկու տեղ, թող ներվի ասել, համեմատաբար ոչ համեստ հայտարարություն է անում.

Նախ.

«Մենք հայերս, շատ հետաքրքիր և տաղանդավոր ազգ ենք»…

Ըստ բացատրական բառարանների, պետություն հիմնած ժողովուրդը կոչվում է ազգ: Որ մեր ազգը «տաղանդավոր» է, վկայում է մեր պատմությունը, վկան է այսօրվա Հայաստանի Հանրապետությունը…

Կամ.

«Մենք այլ շուկաներ գրավելու մեծ պոտենցիալ ունենք»…

Ո՞ր պոտենցիալի մասին է խոսքը, կամ, թե, ո՞ր, ինչպիսի՞ արտադրանք, կամ բարձր «տեխնոլոգիա» կարող է Հայաստանը արտահանել…

Այդ հարցազրույցը նաև մի այլ առումով հիասթափություն է առաջացնում:

Այն որ, թե տարբեր Հեռուստակայանների թղթակիցները, և թե հարգելի վարչապետը բառեր են օգտագործում, որոնք ոչ միայն հայերենով խորթ են հնչում, այլ եթե ընթերցողը անգլերենին կամ գերմաներենին ծանոթ չլինի, չի կարող հասկանալ, խոսքը ինչի մասին է: Բայց չէ որ հենց նրանք, իրենց մասնագիտությամբ և դիրքով, կոչված են հայերենը զերծ և մաքուր պահել, մանավանդ որ այդ շատ բառերի հայերենը գոյություն ունի, հկառակ դեպքում պետք է ջանալ այն ստեղծել:

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert